Լրահոս

30.09.2020 14:51


«SMS կամ զանգ ստանալը բացարձակ ձեզ վնաս չի կարող տալ, կարևոր է հետ չզանգել կամ հղումները չբացել». փորձագետ (տեսանյութ)

«SMS կամ զանգ ստանալը բացարձակ ձեզ վնաս չի կարող տալ, կարևոր է հետ չզանգել կամ հղումները չբացել». փորձագետ (տեսանյութ)

Այս պահին հիմնական ապատեղեկատվության աղբյուրները հետևյալն են. մեկը ադրբեջանցիների կողմից կոտրված հայաստանյան հաշիվներն են, ինչպես Facebook-ի պրոֆիլները, այնպես էլ էջերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրանք հիմա չեն կոտրվել, այլ ավելի վաղ:

«Մեծ հաշվով դա հիմա մեծ տարածում չի ստանում, որովհետև մարդիկ դարձել են զգուշավոր: Մյուսը փորձերն են օգտագործել անհայտ աղբյուրները: Օրինակ, ինչ-որ տելեգրամ ալիքներ կան, որ չգիտես տերն ով է, այդտեղ ինչ-որ բան տեղադրվում է, տարվում է մամուլ ու տարածվում է:

Մյուսը ձայնային հաղորդագրություններն են ֆեյսբուքի մեսինջերում, երբմարդիկ շատ արագ իրար ուղարկում են: Ինչ անհեթեթություն ասես չի տարածվում: Կամ ասենք հաղորդագրություններ են տարածվում, թե էս ենք գրավել, էն ենք գրավել: Մարդկանց մոտ կեղծ ակնկալիքներ են ձևավորվում: Չեմ ասում, որ դա միայն ադրբեջանցիներն են անում, մեր մտավորականների ներուժն էլ քիչ չի արտադրելու անհեթեթություններ»,-ասաց նա՝ կոչ անելով «թարգել» ձայնային հաղորդագրություններ տարածելը:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ չափազանց զգուշավորությունն էլ լավ բան չի, երբ «Հայաստան» հիմնադրամի ուղարկած հաղորդագրություններին էլ են կասկածանքով վերբերվում՝ համարելով, որ դա ադրբեջանցիներն են ուղարկել:

«SMS ստանալը, զանգ ստանալը բացարձակ ձեզ վնաս չի կարող տալ: Կարևոր է հետ չզանգել, որովհետև կարող են գումար կորզել: Նաև եթե SMS-ի մեջ կա հղում, այդ հղումներով չգնալ: Դրանով կարող են նախ գաղտնաբառեր փորձել ստանալ, նաև ապատեղեկատվություն կամ վիրուսներ տարածել: Այսինքն վարակված կայք եք ներբեռնում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը