Լրահոս

15.04.2011 16:17


Փորձագետի կարծիքով՝ Վրաստանում հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսք լինել չի կարող

Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել և Վրաստանում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից է խոսել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը։ Նա նշել է, թե Վրաստանի նորանկախ պատմության մեջ երբեք այս հարցը չի արծարծվել՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է հայկական հզոր ներկայացվածություն, ինչը խոսում է նրանց անհամախմբվածության մասին։

Միայն մեկ անգամ է եղել Վրաստանի խորհրդարանում նման հիշատակում, երբ հայ ներկայացուցիչն առաջարկել է այդ օրը ոտքի կանգնել և հարգել զոհերի հիշատակը, սակայն վրաց ու ադրբեջանցի պատգամավորները շատ դժվարությամբ են ոտքի կանգնել,–նկատել է փորձագետը:

Նա ասել է, թե Ջավախքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող շատ հուշարձաններ կան, և վերջին տարիներին երթեր են կազմակերպվում, ու թեև վրացական կողմը արտոնում է այդ երթերը, սակայն զգուշացնում է, որ քաղաքական պաստառներ չպետք է լինեն։

Վ. Սարգսյանի կարծիքով՝ հարևան երկրի նման վարքագիծը կապված է այն հանգամանքի հետ, որ Վրաստանը չի ցանկանում իր հարաբերությունները վատացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Վրաստանում թուրք-ադրբեջանական հզոր գործոն կա,–նկատել է փորձագետը։

Այս հարցում նա նաև կարևորել է մեր իշխանությունների դերակատարությունը, որը, ըստ նրա, շատ պասիվ պահվածք է դրսևորում՝ հավելելով, թե այն վիճակում, երբ վրացական կողմը հայկական արժեքների նկատմամբ արշավ է սկսել, պարզապես ծիծաղելի կլինի խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը