Քաղաքական

23.03.2020 12:10


Տնտեսությունն այսօր անդունդի եզրին է․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Տնտեսությունն այսօր անդունդի եզրին է․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ես ինչո՞ւ պետք է վճարեմ աշխատողներին, պետությունն է հայտարարել արտակարգ իրավիճակ, նա էլ պարտավոր է իր ժողովրդին, ով չի աշխատում, գումարներ տրամադրել։ «Շանգրի Լա» խաղատան հարկերն էլ պետությունը պետք է վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ես սովորական քաղաքացի եմ, պետությունում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որևէ մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու։ Այսօր պետությունը՝ որպես ընտանիքի հայր, պետք է մտածի իր ժողովրդի, աշխատողի, թոշակառուի մասին»,-նշեց նա։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր տնտեսական ճգնաժամ է ամբողջ աշխարհում, և եթե Կառավարությունը ճիշտ լուծումներ չառաջարկի, հետագայում ծանր դրության մեջ կհայտնվի պետությունը․ «Ես ասել էի երկու ամիս առաջ, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, քայլեր, աշխատանքներ կատարվեն, որ մենք փակուղու առաջ չկանգնենք»։

Ինչ վերաբերում է Կառավարության առաջարկած տարբերակներին, որ բանկերի միջոցով բիզնեսին գումար կտրամադրվի և տոկոսադրույքները գործադիրը կֆինանսավորի, Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ասում են՝ 67,000 ձեռնարկություններին է տրամադրվելու։ Եթե բաժանում ենք, ամեն ձեռնարկությանը հասնում է 700 դոլար, դա էլ պետք է բաժանվի 30-50 հոգի ունեցող աշխատողների միջև, ամեն մեկին պետք է հասնի 5000 դրամ, դրանով մարդը 1 ամիս ո՞նց է աշխատելու։ Դա չաշխատող տարբերակ է։ Աշխատող են ոլորտային որոշումները։ Արտակարգ իրավիճակ է, կանգնեցված է, չեն աշխատում, եթե խելացի քայլեր չկատարվեն, տնտեսությունն անդունդն է գլորվելու և դժվար է լինելու վերականգնել»:

ԲՀԿ ղեկավարը Կառավարություն առաջարկած լուծումներից բացի, խնդիրներ է տեսնում հարկային վարչարարության առումով․ «Այսօր ինչ կա չկա, հարկայինից սկսած, դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը