Խմբագրական

18.01.2010 18:23


Լ. Տեր-Պետրոսյանը, Ս. Սարգսյանը և Ռ. Էրդողանը. ընդհանրություններ և տարբերություններ

Լ. Տեր-Պետրոսյանը, Ս. Սարգսյանը և Ռ. Էրդողանը.  ընդհանրություններ և տարբերություններ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ 1-ին և 3-րդ նախագահների մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում նույնն են։ Այդպիսի կարծիքների արմատավորմանը նպաստեցին նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը, երբ նա ողջունեց սարգսյանական «ֆուտբոլն» ու շտապեց հայտարարել Նոբելյան մրցանակի ապագա տիրոջ անունը։

Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող գործիչները, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բազմիցս փորձել են հակառակն ապացուցել՝ նշելով, որ սխալ է նույնացնել Տեր-Պետրոսյանին ու Սարգսյանին հայ-թուրքականի մասով։ ՀԱԿ առաջնորդը նույնիսկ այդ վեճի շրջանակներում գիրք հրատարակեց, որտեղ ներկայացված էին իր ելույթներն ու գաղափարները խնդրո առարկայի շուրջ։

Հանուն արդարության  նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանի և Ս. Սարգսյանի հայացքները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով իրոք տարբերվում են։ Նրանց միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ գտնվում են, այսպես կոչված, քիրվայական տիրույթում։ Նրանցից մեկը քիրվայականության գաղափարախոսն է՝ սկսած 1991-ից, իսկ  մյուսը՝ այդ թեզի ներկայիս իրականացնողը, քաղաքական պլագիատ անողը, ով, սակայն, որոշ աղավաղումներով կյանքի կոչեց քիրվայականությունը, իսկ այժմ, տեսնելով այդ գաղափարների առաջացրած վտանգերն իր աթոռի ու երկրի համար (իրենք այն չեն, ինչ մեկ տարի առաջ ու արագ են սովորում), այժմ  փորձում է հետ պտտեցնել իր նախաձեռնած «գյուլապատումը»։

Հստակեցնելու համար Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի հայացքներն ու մտադրությունները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում՝ նախ խտացված ձևով ներկայացնենք ՀՀ առաջին նախագահի պատկերացումները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ՝ բացառապես հիմնվելով ՀՀ առաջին նախագահի ելույթների, հարցազրույցների և հրապարակային գնահատականների վրա, իսկ այնուհետև կիրականացնենք 2 նախագահների պատկերացումների համեմատական վերլուծություն։

Եվ այսպես, Տեր-Պետրոսյանի հիմնական քաղաքական թեզն այն է, որ Հայաստանը զարգանալու հնարավորություն չունի, քանի դեռ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները չեն բացվել։ Ու քանի որ, ըստ նրա, մեզ այդ բաց սահմաններն անհրաժեշտ են օդ ու ջրի պես, ուստի ՀՀ-ն պետք  է նախաձեռնող դառնա այդ երկու հարևանների հետ հարաբերվելիս։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի հետ մենք ունենք 2 հիմնական խնդիր՝ Ցեղասպանության և սահմանների, իսկ Ադրբեջանի  հետ՝ Արցախի։

Թուրքիայի մասով Տեր-Պետրոսյանն առաջարկում է շուտափույթ կերպով ճանաչել Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող փաստացի սահմանը, իսկ Հայոց ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ Մեծ եղեռնի միջազգային ճանաչման պահանջատիրոջ դերը վերապահելով  Սփյուռքին։

Ադրբեջանի հետ մեզ թշնամի դարձնող Արցախի հարցն, ըստ Տեր-Պետրոսյանի, նույնպես պետք է շուտափույթ լուծում գտնի, ու որպեսզի հասնենք դրան, անհրաժեշտ է գնալ փուլային լուծման՝ հանձնելով ազատագրված տարածքների մեծ մասը, «կռիվ» տալով Լաչինի միջանցքի համար և  ԼՂՀ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից (ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանն իր 2009թ. նոյեմբերի 11-ի ելույթում մի փոքր «կոշտացրել» էր դիրքորոշումն Ադրբեջանի մասով. նրա բառապաշարում հայտնվել էին Արցախի վերջնական կարգավիճակին առնչվող ձևակերպումներ, ինչը նախկինում չի եղել)։

Ի դեպ, Տեր-Պետրոսյանն այժմ դրական տարրեր է տեսնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապվածության մեջ, ինչի մասին բազմիցս խոսել է։

Ներկայացվածն  այն հիմնական մոտեցումն է, որն ունի Տեր-Պետրոսյանը ՀՀ անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, և Հայաստանի հասարակությանը ներկայացվում է, թե սա այլընտրանքային մոտեցում է, և բերելու է մեր երկրի  բարգավաճմանը։

2008թ. նախագահական ընտրություններից հետո Բաղրամյան 26-ում հայտնված Սերժ Սարգսյանի մասով դժվար է հստակորեն նշել, թե  որոնք են նրա պատկերացումները մեզ հետաքրքրող հարցերի շուրջ։ Մինչև ՀՀ նախագահ դառնալը հայտնի էր միայն, որ Սարգսյանն Աղդամը չի համարում իր հայրենիքը, բայց թե դրանից այն կողմ  ուրիշ էլ  ի՞նչ  կար  նրա հոգու խորքում, պարզ չէր։ Լինելով գորշ և քչախոս գործիչ՝ նա բացահայտված չէր հայ հանրության համար։  Այդ հետո պիտի պարզվեր, որ երբ «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները 2008-ի նախընտրական փուլում քննադատում էին Սարգսյանի հիմնական մրցակից Տեր-Պետրոսյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ նախաձեռնողական լինելու պատրաստակամությունը, ՀՀԿ առաջնորդը թաքուն «արտասվել» է, քանի որ ինքն էլ էր պատրաստվում նախաձեռնող դառնալ, կամ էլ հընթացս որոշեց խլել իր հակառակորդի «թուրքական» դրոշը։ Մի խոսքով՝ Սարգսյանը «թաքնված տաղանդ» դուրս եկավ։

Փորձելով ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնել կտրուկ քայլերով ու բավարարել հանրության հեղափոխական տրամադրությունների պահանջները (որոնք, ի դեպ,  ավելի շատ ներքին բնույթ ունեին, քան արտաքին)՝ Ս. Սարգսյանը փոխ առավ իր  ախոյանի գաղափարների մի մասն ու նետվեց արտաքին քաղաքականության հորձանուտի մեջ։ Այսինքն Սարգսյանը յուրօրինակ երկխոսություն վարեց Տեր-Պետրոսյանի հետ՝ ձգտելով գործնականում իրագործել այն, ինչով առանձնանում էր նախագահի մյուս թեկնածուներից ՀՀ առաջին նախագահը։ Արդյունքում ծնվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում առկա են տարբեր մոտեցումներ։

Այժմ դիտարկենք Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն այդ արձանագրությունների վերաբերյալ, որից հետո հստակ կդառնա, թե որտեղ են նրանց տարբերությունները և նմանությունները։

Հայ-թուրքական արձանագրություններում կան վիճահարույց 2 հիմնական կետեր, որոնք դիտվում են որպես նախապայմաններ Թուրքիայի կողմից՝ կապված հայ-թուրքական ներկա սահմանների ճանաչման և Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի հետ։ Խնդրահարույց է նաև այն, որ հայ-թուրքական գործընթացը կապվում է Արցախի  հարցին։

Թուրքիայի վարչապետը բազմիցս նշել է, որ մինչև Հայաստանը զիջումների չգնա Արցախի մասով (մյուս երկու նախապայմանները Թուրքիան ստորագրված արձանագրություններով արդեն իսկ ստացել է), ապա իրենք չեն վավերացնի արձանագրությունները և չեն բացի սահմանը։ Այսինքն, Էրդողանը կողմ է ա) հայ-թուրքական փաստացի սահմանների փոխադարձ ճանաչմանը, բ) Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը և գ) Արցախի հարցը հայ-թուրքականի հետ կապելուն։

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կատարած քայլերը և Լևոն Տեր-Պետրոսյանի արված հայտարարությունները՝ կարող ենք նշել հետևյալը. ՀՀ գործող նախագահը համաձայն է  Էրդողանի հետ հայ-թուրքական սահմանի ճանաչման և  պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասերով, բայց դեմ է հայ-թուրքական գործընթացն Արցախի հետ կապելուն։ Այժմ, հասկանալով «ֆուտբոլային» դիվանագիտության ողջ ձախորդությունը, ՀՀ նախագահն ուզում է նվազագույն կորուստներով դուրս գալ իր նախաձեռնած գործընթացից։

Ինչ  մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա, Էրդողանի ու  Սարգսյանի պես,  կողմ է հայ-թուրքական ներկա սահմանների  ճանաչմանը, բայց նրանց երկուսի հետ տարաձայնություններ ունի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասով։ Տեր-Պետրոսյանի ու Էրդողանի մոտեցումները համընկնում են նաև հայ-թուրքական գործընթացն Արցախի հարցով պայմանավորելու առումով, և դրա մեջ ՀԱԿ առաջնորդը դրական բան է տեսնում ու այդ կետով նույնակարծիք չէ Սերժ Սարգսյանի հետ, ով գոնե հրապարակային հայտարարություններով դեմ է հայ-թուրքական ներկա գործընթացն Արցախի հարցի հետ կապելուն։  Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը նույնիսկ քննադատում էր Սարգսյանին այն կտրվածքով, որ վերջինս իզուր է համաձայնել թուրքերի հետ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ Արցախի հարցը լուծելով՝ մեխանիկորեն կբացվեր նաև սահմանը, և, հետևաբար, Ս. Սարգսյանն ավելորդ գին է վճարել մեր հարևաններին։

Ահա սրանք են Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդհանրություններն ու տարբերությունները  հայ-թուրքականի մասով։

Նշյալ երկու գործիչներն, այլ տարբերություններից զատ, միմյանցից զանազանվում են նաև հետևյալ կերպ. Ս. Սարգսյանը չունի դոկտրինալ մտածողություն, քաղաքագիտական արժեքների ու գաղափարների կայուն համակարգ, ուստի կարող է փոխել իր տեսակետները գրեթե ամեն օր, ինչը չի կարելի ասել Տեր-Պետրոսյանի մասին։ Սարգսյանն իր այդ վիճակը փորձում է ներկայացնել որպես ճկունություն։ Նա մի օր կարող է ծայրահեղ քիրվայական դառնալ, իսկ մեկ այլ օր՝ անդամագրվել պողոսնուբարների շարժմանը՝ նայած, թե որ գիծն է նպաստում իր աթոռի ամրությանը։ «Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կա սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է՝ որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս։ Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն: Երեկվա լուծումների գերին շարժվում է ուղիղ ու կանխատեսելի գծով»,-ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող ձևակերպումներ օգտագործելով նշում էր Ս. Սարգսյանը ՀՀԿ համագումարում։ Իսկ Տեր-Պետրոսյանն այս առումով ուղղամիտ է։ Նա ունի քիրվայականության կարծրացած պատկերացումներ, համոզմունքներ և չի պատրաստվում վերանայել իր հայացքները, ինչն էլ ներքաղաքական կյանքում մանևրելու լայն հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին և նրան պահում Բաղրամյան 26-ում։

Իմ կարծիքով  Հայաստանի համար վտանգավոր են երկու մոտեցումներն  էլ։ Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու պարագայում ՀՀ-ն «նախաձեռնող» էր դառնալու նաև Ադրբեջանի մասով, և մենք ավելի հեռուն էինք գնալու «ֆուտբոլի» գծով, բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի դեպքում մենք ունենք ավելի լավ վիճակ։ Ամենևին։ Նույնիսկ կիսով չափ առաջնորդվելով Տեր-Պետրոսյանի առաջարկած  գաղափարներով՝ երկրի գործող ղեկավարն աններելի ֆիասկոներ է արձանագրել։ Սերժ Սարգսյանի քաղաքականության հետևանքով մեծացել է Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, իսկ դրա այլընտրանքը փորձ է արվում ներկայացնել մեր միակողմանի զիջումների տեսքով՝ «Զիջենք, որ կռիվ չլինի» թեմայով։ Դա հիմարություն է։ Հանձնելն է՛լ ավելի շուտ կդառնա պատերազմի պատճառ՝ մեզ համար միանշանակ անցանկալի ելքով, քանի որ ռազմավարական պաշտպանական դիրքերն արդեն կորցրած կլինենք։ Իսկ ներկայիս ստատուս-քվոյի պարագայում պատերազմի վերսկսումն Ադրբեջանի համար կավարտվի շատ ավելի վատ, քան 1994-ին։

Մեկ բան ակնհայտ է՝ եթե դու գործում ես քիրվայական տիրույթում, ապա, միևնույն է, միանշանակ կանգնում ես պարտվելու վտանգի առջև՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ես առաջ գնացել «Սերգո ջանին լավ ապրացնելու» ուղղությամբ։ Այսինքն, կապ չունի, որ հիմա Սարգսյանը հայտարարում է, թե ինքը դեմ է Արցախի  հարցը որպես հայ-թուրքական հարաբերության կարգավորման նախապայման դիտելուն։ Նա ժամանակին անհեռատեսություն դրսևորեց՝ խնդրելով Գյուլին, որ վերջինս օժանդակի իրեն Արցախի հարցում։ Փաստորեն, գնացքն արդեն գնացել է. հիմա բոլորը մոռացել են արձանագրությունների  մասին և միայն Արցախի հարցն են քննարկում։

Բացի այդ, որքան էլ Սարգսյանը հիմա առիթ-անառիթ խոսի Հայոց ցեղասպանության մասին, միևնույն է, նրա նախագահության օրոք աշխարհի ոչ մի երկիր չի դատապարտելու Թուրքիայի գործած ոճիրը։ Այսինքն, Սարգսյանն իր «ֆուտբոլային» քայլերով, ըստ էության, հանեց Ցեղասպանության հարցը  ՀՀ  արտաքին քաղաքական օրակարգից, ինչին ձգտում էր Տեր-Պետրոսյանը։ Միգուցե ՀՀԿ «ճկուն» առաջնորդը չէր ուզում, բայց այդպես ստացվեց։ Սարգսյանը չէր ուզում նաև  Արցախի հարցը շաղկապել հայ-թուրքականի հետ, բայց այդպես ստացվեց։ Ասել է թե՝ քիրվայական տիրույթում իրականացվող ցանկացած քաղաքականություն, ի վերջո, հանգեցնում է նրան, ինչի ականատեսն ենք այսօր։ Մի քիչ քիրվա չի լինում. թրքաբոլշևիկը մնում է թրքաբոլշևիկ։ Հետևաբար,  պետք  է Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անել «ֆուտբոլային» մտածողությունն ու ստեղծել հայաստանակենտրոն քաղաքական համակարգ, որպեսզի զերծ մնանք ՀՀ ազգային անվտանգությանը ներսից սպառնացող վտանգներից։

Անդրանիկ    Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը