Տնտեսական

02.11.2020 13:56


Ո՞ւմ դեմ է հանքարդյունաբերության դեմ պայքարը

Ո՞ւմ դեմ է հանքարդյունաբերության դեմ պայքարը

Թե´ պատերազմական թե´ համաճարակային օրերին հանքարդյունաբերության ոլորտի կարևորության հանդեպ նույնիսկ ամենաթերահավատների համար ակնհայտ դարձավ, որ հանքարդյունաբերությունն է այն ոլորտը, որ իր ուսերին կրեց և կրում է երկիրը տնտեսական կոլապսից փրկելու առաքելությունը։ Այս դժվարին օրերին, բանակի թիկունքը տնտեսական կենսունակությամբ ապահովելուց զատ, ոլորտի բոլոր ընկերությունները զգալի աջակցություն են ցուցաբերել սահմանին կռվող մեր զինվորին, ինչպես նաև թիկունքում առաջ եկած բազմաշերտ սոցիալական խնդիրների լուծմանը։

Բայց, նույնիսկ այս իրավիճակում, ստիպված ենք արձագանքել օրերս տարածված բնապահպանական-ակտվիստական կազմակերպության պառակտիչ հայտարարությանը։ Իրենց բնապահպան համարող մարդիկ տարիներ շարունակ երկրի տնտեսության զարգացմանը անվերականգնելի հարվածներ հասցնելուց հետո էլ շարունակում են պառակտող հայտարարություններ տարածել ու գործել հանքարդյունաբերության ոլորտի, բայց ըստ էության՝ երկրի տնտեսության դեմ։

Հերթական հերյուրանքներում թիրախավորվել են ոլորտի բոլոր ընկերություններն ու առանձնահատուկ՝ «Լիդիան Արմենիան»: Ակտվիստներին հավանաբար մտահոգում է, որ գալու է բարդ հարցերին պատասխան տալու ժամանակը՝ թե ինչո՞ւ առանց որևէ լուրջ հիմնավորման, խախտելով պետություն-բիզնես փոխհարաբերությունները կարգավորող բոլոր օրենքները, խոչընդոտվեց ընկերության գործունեությունը՝ պետությանը զրկելով այդքան անհրաժեշտ միլիոնավոր դոլարներից։

Այսօր, երբ թշնամին դրսից թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը, լավ գիտակցելով, որ դրանով թիրախավորում է մեր տնտեսության ամենաուժեղ ճյուղերից մեկը, այլևս անթույլատրելի է ներսից հարվածները հանդուրժելը։

Հանքարդյունաբերողները բոլորից լավ են գիտակցում բնապահպանական բարձր չափանիշների անհրաժեշտությունը։ Բայց անընդունելի է բնապահպանական «մտահոգությունների» անվան տակ ոլորտի վարկաբեկումը և տնտեսության մեջ նրա ահռելի դերի նսեմացումը։

Ժամանակն է վերջ տալ անհիմն մեղադրանքներին, ռիսկերը ուռճացնելու, ոլորտը վարկաբեկելու, ապօրինաբար տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտելու արատավոր պրակտիկային։

Հայաստանին հզոր տնտեսություն և ներդրումներ են անհրաժեշտ։ Գործող հանքերը պետք է զարգանան, նոր ներդրումներ ու նոր ծրագրեր պետք է բացվեն։ Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման։ Սրանք են հաղթելու արդյունավետ ճանապարհները։

Մնացածը՝ դատարկախոսություն է ու ժամանակն է դրան ասել՝ բավակա´ն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը