Լրահոս

22.03.2011 17:23


ՊԵԿ բոլոր ստուգող տեսուչներն ունենալու են ուղեցույցներ

Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղե է ունեցել Հարկային ստուգումների ուղեցույցների երկհատորյակի շնորհանդեսը: Ուղեցույցները, որոնք տպագրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցության (ՀՎԲՕՏԱ) ծրագրի  կողմից, մշակվել են ՀՎԲՕՏԱ-ի և ՊԵԿ-ի համատեղ ջանքերով` նպատակ ունենալով հեշտացնել Հայաստանի տնտեսության որոշակի ոլորտներում գործող հարկ վճարողների համալիր ստուգումների իրականացումը: Ուղեցույցները հատկապես կօգնեն ստանդարտացնել առանձին ոլորտներում իրականացվող հարկային ստուգումները` ապահովելով ՊԵԿ տեսուչների բարձր որակավորման մակարդակ, ինչպես նաև ՊԵԿ-ի տեսուչների համար ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների աշխատանքների կարգը, մեթոդները, եղանակները և ընթացակարգերը սահմանող տպագիր աշխատանքային նյութեր:

«Ստուգումների նոր ռազմավարությունը, հատկապես` ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգումների իրականացումը, հարկային ոլորտի բարեփոխումների կարևոր ուղղություններից է: Մենք կարևորում ենք ինչպես այդ համակարգի ներդրումը, այնպես էլ, ըստ կոնկրետ ոլորտների, ռիսկերի և հարկային ռեզերվների բացահայտումը: Այս առումով, արդեն մեկ ու կես տարի է` ձեռնամուխ ենք եղել հարկային ստուգումների ոլորտում ուղեցույցների մշակմանը, որոնցից չորսը իրականացվել են անմիջապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ` փորձառու միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դրանք են` տրանսպորտի, զբոսաշրջության, անշարժ գույքի և ՀԴՄ-ների վերաբերյալ ուղեցույցները: ՊԵԿ մասնագետների ուժերով մշակվել են նաև մի շարք կարևոր ոլորտների ստուգման ուղեցույցներ, այդ թվում` շինարարության, կրթության, առողջապահության ոլորտներում»,-նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Համակարգի ղեկավարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել է այսօրվա շնորհանդեսը: “Մենք որոշել ենք ՊԵԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ նախաձեռնությամբ տպագրված երկհատորյակով ապահովել մեր համակարգի բոլոր ստուգող տեսուչներին: Այն կտեղադրվի նաև ՊԵԿ պաշտոնական կայքում, որից կօգտվեն բոլոր ցանկացողները: Այս ձեռնարկները հնարավորություն կտան ոլորտային և այլ ստուգումների ժամանակ կիրառել նույնատիպ ստանդարտներ, օգտագործել վերլուծության միջազգայնորեն ընդունված գործիքներ, որոնք հնարավորություն կտան ավելի խորը վերլուծել հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը: Կարծում եմ, ձեռնարկները կարող են օգտակար լինել ոչ միայն հարկային ծառայողների, այլև համապատասխան ոլորտի մասնագետների և ուսանողների համար: Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները: Դրան են ուղղված նաև Համաշխարհային Բանկի հետ համատեղ երեք խոշոր ոլորտներում (հանքարդյունաբերություն, էներգետիկա և կապ) ստուգումների մասնագիտական և միջազգայնորեն ընդունված մեխանիզմների ներդրմանն ուղղված աշխատանքները”:

«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան» առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման էլ նկատել է, որ այս ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը հնարավորություն կտա հարկային մարմնին խուսափել ծրագրային նյութերի անհարկի կրկնությունից, նվազագույնի հասցնել աշխատանքային փաստաթղթերի կազմման համար պահանջվող ռեսուրսները և աշխատատարությունը: «Հավատացած ենք, որ այս բնագավառում ռիսկային չափանիշների վրա հիմնված մոտեցման ներդրումը և ստուգումների ընթացակարգերի ստանդարտացումը կնպաստեն Հայաստանի հարկ վճարողների շրջանում վստահության ամրապնդմանը և դրական ազդեցություն կունենան հարկային եկամուտների վրա»:

ՀՀ ՊԵտական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը