Խմբագրական

17.02.2011 16:15


Լևոն Տեր–Պետրոսյանը դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման երաշխավորը

Լևոն Տեր–Պետրոսյանը դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման երաշխավորը

Վերջին օրերի գլխավոր քաղաքական ինտրիգը հանգուցալուծվեց այսօր, երբ ստորագրվեց կոալիցիոն նոր հուշագիր։ Մինչև այդ Գագիկ Ծառուկյանը փորձում էր ամեն ինչ անել և դիմադրել ճնշումներին, որպեսզի ստորագրելուց խուսափեր, և դա ստացվում էր, ինչի վկայությունը ԲՀԿ համագումարն էր։ Ծառուկյանի դեմ չաշխատեց ո՛չ շանտաժի, ո՛չ վերջնագրերի մեթոդները։ Դրանից հետո Սերժ Սարգսյանին օգնության հասան «էջմիածնական միաբանները»՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, և նրանք համատեղ ուժերով ԲՀԿ–ին ստիպեցին ստորագրել հուշագիրը։ Ենթադրվում է, որ Սարգսյանը «միաբաններին» դեմ տալով է կարողացել լուծել իր իշխանությանը ներսից սպառնացող վտանգը։

ՀԱԿ առաջնորդի խնամի Դավիթ Շահնազարյանի երեկվա ասուլիսը հենց այնպես չէր, և ակնհայտորեն գործի էր դրվել «դատարկ դհոլ» տարբերակը, ինչի մեծ սիրահարն է ՀՀԿ «ճկուն» ղեկավարը։ Փաստորեն, Ս. Սարգսյանը Ծառուկյանի դեմ պայքարում չհաջողեց անհատական բնույթի շանտաժներով, բայց կարողացավ լևոնական ընդդիմության ու «լևոնական» մամուլի որոշ միջոցների ներգրավման միջոցով ԲՀԿ առաջնորդից Սարգսյանին սատարելու խոստում կորզել, որն ավելի շատ հիշեցնում էր բռնությամբ վերցված համաձայնություն, քան քաղաքական համագործակցության հավաստիացում։ Պարզ է, որ Ծառուկյանը «դե ֆակտո» չի սատարում և չի սատարելու Սարգսյանին, սակայն իշխանությանն այս պահին հարկավոր էր բարաթ, ինչը նա ստացավ։

Այս ամենը ցույց տվեց, որ իրականացան իմ այն բոլոր կանխատեսումները և զգուշացումները, թե Տեր–Պետրոսյանն ի վերջո դառնալու է Սերժ Սարգսյանի նորաթուխ Գեղամյանը։ Սակայն հետին թվով մի փոքր շտկում կուզենայի մտցնել   գնահատականներիս մեջ։ Լևոնի գեղամյանացման մասով ժամանակին մի քիչ մեղմ էի արտահայտվել, քանի որ նրա այսօրվա արածն ավելի նողկալի է, քան Գեղամյանինը նախագահական վերջին ընտրությունների փուլում։ Ասել է թե՝ ՀԱԿ առաջնորդին Գեղամյան համարելը հաճոյախոսություն է Լևոնի հասցեին։ Վերջինիս համեմատ Գեղամյանը պարկեշտ ու անբիծ քաղաքական գործիչ է, և ահա թե ինչու։ Տեսե՛ք. Գեղամյանը 2008թ. արդեն արժեզրկված գործիչ էր, չուներ հանրային աջակցություն և Սարգսյանին ծառայություններ էր մատուցում, այսպես ասած, անհատական մակարդակով, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի պարագայում մենք գործ ունենք հանրային որոշակի ռեսուրսի տիրապետող կերպարի հետ, ով, փաստորեն, աճուրդի առարկա դարձրեց իր ունեցածը, և, ինչպես Շահնազարյանը հայտարարեց, ՀԱԿ–ը դարձավ ՀՀ–ում կայունության երաշխավորը։ Ա՛յն «կայունության», որն ապահովում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն ու հետագա վերարտադրությունը։

Ուղղակի զզվելի էր հետևել Շահնազարյանի այն մտքին, թե ՀԱԿ–ը ներիշխանական անկայունություն թույլ չի տա։ Լևոնի խնամին, փաստորեն, Գեղամյանին գերազանցեց բոլոր չափորոշիչներով։ Ու հիմա փետրվարի 18–ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներն ու իրենց լևոնական համարողները պետք է լավ գիտակցեն, որ հավաքվում են հանուն Սերժ Սարգսյանի իշխանության կայունության պահպանման։ Մարդիկ պետք է լավ գիտակցեն նաև, որ կոալիցիոն նոր հուշագիրը ստորեգրել են ոչ թե ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը, այլ Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը։

Ստացվում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն առևտրի առարկա դարձրեց մարտի 1–ի զոհերին, քաղբանտարկյալներին, ընդդիմադիր տրամադրված մարդկանց, ու բոլոր նրանց, ովքեր իր համար «մասովկա» են ապահովում ՀԱԿ հանրահավաքներում։ Իսկ դա, համաձայնեք, Տեր–Պետրոսյանի կողմից յուրօրինակ Գապոն քահանայի դեր կատարելու մասին է խոսում ու Գեղամյանն այս ամենի ֆոնին սրբության մարմնավորում է։ Համենայնդեպս Գեղամյանը զոհեր չի տվել իր պայքարի ընթացքում, դրանից հետո չի հայտարարել, որ պատրաստ է «ազգային փրկության» իշխանություն կազմել երեկվա հակառակորդների հետ ու էժանագին «միաբանություն» ու գապոնություն չի արել՝ Սարգսյանի իշխանության կայունությունը պահպանելու նպատակով։

2008թ. մարտի 1–ից առաջ Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ–ացավ ու դա հիմնավորեց երկրի կայունությունն ապահովելու ցանկությամբ, բայց բոլորին էլ պարզ էր, որ հաճախորդը տրվել է պատվիրատուի պահանջներին։ Այժմ էլ, փաստորեն, Տեր–Պետրոսյանն է իր հաճախորդացումը հիմնավորում երկրում և իշխանության ներսում անկայունություն թույլ չտալու դրդապատճառով, բայց կրկին ակնհայտ է, որ հաճախորդը պատվիրատուի հետ քննարկումներ է ծավալել բացառապես զրոների շուրջ։ Ուշագրավ է, որ և՛ ԱԽՔ–ը, և՛ Տեր–Պետրոսյանը հաճախորդանում են՝ «կայունություն» ձևակերպումն օգտագործելով։ Հա, չմոռանամ, մեկ–մեկ էլ հաճախորդները սիրում են «պետական շահ» բանաձևը դնել շրջանառության մեջ՝ արդարացնելու համար իրենց «միաբանությունը»։

Հիշեցնեմ, որ մինչև այս՝ Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ծառայություններ էր մատուցել նաև հայ–թրքական գործընթացի ժամանակ, երբ իշխանափոխության պատրաստ ժողովրդին ուղարկեց տուն և կողմ արտահայտվեց «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Ղարաբաղի հարցում նույնպես Տեր–Պետրոսյանն իր «միաբանությունն» արեց ու սպասում էր ազգային աղետի, որպեսզի արդեն կատարի Պետրոս Գետադարձի դերը, ինչը, բարեբախտաբար, առայժմ չստացվեց։

Մեզ մնում է միայն  արձանագրել, որ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» համագործակցության օպերացիան, որի մասին բազմիցս ակնարկում էր Լևոնը, այժմ կյանքի է կոչվել։ Տեր–Պետրոսյանի վարքագծից ելնելով՝ կարելի է ասել, որ, այո՛, քաղաքականությունն իրոք անբարոյականություն է, բայց չմոռանալ, որ քաղաքականությունն այդպիսին է դառնում, երբ դրանով զբաղվում են բարոյական համապատասխան  նկարագիր ունեցող մարդիկ։

Պետք է նաև արձանագրել, որ եթե մարդը հող հանձնող ու էությամբ քիրվա է, ապա նա միշտ էլ լեզու կգտնի նույն «գաղափարական» դաշտի սուբյեկտի հետ, ու միշտ էլ պատրաստ կլինի հանձնել կամ վաճառքի առարկա դարձնել իր թիմակից կոչվածներին՝ լինեն դրանք մարտի 1–ի զոհերը, քաղբանտարկյալները կամ շարքային միտինգավորները։ Ու հիմա թող վատ զգան բոլոր նրանք, ովքեր ինձ կշտամբում էին, թե ինչու եմ Տեր–Պետրոսյանին պոտենցյալ գեղամյան ու դրանից էլ «բեթար» համարում։ Այժմ համոզվեցի՞ք, որ մեղմ էի արտահայտվել։

Լավ, հիմա Լևոնն իր «միաբանությունն» արեց պրծավ, բայց կյանքը շարունակվում է։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն հետագայում, ցույց կտա ժամանակը։ Մեկ բան ակնհայտ է. Գագիկ Ծառուկյանի վրա հարձակումը հարձակում էր հայկական բուրժուազիայի բոլոր շերտերի վրա ու, մեծ հաշվով, մասնավոր սեփականության ինստիտուտի վրա, իսկ դա նշանակում է, որ մեզանում սկսվելու է կուլակաթափության նեոբոլշևիկյան ոճի խայտառակ մի գործընթաց, տնտեսական անկման խորացում և  արտագաղթի թափի աճ, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ սպառնալիք դառնալով ՀՀ ազգային անվտանգության համար։ Եթե հայ ժողովուրդը չգիտակցի սա և այս ամենի դեմն առնելու համար ներուժ չգտնի, ապա մենք շատ կանխատեսելի արդյունք կարող ենք ունենալ՝ պետության կորստի տեսքով։ Այս վերջին նախադասության մեջ նշված միտքն արտահայտում եմ առանց չափազանցության։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը պետք է որոշակի դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր չեն գիտակցում, որ երբ ինքդ չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։

Այս խորագրի վերջին նյութերը