Խմբագրական

26.06.2011 17:47


Մոսկվայից մինչև Կազան

Մոսկվայից մինչև Կազան

Երբ Սերժ Սարգսյանն, իր լեգիտիմության մեծ դեֆիցիտը լրացնելու նպատակով, սկսեց Թուրքիայի նկատմամբ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարել, ակնհայտ էր, որ հայկական դիվանագիտությանը չէր հաջողվելու լուծել առաջ քաշած խնդիրները (Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում)։ Ավելին՝ այդ խնդիրները, մեր գնահատմամբ,  ոչ միայն չէին լուծվելու, այլ ճիշտ հակառակը՝ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը մեծանալու էր՝ սպառնալով Հայաստանի անվտանգությանը (տե՛ս http://www.youtube.com/watch?v=ySMXTTWEKtU

Մոսկվա–Երևան–Բուրսա

Քաղաքական և փորձագիտական որոշակի շրջանակների, այդ թվում՝ իմ կողմից կանխատեսվել էր ՀՀ–ի համար սպասվող անցանկալի զարգացումները դեռևս այն պահից սկսած, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայից հայտարարեց, թե Գյուլին հրավիրում է Երևան՝ «ֆուտբոլային» դիվանագիտություն խաղալու։ Մեր բոլոր զգուշացումները, սակայն, հաշվի չառնվեցին «նախաձեռնող» և քաղաքականությունը խաղամոլության հետ շփոթող ՀՀԿ «ճկուն» ղեկավարի կողմից։ Արդյունքում՝ ՀՀ իշխանությունը գնաց քաղաքականապես անգրագետ ու անհեռանկար գործողությունների, և մենք հասանք այսօրվա վիճակին։

Եթե նպատակդ նախագահական մրցապայքարի ժամանակվա մրցակցիդ գաղափարական դրոշը խլելն ու աթոռը պահելն է լինում, այլ ոչ թե պետական շահը, ապա ստացվում են այսպիսի ելքային տվյալներ։

Պարզ էր, որ եթե դու «էն գլխից» ընդունում ես թուրքական նախապայմաններից մեկը՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասով և այդ գնով ուզում ես Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորել, ապա օսմանյան կայսրության ժառանգները դա գնահատելու են ոչ թե որպես բարի կամքի դրսևորման, այլ թուլության նշան և անցնելու են գրոհի։ Որպես հետևանք՝ հայ–թուրքական «մեղրամսից» հետո Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի դադարեցվեց՝ վերածվելով Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա միջպետական վեճի առարկայի։ Սա հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման բացասական հետևանքներից մեկն է։

Հայ–թուրքական «ֆուտբոլի» բերած հաջորդ և ամենամեծ բացասական հետևանքը՝ Ղարաբաղի հարցում տեղի ունեցող գործընթացներն են։ Ճիշտ է, կան նաև այլ պատճառներ (ՀՀ նախագահի ու վարչապետի համատեղ իրականացրած խայտառակ տնտեսական քաղաքականություն, հինգերերոդ շարասյան ֆունկցիա կատարող տիտղոսային ընդդիմության առկայություն և այլն), որոնք հանգեցրել են Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերի թուլացմանը, բայց, մեծ հաշվով, հիմնական մեղավորությունը Սարգսյանինն է։

Օգտվելով Ս. Սարգսյանի կոպիտ սխալից՝ պաշտոնական Անկարան հնարավորություն ստացավ լեգիտիմ դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ Աներկբա է, որ այն ինչ Սարգսյանի նախագահության օրոք տեղի է ունենում ղարաբաղյան ճակատում՝ բացառապես «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունք է։

«Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից»,– քաղաքական անմեղսունակի համոզվածությամբ  հայտարարել էր Սերժ Սարգսյանը Գյուլի հետ երևանյան հանդիպումից հետո (տե՛ս http://www.hhk.am/arm/interview.php?action=fullnews&id=10109)՝ աննորմալ համարելով Գյուլի օժանդակությունից հրաժարվելը։

Դժվար չէ հասկանալ, որ նմանատիպ նվեր ստանալուց հետո թուրք–ադրբեջանական տանդեմն անցնելու էր հարձակման և միջնորդների վրա ուղղակի կամ անուղղակի ճնշումներ կիրառելով՝ հայ–թուրքական արձանագրությունների տարածքից գնդակը տեղափոխելու էր Ղարաբաղի հարցով բանակցային սեղանի վրա՝ Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու հստակ մտադրությամբ։

Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չմնաց, քան թուրքերից երեխայի պես նեղանալը, ինչպես նաև Ռուսաստանի գիրկը նետվելն ու ռուսական ռազմաբազաների Հայաստանում տեղակայման կեսդարյա պայմանագիր կնքելը։

Բնականաբար, Սարգսյանը հիմա արդեն «մոռացել» է այն մասին, որ Գյուլի երևանյան այցից հետո, համաձայն իր խոսքի, ինքը Բուրսա պետք է մեկներ Թուրքիա–Հայաստան պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու միայն այն դեպքում, երբ մենք կունենայինք բաց սահման կամ կլինեինք սահմանի բացման նախաշեմին։  Հիմա ճիշտ ժամանակն է հարցնելու՝ պարո՛ն նախագահ, մենք բաց սահման ունե՞նք, թե՞ գտնվում ենք բացման նախաշեմին։

Արտաքին քաղաքական այս ձախողումներից հետո «հայրենասիրությո՛ւնը» դարձավ «ֆուտբոլասեր» նախագահի վերջին հանգրվանն ու միակ զբաղմունքը, չհաշված, իհարկե, ներքաղաքական դաշտում Լևոն Տեր–Պետրոսյանին «երկխոսացնելն» ու իր ուզածը ստանալուց հետո՝ ՀԱԿ առաջնորդին «քցելը»։

Բուրսա–Երևան–Կազան

Եթե «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում մենք դիվադադար էինք լինում գիշերային որոշումների պատճառով, ապա այժմ, երբ Ղարաբաղի խնդիրն է դարձել օրակարգային,  հայ ժողովուրդը քարոզչական տեռորի է ենթարկվում արդեն օրը ցերեկով։

Ղարաբաղի հարցով Կազանից սպասվող լուրերը սթրեսի աղբյուր էին։ Պարզ էր, որ ստատուս քվոն խախտելու որևէ փաստաթուղթ չէր կարող ստորագրվել, բայց  քանի որ Հայաստանի «նախաձեռնող» նախագահից ամեն ինչ էլ սպասելի էր, ուստի՝ ահագին անհանգստացանք, բայց այս անգամ էլ շունչներս տեղը բերեցինք։ Ժամանակավորապես։

Պետք է արձանագրել, որ Կազանում մեզ հերթական անգամ փրկեց ոչ թե սարգսյանական դիվանագիտության հմտությունը, այլ Ալիևն իր հիմարությամբ և ագահությամբ, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանից։ Այնպես ինչպես հայ–թուրքական գործընթացի բուռն շրջանում, այնպես էլ այժմ՝ Ադրբեջանի նախագահը միանգամից է ուզում ստանալ այն, ինչը Սարգսյանը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հրապարակավ պատրաստակամություն է  հայտնում տալ փուլային տարբերակով։

Ստացվում է, որ ՀՀԿ–ական Սերժ Սարգսյանի «խաղաղասիրության» հիմքում ընկած է մուրացկանությունը և «Մեր ուժեղությունը մեր թուլության մեջ է» հականժդեհական կարգախոսը, իսկ արտաքին քաղաքականությունը կառուցվում է հետևյալ հաշվարկով. հայկական կողմը Ղարաբաղի հարցով  «այո» է ասում դրսի ուժերի բոլոր տիպի հակահայկական առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կասի «ոչ» ու հարևան պետության այդ կոշտ պահվածքի ֆոնին Սարգսյանի գլուխը կշոյեն աշխարհի մեծերն ու կգնան հերթական ավելի հակահայ մի որոշում բերելու, որպեսզի սիրաշահեն կոշտ Ալիևին, իսկ Սարգսյանն այդ ընթացքում ժամանակ կշահի և «ոչ» կասի Հայաստանի հասարակությանն ու կշարունակի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գործը։ Առայժմ այդ մեթոդն աշխատում է և Հայաստանը ֆորմալ առումով խուսափում է վատթարագույն սցենարներից, բայց ինչքա՞ն կարելի է ապրել կատաստրոֆայի հետաձգման զգացումով։ Ինչքա՞ն կարելի է հույս ունենալ, որ Ալիևը էշություն կանի։ Չէ՞ որ Հայաստանի՛, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահը պետք է ապահովի մեր անվտանգությունը։

Իսկ այն, որ այս անգամ էլ մեզ հաջողվեց գլուխներս պրծացնել Ալիևի շնորհիվ՝ պարզ դարձավ նաև Կազանի հանդիպմանը հետևած պաշտոնական Երևանի  մեկնաբանություններից։

«Դովիլում եռանախագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն: Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,– մի փոքր ափսոսանքով ու սեփական «նախաձեռնողականությունը» դրսին ցույց տալով ասել է Էդուարդ Նալբանդյանը՝ ակամայից հաստատելով, որ հնարավոր է դարձել վիճակը փրկել միայն ու միայն Ադրբեջանի ղեկավարի օգնությամբ։

Նալբանդյանի ասելով ստացվում է, որ մենք Կազանում, ինչպես Ցյուրիխում, որտեղ ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, կստորագրեինք Հայաստանի կապիտուլյացիան նախատեսող թուրք–ադրբեջանական լոբբինգի շնորհիվ ծնված առաջարկների տակ, բայց քանի որ Ալիևը, ոգևորվելով Սարգսյանի «խաղաղասիրությունից», է՛լ ավելի շատ բան է պահանջել, ուստի՝ այդ իսկ պատճառով բեկում չարձանագրվեց։

Հետաքրքրիր է, թե ի՞նչ բեկման մասին կարող էր խոսք լինել, եթե սեղանին առկա փաստաթղթով Հայաստանը պետք է գնար միակողմանի զիջումների։ ՀՀ իշխանությունը բեկու՞մ էր ակնկալում։

Բոլոր հարցերը լուծվելու են Երևանում

Ակնհայտ է, որ այսպես չի կարող երկար շարունակվել։ Մի օր Ալիևը կարող է դուրս գալ իր իսկ քարոզչական թակարդի տակից ու «այո» ասել միջնորդների առաջարկներին։ Հեռու մնալու համար նման հեռանկարից՝ պետք է օր առաջ գնալ այս ռեժիմի ու դրա «պահապան–հրեշտակների» փոփոխության։

Հայաստանի համար ներկա իրավիճակի ամբողջ վտանգավորությունն այն է, որ փորձ է արվում Սարգսյանի այլընտրանք ներկայացնել 2008ի նախագահական ընտրություններից մնացած իներցիայի, ինչպես նաև սերժսարգսյանական նեղ թիմի շնորհիվ տիտղոսային ընդդիմության իր դիրքերը պահպանող Լևոն Տեր–Պետրոսյանին, ով Հայաստանի շահերին հարվածում է ոչ պակաս, քան ադրբեջանական դիվերսանտը կամ թուրքական լոբբին։

Ես նույնիսկ կասեի, որ Հայաստանի համար Տեր–Պետրոսյանի բացասական դերն ավելին է, քան ոխերիմ հարևանների արածները, քանի որ վերջիններիս դեպքում թշնամին հայտնի է, իսկ ահա թրքաբոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող ՀԱԿ առաջնորդի պարագայում մենք գործ ունենք շատ ավելի վտանգավոր երևույթի՝ հինգերորդ շարասյան հետ, որին հայաստանցիներից ոմանք կարող են նաև չնկատել, այնպես ինչպես չի նկատվում քաղցկեղը, երբ հիվանդությունը նոր–նոր է գլուխ բարձրացնում։

Կազանի հանդիպումից առաջ Տեր–Պետրոսյանն իր «МН»–ին տված հարցազրույցով, կրկնելով թուրք–ադրբեջանական զույգի ասածները, թիկունքից  այնպիսի հարված հասցրեց Հայաստանի Հանրապետությանը, որ կարելի է արդեն խոսել շատ–շատերի համար մեր երկիրը ներսից քայքայող քաղցկեղի բացահայտ դառնալու մասին։ Իսկ դա նշանակում է, որ միայն քաղաքական վիրահատություն ենթադրող միջամտությամբ է հնարավոր ազատել ՀՀ–ն թրքաբոլշևիկյան այդ չարիքից և նրա կողմից պաշտպանվող «ֆուտբոլասեր» կառավարիչներից։ Այլ տարբերակ չկա։

Ինքնին հասկանալի է, որ հանրային լայն կոնսոլիդացիայի օգնությամբ երկխոսագլուխներ Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո պետք է սկսել Հայաստանի արդիականացման լայնամասշտաբ գործընթաց՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության և զարգացման կայուն երաշխիքներ, զարգացած քաղաքացիական հասարակություն ու մրցունակ տնտեսություն։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը