Լրահոս

09.02.2011 13:55


ԽԱՊԿ նախագահի դիտողությունները խոսքի ազատությանը և մամուլի գործունեության օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ

Այսօր հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է ԽԱՊԿ տարեձկան զեկույցը՝ կապված Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակի հետ։

Խոսքի ազատությանը և մամուլի գործունեությանը վերաբերող օրենսդրության բաժնում ներկայացված են օրենսդրական և իրավական դաշտի փոփոխությունները, մասնավորապես՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման ու հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ կատարելը։

Առաջինում  փոփոխություններ կատարելու գործընթացը, Ա. Մելիքյանի կարծիքով, ընդհանուր առմամբ պրոգրեսիվ քայլ էր, սակայն քանի դեռ քրեական օրենսգրքում մնում է 333 հոդվածը, այն է՝ սուտ մատնության մասին հոդվածը, որը քիչ է տարբերվում քրեական օրենսգրքից հանված հոդվածներից, լրագրողների վրա կախված է մնալու քրեական հետապնդումների սուրը։

-Ինչ վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխություններին՝ ԽԱՊԿ շատ սուր քննադատության է ենթարկել այդ օրինագիծը և ներկայացրել է իր առաջարկությունները, որոնցից ոչ մեկն էլ հաշվի չի առնվել, - ասել է Աշոտ Մելիքյանը՝ ավելացնելով, թե հետաքրքրական է, որ մրցույթը հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո այդ օրենքը բարելավելու համար աշխատանքային խումբ ստեղծվեց և այդ փաստը ևս ապացուցում է, որ օրենքը լավը չէ։

Այս խորագրի վերջին նյութերը