Լրահոս

02.03.2011 15:28


«Սարդարապատ» շարժման ներկայացուցչի ելույթը, որը նպատակահարմար չգտավ ՀԱԿ–ի ղեկավարությունը

Փետրվարի 28–ին «Ժողովրդական շարժման» կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասեց, որ մարտի 1–ին, ՀԱԿ–ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։

Ցավոք այդ խոսքը չասվեց, քանի որ  ՀԱԿ–ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթն ամբողջությամբ։

Հայրենակիցներ.

-        Մարտի  1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան  գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:

-        Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

-        Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:

-        Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի ...մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»...

-        Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև:

Այս խորագրի վերջին նյութերը