Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու՞ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իշխանափոխություն անել։ Չէ՞ որ կար հարյուր հազարավոր մարդկանց աջակցությունը։ Այժմ քաղաքական էմոցիաների փուլը ետևում է և կարելի հանգիստ քննարկել տեղի ունեցածը։
Այն պնդումները, թե իշխանափոխությունը կանխվեց բացառապես մարտի 1-ով՝ մակերեսային ու պարզունակ են։ Ճիշտ է, իշխանությունները ուժ կիրառեցին հանրահավաքի մասնակիցների դեմ և այդպիսով նաև ապահովեցին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը, բայց դա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ ուժ կիրառելու ռեսուրս կար, երբ հրամանները կատարվում էին։
Մի փոքր տեսություն
Քաղաքականության տեսությունից հայտնի է, որ անցումային ժողովրդավարության և փափուկ ավտորիտարիզմի երկրներում միմյանց հետ մրցում են վերնախավերի ռեսուրսները (տոտալիտար համակարգերում մրցակցող վերնախավեր ընդհանրապես չկան), այլ ոչ թե էլեկտորատները, և եթե իշխող վերնախավը, ունենալով հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, այնուամենայնիվ կարողանում է պահել իշխանությունը, ուրեմն նշանակում է, որ այն ավելի հզոր է ռեսուրսներով, քան իշխանության կոնտրէլիտան։
Անցումային ժողովրդավարություններում ընտրական գործընթացի հիմնական ռեսուրս է համարվում փողը, վարչական կարողությունը, ուժային կառույցների միասնականությունը և ուժայինների ուղղաձիգ ենթարկվածության մակարդակը և այլն։ Ընտրողներն այս դեպքում ամենաչնչին ազդեցության ռեսուրսն են, որոնք առավելություն են ապահովում հակամարտող կողմերից մեկին՝ միայն այլ հավասար պայմանների առկայությամբ։ Ահա նաև ա՛յդ հանգամանքները հաշվի առնելով պետք է դիտարկել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները, ու վերլուծել Տեր-Պետրոսյանի պարտության պատճառները։
Բոլոր երկրներում էլ իշխանությունները չեն ուզում հեռանալ։ Զարգացած ժողովրդավարությունները հասել են այն մակարդակին, որ խաղաղ իշխանափոխության մշակույթ են ձևավորել և դրանով իսկ տարբերվում են մնացյալ աշխարհից։ Իսկ մեզանում առայժմ չկան իշխանության ընդունման և հանձնման քաղաքակիրթ գործընթացներ։ Առաջին դեմքերը փոխվում են միայն ներսից։ Հետանկախական շրջանում ՀՀ-ում գործող որևէ ընդդիմադիր ուժի չի հաջողվել դրսից վերցնել համակարգը։
Պատմական էքսկուրս և համեմատական վերլուծություն
1996-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը նույնպես տանկերով պահեցին։ Այսինքն պետական ապարատը և ուժային կառույցները դեռ միասնական թիմ էին ներկայացնում և հանրային լայն աջակցություն ունեցող Վազգեն Մանուկյանին չհաջողվեց հաղթել իշխանական ռեսուրսին։ Այլ հարց է, որ երկու տարի անց Տեր-Պետրոսյանը նախագահի աթոռին չմնաց. արդեն իշխանական բուրգը տրոհվել էր, բացի այդ՝ ովքեր պահել էին իշխանությունը, նրանք էլ իրենց ձեռքը վերցրին պետության ղեկը։ Մանավանդ Տեր-Պետրոսյանը առիթ տվեց նրանց՝ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելով ու Արցախի հարցը փուլային լուծման տանելով, որի շրջանակներում հայկական զորքերը դուրս պետք է գային ազատագրված տարածքների մեծ մասից, իսկ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես չէր քննարկվելու։ Դա պարտվողականություն էր, որը կոլափսի էր հանգեցնելու Հայաստանը։ Պատերազմի բովով անցած «որձերը» ձախողեցին այն ժամանակվա «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ձեռքի հետ լուծելով նաև իրենց իշխանության գալու խնդիրը։ Իշխանությունն այդ պահին փոխվեց ներսից և հետագայում դարձավ ֆորմալ իշխանափոխության մոդել։ Դրսից պայքարողները մշտապես պարտվեցին և այս արատավոր շրջանն է, որ պետք է հաղթահարել։ 1998-ին Կարեն Դեմիրճյանն ընտրությունների արդյունքների վիճարկման նույնիսկ փորձ չարեց, քանի որ իշխանական թևը ներկայացնող Վազգեն Սարգսյանի աջակցությամբ էր մտել խաղի մեջ և նրա ցուցմամբ էր գործում, իսկ 2003-ին Ստեփան Դեմիրճյանի բողոքի ալիքը մարեց 2004-ի ապրիլի 12-ի գիշերը, երբ Բաղրամյան փողոցում բռնություն կիրառեցին ցուցարարների դեմ։
Նշածս բոլոր դեպքերում էլ ՀՀ իշխանական բուրգն ուժայինների և բուրգին կից կիսաքրեական բիզնես վերնախավի կտրվածքով, գոնե առերևույթ, միասնական է եղել, իսկ հանրային ընդվզումը երբեք չի հասել 1988-ի մակարդակին, որպեսզի իշխող ռեժիմն այլևս հնարավորություն չունենա ուժի կիրառման հրաման տալ։ Նույն 88-ի շարժման ժամանակ սովետական ռեժիմը փորձեց ճնշել համազգային ալիքը։ Սովետական տանկերը շրջապատել էին Ազատության հրապարակը, մարդկանց արգելում էին խմբերով հավաքվել։ «Զվարթնոց» օդակայանում սպանվեց Խաչիկը։ Սովետաշենում և երկաթգծի կայարանամերձ հրապարակում ընդհարումներ եղան սովետական բանակի հետ։ Ունեցանք զոհեր և վիրավորներ։ Այսինքն այն օրերին մենք ականատեսը դարձանք «մարտի 1–ի» և «ապրիլի 12»–ի, այն տարբերությամբ, որ իշխանությունը պահել կոմունիստներին չհաջողվեց։ Նրանք այլևս ժամանակավրեպ էին։
Այնպես չէ, որ սովետական փտած համակարգը չէր ուզում պահել իշխանությունը։ Բայց համակարգն այդ ոտքից-գլուխ լեգիտիմ չէր և նոր ալիքը ՍՍՀՄ ողջ տարածքում տապալեց բոլշեվիկյան կավե ոտքերով հսկային ու զուգահեռաբար դաշտից հեռացան նաև կոմկուսը ներկայացնողները։
Բանն այն է, որ բոլշեվիկներն այլևս չունեին ուժ կիրառելու ռեսուրս։ Հրամանները չկատարվեցին կամ բռնություն կիրառելու հրաման տվողներ չգտնվեցին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում և այլուր, իսկ տեղի ունեցած բռնությունները չէին կարող մարել երիտասարդական ավյուն ունեցող շարժումները։ Տխրահռչակ ԳԿՉՊ-ն կամ «Պուտչը» մեռնող հրեշի վերջին ճիգերն էին։ Մոսկվա բերված տանկերն անցան նոր ալիքը ներկայացնող Բորիս Ելցինի կողմը, ուժայինները մասնատվեցին, ժողովրդական զանգվածների գործոնը որոշիչ դարձավ և հետագայում արդեն Բելովեժյան համաձայնագրով փաստացի վերջ դրվեց ՍՍՀՄ գոյությանը։ Ռուսաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի ՍՍՀՄ կազմից դուրս գալու որոշմամբ դադարեց նաև կոմունիստական «Չարիքի կայսրության» գոյությունը։
