Քաղաքական

23.03.2020 11:56


ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը (տեսանյութ)

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել էր «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով հարցի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն օրենսդրական փաթեթը ներկայացրել է առաջին ընթերցման ընթացակարգով: Նա փաթեթի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նախատեսված լրացմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ինչն է խուճապ առաջացնում: Նա ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ արտակարգ դրության ժամանակ գրաքննություն չկա: Էդմոն Մարուքյանը բարձրացրել է վարկառուների հարցը, ովքեր հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում: Նա նշել է, որ օրինագիծն իրավական կարգավորումների կարիք ունի, ուստի խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ շեշտել, որ րոպե առ րոպե իրավիճակից ելնելով պահանջները փոխվում են:

Օրենքի նախագծին կողմ էր քվեարկել 102 պատգամավոր:

***

Այսօր ԱԺ-ն 117 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

***

«Լրատվական գործունեություն իրականացնողները կենթարկվեն վարչական տույժի, եթե արտակարգ դրության ընթացքում խախտեն տեղեկությունների հրապարակման սահմանափակումները»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը տեղեկացրեց, եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա ևս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։

«Բացի այդ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժի այլ սահմանափակումները ենթադրում են՝ անձանց, այդ թվում վարակվածի հետ շփված անձանց առանձնացում դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ մարդկանց հետ շփումը բացառելու նպատակով։ Ինքնամեկուսացում է համարվում վարակվածի հետ շփված անձի առանձնացումը իր մշտական բնակության կամ նախընտրած այլ վայրում»,-ներկայացրեց Բադասյանը։

Նա նշեց, որ «Քրեական օրենսգրքում» առաջարկում ենք ավելացնել՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ որոշակի պաշտոնից զրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Աղբյուրը` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը