Տնտեսական

24.08.2020 21:58


«Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդներ չունի, պետությունը շուրջ 40 մլն դրամ է ծախսել՝ հյուրանոցի պահպանման համար

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդներ չունի, պետությունը շուրջ 40 մլն դրամ է ծախսել՝ հյուրանոցի պահպանման համար

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի շարժական գույքը կրկին աճուրդի կհանվի։ Օտարման երրորդ գործընթացը կկատարվի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից շրջանառության դրված նախագիծը կառավարության կողմից հաստատվելուց հետո։

Հիշեցնենք, որ հյուրանոցը նախկինում պատկանել է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին։ 2018թ–ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Նույն տարվա նոյեմբերի 19-ին Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմում ներկայացրեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը՝ պետությանը նվիրաբերելու մասին։ Նկատենք, որ գույքը ոչ թե բռնագրավվել է որպես պատճառված վնասի հատուցում, այլ այն ձեւակերպվել է որպես նվիրատվություն, ինչը կառավարությունն ընդունեց դիմումն ստանալուց մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին։

Նվերն ընդունելուց հետո անցած մեկ տարվա ընթացքում երկու անգամ՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին և 2020 թվականի փետրվարի 21-ին հյուրանոցը հանվել է աճուրդի, սակայն գնորդներ չեն գտնվել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ տեղեկանալու հյուրանոցի ճակատագրի մասին, որքան է շուկայական գինը հիմա ու որքան գումար է ծախսվել այս հյուրանոցի պահպանման համար։

Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը գրավոր տեղեկացրել, որ 19.758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, նաև առկա 3.257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը առաջին աճուրդի ժամանակ կազմել է 7.526.457.800 դրամ՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Երկրորդ աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազել է վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը կազմել է 7.150.134.910 դրամ։

Շենք-շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 62.431.200 դրամ, որը ևս գնորդի կողմից ենթակա է վճարման ամբողջությամբ։

Ներկայումս գույքի գնահատված արժեքը 7.526.457.800 դրամ է, որից շենք շինությունների գնահատված արժեքը 7.204.568.800 դրամ է, իսկ շարժական գույքի արժեքը՝ 321.889.000 դրամ։ Գնորդը պարտավոր է նաև վճարել կադաստրային արժեքը։

««Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի պահման համար 2019 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր ծախսվել է 39.171.582 դրամ, որից պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից վճարվել է 18.119.256 դրամ, իսկ մնացած՝ 21.052.326 դրամը վճարվել է առողջապահության նախարարության կողմից՝ որպես 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում կորոնավիրուսով հնարավոր վարակված քաղաքացիների մեկուսացման համար կատարված ծախս։ Շենքը որպես հյուրանոցային համալիր ներկայումս չի օգտագործվում»,- նշել է կոմիտեի նախագահի տեղակալը։

Այս խորագրի վերջին նյութերը