Խմբագրական

03.01.2019 09:55


Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Եթե լիներ մի այնպիսի սարք, որը հաշվեր, թե նախորդ տարի մեր հասարակական-քաղաքական կյանքում ամենաշատը ո՞ր բառն է օգտագործվել, ապա, ամենայն հավանականությամբ, այդ բառը կլիներ «ժողովուրդը»:

Ժողովրդի անունից հանդես են գալիս, նրան դիմում են, սեփական որոշումները ներկայացնում են որպես ժողովրդի որոշումներ:

Որքան ցածր է ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական գիտակցությունը, այնքան շատ են նրա անունից հանդես գալիս:

Այս տարի ևս մեզ մոտ ժողովրդի անունից հանդես եկողների ու ժողովրդի անունից սեփական ցնդաբանությունները հրամցնողների պակաս չի լինի: Տեղին է, ուրեմն, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի անմահ ու միշտ արդիական՝ «Անկեղծ չենք» հոդվածի հիշեցումը:

. . .

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա՝ ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ-որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք՝ ո՜րքան դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր՝ ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին՝ իրենց շինած հոդվածներով, ու ներկայացնում որպես ժողովուրդ:

― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը