Քաղաքական

24.05.2020 10:30


Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանից

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանից

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաաիքի եթերում հայտարարել է, որ հայկական կողմը ցավում է, որ «Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սխալ մեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրաց գործընկերներին: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:

Վրաց նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն իր դիրքորոշումը փոխանցել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով:

«Ինձ հետ կապ են հաստատել Երևանում մեր դեսպանությունից: Նրանք հայտնել են, որ դեսպանություն են զանգահարել Հայաստանի առողջապահության նախարարությունից: Զանգահարել է նախարարության միջազգային հարաբերությունների հարցով վարչության ղեկավարը և առողջապահության նախարարի անունից ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ նրա հայտարարությունը, որը սխալ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,-ասել է Զալկալիանին:

«Հայկական կողմն ընդգծում է, որ «իրենց նախարարի արտահայտությունները, որոնք ներկայացվել են ԶԼՄ-ներում, սխալ են մեկնաբանվել»,-հավելել է վրաց նախարարը՝ հավելելով, որ այդ տեղեկությունն անպայման պետք է ճշտվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։ Հայտարարությանն արձագանքել են Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենը և Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրենը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը