Մեկնաբանություն

08.05.2020 18:05


«Սամասուդի» խորհրդարանայնացումը, «թավշյա» գաղջի վանող «հմայքը»

«Սամասուդի» խորհրդարանայնացումը, «թավշյա» գաղջի վանող «հմայքը»

Մայիսի 8-ին, Շուշի ազատագրման 28-րդ տարեդարձի օրը Հայաստանի Ազգային ժողովում արձանագրվեց փողոցային քաշքշուկի ու ծեծկռտուքի խայտառակ դրսևորում: Շատերն, անկասկած, դիտել են այդ խայտառակությունը պատկերող տեսանյութը, ուստի այստեղ դրա նկարագրական մանրամասները կշրջանցենք` թողնելով այդ կասկածելի հաճույքը «մարտեր` առանց կանոնների» կամ այդ կարգի ծեծկռտուք մեկնաբանելու սիրահարներին:

Ի՞նչ կապ ունի կոնկրետ օրվա խորհուրդը կոնկրետ միջադեպի հետ: Ուղղակիորեն՝ ոչ մի: Կատարվածը մերժելի ու դատապարտելի է` անկախ ամսաթվից: Այսինքն, եթե այդ «զանգվածային անկարգությունը» ԱԺ-ում մեկ այլ՝ «սովորական» օր լիներ, դրանից պակաս մերժելի ու վանող տպավորություն չէր թողնելու: Բայց գոնե պետության օրենսդիր մարմնում հայտնված անձինք, պարտավոր են իրենց հաշիվ տալ, թե որտեղ են հայտնվել և ինչ են անում: Առավել ևս՝ նման օրով:

Ոչ ուղղակի կապ կարող է դիտարկվել թերևս այն իմաստով, որ քաշքշուկի ու բռունցքներով իրար վրա քշելու անմիջական մասնակիցը կամ ավելի ճիշտ՝ նախահարձակ պատգամավորը իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ-ի նկատելի դեմքերից Սասուն Միքայելյանը, Շուշիի ազատագրման մասնակից ազատամարտիկ է, ջոկատի հրամանատար:

Սակայն այդ հանգամանքը նույնիսկ է՛լ ավելի է ընդգծում խորհրդարանի դահլիճում ծեծկռտուք հրահրելու անթուլատրելիությունը:

Միջադեպեր, ծեծկռտուք, անգամ խմբակցություններով միմյանց քիթումռութ նախշելու դեպքեր եղել են, լինում են ու կլինեն աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում: Այնպես չէ, որ մի երևելի կամ գլուխ գովելու բան է կամ էլ ՀՀ ԱԺ պատգամավորները բարեկրթության ակադեմիայի սաներ են:

Սակայն այստեղ կան տեղական, կոնկրետ մեր իրականությանը վերաբերող նրբերանգներ: Դրանցից առաջինն այն է, որ 2018-ի հայտնի իրադարձությունների հետևանքով իշխանության հասած և այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող, Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված խմբի հիմնական հրապարակային շեշտադրումները կառուցված էին անցյալ շրջանի քաղաքական հոռի բարքերը մերժելու, զոռբայությունը, բռունցք ճոճելը, սպառնալը, խոսքի ազատությունը սահմանափակելը անթույլատրելի համարելու վրա: Ավելին, նույն այդ «քայլականները» շարունակ խոսում են «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարելուց, ինչ-որ պաճուճազարդ նախադասություններ են արտասանում այդ թեմայով:

Դո՞ւք եք «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարողները:

Չէ, բայց իրոք, ովքե՛ր ինչի՞ց են խոսում: Նրա՞նք, որ ինչպես փողոցային պայքարով հասան իշխանության, այդպես էլ փողոցում մնացին իրենց մակարդակով, ընկալմամբ, խոսելաոճով, բառապաշարով, անդաստիարակությամբ ու ցինիզմով, կներեք, նաև փնթիությամբ, այդ թվում՝ քաղաքական փնթիությամբ:

Մյուս կողմից, եթե ԱԺ փոխխոսնակներից մեկը օրերս ինքն է փողոցում ֆիզիկական բռնության գործադրմամբ միջադեպի «հերոս» դառնում, և կատարվածին իշխող ուժը սաստող գնահատականով չի անդրադառնում, ապա ինչո՞ւ նույն վարքը չդրսևորի նրա կուսակից ու ավագ գործընկերը:

Ընդհանուր «թավշյա» գաղջը էլ ավելի ընդգծվեց այն դրվագով ևս, որ մի ամբողջ շարք իշխանական պատգամավորներ կայծակնային արագությամբ մոտեցան Սասուն Միքայելյանին ու «Լուսավորի» ղեկավար Էդմոն Մարուքյանին, բայց նրանց մի մասը՝ ոչ թե նրանց միմյանցից բաժանելու համար էր շտապել բախման կետ, այլ... Մարուքյանին հարվածելու: Խմբակային խառը խփոցի, էլի:

Կարելի է ասել նաև, որ Փաշինյանի այդքան երազած «սամասուդը»` որպես երևույթ, խորհրդարանայնացվեց:

Ի՞նչ ակնկալել ընտրողներից, եթե ընտրվածների վարքն այդ է:

Բուն միջադեպի հետ անմիջականորեն կապ չունեցող, բայց ուղղակիորեն պատգամավորների օրինապահության աստիճանն արտացոլող մյուս արձանագրելի փաստն այն է, որ խորհրդարանի դահլիճում հատուկենտ պատգամավորներ էին շնչադիմակներով: Ինքս երկու-երեք հոգու նկատեցի: Մինչդեռ այն օրը վարչապետի մակարդակով ինչ-որ կորոնավիրոսային պայմանական ռեֆլեքսերից էին դատողություններ անում, սոցիալական հեռավորությունի՜ց...

Ի դեպ, կատարվածի վերաբերյալ ամենից սրամիտ ու սարկազմով հագեցած դիտարկումն այն է, որ ԱԺ պատգամավորները սեփական օրինակով հանրությանը ցույց տվեցին, թե ինչպես է պետք պահպանել սոցիալական հեռավորություն:

Թերևս նման վայրիվերո դրսևորումներ չէ, որ այժմ ԱԺ-ում հայտնվածներից ակնկալում էին մոտ մեկուկես տարի առաջ նրանց օգտին քվեարկողները: Բայց դա ընտրվածներին արդեն առանձնապես չի էլ հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, իրենց այդպես չէին պահի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը