Տնտեսական

10.02.2020 12:34


Մոտ 10 երթուղային վաղ առավոտից երթուղի դուրս չի եկել․ վարորդները գործադուլ են անում (տեսանյութ)

Մոտ 10 երթուղային վաղ առավոտից երթուղի դուրս չի եկել․ վարորդները գործադուլ են անում (տեսանյութ)

Այսօր մի քանի երթուղու վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել։ Մոտ 10 երթուղու 150 մեքենա դուրս չի եկել երթուղի։ Վարորդները գործադուլն են անում՝ պատճառաբանելով, որ ստացած գումարն իրենց կատարած աշխատանքին հավասար չէ, պնդում են՝ տրանսպորտային միջոցը նախկինում ավելի ցածր գնով էին լիցաքավորում գազով, հիմա ավելի շատ են վճարում:

Վարորդներից մեկը նշեց, որ օրավճարն առանց այդ էլ թանկ էր, հիմա ավելի է բարձրացրել։ «Մենք պահանջ չունենք, մենք դիմում ենք, որ մեր երեխաների մասին մտածող Կառավարությունը խնդիրը լուծի»։

Նրանք նշեցին, որ գործադուլը կդադարեցնեն այն ժամանակ, երբ քաղաքապետարանը, կառավարությունը խնդրին կարձագանքեն:

«Պահանջում ենք կամ գազի գինն իջեցնել, կամ էլ տնօրինության հետ խոսել մեր վրա դրված պլանի իջեցման համար»:

Վարորդների խոսքով՝ իրենք պարտքեր են կուտակել և չեն կարողանում դրանք մարել:

«Ակտերի մասին էլ չխոսենք, թեթև գիծ ես տրորում, միանգամից ակտ է գալիս, չեն ասում՝ 14 ժամ վարորդներն աշխատում են, հոգնում են, գուցե թեթև խախտում էլ անեն: Մեզ մնում է համարները հանձնենք, գնանք տունը նստենք, չաշխատենք, ուրիշ բան չունենք անելու»,-ասացին նրանք:

«Գազը 7000 դրամից բարձրացել է 10 հազար դրամ, օրավճարը 1500 դրամով բարձրացել է, ընդհանուր գումարը կազմում է 27 հազար 700 դրամ, որը «ԳԱԶել»-ի 13 տեղով անհնար է 5 երթուղիով հավաքել»,-ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ ուղևորափոխադրող ընկերության, այսինքն` իրենց գործատուի հետ անհամաձայնության պատճառով:

«Խոսքն օրական «պլանի» բարձրացման մասին է։ Հիմա քաղաքապետարանի ներկայացուցիչի մասնակցությամբ հարցը քննարկվում է։ Հասկանալի է, որ գործատուի և վարորդների խնդիրն է, բայց քաղաքապետարանը, բնականաբար շահագրգռված է, որ այդ հարցը արագ լուծվի, և երթուղայինների աշխատանքներն իրականացվեն»,- ասաց նա և հավելեց, որ վարորդները դեռ չեն աշխատում։

Կարապետյանը նաև հայտնեց, որ այս պահին մի քանի երթուղի չի աշխատում, օրինակ՝ 10-ը, 11-ը, 12-ը, 34-ը և այլն։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը