Քաղաքական

28.11.2019 21:20


Քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ընկերությունը գրանցվել է 2019-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել. քաղաքապետը թույլատրել է

Քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ընկերությունը գրանցվել է 2019-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել. քաղաքապետը թույլատրել է

Tert.am-ին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանին 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի հունվարին:

«Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ն է, իսկ փաստացի գործունեության հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ը: Նախատեսվող գործունեության հասցեն՝ Դավթաշեն վարչական շրջանը:

Արդեն մարտ ամսին ՍՊԸ-ն հող է ձեռք բերել Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի հ22 և Անաստաս Միկոյան փողոց հ.64 հասցեներում: Այս հասցեում էլ Ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Համալիրը բաղկացած է լինելու 6 մասնաշենքերից՝ 18 վերգետնյա հարկերով։

Նախատեսվող կառույցը հատակագծում ունի ուղղանկյունաձև տեսք։ Մասնաշենքերը մի տիպի են։ Բոլոր առաջին հարկերը նախատեսված են որպես հասարակական նշանակության տարածքներ։ Երկրորդ հարկից սկսած նախատեսված են բնակարաններ։ Կառույցը բաղկացած է երկու մուտքից, ամեն մուտքում նախատեսված 5 բնակարան (2 երեք սենյականոց և 3 հատ 2 սենյականոց)։ 4 սենյականոցները նախատեսված են 13-րդ հարկից սկսած։ Մասնաշենքերի տակ նախատեսված են 2 հարկով ավտոհանգրվաններ, որոնք կապված են միմյանց հետ։

Նախագծի համար հիմք է հանդիսացել պատվիրատուի հայտը, անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման N 25032019-01-0135 և 25032019-01-0154 վկայականները, Երևանի քաղաքապետի կողմից տրված 20.08․2019թ․ N01/18-07/2- 58468-808 ճարտարապետահատակագծային առաջադրանքը։

Դեռ 1 տարեկան չեղած ընկերությունը Երևանում 6 հատ 18 հարկանի համալիր է կառուցելու, իսկ քաղաքապետարանը թույլտվությունը տվել է օգոստոս ամսին:

Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 2 օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ հարց էր բարձրացրել՝ արդյոք ճի՞շտ է, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղում իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի ( 10 հատ) «ԿամԱԶ» է նվիրել Երևանին շինթույլտվություն ստանալու համար։

Քաղաքապետարանը հերքել էր՝ նշելով, որ որևէ մեկին որևէ բանի դիմաց շինթույլտվություն չի տալիս, շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը և քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են:

Այնուհետև քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե չի հիշում քաղաքապետարանի նվիրատուների անունները, ապա ավագանու նիստին ասել էր. «Շատ նվիրատուներ ասում են`ուղղակի ուզում ենք բարեգործություն անել, հո «ռեկլամ» չենք անելու մեզ»:

Այսօր արդեն քաղաքապետարանը հրապարակեց այս պահին նվիրատու կազմակերպությունների ցանկը և հայտնի դարձավ, որ ամենաշատ նվիրատվությունը՝ 14 «ԿամԱԶ» արել է «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը քաղաքապետարանի հրապարակումից հետո ֆեսյբուքյան էջում տեղեկացրեց, որ իր մատնանշած ընկերությունը հենց «Ն և Ս քոնսթրաքշն»-ն է: «Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը