Լրահոս

25.11.2020 16:32


«Ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա». զոհված կապիտանի 9-ամյա դուստր

«Ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա». զոհված կապիտանի 9-ամյա դուստր

Կապիտան Հայկ Էդուարդի Բախշյանը մեկն է այն հայորդիներից, որ զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Aravot.am-ի հետ զրույցում Հայկի քույրը Մարտինե Մինասյանն ասում է, որ Հայկը ծնվել էր 1985թ օգոստոսի 20-ին: Տարիներ անց, իր ծննդյան օրը` 1993թ օգոստոսի 20-ին, Հայկը կորցրել էր իր հորը` Կուբաթլուի ազատագրման ժամանակ:

127148839_203252951248857_5537979517274817632_n

Հայկը ապրում էր Ստեփանակերտում, ծառայում էր հակաօդային պաշտպանությունում: Նա զոհվեց հոկտեմբերի 25-ին` Մարտունիում, ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Հայկը զոհվեց ընդամենը 35 տարեկանում, նույն տարիքում, երբ զոհվեց իր հայրը: Մարտինեն պատմում է, որ եղբայրը աշխույժ, եռանդուն ու կենսախինդ անձնավորություն էր. «Ինքը շատ ուրախ կերպար էր, մշտապես երգում ու պարում էր իր երեխաների հետ, նրա հետ ամեն հանդիպումը տոնի էր վերածվում: Հայկն ընկերասեր էր, սիրում էր հավաքույթներ կազմակերպել, բոլորին իր տուն հրավիրել, անգամ ճանապարհին հանդիպած մարդուն տանում էր իր տուն: Սիրում էր տոն օրերին հարազատներին հավաքել, շատ բարեկամասեր էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր»: Հերոսի քույրն ասում է, որ Հայկն իր 6-ամյա որդուն կոչել էր հոր անունով` Էդուարդ, և ինչպես իր հայրն էր ժամանակին իրեն սովորեցրել «Արդյոք ովքեր են» երգը, այդպես էլ ինքն էր որդուն սովորեցնում. «Ասում էր, երբ ես քո տարիքին էի, այդ երգը միշտ երգում էի: Հայկի դուստրը` Մարիամը 9 տարեկան է, նա ի տարբերություն եղբոր, հասկանում է, որ հայրն անմահացել է, ապրում է երկնային կյանքով»: Մարտինե Մինասյանը նշում է, որ Հայկ Բախշյանը վերջին անգամ կնոջ` Իլոնայի հետ խոսել է զոհվելու օրը. «Ինքն իր կնոջը շատ-շատ էր սիրում, դա յուրօրինակ սիրո պատմություն էր, կարծես հավերժ սիրահարներ էին, շատ գեղեցիկ զույգ էին: Վերջին անգամ այդ օրն է խոսել, ասել է` տղայիս կպատմես, թե պապան այստեղ ինչ սխրագործություններ է անում, քանի անօդաչու սարքեր է խոցել…Ամեն զանգելուց ասում էր` տղայիս մի հատ ամուր պաչեք»:

127531055_283895199724383_7598786496611632646_n

Հերոսի քույրը նշում է, որ փոքրիկ Մարիամը և եղբայրը ներկա չեն եղել հոր հուղարկավորության արարողությանը, բայց Մարիամը գիտակցում է ամեն ինչ և շատ ծանր է տանում հոր կորուստը: «Մարիամը երկար մազեր ունի, Հայկը միշտ հպարտանում էր, ասում էր` իմ աղջիկն ամենասիրունն է, ասում էր` երբեք չկտրես մազերդ: Սիրում էր, որ երեխային գովում էինք: Երբ Հայկի հուղարկավորությունից հետո տուն եկանք, Մարիամը սկսեց լաց լինել, ասաց` ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա ու սրանից հետո սև շորեր կհագնեմ: Իսկ տղան դեռ չի պատկերացնում, ինչ-որ բաներ է հիշում, ասում է` պապան այս երգն էր սիրում, էսպես էր ասում, էս ուտեստն էր սիրում…Մարիամը բոլորիս գրկում է, ասում է` խոստացեք, որ մեզ մենակ չեք թողնի, իմ պապայից հետ կշարունակեք գալ մեր տուն»,- հուզված պատմում է Մարտինեն:

Հավելում է, որ Մարիամը դժվարություններով աշխարհ եկած երեխա է, բժիշկները հույս չունեին, որ Իլոնայի ծննդաբերությունը նորմալ կընթանա. «Հայկի հավատն այնքան ուժեղ էր, գրեթե եկեղեցի չթողեց, որ չաղոթի երեխայի համար ու վերջին պահին էլ ծննդատան առաջ չոքեց ու ասաց` Տեր աստված, եթե աղջիկս ողջ առողջ ծնվի, կկոչեմ Մարիամ: Այդպես էլ եղավ: Անգամ բժիշկներն էին շոկի մեջ, ասում էին` իրոք հրաշք է տեղի ունեցել, որ երեխան ողջ առողջ ծնվել է: Իր հավատը քառապատիկ էր, իր բոլոր սենյակներում սրբապատկերներ էին, նաև Մարիամ Աստվածածնի նկարը, ասում էր` Մարիամ Աստվածածինն է աղջկաս փրկել»:

Մեր զրուցակիցը նաև պատմում է, որ Հայկը երազում եմ` պատերազմն օր առաջ ավարտի, որպեսզի տուն գա սիրելիին շնորհավորի իրենց ամուսնության տասնամյակի առիթով. «Հոկտեմբերի 16-ին իրենց ամուսնության տասը տարին էր, դիրքերից զանգեց և ասաց` Երևանից չգաք, կսպասեք այնքան մինչև վերադառնամ ու ձեզ Ստեփանակերտ բերեմ: Պլանավորում էր, որ Իլոնայի համար թանկարժեք նվեր գնի աշխատավարձով, հիշարժան մի բան, սակայն այդպես էլ չիմացանք, թե ինչ էր ուզում գնել…»:

Հայկի կինն ասում է, որ Հայկը ցանկանում էր, որ իրականանա հոր երազաՖնքը, գեներալ դառնա, նա անգամ ամենադժվար պահին լավատես էր: Վերջին խոսակցության ժամանակ երբ կինը նեղսրտել է, ամուսինն ասել է, որ կարևոր է երկրի անվտանգությունը, ապա հավելել. «Ծառայություն ա, մատաղ ինիմ»: Իսկ քույրը եղբոր ընկերներից լսել է, որ զոհվելու օրը Հայկին կանչել էին, որպեսզի մայորի կոչում շնորհեին, սակայն վայրը, որտեղ հավաքված են եղել զինվորականները, ռմբակոծվել է ինքնաթիռից:

Այս խորագրի վերջին նյութերը