Քաղաքական

04.11.2019 10:14


Հայրապետովի լռությունը կարող էի գնել ոչ թե նրան աշխատանքից ազատելով, այլ կողքիս պինդ պահելով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայրապետովի լռությունը կարող էի գնել ոչ թե նրան աշխատանքից ազատելով, այլ կողքիս պինդ պահելով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությանը: Նա նշեց, որ վերջինս աշխատանքից ազատվել է իր որոշմամբ` սեփական դիմումի համաձայն, որից հետո պաշտոնանկության վերաբերյալ խոսակցություններ են շրջանառվել:

«Ասում էին, թե Դուշամբեում Ալիևն ու Փաշինյանը, երբ բարձրանում էին վերելակով, այնտեղ դավադիր պայմանավորվածություններ են եղել: Ասում էին, որ այնտեղ է եղել Հայրապետովը, նա լսել է այդ խոսակցությունն ու աշխատանքից ազատվել է հենց այդ պատճառով: Ուրեմն, ես այնքան ապաշնորհ դավադիր եմ և անխելք, որ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում և դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնազորի ներկայությամբ: Մարդ, որի հետ շփվել եմ 4 ամիս: Նա այդքան ժամանակ է եղել իմ թիկնազորի ղեկավարը: Բայց, եթե անգամ այդպես է, դրանից հետո պետք է նրան ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, քանի որ այդպես նրա լռությունը կարող էի ապահովել, իսկ ազատ մարդը որտեղ, երբ, ինչ ուզենա, կարող է խոսել»,-ասաց Փաշինյանը:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1,5 տարվա ընթացքում: Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ:

«Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառվության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է: Դա տեղի ունեցավ 2018 թվականին` խորհրդարանական ընտրությունների համատեքստում և ես այդ ժամանակ Սյունիքի մարզում էի, մի քանի սուր ելույթներ ունեցա, ապա ԱԱԾ-ին հանձնարարեցի, որ հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե ի՞նչ տեղեկությունների հիման վրա են նման լուրեր հաղորդում:

Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը: Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում այս թեմայով և այլն:

Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, սակայն, բանակցային գործընթացում կա դրական դինամիկա և նա հույս հայտնեց, որ այն կզարգանա:

«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում շատ է շահարկվում այն թեման, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կան հակասություններ և փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հարցում կա նման իրավիճակ: Նա արձանագրեց, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են:

«Այլ կերպ լինել չի կարող: Այս թեմայով որևէ շահարկում լինել չի կարող: Այս թեմայով հաճախ եմ քննարկումներ ունենում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ»,-ասաց Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը