Կարծիք

08.10.2019 19:17


Ինչպե՞ս կարող է թալանածը վերադարձվել նրանց, ովքեր գրեթե իրենց ողջ գիտակից կյանքում չէին աշխատում

Ինչպե՞ս կարող է թալանածը վերադարձվել նրանց, ովքեր գրեթե իրենց ողջ գիտակից կյանքում չէին աշխատում

Վերջերս ինձ մի հարց է տանջում, որի պատասխանը ես այդպես էլ չեմ կարող գտնել: Հասարակությունում մի ստվար զանgված կա, որի ներկայացուցիչները օր ու գիշեր աղոթքի նման կրկնում են «ժողովրդին թալանել են, պետք է պատասխան տան, թալանածը վերադարձնեն ժողովրդին, դատե՛լ նրանց, դատե՛լ»:

Եվ իմ այդ հարցը չէր լինի, եթե անձամբ ծանոթ չլինեի այդ կերպ մտածող որոշ մարդկանց հետ:
Ասեք ինձ, խնդրում եմ, ինչպե՞ս կարող է թալանածը վերադարձվել նրանց, ովքեր գրեթե իրենց ողջ գիտակից կյանքում չէին աշխատում ու նստած էին սկզբից ծնողների, իսկ հետո, ասենք թե, քույրերի ուսերին՝ հրաժարվելով աշխատել, քանի որ հարմար բան չեն գտնում, իսկ եթե «պիտի 60-80 հազարով աշխատեմ, հենա տանը կնստեմ, կարտոշկեն ամառ-ձմեռ կա» (հատված առանձնազրույցից):

Ի՞նչ կարող էին թալանել նման մարդկանցից, եթե նրանք իրենց ողջ կյանքում ոչինչ չեն ստեղծել, և, ամենակարևորը, անգամ չէին էլ փորձել ստեղծել՝ համակերպվելով զրկանքներին և որևէ ջանք չգործադրելով կյանքը բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Եվ ինչպե՞ս նրանց պետք է վերադարձվի այդ թալանածը:

Նրանց գլխում, երևի թե, օր ու գիշեր պտտվում է «Բարև Ձեզ, ահա Ձեր 10000 դոլարը, որը ժամանակին թալանվել է ժողովրդից» սցենարը: Չէ որ այլ մեխանիզմներ չկան, քանի որ այդ խմբի մարդիկ անգամ իրենք իրենց թոշակը չկարողացան վաստակել:

Բայց նման սցենարը քիչ հավանական է, եթե չասենք՝ անհնար: Եվ ուրեմն, վաղ թե ուշ այդ մարդիկ հիասթափվելու են նաև գործող իշխանություններից, և շարունակելու են սեփական անգործության մեջ մեղադրել ողջ աշխարհին և անգամ իրենց՝ երբեմնի սիրելի քաղաքական ղեկավարներին:

Հ.Գ.: Անշուշտ, կան մարդիկ, ովքեր իսկապես տուժել են թե՛ նախորդ իշխանությունների ժամանակ, թե՛ նրանից առաջ իշխող քաղաքական ուժերի գործողություններից՝ չկարողանալով սեփական երկրում արդյունավետ օգտագործել և տնօրինել սեփական ներուժը, գիտելիներն ու հմտությունները: Սակայն խոսքս մեծ ջանքեր գործադրած ու հաջողությանը չհասած մարդկանց մասին չէ: Բոլորովին:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը