Լրահոս

10.12.2010 10:25


ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Թանկագին հայրենակիցներ,

Դեկտեմբերի 10-ի երկտոնը արցախյան անկախ պետականության համար ամենակարեւոր եւ խորհրդանշական իրադարձություններից է: 1991 եւ 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը:

Բախտորոշ այդ հանրաքվեները ձեւավորել են մեր պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ, իհարկե, ազատությունն ու անկախությունը:

Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են եւ անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից: Համոզված եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին եւ հիմնարար սկզբունքներին:

Այս կարեւորագույն տոնի առթիվ Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Այս խորագրի վերջին նյութերը