Ինչպես հայտնի է, պետությունը բռնության կիրառման լեգիտիմ իրավունք ունեցող կառույց է։ Եթե պետությունը ներկայացնող ուժայինները չեն ենթարկվում բռնության կիրառման հրամաններին կամ միասնական հանդես չեն գալիս, ապա դա նշանակում է, որ համակարգն ամբողջությամբ կազմալուծվել է կամ իշխանական վերնախավը տրոհվել է։ Օրինակ «Վարդերի» հեղափոխության ժամանակ Շեվարնաձեն չուներ ուժի կիրառման ռեսուրս։ Այնպես չէ, որ «Ճերմակ աղվեսը» չէր ուզում զենքով ճնշել Սահակաշվիլու կողմնակիցներին, ինչպես որ հիմա ոմանք ներկայացնում են։ Ուզում էր, բայց ոստիկանությունը չկատարեց նրա հրամանը։
Ուկրաինայում «կաղ բադ» Կուչման նույնպես չուներ ուժի կիրառման հնարավորություն։ Ասելս այն է, որ ոչ ժողովրդավարական պետությունների պարագայում ենթադրել, որ ղեկավարների մեջ կարող են բարի փերիներ ի հայտ գալ ու հանկարծ որոշել, թե պետք է աթոռը զիջել կամովին՝ միամտություն է։ Սեփականության լեգիտիմության պրոբլեմներ ունեցող երկրներում, որտեղ առկա է սեփականության վերաբաշխման վտանգն իշխանափոխությունից հետո, քաղաքական պայքարը կենաց-մահու կռվի է վերածվում և միայն հանգամանքներն են ստիպում իշխանություններին հեռանալու։
«Նարնջագույն» հեղափոխության առաջնորդ Յուշչենկոն հեռացավ, քանի որ չկարողացավ իշխանական բուրգն իր ձեռքում պահել։ Հայտնի է, որ Ուկրաինայում որոշակի առանձնահատկություններ կան և այդ հանգամանքն օբյեկտիվորեն թերի իշխանական բուրգ է ձևավորում. երկիրը երկու մասի է բաժանված։
Սխալ է ենթադրելը, թե Յուշչենկոն բարի կամքի դրսևորման ու ժողովրդավարության արմատավորման նպատակով պարտվեց վերջերս կայացած ընտրություններում։ Ուկրաինական մամուլն արդեն գրում է, որ նրա օրոք միլիոնավոր կոռուպցիոն գործարքներ են եղել ու հիմա պատասխանատվությունից խուսափելու համար է Ուկրաինայի նախկին նախագահն ուզում կուսակցություն բացել, որպեսզի իր ունեցվածքը պաշտպանի։ Համաձայնե՛ք, որ նախագահ մնալով՝ Յուշչենկոն ավելի արդյունավետորեն կպաշտպաներ իր սեփականությունը և նա մազոխիստ չէ, որ կամովին հանձնի իշխանությունն ու հետո հերոսաբար պաշտպանի ինքն իրեն՝ արդեն շարքային քաղաքացու կարգավիճակով, այն էլ ոչ իրավական պետության շրջանակներում։ Ասել է թե՝ Յուշչենկոն ոչ թե չուզեց, այլ չկարողացավ իշխանությունը պահել և հիմա վերածվելու է «նախկին հանցավոր ռեժիմի» պարագլխի, ինչպես որ լինում է հետսովետական շատ երկրների դեպքում։
Իշխանափոխության բանաձևը
Վերը նշված օրինակները ցույց են տալիս, որ ավտորիտար երկրներում իշխանությունը դրսից փոխելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափարական այնպիսի հզոր այլընտրանք, հանրային այնպիսի աջակցություն և քաղաքական տեխնոլոգիաների այնպիսի զինանոց, որոնք իշխանական բուրգի փլուզման (կազմաքանդման՝ հակառակորդի ճամբարն անցնելու ձևով)պատճառ կարող է դառնալ, ինչի արդյունքում պետական կառավարման վերնախավը չի կարողանա ուժի կիրառման հրաման տալ, կամ էլ այդ հրամանները չեն կատարվի։
Իշխանափոխության մյուս տարբերակն այն է, որ իշխանության կոնտրէլիտայի կողմից առաջարկվի համակարգային այլընտրանք, գործի համազգային գաղափարների շուրջ միավորված հուժկու ալիք և այդ ալիքը փոխի ինչպես համակարգը, այնպես էլ այդ համակարգը ներկայացնողներին։ Նման շարժումների առաջացմանը, որպես կանոն, նպաստում է ազգային բնույթի խնդիրը։ Այդպես եղավ 1988-ի շարժման ժամանակ և ի սկզբանե համակարգային փոփոխության խնդիր դրած «Ղարաբաղ» կոմիտեն հետագայում մեխանիկորեն վերցրեց իշխանությունը դրսից։ Հնարավոր չէ իշխանության գալ «Մինչև թուրքերի ու ադրբեջանցիների հետ բաց սահման չունենանք՝ չենք զարգանա» պարտվողական ծրագրով ու միավորել հասարակությանը։ Դա կեղծ խաղաղասիրություն է։ Այդ ծրագրի տակ բոլորին չես հավաքի։ «Է՜հ, թող չհավաքվեն։ Մեզ ավելի շատ բան կհասնի»,-առանձին զրույցներում նշում էին «Հաղթելու ենք»-ի հետևորդները։ Եվ «հաղթեցին»...
«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»
2008-ին Տեր-Պետրոսյանի «իշխանափոխություն դրսից» տարբերակը չստացվեց, քանի որ նա չկարողացավ կազմաքանդել իշխանական բուրգը, ինչին ձգտում էր, կամ էլ գաղափարական այլընտրանք դառնալ իշխանությանը։ Այսինքն՝ Հայաստանի տիպի երկրներում գործող խաղի կանոնների շրջանակներում իշխանափոխության անհրաժեշտ պայմանները չկային։
Երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր ավազակապետությունը կազմաքանդելու մասին, նա նկատի ուներ ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը բաց համակարգով փոխարինելը, ինչպես միամտաբար կարծում էին շատ-շատերը, այլ այդ բուրգն իրենով անելը։ Պատահական չէ, որ իր առաջին ելույթում ՀՀ առաջին նախագահը շոյող և երաշխիքի խոսքեր էր շռայլում հայաստանյան մեծահարուստներին՝ նրանց անվանելով համակարգի զոհեր։ Հետագա հանրահավաքային ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը անգամ կոչ արեց լֆիկսամոներին, նեմեցռուբոներին և այլոց գալ ու ղեկավարել ժողովրդական շարժումը։ Երևանյան ֆոլկլորիկ լեզվով ասած՝ տղերքն այդ «կուտը» չկերան, չնայած որոշակի հաջողություններ այդ ուղղությամբ Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ ունեցավ. իշխանական շրջանակներից «անասնագողության» մի քանի դեպքեր արձանագրվեցին, բայց հետո նրանց ետ բերեցին։
Իշխանական բուրգի կազմաքանդման ծրագրի շրջանականերում էր նաև հետընտրական փուլում ուժայիններին իր կողմը գրավելու և իշխանական ռեսուրսը մասնատելու փորձերը։ ՀՀ առաջին նախագահը Ազատության հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին գործող ռեժիմից ու նրա ներկայացուցիչներից ազատվելու նպատակով, սկսեց վանկարկել Էջմիածինը ՀՀ ֆեոդալիզմի կենտրոնի վերածած գեներալի, ինչպես նաև բանակի մատակարարման մեքենայությունների մեջ հմտացած մյուս զինվորականի անունները. ինչե՜ր չես անի հանուն «ժողովրդավարության» («Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ», իսկ հիմա՝ «Գա՛-գի՛կ, Գա՛-գի՛կ»)։
Նախագահական ընտրապայքարի հետընտրական շրջանում պարբերաբար հրապարակ էին նետվում տեղեկություններ, թե ոստիկանության այս կամ այն աշխատակիցը, նախարարության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան անցել է Տեր-Պետրոսյանի կողմը։ Անցնողներ, անշու՛շտ, կային, բայց դա քիչ էր «Կազմաքանդում» օպերացիան հաջողելու համար։ Գեներալների անունը կար, բայց ամանումը չկար (երկու վախը՝ մի մահ է), իսկ մեկ-երկու չինովնիկի «դիսիդենտությամբ» «գարուն» չէր գա։
Միգուցե եթե շուրջօրյա հանրահավաքները չընդհատվեին ուժով, ապա հետագայում իշխանական բուրգը չդիմանար հոգեբանական, նյարդային պայքարին ու փլուզվեր։ Տեր-Պետրոսյանը, թերևս, այդ հաշվարկն էր արել։ Իշխանություններն այդ օրերին, պատկերավոր ասած, մեռած էին, թաղած չէին։ Բայց փաստորեն այնքան «մեռած» չէին, որ չկարողանային ուժ կիրառելու հրաման տալ ու բռնությամբ տապալել մարդկանց ընդվզումը։ Իրենք էլ էին հասկանում, որ մարտի 1-ը եթե չլիներ, ապա այսօր դատվելու էին լրիվ ուրիշ մարդիկ։
Հանուն օբյեկտիվության նկատենք, որ իշխանությունների ուժ կիրառելու հրամանը դժվար թե կյանքի կոչվեր, եթե Տեր-Պետրոսյանը գաղափարական այլընտրանք ներկայացներ գործող ռեժիմին։ Այնպիսի այլընտրանք, որը համազգային կոնսոլիդացիա կապահովեր և նույն ուժայինները կանցնեին ընդդիմության կողմը, կամ չէին կատարի վերևից իջեցված հրամանը՝ չեզոքություն պահելով, իսկ խոշոր փողատերերը ճամբարափոխ կլինեին, ինչպես որ 1998-ին ԱԺ պատգամավորները մեկ գիշերվա մեջ (փաստորեն, «գիշերային» դիվանագիտությունը «էն գլխից» կար)«Երկրապահ» խմբի անդամ դարձան. առնետներն առաջինն են լքում խորտակվող նավակը։
Տեր-Պետրոսյանի պարագայում ճիշտ հակառակն էր։ Անհրաժեշտ կոնսոլիդացիան չկար։ Հասարակությունը բաժանվել էր «վարդանների» ու «վասակների»։ Եկեք ազնվորեն խոստովանենք, որ 2008-ի ընդվզումը կրում էր նաև հակաղարաբաղցիական բնույթ։ Սա մեր նորանկախ պետության ամենաամոթալի էջերից մեկն է։ Այս մասին քիչ է խոսվել, բայց դա փաստ է։ Միգուցե այդպիսի խնդիր դրված չի եղել այն ժամանակվա հակաիշխանական ուժի կողմից, բայց տերպետրոսյանական շրջապատը ներկայացնողներից շատերի բառապաշարում էր «էս ղարաբաղցիներին վռնդենք ստեղից» ձևակերպումը, որի ենթատեքստը միգուցե Քոչարյանն ու Սարգսյանն էին, բայց դա ստացավ համընդհանուր բնույթ։ ՀՀ առաջին նախագահին հարող գործիչների և լրատվամիջոցների մի մասի կողմից հակաղարաբաղցիական հիստերիայի մթնոլորտ էր ստեղծվել։ Անուղղակի ձևով այդ կամպանիայի սկիզբը դրեց Տեր-Պետրոսյանը՝ իր առաջին հանրահավաքում նշելով, թե իր միակ սխալն այն է, որ Ղարաբաղից Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին ու ՍերԺ Սարգսյանին և հիմա ներողություն է խնդրում իր այդ սխալների համար և ակնկալում ընտրողների օգնությունը՝ սխալի շտկման նպատակով։ Հակաղարաբաղցիականության դեմ դուրս գալն էլ դարձավ իշխանական բռնությունների լեգիտիմացման շղարշը՝ «Բա թողնեինք, որ սրանք գային ու Ղարաբաղը ծախեի՞ն» ձևակերպմամբ։
Այո՛, քոչարյանական կառավարման տարիներին «զեմլյաչեստվան» սկսեց դառնալ գլխավոր գաղափարախոսություններից մեկը, բայց չէր կարելի այդ երևույթը դարձնել դրոշակ ու չնկատելու տալ բոլոր ղարաբաղցիների համար «բարթուղեմիոսյան գիշեր» սարքելու վայնասունը, չսաստել հակաղարաբաղցիականությունը։ Լյումպենի ստորին բնազդները չէին կարող քարշակ գաղափարի վերածվել։ Շարքային ղարաբաղցիները մեղավոր չեն, որ իրենց փոքր հայրենիքը ներկայացնող մի քանի մարդ օգտվում է Տեր-Պետրոսյանից ժառանգություն մնացած ավազակապետության ռեսուրսներից, ինչպես որ գյումրեցիներին չի կարելի մեղադրել քաղաքապետ Վարդանիկի, իսկ սյունեցիներին՝ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) պատճառով։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից հանդիսացող և ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանը, կամա, թե ակամա, 1988-ից քսան տարի անց վերածվել էր հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական շարժման քայլող խորհրդանիշի։ Ես կարծում եմ, որ նրա մոտ այդպիսի նպատակ չի եղել, բայց այդպես ստացվել է։ Մանավանդ որ նախագահական ընտրությունների շրջանում տերպետրոսյանական թիմն առանձնապես չէր մտահոգվում այդ տպավորությունը ցրելու առումով՝ «Դա էլ է կողմնակիցներ ավելացնում» թեմայով։ Արդյունքն ակնհայտ է։ Դեկոնսոլիդացված, ճամբարների բաժանված հասարակությունը չէր կարող միասնական ճակատով պայքարել սեփական շահի գիտակցությամբ և կոնսոլիդացված կլանաօլիգարխիկ բուրգի դեմ։
Անկեղծ ասած՝ սկզբնական փուլում, երբ խոսվում էր առաջին նախագահի վերադարձի մասին, հույս ունեի, թե Տեր-Պետրոսյանը վերանայած կլինի իր մոտեցումները։ 2007-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտն անապատացել էր։ Իշխանությունը պատրաստվում էր նախագահ կարգել հայկական թուրքմենբաշուն և Տեր-Պետրոսյանի խաղի մեջ մտնելը խառնեց բոլորի խաղաթղթերը, բայց ոչ ավելին։
Հանուն արդարության նշենք, որ Տեր-Պետրոսյանի վերադարձով կանխվեց Հայաստանի թուրքմենացումը և դա ՀՀ առաջին նախագահի ամենամեծագույն ծառայությունն էր հայ ժողովրդին՝ իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում։Նա, իրոք, գործիքի վերածվեց ժողովրդի ձեռքում, չնայած ինքն էր ուզում հանրային գործիքն օգտագործելով վերադառնալ իշխանության։ Իշխանության վերադարձի մեջ վատ բան չկա, եթե, իհարկե, կարողանում ես նոր որակ բերել քեզ հետ։ Սակայն այդ նոր որակն այդպես էլ ի հայտ չեկավ։ Երիտասարդների ներգրավումը քաղաքական գործընթացում, երթերը, ցույցերը՝ պայքարի ձևական կողմն էին։ Բայց բովանդակությունն էր կարևոր, որը չկար։ Պարզ էր, որ իշխանությունների «բազեական» քաղաքականությունը բերելու էր այն բանին, որ երիտասարդների մի հսկայական զանգված առիթ ու գործիք էր ման գալու, որպեսզի տեղը դներ կարիերիստ պնակալեզներին ու նրանց հովանավորներին, բայց միայն տեղը դնելը չէր կարող երկարաժամկետ ծրագրի վերածվել։ Պետք էր ապացուցել, որ տեղը դնելուց հետո նոր բազեներ չէին ստեղծվելու, ինչպես որ Սերժ Սարգսյանը հետագայում «միասնականացրեց» «բազեներին» ու սկսեց իր կողմից ղեկավարվող պետհամալսարանի դասախոսների վրա «քսի» տալ նորաթուխ խունվեյբիններին ու «բացահայտել» կաշառակեր դասախոսներին՝ թամաշայի կենտրոնի վերածելով կառավարման համակարգը։
Շատերը, մի կողմ դնելով Տեր-Պետրոսյանից մնացած վատ հիշողությունները, պատրաստ էին աջակցել նրան։ Եթե, իհարկե, ՀՀ առաջին նախագահը նորովի հանդես գար։ Սակայն պարզվեց, որ նա լրիվ նույնն է մնացել ՀՀ անվտանգության հարցերին առնչվող այնպիսի կետերում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, ժողովրդավարությունը, արցախյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն մենք ընդամենը ականատեսն էինք դառնում «Բուրբոնների» վերադարձին։ Ուրիշ ոչինչ։
Եթե ՀՀՇ առաջնորդ Տեր-Պետրոսյանը փոխվել էր, ինչպես որ իրենք իրենց ու այլոց համոզում էին նրա կողմն անցածներից նախկինում «Լե՛-վո՛ն, հեռացի՛ր» գոռացողները, 96-ի ընտրություններից հիասթափված կուսակցություն բացողները կամ 96-ի սեպտեմբերին իշխանությունից ծեծ կերածները, ապա նա պետք է ներողություն խնդրեր իր օրոք տեղի ունեցած ընտրակեղծիքների, բռնությունների, կլանաօլիգարխիկ տնտեսական համակարգի հիմքերը դնելու, 1995-ին կեղծիքներով ընդունված շեյխական սահմանադրության, Արցախի հարցի լուծման փուլային տարբերակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու համար, և ներկայացներ այն այլընտրանքային ծրագրերը, որով ինքը պատրաստվում էր կառավարել, այլ ոչ թե հանդես գալ Վանո Սիրադեղյանին ծափահարելու կոչերով ու «Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» գոռալով։
Տեր-Պետրոսյանը չէր կարող «Սերգո ջանին լավ ապրեցնելու» ՀՀ փաստացի կապիտուլյացիային տանող ծրագրով 2008-ին կյանքի կոչեր «Հաղթելու ենք» կարգախոսը։ Պարտության դրոշակով հաղթանակի չեն գնում։ Այլ հարց է, որ բազում միամիտներ, անտեղյակներ, գործող ռեժիմից մինչև կոկորդը զզվածներ ու սխալ հաշվարկի զոհեր ի հայտ եկան և հավատացին մեդվեդեվների հետ հանդիպումներ ունեցող մարդու բլիցկրիգային հաջողությանը, «քրիստոսի» երկրորդ գալստյանը։ Բայց դա իրենց պրոբլեմն է։ Ջհանգիրյանին ու Սուքիասյանին հարցրեք՝ կասեն։
Տեր-Պետրոսյանին ձայն տվածներից ու քաղաքական ֆրուստրացիայի մեջ գտնվողներից ոմանք հիմա նշում են, որ եթե նա 2008-ի փետրվարի 26-ին վճռական լիներ, երբ Ազատության հրապարակին միացան Սերժ Սարգսյանին«պաշտպանելու» բերված (մեծամասամբ՝ զոռով) Հանրապետության հրապարակի իշխանական հանրահավաքի մասնակիցները, ապա իշխանափոխությունն անխուսափելի էր։ Չեմ կարող ասել, թե որքանով են հիմնավոր այդ պնդումները։ Պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Փաստն այն է, որ հիմա Բաղրամյան 26-ում նստած է «ֆուտբոլասեր» մեկ այլ անձնավորություն, և հանրության լայն շրջանակների հեղափոխական փոփոխությունների պահանջն առայժմ չի կատարվում։ Հեղափոխական փոփոխություններն այդ վերաբերում էին (են) առավելապես ներքին կյանքին. փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորություն, խոշոր բիզնեսի տարանջատում իշխանությունից, կոմպրադորական կապիտալի լեգիտիմացում և հարկային համաներում, ժողովրդավարություն և ընտրական ազատություններ։
Հասարակության հեղափոխական պահանջները Ս. Սարգսյանը փորձեց փոխհատուցել արտաքին հեղափոխական «նախաձեռնողականությամբ», բայց դա՛ չէր մեր ժողովրդին հուզող թիվ 1 խնդիրը, և ա՛յդ ձևով չպետք է լուծվեին դարավոր կնճիռները՝ վտանգելով երկրի ազգային անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը դարձնելով կազինո գնալու պես մի բան։ Սերժ Սարգսյանը, երևի, լավ չէր հասկացել, թե ինչու՞ էին մարդիկ քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին և ինչու՞ էին դեմ դուրս եկել իշխանությանը։ Պատճառն ամենևին էլ ժողովրդի քիրվայական «պրիստուպները» չէին և ոչ էլ հոգեխանգարմունքը։
Միակ էական տարբերությունը, որ կար Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի միջև ընտրություններից առաջ՝ Թուրքիայի ու Արցախի հարցով էր, բայց հետընտրական փուլում ՀՀ գործող նախագահն այդ տարբերությունն էլ վերացրեց՝ դրանով իսկ անիմաստ դարձնելով տերպետրոսյանական պայքարի ամբողջ բովանդակությունը, որով ուզում էր մյուսներից առանձնանալ ՀՀ առաջին նախագահը։ Սարգսյանն ասաց, թե ես այնպիսի՜ քիրվայություն կանեմ, որ քեֆներդ գա։ Ու արեց։ Այդ հիմա է, որ նա «ճկուն» է դարձել ու ցանկանում է հետ պտտեցնել «ֆուտբոլը»։ Ինչևէ։
2008-ի հայկական հեղափոխության ձախողման պատճառներից էր նաև այն, որ դրա գլխին կանգնած էր խորը կղերապահպանողական գործիչ, ով ուղն ու ծուծով «էջմիածնական միաբան» է։ Հետագա զարգացումները ապացուցեցին Տեր-Պետրոսյանի հակահեղափոխական էությունը։
Ուշագրավ է, որ մարդկանց մոտ սխալ տպավորություն կար, թե ՀԱԿ ներկայիս առաջնորդը «որձ» գործիչ է։ Այդ տպավորությունը ստեղծվել էր 88-ի շարժման տարիներից։ Շատերին թվացել էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի պայքարի բովով անցած մարդը, ով նույնիսկ հայտնվել էր սովետական բանտում որպես քաղբանտարկյալ, իսկ հետագայում դարձել ՀՀ նախագահ՝ կկարողանա «որձություն» անել նաև այս անգամ։ Բայց իրականությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը «որձ» գործիչ չի եղել ո՛չ 88-ին, ո՛չ էլ առավելևս հիմա։ Բուրբոններն իրենց բնույթով «որձ» չեն կարող լինել և սա, հավանաբար, զուտ հայկական ֆենոմեն է, որ հեղափոխական շարժիչ ունեցող մեքենայի ղեկին պարբերաբար հայտնվում են հակահեղափոխական ֆիգուրներ։
Իսկ թե ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում ֆրանսիական Բուրբոններին և, հետևաբար, չէր կարող իր ունեցած ռեսուրսներով իշխանափոխություն անել՝ կներկայացնեմ իմ հաջորդ հոդվածում։
Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու՞ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իշխանափոխություն անել։ Չէ՞ որ կար հարյուր հազարավոր մարդկանց աջակցությունը։ Այժմ քաղաքական էմոցիաների փուլը ետևում է և կարելի հանգիստ քննարկել տեղի ունեցածը։
Այն պնդումները, թե իշխանափոխությունը կանխվեց բացառապես մարտի 1-ով՝ մակերեսային ու պարզունակ են։ Ճիշտ է, իշխանությունները ուժ կիրառեցին հանրահավաքի մասնակիցների դեմ և այդպիսով նաև ապահովեցին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը, բայց դա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ ուժ կիրառելու ռեսուրս կար, երբ հրամանները կատարվում էին։
Մի փոքր տեսություն
Քաղաքականության տեսությունից հայտնի է, որ անցումային ժողովրդավարության և փափուկ ավտորիտարիզմի երկրներում միմյանց հետ մրցում են վերնախավերի ռեսուրսները (տոտալիտար համակարգերում մրցակցող վերնախավեր ընդհանրապես չկան), այլ ոչ թե էլեկտորատները, և եթե իշխող վերնախավը, ունենալով հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, այնուամենայնիվ կարողանում է պահել իշխանությունը, ուրեմն նշանակում է, որ այն ավելի հզոր է ռեսուրսներով, քան իշխանության կոնտրէլիտան։
Անցումային ժողովրդավարություններում ընտրական գործընթացի հիմնական ռեսուրս է համարվում փողը, վարչական կարողությունը, ուժային կառույցների միասնականությունը և ուժայինների ուղղաձիգ ենթարկվածության մակարդակը և այլն։ Ընտրողներն այս դեպքում ամենաչնչին ազդեցության ռեսուրսն են, որոնք առավելություն են ապահովում հակամարտող կողմերից մեկին՝ միայն այլ հավասար պայմանների առկայությամբ։ Ահա նաև ա՛յդ հանգամանքները հաշվի առնելով պետք է դիտարկել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները, ու վերլուծել Տեր-Պետրոսյանի պարտության պատճառները։
Բոլոր երկրներում էլ իշխանությունները չեն ուզում հեռանալ։ Զարգացած ժողովրդավարությունները հասել են այն մակարդակին, որ խաղաղ իշխանափոխության մշակույթ են ձևավորել և դրանով իսկ տարբերվում են մնացյալ աշխարհից։ Իսկ մեզանում առայժմ չկան իշխանության ընդունման և հանձնման քաղաքակիրթ գործընթացներ։ Առաջին դեմքերը փոխվում են միայն ներսից։ Հետանկախական շրջանում ՀՀ-ում գործող որևէ ընդդիմադիր ուժի չի հաջողվել դրսից վերցնել համակարգը։
Պատմական էքսկուրս և համեմատական վերլուծություն
1996-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը նույնպես տանկերով պահեցին։ Այսինքն պետական ապարատը և ուժային կառույցները դեռ միասնական թիմ էին ներկայացնում և հանրային լայն աջակցություն ունեցող Վազգեն Մանուկյանին չհաջողվեց հաղթել իշխանական ռեսուրսին։ Այլ հարց է, որ երկու տարի անց Տեր-Պետրոսյանը նախագահի աթոռին չմնաց. արդեն իշխանական բուրգը տրոհվել էր, բացի այդ՝ ովքեր պահել էին իշխանությունը, նրանք էլ իրենց ձեռքը վերցրին պետության ղեկը։ Մանավանդ Տեր-Պետրոսյանը առիթ տվեց նրանց՝ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելով ու Արցախի հարցը փուլային լուծման տանելով, որի շրջանակներում հայկական զորքերը դուրս պետք է գային ազատագրված տարածքների մեծ մասից, իսկ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես չէր քննարկվելու։ Դա պարտվողականություն էր, որը կոլափսի էր հանգեցնելու Հայաստանը։ Պատերազմի բովով անցած «որձերը» ձախողեցին այն ժամանակվա «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ձեռքի հետ լուծելով նաև իրենց իշխանության գալու խնդիրը։ Իշխանությունն այդ պահին փոխվեց ներսից և հետագայում դարձավ ֆորմալ իշխանափոխության մոդել։ Դրսից պայքարողները մշտապես պարտվեցին և այս արատավոր շրջանն է, որ պետք է հաղթահարել։ 1998-ին Կարեն Դեմիրճյանն ընտրությունների արդյունքների վիճարկման նույնիսկ փորձ չարեց, քանի որ իշխանական թևը ներկայացնող Վազգեն Սարգսյանի աջակցությամբ էր մտել խաղի մեջ և նրա ցուցմամբ էր գործում, իսկ 2003-ին Ստեփան Դեմիրճյանի բողոքի ալիքը մարեց 2004-ի ապրիլի 12-ի գիշերը, երբ Բաղրամյան փողոցում բռնություն կիրառեցին ցուցարարների դեմ։
Նշածս բոլոր դեպքերում էլ ՀՀ իշխանական բուրգն ուժայինների և բուրգին կից կիսաքրեական բիզնես վերնախավի կտրվածքով, գոնե առերևույթ, միասնական է եղել, իսկ հանրային ընդվզումը երբեք չի հասել 1988-ի մակարդակին, որպեսզի իշխող ռեժիմն այլևս հնարավորություն չունենա ուժի կիրառման հրաման տալ։ Նույն 88-ի շարժման ժամանակ սովետական ռեժիմը փորձեց ճնշել համազգային ալիքը։ Սովետական տանկերը շրջապատել էին Ազատության հրապարակը, մարդկանց արգելում էին խմբերով հավաքվել։ «Զվարթնոց» օդակայանում սպանվեց Խաչիկը։ Սովետաշենում և երկաթգծի կայարանամերձ հրապարակում ընդհարումներ եղան սովետական բանակի հետ։ Ունեցանք զոհեր և վիրավորներ։ Այսինքն այն օրերին մենք ականատեսը դարձանք «մարտի 1–ի» և «ապրիլի 12»–ի, այն տարբերությամբ, որ իշխանությունը պահել կոմունիստներին չհաջողվեց։ Նրանք այլևս ժամանակավրեպ էին։
Այնպես չէ, որ սովետական փտած համակարգը չէր ուզում պահել իշխանությունը։ Բայց համակարգն այդ ոտքից-գլուխ լեգիտիմ չէր և նոր ալիքը ՍՍՀՄ ողջ տարածքում տապալեց բոլշեվիկյան կավե ոտքերով հսկային ու զուգահեռաբար դաշտից հեռացան նաև կոմկուսը ներկայացնողները։
Բանն այն է, որ բոլշեվիկներն այլևս չունեին ուժ կիրառելու ռեսուրս։ Հրամանները չկատարվեցին կամ բռնություն կիրառելու հրաման տվողներ չգտնվեցին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում և այլուր, իսկ տեղի ունեցած բռնությունները չէին կարող մարել երիտասարդական ավյուն ունեցող շարժումները։ Տխրահռչակ ԳԿՉՊ-ն կամ «Պուտչը» մեռնող հրեշի վերջին ճիգերն էին։ Մոսկվա բերված տանկերն անցան նոր ալիքը ներկայացնող Բորիս Ելցինի կողմը, ուժայինները մասնատվեցին, ժողովրդական զանգվածների գործոնը որոշիչ դարձավ և հետագայում արդեն Բելովեժյան համաձայնագրով փաստացի վերջ դրվեց ՍՍՀՄ գոյությանը։ Ռուսաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի ՍՍՀՄ կազմից դուրս գալու որոշմամբ դադարեց նաև կոմունիստական «Չարիքի կայսրության» գոյությունը։
Ինչպես հայտնի է, պետությունը բռնության կիրառման լեգիտիմ իրավունք ունեցող կառույց է։ Եթե պետությունը ներկայացնող ուժայինները չեն ենթարկվում բռնության կիրառման հրամաններին կամ միասնական հանդես չեն գալիս, ապա դա նշանակում է, որ համակարգն ամբողջությամբ կազմալուծվել է կամ իշխանական վերնախավը տրոհվել է։ Օրինակ «Վարդերի» հեղափոխության ժամանակ Շեվարնաձեն չուներ ուժի կիրառման ռեսուրս։ Այնպես չէ, որ «Ճերմակ աղվեսը» չէր ուզում զենքով ճնշել Սահակաշվիլու կողմնակիցներին, ինչպես որ հիմա ոմանք ներկայացնում են։ Ուզում էր, բայց ոստիկանությունը չկատարեց նրա հրամանը։
Ուկրաինայում «կաղ բադ» Կուչման նույնպես չուներ ուժի կիրառման հնարավորություն։ Ասելս այն է, որ ոչ ժողովրդավարական պետությունների պարագայում ենթադրել, որ ղեկավարների մեջ կարող են բարի փերիներ ի հայտ գալ ու հանկարծ որոշել, թե պետք է աթոռը զիջել կամովին՝ միամտություն է։ Սեփականության լեգիտիմության պրոբլեմներ ունեցող երկրներում, որտեղ առկա է սեփականության վերաբաշխման վտանգն իշխանափոխությունից հետո, քաղաքական պայքարը կենաց-մահու կռվի է վերածվում և միայն հանգամանքներն են ստիպում իշխանություններին հեռանալու։
«Նարնջագույն» հեղափոխության առաջնորդ Յուշչենկոն հեռացավ, քանի որ չկարողացավ իշխանական բուրգն իր ձեռքում պահել։ Հայտնի է, որ Ուկրաինայում որոշակի առանձնահատկություններ կան և այդ հանգամանքն օբյեկտիվորեն թերի իշխանական բուրգ է ձևավորում. երկիրը երկու մասի է բաժանված։
Սխալ է ենթադրելը, թե Յուշչենկոն բարի կամքի դրսևորման ու ժողովրդավարության արմատավորման նպատակով պարտվեց վերջերս կայացած ընտրություններում։ Ուկրաինական մամուլն արդեն գրում է, որ նրա օրոք միլիոնավոր կոռուպցիոն գործարքներ են եղել ու հիմա պատասխանատվությունից խուսափելու համար է Ուկրաինայի նախկին նախագահն ուզում կուսակցություն բացել, որպեսզի իր ունեցվածքը պաշտպանի։ Համաձայնե՛ք, որ նախագահ մնալով՝ Յուշչենկոն ավելի արդյունավետորեն կպաշտպաներ իր սեփականությունը և նա մազոխիստ չէ, որ կամովին հանձնի իշխանությունն ու հետո հերոսաբար պաշտպանի ինքն իրեն՝ արդեն շարքային քաղաքացու կարգավիճակով, այն էլ ոչ իրավական պետության շրջանակներում։ Ասել է թե՝ Յուշչենկոն ոչ թե չուզեց, այլ չկարողացավ իշխանությունը պահել և հիմա վերածվելու է «նախկին հանցավոր ռեժիմի» պարագլխի, ինչպես որ լինում է հետսովետական շատ երկրների դեպքում։
Իշխանափոխության բանաձևը
Վերը նշված օրինակները ցույց են տալիս, որ ավտորիտար երկրներում իշխանությունը դրսից փոխելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափարական այնպիսի հզոր այլընտրանք, հանրային այնպիսի աջակցություն և քաղաքական տեխնոլոգիաների այնպիսի զինանոց, որոնք իշխանական բուրգի փլուզման (կազմաքանդման՝ հակառակորդի ճամբարն անցնելու ձևով) պատճառ կարող է դառնալ, ինչի արդյունքում պետական կառավարման վերնախավը չի կարողանա ուժի կիրառման հրաման տալ, կամ էլ այդ հրամանները չեն կատարվի։
Իշխանափոխության մյուս տարբերակն այն է, որ իշխանության կոնտրէլիտայի կողմից առաջարկվի համակարգային այլընտրանք, գործի համազգային գաղափարների շուրջ միավորված հուժկու ալիք և այդ ալիքը փոխի ինչպես համակարգը, այնպես էլ այդ համակարգը ներկայացնողներին։ Նման շարժումների առաջացմանը, որպես կանոն, նպաստում է ազգային բնույթի խնդիրը։ Այդպես եղավ 1988-ի շարժման ժամանակ և ի սկզբանե համակարգային փոփոխության խնդիր դրած «Ղարաբաղ» կոմիտեն հետագայում մեխանիկորեն վերցրեց իշխանությունը դրսից։ Հնարավոր չէ իշխանության գալ «Մինչև թուրքերի ու ադրբեջանցիների հետ բաց սահման չունենանք՝ չենք զարգանա» պարտվողական ծրագրով ու միավորել հասարակությանը։ Դա կեղծ խաղաղասիրություն է։ Այդ ծրագրի տակ բոլորին չես հավաքի։ «Է՜հ, թող չհավաքվեն։ Մեզ ավելի շատ բան կհասնի»,-առանձին զրույցներում նշում էին «Հաղթելու ենք»-ի հետևորդները։ Եվ «հաղթեցին»...
«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»
2008-ին Տեր-Պետրոսյանի «իշխանափոխություն դրսից» տարբերակը չստացվեց, քանի որ նա չկարողացավ կազմաքանդել իշխանական բուրգը, ինչին ձգտում էր, կամ էլ գաղափարական այլընտրանք դառնալ իշխանությանը։ Այսինքն՝ Հայաստանի տիպի երկրներում գործող խաղի կանոնների շրջանակներում իշխանափոխության անհրաժեշտ պայմանները չկային։
Երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր ավազակապետությունը կազմաքանդելու մասին, նա նկատի ուներ ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը բաց համակարգով փոխարինելը, ինչպես միամտաբար կարծում էին շատ-շատերը, այլ այդ բուրգն իրենով անելը։ Պատահական չէ, որ իր առաջին ելույթում ՀՀ առաջին նախագահը շոյող և երաշխիքի խոսքեր էր շռայլում հայաստանյան մեծահարուստներին՝ նրանց անվանելով համակարգի զոհեր։ Հետագա հանրահավաքային ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը անգամ կոչ արեց լֆիկսամոներին, նեմեցռուբոներին և այլոց գալ ու ղեկավարել ժողովրդական շարժումը։ Երևանյան ֆոլկլորիկ լեզվով ասած՝ տղերքն այդ «կուտը» չկերան, չնայած որոշակի հաջողություններ այդ ուղղությամբ Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ ունեցավ. իշխանական շրջանակներից «անասնագողության» մի քանի դեպքեր արձանագրվեցին, բայց հետո նրանց ետ բերեցին։
Իշխանական բուրգի կազմաքանդման ծրագրի շրջանականերում էր նաև հետընտրական փուլում ուժայիններին իր կողմը գրավելու և իշխանական ռեսուրսը մասնատելու փորձերը։ ՀՀ առաջին նախագահը Ազատության հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին գործող ռեժիմից ու նրա ներկայացուցիչներից ազատվելու նպատակով, սկսեց վանկարկել Էջմիածինը ՀՀ ֆեոդալիզմի կենտրոնի վերածած գեներալի, ինչպես նաև բանակի մատակարարման մեքենայությունների մեջ հմտացած մյուս զինվորականի անունները. ինչե՜ր չես անի հանուն «ժողովրդավարության» («Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ», իսկ հիմա՝ «Գա՛-գի՛կ, Գա՛-գի՛կ»)։
Նախագահական ընտրապայքարի հետընտրական շրջանում պարբերաբար հրապարակ էին նետվում տեղեկություններ, թե ոստիկանության այս կամ այն աշխատակիցը, նախարարության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան անցել է Տեր-Պետրոսյանի կողմը։ Անցնողներ, անշու՛շտ, կային, բայց դա քիչ էր «Կազմաքանդում» օպերացիան հաջողելու համար։ Գեներալների անունը կար, բայց ամանումը չկար (երկու վախը՝ մի մահ է), իսկ մեկ-երկու չինովնիկի «դիսիդենտությամբ» «գարուն» չէր գա։
Միգուցե եթե շուրջօրյա հանրահավաքները չընդհատվեին ուժով, ապա հետագայում իշխանական բուրգը չդիմանար հոգեբանական, նյարդային պայքարին ու փլուզվեր։ Տեր-Պետրոսյանը, թերևս, այդ հաշվարկն էր արել։ Իշխանություններն այդ օրերին, պատկերավոր ասած, մեռած էին, թաղած չէին։ Բայց փաստորեն այնքան «մեռած» չէին, որ չկարողանային ուժ կիրառելու հրաման տալ ու բռնությամբ տապալել մարդկանց ընդվզումը։ Իրենք էլ էին հասկանում, որ մարտի 1-ը եթե չլիներ, ապա այսօր դատվելու էին լրիվ ուրիշ մարդիկ։
Հանուն օբյեկտիվության նկատենք, որ իշխանությունների ուժ կիրառելու հրամանը դժվար թե կյանքի կոչվեր, եթե Տեր-Պետրոսյանը գաղափարական այլընտրանք ներկայացներ գործող ռեժիմին։ Այնպիսի այլընտրանք, որը համազգային կոնսոլիդացիա կապահովեր և նույն ուժայինները կանցնեին ընդդիմության կողմը, կամ չէին կատարի վերևից իջեցված հրամանը՝ չեզոքություն պահելով, իսկ խոշոր փողատերերը ճամբարափոխ կլինեին, ինչպես որ 1998-ին ԱԺ պատգամավորները մեկ գիշերվա մեջ (փաստորեն, «գիշերային» դիվանագիտությունը «էն գլխից» կար) «Երկրապահ» խմբի անդամ դարձան. առնետներն առաջինն են լքում խորտակվող նավակը։
Տեր-Պետրոսյանի պարագայում ճիշտ հակառակն էր։ Անհրաժեշտ կոնսոլիդացիան չկար։ Հասարակությունը բաժանվել էր «վարդանների» ու «վասակների»։ Եկեք ազնվորեն խոստովանենք, որ 2008-ի ընդվզումը կրում էր նաև հակաղարաբաղցիական բնույթ։ Սա մեր նորանկախ պետության ամենաամոթալի էջերից մեկն է։ Այս մասին քիչ է խոսվել, բայց դա փաստ է։ Միգուցե այդպիսի խնդիր դրված չի եղել այն ժամանակվա հակաիշխանական ուժի կողմից, բայց տերպետրոսյանական շրջապատը ներկայացնողներից շատերի բառապաշարում էր «էս ղարաբաղցիներին վռնդենք ստեղից» ձևակերպումը, որի ենթատեքստը միգուցե Քոչարյանն ու Սարգսյանն էին, բայց դա ստացավ համընդհանուր բնույթ։ ՀՀ առաջին նախագահին հարող գործիչների և լրատվամիջոցների մի մասի կողմից հակաղարաբաղցիական հիստերիայի մթնոլորտ էր ստեղծվել։ Անուղղակի ձևով այդ կամպանիայի սկիզբը դրեց Տեր-Պետրոսյանը՝ իր առաջին հանրահավաքում նշելով, թե իր միակ սխալն այն է, որ Ղարաբաղից Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին ու ՍերԺ Սարգսյանին և հիմա ներողություն է խնդրում իր այդ սխալների համար և ակնկալում ընտրողների օգնությունը՝ սխալի շտկման նպատակով։ Հակաղարաբաղցիականության դեմ դուրս գալն էլ դարձավ իշխանական բռնությունների լեգիտիմացման շղարշը՝ «Բա թողնեինք, որ սրանք գային ու Ղարաբաղը ծախեի՞ն» ձևակերպմամբ։
Այո՛, քոչարյանական կառավարման տարիներին «զեմլյաչեստվան» սկսեց դառնալ գլխավոր գաղափարախոսություններից մեկը, բայց չէր կարելի այդ երևույթը դարձնել դրոշակ ու չնկատելու տալ բոլոր ղարաբաղցիների համար «բարթուղեմիոսյան գիշեր» սարքելու վայնասունը, չսաստել հակաղարաբաղցիականությունը։ Լյումպենի ստորին բնազդները չէին կարող քարշակ գաղափարի վերածվել։ Շարքային ղարաբաղցիները մեղավոր չեն, որ իրենց փոքր հայրենիքը ներկայացնող մի քանի մարդ օգտվում է Տեր-Պետրոսյանից ժառանգություն մնացած ավազակապետության ռեսուրսներից, ինչպես որ գյումրեցիներին չի կարելի մեղադրել քաղաքապետ Վարդանիկի, իսկ սյունեցիներին՝ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) պատճառով։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից հանդիսացող և ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանը, կամա, թե ակամա, 1988-ից քսան տարի անց վերածվել էր հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական շարժման քայլող խորհրդանիշի։ Ես կարծում եմ, որ նրա մոտ այդպիսի նպատակ չի եղել, բայց այդպես ստացվել է։ Մանավանդ որ նախագահական ընտրությունների շրջանում տերպետրոսյանական թիմն առանձնապես չէր մտահոգվում այդ տպավորությունը ցրելու առումով՝ «Դա էլ է կողմնակիցներ ավելացնում» թեմայով։ Արդյունքն ակնհայտ է։ Դեկոնսոլիդացված, ճամբարների բաժանված հասարակությունը չէր կարող միասնական ճակատով պայքարել սեփական շահի գիտակցությամբ և կոնսոլիդացված կլանաօլիգարխիկ բուրգի դեմ։
Անկեղծ ասած՝ սկզբնական փուլում, երբ խոսվում էր առաջին նախագահի վերադարձի մասին, հույս ունեի, թե Տեր-Պետրոսյանը վերանայած կլինի իր մոտեցումները։ 2007-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտն անապատացել էր։ Իշխանությունը պատրաստվում էր նախագահ կարգել հայկական թուրքմենբաշուն և Տեր-Պետրոսյանի խաղի մեջ մտնելը խառնեց բոլորի խաղաթղթերը, բայց ոչ ավելին։
Հանուն արդարության նշենք, որ Տեր-Պետրոսյանի վերադարձով կանխվեց Հայաստանի թուրքմենացումը և դա ՀՀ առաջին նախագահի ամենամեծագույն ծառայությունն էր հայ ժողովրդին՝ իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում։ Նա, իրոք, գործիքի վերածվեց ժողովրդի ձեռքում, չնայած ինքն էր ուզում հանրային գործիքն օգտագործելով վերադառնալ իշխանության։ Իշխանության վերադարձի մեջ վատ բան չկա, եթե, իհարկե, կարողանում ես նոր որակ բերել քեզ հետ։ Սակայն այդ նոր որակն այդպես էլ ի հայտ չեկավ։ Երիտասարդների ներգրավումը քաղաքական գործընթացում, երթերը, ցույցերը՝ պայքարի ձևական կողմն էին։ Բայց բովանդակությունն էր կարևոր, որը չկար։ Պարզ էր, որ իշխանությունների «բազեական» քաղաքականությունը բերելու էր այն բանին, որ երիտասարդների մի հսկայական զանգված առիթ ու գործիք էր ման գալու, որպեսզի տեղը դներ կարիերիստ պնակալեզներին ու նրանց հովանավորներին, բայց միայն տեղը դնելը չէր կարող երկարաժամկետ ծրագրի վերածվել։ Պետք էր ապացուցել, որ տեղը դնելուց հետո նոր բազեներ չէին ստեղծվելու, ինչպես որ Սերժ Սարգսյանը հետագայում «միասնականացրեց» «բազեներին» ու սկսեց իր կողմից ղեկավարվող պետհամալսարանի դասախոսների վրա «քսի» տալ նորաթուխ խունվեյբիններին ու «բացահայտել» կաշառակեր դասախոսներին՝ թամաշայի կենտրոնի վերածելով կառավարման համակարգը։
Շատերը, մի կողմ դնելով Տեր-Պետրոսյանից մնացած վատ հիշողությունները, պատրաստ էին աջակցել նրան։ Եթե, իհարկե, ՀՀ առաջին նախագահը նորովի հանդես գար։ Սակայն պարզվեց, որ նա լրիվ նույնն է մնացել ՀՀ անվտանգության հարցերին առնչվող այնպիսի կետերում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, ժողովրդավարությունը, արցախյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն մենք ընդամենը ականատեսն էինք դառնում «Բուրբոնների» վերադարձին։ Ուրիշ ոչինչ։
Եթե ՀՀՇ առաջնորդ Տեր-Պետրոսյանը փոխվել էր, ինչպես որ իրենք իրենց ու այլոց համոզում էին նրա կողմն անցածներից նախկինում «Լե՛-վո՛ն, հեռացի՛ր» գոռացողները, 96-ի ընտրություններից հիասթափված կուսակցություն բացողները կամ 96-ի սեպտեմբերին իշխանությունից ծեծ կերածները, ապա նա պետք է ներողություն խնդրեր իր օրոք տեղի ունեցած ընտրակեղծիքների, բռնությունների, կլանաօլիգարխիկ տնտեսական համակարգի հիմքերը դնելու, 1995-ին կեղծիքներով ընդունված շեյխական սահմանադրության, Արցախի հարցի լուծման փուլային տարբերակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու համար, և ներկայացներ այն այլընտրանքային ծրագրերը, որով ինքը պատրաստվում էր կառավարել, այլ ոչ թե հանդես գալ Վանո Սիրադեղյանին ծափահարելու կոչերով ու «Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» գոռալով։
Տեր-Պետրոսյանը չէր կարող «Սերգո ջանին լավ ապրեցնելու» ՀՀ փաստացի կապիտուլյացիային տանող ծրագրով 2008-ին կյանքի կոչեր «Հաղթելու ենք» կարգախոսը։ Պարտության դրոշակով հաղթանակի չեն գնում։ Այլ հարց է, որ բազում միամիտներ, անտեղյակներ, գործող ռեժիմից մինչև կոկորդը զզվածներ ու սխալ հաշվարկի զոհեր ի հայտ եկան և հավատացին մեդվեդեվների հետ հանդիպումներ ունեցող մարդու բլիցկրիգային հաջողությանը, «քրիստոսի» երկրորդ գալստյանը։ Բայց դա իրենց պրոբլեմն է։ Ջհանգիրյանին ու Սուքիասյանին հարցրեք՝ կասեն։
Տեր-Պետրոսյանին ձայն տվածներից ու քաղաքական ֆրուստրացիայի մեջ գտնվողներից ոմանք հիմա նշում են, որ եթե նա 2008-ի փետրվարի 26-ին վճռական լիներ, երբ Ազատության հրապարակին միացան Սերժ Սարգսյանին «պաշտպանելու» բերված (մեծամասամբ՝ զոռով) Հանրապետության հրապարակի իշխանական հանրահավաքի մասնակիցները, ապա իշխանափոխությունն անխուսափելի էր։ Չեմ կարող ասել, թե որքանով են հիմնավոր այդ պնդումները։ Պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Փաստն այն է, որ հիմա Բաղրամյան 26-ում նստած է «ֆուտբոլասեր» մեկ այլ անձնավորություն, և հանրության լայն շրջանակների հեղափոխական փոփոխությունների պահանջն առայժմ չի կատարվում։ Հեղափոխական փոփոխություններն այդ վերաբերում էին (են) առավելապես ներքին կյանքին. փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորություն, խոշոր բիզնեսի տարանջատում իշխանությունից, կոմպրադորական կապիտալի լեգիտիմացում և հարկային համաներում, ժողովրդավարություն և ընտրական ազատություններ։
Հասարակության հեղափոխական պահանջները Ս. Սարգսյանը փորձեց փոխհատուցել արտաքին հեղափոխական «նախաձեռնողականությամբ», բայց դա՛ չէր մեր ժողովրդին հուզող թիվ 1 խնդիրը, և ա՛յդ ձևով չպետք է լուծվեին դարավոր կնճիռները՝ վտանգելով երկրի ազգային անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը դարձնելով կազինո գնալու պես մի բան։ Սերժ Սարգսյանը, երևի, լավ չէր հասկացել, թե ինչու՞ էին մարդիկ քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին և ինչու՞ էին դեմ դուրս եկել իշխանությանը։ Պատճառն ամենևին էլ ժողովրդի քիրվայական «պրիստուպները» չէին և ոչ էլ հոգեխանգարմունքը։
Միակ էական տարբերությունը, որ կար Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի միջև ընտրություններից առաջ՝ Թուրքիայի ու Արցախի հարցով էր, բայց հետընտրական փուլում ՀՀ գործող նախագահն այդ տարբերությունն էլ վերացրեց՝ դրանով իսկ անիմաստ դարձնելով տերպետրոսյանական պայքարի ամբողջ բովանդակությունը, որով ուզում էր մյուսներից առանձնանալ ՀՀ առաջին նախագահը։ Սարգսյանն ասաց, թե ես այնպիսի՜ քիրվայություն կանեմ, որ քեֆներդ գա։ Ու արեց։ Այդ հիմա է, որ նա «ճկուն» է դարձել ու ցանկանում է հետ պտտեցնել «ֆուտբոլը»։ Ինչևէ։
2008-ի հայկական հեղափոխության ձախողման պատճառներից էր նաև այն, որ դրա գլխին կանգնած էր խորը կղերապահպանողական գործիչ, ով ուղն ու ծուծով «էջմիածնական միաբան» է։ Հետագա զարգացումները ապացուցեցին Տեր-Պետրոսյանի հակահեղափոխական էությունը։
Ուշագրավ է, որ մարդկանց մոտ սխալ տպավորություն կար, թե ՀԱԿ ներկայիս առաջնորդը «որձ» գործիչ է։ Այդ տպավորությունը ստեղծվել էր 88-ի շարժման տարիներից։ Շատերին թվացել էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի պայքարի բովով անցած մարդը, ով նույնիսկ հայտնվել էր սովետական բանտում որպես քաղբանտարկյալ, իսկ հետագայում դարձել ՀՀ նախագահ՝ կկարողանա «որձություն» անել նաև այս անգամ։ Բայց իրականությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը «որձ» գործիչ չի եղել ո՛չ 88-ին, ո՛չ էլ առավելևս հիմա։ Բուրբոններն իրենց բնույթով «որձ» չեն կարող լինել և սա, հավանաբար, զուտ հայկական ֆենոմեն է, որ հեղափոխական շարժիչ ունեցող մեքենայի ղեկին պարբերաբար հայտնվում են հակահեղափոխական ֆիգուրներ։
Իսկ թե ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում ֆրանսիական Բուրբոններին և, հետևաբար, չէր կարող իր ունեցած ռեսուրսներով իշխանափոխություն անել՝ կներկայացնեմ իմ հաջորդ հոդվածում։
շարունակելի
Անդրանիկ Թևանյան