Լրահոս

12.01.2011 12:11


Ահարոն Ադիբեկյան. «Տաք ամիսներին կթեժանա փողոցային ժողովրդավարությունը»

Ահարոն Ադիբեկյան. «Տաք ամիսներին կթեժանա փողոցային ժողովրդավարությունը»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ նախորդ 2 տարվա համեմատ 2011թ. բավականին աշխույժ կլինի՝ որպես նախընտրական տարի, բայց շատ լուրջ իրարադարձություններ տեղի չեն ունենա։ Առավել ևս, եթե ճգնաժամի հաղթահարումը շարունակվի, ապա նախապատրաստական փուլը ոչ թե կլինի ծայրահեղ լարված, այլ սովորականի պես միջին լարվածության։

-Որոշ վերլուծաբանների կողմից խոսվում էր, որ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին է կանգնած և այլն։ Որոշ տաք գլուխներ այդպես էին գնահատում իրավիճակը՝ ծայրահեղ գնահատականներ,-«7օր»-ին ասել է Ա. Ադիբեկյանը՝ հավելելով նաև, որ տաք ամիսներին կթեժանա փողոցային ժողովրդավարությունը՝ ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ։ Իսկ կոալիցիան էլ կշտկի իր դիրքորոշումները՝ ընտրություններին հանդես գալ միասի՞ն, թե՞ առանձին։

-Եթե Գագիկ Ծառուկյանը դուրս գա կոալիցիայից և առանձին մասնակցի, դա կարող է լինել տակտիկական քայլ,-նշել է սոցիոլոգը։

Նա նաև ուրվագծված տեսնում է, որ Դաշնակցությունը հանդես կգա որպես ավելի կենտրոնին մոտ ընդդիմություն (նախկինում կոալիցիայի անդամ լինելով՝ մեղքի մի մասն էլ իր վրա է կրում, հետևաբար և խուսափում է ծայրահեղ հայտարարություններից), ՀԱԿ-ը կլինի ծայրահեղ ընդդիմություն, և շատ հնարավոր է, որ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ-ի նման կուսակցությունը, «Ժառանագությունը» լինեն միջին չափավոր ընդդիմություն։

Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանի ղեկավարած «Ժողովրդական» կուսակցությանը, ապա ըստ սոցիոլոգի՝ այդ ձայները Կարապետյանինը չեն, դրանք շատ հեշտությամբ վերահսկվում են և ուղղորդվում.

-Դա այն խավն է, որ բավականին խոցելի գոտում է գտնվում և մանիպուլյացիայի ենթակա է։ Որովհետև գյուղական շրջանում, թոշակառուների շրջանում ձայները վերահսկվում են։ Դրա համար ընտրություններում հաղթում է նա, ով վերահսկում է փոքր ավանների, փոքր տեղամասերի ձայները։ Եվ եթե Երևանում կարողանաս ինչ-որ մի մեծ հատված կորզել, ուրեմն դու էլ կմտնես խորհրդարան։ Դա մեր սոցիալական, քաղաքական իրողությունն է, և դա առ այսօր դեռ մնում է անխուսափելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը