Քաղաքական

08.11.2019 14:55


ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու հայտարարություններով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը:

Հայաստանի ուսանողական շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միությունը, ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը , ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպությունը, որոնք ևս իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրել են կոչեր, Երևանում անցկացվող հանրահավաքների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կարգախոսներով մակագրված լուսանկարներ:

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունն այդ առթիվ տարածել է նաև հատուկ հայտարարություն, որտեղ ասված է.

«Կը զօրակցինք ՀԵՄ-ին

Արայիկ Յարութիւնեան, ՀՀ կրթութեան նախարարը կը ցանկանայ հանել հայոց լեզուի եւ պատմութեան պարտադիր ուսուցումը համալսարաններէն: ԱՆ նաեւ կը ցանկանայ հեռացնել հայ եկեղեցուոյ պատմութիւնը դպրոցական կրթական համակարգէն: Ասոնք քայլեր են, որոնք ուղակիօրէն կը հարուածեն մեր ազգային ինքնութեանն ու նկարագրին։

Նոյն ԿԳ նախարարը միլիոնավոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները:

Այդ պատճառով, ՀԵՄ-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

Կ'ուզենք նաեւ շեշտել թէ իշխանութեան փորձերը, Դաշնակցութեան մէջ բաժանարար գիծեր գտնելու ի սկզբանէ ձախողած են։ Դաշնակցութիւնը մէկ եւ միասնական կուսակցութիւն է, Հայաստանով եւ սփիւռքով։

Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

#պատվովհեռացիր #Démission»:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն «Շանթ» ուսանողական միությունն ու իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է.

«Նախարարի առաջարկած քաղաքականությունը խստորեն վտանգում է այն արժեքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Հարությունյանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթությունն այս ոլորտներում, որպես ազգայինա արժեք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնության մասն է, և այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների և սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժեքների նկատմամբ, որոնք սփյուռքը շարունակում է բարձրացնել և խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է:

Ավելին, նախարարը հարցազրույցներից մեկում անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին՝ասելով, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Մենք հրաժարվում ենք ընդունել նախարարի հայտարարությունների բաժանարար բնույթը: Որպես այսօր Հայաստանում կրթության դեմք՝ մենք հուսով ենք, որ համենայն դեպս, պարոն Հարությունյանը գիտի, որ մեր կազմակերպությունները ապակենտրոնացված են աշխատանքում, բայց ոչ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ կհամախմբվենք կանգնելու ի պաշտպանություն մեր լեզվի, ժառանգության և ինքնության»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի Երիտասարդական միությունը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ՀԵՄ-ականներ, Բեյրութից ՀՅԴ ՀԵՄ ընկերների անունից ցանկանում եմ զորակցություն հայտնել ձեզ այս օրերին Հայաստանում ձեր կազմակերպած նախաձեռնությունների համար: Մենք հպարտություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր ընկերները առաջնագծում ազգային արժեքների պաշտպանության և ազգային պետությանը սպառնացող սադրանքների դեմ հանդիման են: Ցավոք այսօր մենք այդտեղ չենք և հակառակ մեր ցանկության չենք կարող ուղղակի մասնակցություն բերել հայրենանպաստ գործունեության: Բայց կգանք հաստատելու, որ ձեր բարձրացրած խնդիրները մեզ նույնպես մտահոգում են: Ձեր հնչեցրած զգոնության կոչը մեր բոլորիս խղճի ձայնն է: Կուզենք նաև մեր միության ափսոսանքը հայտնել դրսի և ներսի դաշնակցականի կեղծ օրակարգի տեսական շահարկումների համար: Կհորդորենք կեղծ օրակարգով չկոծկել իրական խնդիրները, որովհետև այդ վարքագիծը կտանի լճացումի և հիասթափության մեծ ալիքի: Եվս մեկ անգամ կցանկանանք ասել մեր ընկերնեին, որ ձեր կողքին ենք՝ ազգային արժեքների պահպանման և ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին», - ասված է տեսաուղերձում:

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը արձագանքել է Արայիկ Հարությունյանի որակումներին և իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է կոչ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱ ՄԵ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Բոլորս մէկ ենք: Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»։ Երիտասարդական միության ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է նաև Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «# պատվով _ հեռացիր» մակագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը