Խմբագրական

09.04.2009 14:41


Իշխանությունը՝ Աստծո և մամոնայի արանքում

Իշխանությունը՝ Աստծո և մամոնայի արանքում

   Ղեկավարների գործունեությունն ընդունված է գնահատել պետության արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում արձանագրված արդյունքներով։ Դա ստանդարտ ձև է, որի պակաս այս օրերին չի զգացվում։ Իշխանամետ մամուլը թմբկահարում է ձեռքբերումները, իսկ ընդդիմադիրը՝ միայն բացթողումները։

             Չցանկանալով մտնել «ամեն ինչ լավ է»  կամ «ամեն ինչ վատ է» գերսուբյեկտիվ գնահատականների դաշտ՝ կուզենայի մեկ այլ տեսանկյունից վերլուծել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարին. կարողացա՞վ արդյոք Սերժ Սարգսյանը դառնալ  նախագահ, թե՞ ոչ։

             Իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը՝ դա իշխանության պահպանումն է։ Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ամեն օր կռիվ է տալիս՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Զուտ ֆորմալ տեսակետից՝ Սարգսյանը նախագահ է դարձել. ընտրական գործընթացի աղաղակող խախտումներով, «մարտի 1-ի» գնով, լեգիտիմության դեֆիցիտով, բայց դարձել է։ Նկատենք, որ մեր տիպի երկրներում, որտեղ առկա է իշխանության լեգիտիմության ընկալման երկու հարթություն, կարևորվում է ոչ ֆորմալ լեգիտիմության առկայությունը։  

Նախ ֆորմալի մասին։ Ֆորմալ լեգիտիմությունը՝ դա իշխանության մասին  հանրության մեծամասնության դրական ընկալումն է։ Այդ առումով Սերժ Սարգսյանը  խնդիրներ ուներ և ունի։ Բայց պատկերացրեք, որ դա չէ Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող վտանգը։ Հետընտրական լեգիտիմության խնդիրներ ՀՀ իշխանություններն ունեցել են սկսած 1995 թվականից և դա չի եղել իշխանության ամենամեծ գլխացավանքը։ Մեզանում ձևավորված փակ կլանային ավտորիատարիզմի պայմաններում՝ իշխանությանը սպառնացող վտանգը կարող է լինել միայն ներսից, քանի որ գիլդային էլիտաների հենարանը լրիվ ուրիշ համակարգերն են։

Մեզնում ձևավորված փակ համակարգում կարևորվում է իշխանության ոչ ֆորմալ լեգիտիմությունը, որը հիմնված է ուժային կառույցների, պետական բյուրոկրատիայի, իշխանությանը կից խոշոր բիզնեսի և կրիմինալի վրա։ Եթե նշածս համակարգերը միասնական են հանդես գալիս, ապա դրսից իշխանությունը վերցնելու հավանականությունը զրոյական է։ Եվ պատահական չէ, որ կապիտալի կուտակման սկզբնական փուլից ի վեր՝ ՀՀ իշխանությունները մշտապես ձգտել են լեգիտիմություն ստանալ ոչ ֆորմալ առումով, քան ֆորմալ։  Չձևավորված քաղաքացիական հասարակության պայմաններում՝ դա իշխանության պահպանման միակ ձևն է և, այդ ամենը գիտակցելով, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը ձևականությունների հետևից չեն ընկել։ Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է տարբերվել և՛ մեկից, և՛ մյուսից ու արդյունքում պետական կառավարման համակարգը, չփոխելով իր բնույթը, ենթարկվում է ցնցումների, տեղի է ունենում քաղաքական կյանքի թամաշայացում։ Որպես հետևանք՝ Սերժ Սարգսյանը կորցնում է յուրայիններին, բայց չի գտնում հանրության ընդունելությունը։

Անշուշտ, երկրի ղեկավարի համար ցանկալի կլիներ ունենալ հանրային լեգիտիմության բարձր ցուցանիշ, բայց դա Հայաստանում ձևավորված քաղաքատնտեսական համակարգի պայմաններում անհնար է։ Կառավարման փակ համակարգը  և հանրության վստահությունը միմյանց հակադիր կատեգորիաներ են և, հետևաբար, հնարվոր չէ 2 տարբեր հարթություններում ունենալ լեգիտիմության բարձր մակարդակ։

             Մաքիավելիստական պրագմատիզմի տեսանկյունից՝ քանի դեռ մեզանում գործում է փակ համակարգ, ապա իշխանությունը Հայաստանում պետք է ձգտի ոչ ֆորմալ լեգիտիմություն ունենալ, բայց այդ մեխանիզմն արդեն իրեն սպառել է։ Վերևներն այլևս չեն կարողանում նախկինի պես կառավարել, իսկ ներքևները չեն ուզում կառավարվել հին ձևով։ Սերժ Սարգսյանի  կառավարման դժվարութունն  այն է, որ նա, օբյեկտիվորեն չունենալով հանրային ֆորմալ լեգիտիմություն, կորցնում է իր լեգիտիմությունը նաև ոչ ֆորմալ առումով, քանի որ փորձում է պահել փակ համակարգին հատուկ խաղի կանոնները, փակ համակարգը վերաձևել ի օգուտ յուրայինների նեղ շրջանակի և դա ներկայացնել որպես բաց համակարգի անցնելու կամք։ Չի ստացվելու։ Իշխանությունը չի կարող միաժամանակ ծառայել Աստծուն (այսինքն՝ ձայն բազմացին) և մամոնային (այսինքն՝ նեղ կլանային համակարգին)։

            Այժմ  Սարգսյանը հայտնվել է ֆորմալ և ոչ ֆորմալ լեգիտիմությունից անդին։ Ձգտելով հանրային լեգիտիմության իմիտացիոն ապահովմանը՝ նախագահը արդեն չի կարողանում վերահսկել իշխանական բուրգը և պատահական չէ, որ իշխանության ներսում առաջանում են որոշումների կայացման տարբեր կենտրոններ։ Խախտված է կլանի անդորրը, բայց միևնույն ժամանակ չկա նաև հանրային վստահություն։

             Կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք ՀՀ նախագահը, ով էլ որ նա լինի, չպետք է ձգտի հանրային լեգիտիմության ուղղությամբ աշխատել և ճիշտ չի՞ անում արդյոք Սերժ Սարգսյանը, որ ուզում է խզել իր կապերը նախկին կլանի հետ։ Իհարկե, հանրային լեգիտիմության խնդիրն ամենակարևոր հարցերից է, որ պետք է լուծի իշխանությունը, բայց այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը՝ բացարձակապես կապ չունի դրա հետ։ Հանրային լեգիտիմության ապահովումը Սարգսյանը պատկերացնում է առավելապես բուտաֆորիկ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպելով, հանձնաժողովներ ու  խորհուրդներ ստեղծելով, ալեռտներին հարցազրույցներ տալով և նմանատիպ այլ քայլերով։ Մինչդեռ, եթե նախագահն ուզում է փակ համակարգն իրոք դարձնել բաց և դեմքով  շրջվել դեպի հասարակությունը, ապա ոչ թե պետք է հին կլանի հետ խզի իր կապերը՝ բարեկամախնամիական նեղ կլան ձևավորելու մտադրությամբ, այլ ընդհանրապես պետք է հրաժարվի սեփական կլանը ձևավորելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու գաղափարից։

            Ցանկացած իշխանություն ձգտում է հենվել հանրային մի որևէ շերտի վրա։ Թեկուզ իմիտացիոն կերպով, բայց ձգտում է։ Սերժ Սարգսյանի պատկերացրած հենարանը՝ դա թոշակառուներն ու նպաստառուներն են։ ՀՀ նախագահի կարծիքով, եթե իրենք բիզնեսին հարկային տեռորի ենթարկեն ու թոշակ բաժանեն, ապա երկրի շուրջ 550 հազար  թոշակառուները կփառաբանեն Սարգսյանին ու հնարավորություն կստեղծվի հասնել թաքնված իրական նպատակին՝ տնտեսության գերկենտրոնացմանը (հասկանալի է, թե ում ձեռքում)։ Անընդհատ թոշակների մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանն ուզում է հանրային լեգիտիմության աջակցություն ստանալ ներիշխանական կռիվներում։ Բայց դա չի ստացվելու, քանի որ թոշակառուները միևնույն է դժգոհ են մնալու, որովհետև 20-30 հազար դրամով արժանապատիվ ծերություն հնարավոր չէ ապահովել, իսկ մյուս կողմից էլ նույն այդ թոշակառուին իրականում իր որդին կամ թոռն է պահում, ում իշխանությունը հարկային պրեսինգի է ենթարկում։ Այսինքն՝ նույն թոշակառուների լայն շերտերի համար Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, տնտեսական քաղաքականության արդյունքում, կտրուկ անկում է ապրում, իսկ հանրության մյուս շերտերը զգում են, որ Սերժ Սարգսյանի կռիվը բիզնեսի հետ՝ դա իրենց կռիվը չէ։ Արդյուքում՝ Ս. Սարգսյանը մնում է առանց հենարան։ Կուսակցական հենարանի մասին չենք խոսում, քանի որ իշխանության ապաքաղաքական բնույթը չի ենթադրում պարտոկրատիկ կառավարման համակարգի ներդրում, մանավանդ որ նույն իշխանական կուսակցությունը թաքուն դժգոհում է նախագահից, քանի որ «կեղտոտ» գործերը հանձնարարվում է իրենց, իսկ «սանատորիա» են ուզում ուղարկել նորաթուխ խունվեյբիններին կամ երկրորդ սերնդի կոմսոմոլներին։

             Ամփոփենք. Սերժ Սարգսյանն այս մեկ տարվա ընթացքում դեռ չի կարողացել նախագահ դառնալ, ի տարբերություն իր նախորդների, քանի որ փակ համակարգի արժեհամակարգի կրողն ու կերտողը լինելով՝ նա այժմ ձգտում է պահպանել նույն այդ համակարգը, բայց ավելի նող շերտերի կառավարման ներքո։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը չի ստանում հանրային լեգիտիմություն և միաժամանակ կորցնում է ոչ ֆորմալ լեգիտիմությունը, քանի որ անորոշության ու կասկածի մթնոլորտ է տարածում ուժային կառույցներում, պետական բյուրոկրատիայում, բիզնեսի դաշտում և կրիմինալի մոտ։

Սերժ Սարգսյանի միակ տարբերակը փակ համակարգից դեպի բաց համակարգ անցնելն է։ Սակայն այն, ինչ հիմա արվում է տնտեսական քաղաքականության միջոցով, հուշում է, որ իշխանությունները գնում են փակ համակարգն էլ ավելի փակելու ուղղությամբ։ Եթե այդպես շարունակվի, ապա Սերժ Սարգսյանը երբեք լիարժեք նախագահ չի դառնա։ Նրան չեն ընդունի ո՛չ համակարգի ներում, ո՛չ էլ դրսում։ Սերժ Սարգսյանը խախտել է իշխանության ամենակարևոր խաղի կանոնը. չի կարելի հարձակվել մարդկանց սեփականության վրա՝ լինեն դրանք յուրայինների, թե օտարների։ Այո՛, բոլորը պետք է հարկ վճարեն, բայց այդ հարկերի չափը չպետք է սպառնա փոքրից մինչև խոշոր բիզնեսի բուն գոյությանը։ Եթե բուրժուազիայի շերտը քայքայվի, ապա կքայքայվի նաև պետությունը։ Մաքիավելին զգուշացնում էր, որ  մարդիկ կներեն նույնիսկ իրենց ծնողների սպանությունը, բայց ոչ երբեք սեփականության կորուստը։

Եթե իշխանությունն անկեղծորեն ուզում է բաց համակարգ կառուցել, ապա դա պետք է անի ոչ թե տնտեսության ստվերն ի օգուտ իրեն վերբաշխելով (այդ ամենն արվում է պեբյուջե հավաքելու անվան տակ), այլ հանրությանը տնտեսական ու քաղաքական ազատություններ տրամադրելով։ Իմիտացիայի շանս չկա։ Բոլորն էլ հասկանում են, որ իրականում մեկ մարդու տնտեսություն կառուցելու նպատակով են եկեղեցական առոգանությամբ ճառեր արտասանվում «բարեշրջիչների» կողմից և  ուրեմն իշխանությունն այդ պայմաններում երբեք հանգիստ  չի քնի։ Պետք է ընտրություն կատարել ֆորմալ և ոչ ֆորմալ լեգիտիմությունների միջև։ Իսկ եթե ուզում ես և՛ մեկը, և՛ մյուսը, ապա դա ճողված վիճակում է պահելու իշխանությանը և այդ դիրքում երկար մնալ հնարավոր չէ։ Ավելի ճիշտ կլինի, իհարկե, ձգտել հանրային լեգիտիմության ձեռքբերմանը։

Իշխանական ոչ ֆորմալ հարաբերությունները կդառնան ժողովրդավարական՝ եթե կլանային փակ համակարգի 4 հիմնասյուների առումով իրականացվեն արմատական վերանայումներ։ Ուժային կառույցները պետք է ապաքաղաքականացվեն և ծառայեն իրենց բուն նպատակին։ Տնտեսությունը պետք է ազատականացնել՝ իշխանությունը բիզնեսից տարանջատելով և սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ գործուն մեխանիզմներ ստեղծելով։ Պետական բյուրոկրատիայի համար պետք է ապահովել կայունություն, որոշակիություն, արժանապատիվ ապրելու հնարավորություն և կառավարչական որոշումների ընդունման հստակ ընթացակարգեր։ Իշխանությունը պետք է հրաժարվի կրիմինալի ծառայություններից, որոնք օգտագործվում են ընտրությունների, տնտեսական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաև պետական կառավարման համակարգը պետք է ազատել կրիմինալից։ Ունա՞կ է արդյոք նման բարեփոխումների  Սերժ Սարգսյանը՝ դատեք ինքներդ։

Իսկ առայժմ Սերժ Սարգսյանը դեռ չի հրաժարվել միահեծան քաղաքատնտեսական համակարգ կառուցելու իր սևեռուն գաղափարից և, Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, փորձում է յուրօրինակ «հայկական թուրքմենբաշիզմ» ստեղծել։ Ու դրա համար է, որ պայքարի երկու ճակատներ են բացվել. փողոցում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ պետական ապարատի ներսում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Տեր-Պետրոսյանի դեմ կիրառվում են երևացող ռեպրեսիաներ, իսկ Քոչարյանի դեմ պայքարն ավելի չերևացող, տեխնոլոգիական բնույթ է կրում։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի թիմին թվում է, որ եթե իրենք սևացնեն նախագահի նեղ շրջապատից դուրս գտնվող իշխանավորներին, ապա իրենք շահած դուրս կգան։ Դա էլ է մոլորություն։ Եթե դու վարկաբեկում ես քո կառավարման ներքո գտնվող համալսարանի դասախոսներին՝ նրանց կաշառակեր անվանելով ու նկարները փողոցում փակցնելով, ապա դրանով չես շահում հանրային վստահություն, քանի որ հանրությունը գիտի, որ «ձուկը գլխից է հոտում», բայց փոխարենը վաստակում ես դասախոսական կազմի ատելությունը։ Եթե դու փորձում ես հանրության աչքին բարձրանալ ու դրա համար հեռուստաէկրանների առաջ նվաստացնում ես հարկայինի աշխատողներին, ապա միևնույն է դրած խնդիրը չի լուծվում, բայց փոխարենը վաստակում ես պետական չինովնիկների լուռ ատելությունը, ովքեր պիտի ամեն օր թուքումուր ուտելով բիզնեսից փող պոկեն, որ դու թոշակները չուշացնելու մասին կարողանաս խոսել և այսպես շարունակ։

Փողոցում Լ.Տեր-Պետրոսյանին հաղթելու համար իշխանությունը հանրային աջակցություն պիտի ունենա, իսկ կաբինետներում Ռ. Քոչարյանին հաղթելու համար՝ պետական բյուրոկրատիայի և բիզնեսի աջակցությունը։ Այս իշխանությունը առաջինը գրեթե չի ունեցել և չունի, իսկ երկրորդը կորցնում է։ Թե ինչի՞ վրա են հույսը դրել իշխանությունները՝ դժվարանում եմ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ դրսից ակնկալվող վարկերի և Թուրքիայի հետ սահմանը բացելու, և այդ երկու խնդիրների լուծումներն էլ իրենցից չի կախված։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը