Լրահոս

11.12.2010 00:05


Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

ՀՀ ն ախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

 Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ խոսքս սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված անկեղծ շնորհակալությամբ' Մոսկվայում ջերմ ընդունելության, հյուրընկալության, այս նստաշրջանի հրաշալի կազմակերպման և, իհարկե, Հավաքական անվտանգության խորհրդի ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների արգասավոր գործունեության համար, որն անցյալ տարի անցկացվեց Ռուսաստանի նախագահությամբ: 

Ես նաև միանում եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի լիազորություններն այսօր ստանձնած Բելառուսի Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքներին: Շնորհավորում եմ Ձեզ, Ալեքսանդր Գրիգորիի, ցանկանում եմ հաջողություններ մեր ընդհանուր աշխատանքում:

Ցանկանում եմ նաև ընդգծել Կազմակերպության քարտուղարության և անձամբ Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը, որն ուղղված էր մոսկովյան նստաշրջանի 2009թ. որոշումների, ինչպես նաև մայիսին Մոսկվայում և օգոստոսին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների  իրականացմանը:

Հարգելի գործընկերներ,

Միջնստաշրջանային ժամանակահատվածում ծանրակշիռ աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:

Այս ամենի հետ միասին, մեր երևանյան պայմանավորվածությունների համաձայն, ներկա նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրեցինք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելուն:

Այս կապակցությամբ, կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարված փոփոխությունների կարևորությունը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրությունը: Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը:

Երկրորդ կարևոր պահը, որի վրա ես կցանկանայի կենտրոնացնել ուշադրությունը' մեր Կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումն է:  Այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը:

Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել Կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում' չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի:

Հավասարապես կարևոր նշանակություն եմ տալիս այսօրվա նստաշրջանում ընդունված' գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը:

Այն հատկապես կարևոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ Խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարևորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով:

Հարգելի գործընկերներ,

Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարևոր քայլ հանդիսացավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նուրսուլթան Աբիշևիչին' Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի համար: Աստանայում անցկացված գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտությունը:

Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը' ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով:  Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման  անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը' ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:

Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով:

Հարգելի գործընկերներ,

Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար: 

Այս խորագրի վերջին նյութերը