Ինչ է սպասվում Հայաստանում. տնտեսաքաղաքական փոփոխությունների հնարավոր սցենարների մասին
Տնտեսական բազիսի և քաղաքական վերնաշենքի վերաբերյալ Մարքսի ձևակերպումը դասական է՝ բազիսն է կանխորոշում վերնաշենքի բնույթը:
Եթե տնտեսական հիմքերը թույլ են, կամ տնտեսական համակարգում տիրում են անառողջ հարաբերություններ, ապա պետության արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը լուրջ հարվածի տակ են հայտնվում. դա աքսիոմ է:
Հայաստանի գրեթե բոլոր մակրոքաղաքական խնդիրները տնտեսական կյանքի արտացոլանքն են: Ձևով շուկայական, սակայն բովանդակությամբ օլիգարխիկ տնտեսաքաղաքական հարաբերությունների պայմաններում չեն կարող լինել քաղաքական ժողովրդավարություն, ազատ ընտրություն, անկախ դատարան, կայացած չորրորդ իշխանություն, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ, քաղաքացիական հասարակություն և այլն:
Առանց տնտեսական ազատության չի կարող լինել քաղաքական ազատություն, առանց մրցակցային տնտեսական համակարգի չի կարող լինել մրցակցային քաղաքական դաշտ:
Քաղաքական ավտորիտարիզմի պայմաններում տնտեսության ազատականացման և շուկայական բարեփոխումների իրականացման բազմաթիվ նախադեպեր կան (դեմոկրատացման երրորդ ալիքի երկրների վառ օրինակը), սակայն չունենք նախադեպ, երբ ոչ շուկայական տնտեսական համակարգի պայմաններում քաղաքական վերնաշենքը լինի ժողովրդավարական:
Քաղաքական ժողովրդավարությունը ֆունկցիա է տնտեսական ժողովրդավարությունից: Հայաստանում այս առումով լրջագույն խնդիրներ կան: Մենք հայտնվել ենք արատավոր շրջանի մեջ. տնտեսության կենտրոնացվածությունը բերել է քաղաքական կենտրոնացվածության ավելացման, որն էլ իր հերթին նպաստում է է՛լ ավելի մենաշնորհային տնտեսական համակարգի ձևավորման: Ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ այդ միտումները խորանում են:
Այս պայմաններում հնարավոր են հետևյալ զարգացումները՝
1.Փոփոխություններ վերևից:
Քաղաքական դաշտի ամայացման պայմաններում սա՛ է երկրում իրավիճակը դրականորեն փոխելու միակ անցնցում տարբերակը, բայց որքանով է այն իրականանալի՝ կախված է մի շարք հանգամանքներից ու գործոններից:
2.Արտաքին ֆորսմաժորային ազդեցություն:
ՀՀ թուլացման պայմաններում միշտ էլ Ադրբեջանը գայթակղություն կունենա պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը: Ռազմական ակտիվ ու մասշտաբային գործողությունները, բնականաբար, իրենց էական ազդեցությունը կթողնեն ներքաղաքական կյանքի վրա:
3.Ներքին ֆորսմաժորային զարգացումներ:
Ապրիլի 2-ը ցույց տվեց, որ ընտրությունները՝ որպես այդպիսիք, վերացան մեր քաղաքական կյանքից: Սա պարարտ հող է ստեղծում այլ՝ ոչ ստանդարտ քայլերի համար:
Հեղափոխություն, փողոցային պայքար, ցնցումներ և վերջապես «Սասնա ծռեր»-2. սրանք բոլորն էլ հնարավոր են, քանզի ոչ թե խնդիրներն են լուծվել, այլ պարզապես եռացող կաթսացի վրայի կափարիչն է ժամանակավորապես ամուր փակվել, բայց որքան էլ կափարիչը լինի պողպատից ու լավ եռակցված, միևնույն է, ինչ–որ պահի այն չի կարող դիմանալ ներքևից եկող ճնշմանը:
Ի դեպ, եթե ներկա վիճակը պահպանվի, վերևից անգամ չնչին փոփոխություններ չլինեն, և առկա բացասական միտումները խորանան, ապա մեծանում է 2-րդ և 3-րդ կետում նշված զարգացումների հավանականությունը:
Կա նաև 4-րդ սցենարը, երբ փոփոխությունների հասնում են «ներքևից», բայց ոչ «Սասնա ծռերի» տարբերակով, այլ համեմատաբար թեթև ցնցումներով:
Թեև հիմա քաղաքական դաշտն ամայացել է, և քաղաքական ուժերը գտնվում են նոկդաունի մեջ, սակայն բոլոր նախադրյալները կան, որպեսզի 2018-ին, երբ լրանա ՀՀ նախագահի լիազորությունները, և առաջանա նոր Կառավարության ձևավորման հարցը, քաղաքական կյանքը կրկին կաշխուժանա, և վակուումը կլցվի ոչ այն սցենարով, որը պլանավորել են նախագահական նստավայրում: Այսօրվա հլու-հնազանդ խորհրդարանը, ինչ-ինչ զարգացումների դեպքում, կարող է մեկ գիշերվա ընթացքում տրանսֆորմացվել: Այսօրվա պասիվ հանրային դաշտը կարող է ակտիվանալ ու խառնել բոլոր խաղաքարտերը:
Թե ինչպիսի զարգացումներ կունենանք իրական կյանքում, «հերձումը» ցույց կտա:
Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում առաջին հերթին տնտեսական կյանքի փոփոխություններ են պետք: Բեկումնային փոփոխություններ, որոնք հնարավոր են ներդրումների միջոցով:
Ներդրումների ահռելի ռեսուրս մեր երկիրն ունի: Կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներ, սակայն քաղաքական միջավայրը հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ ներդրումները վերածվեն աշխատատեղերի, ապրանքների, ծառայությունների և, ի վերջո, բերեն տնտեսական բարեկեցության և մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման: Հետևաբար, պետք է համապատասխան միջավայր ձևավորվի, քանի որ կապիտալը սիրում է քաղաքական ռիսկայնության ցածր մակարդակ և իշխանությունների կանխատեսելի վարքագիծ, կայուն և բարենպաստ օրենսդրական դաշտ, ներդրումների աճին նպաստող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև պետական արդյունավետ մենեջմենթ:

Անդրանիկ Թևանյան