Հայաստանում վաղուց արդեն հեղափոխական վիճակ է։ Ներքևների ու վերևների, դասական ձևակերպմամբ' չկարողանալու և չուզենալու տարատեսակ դրսևորումներ կան, բայց փոփոխություններն այդպես էլ չեն երևում։ Հիմա վիճակն արտաքուստ, կարծես, կայուն ու հանգիստ է։ Ամեն ինչ ընթանում է իր արատավոր հունով. «Կալիգուլայի» հերթական «ձիուն» ԱԺ գործուղեցին՝ մինչ այդ հասցնելով «չոռնի» երանգավորում տալ մայրաքաղաքին, իսկ ՍԴ-ն դակեց հայ-թուրքական արձանագրությունը։
Հունվարի 10-ին կայացած ընտրությունը կրկին ջրի երես հանեց մեր նորանկախ պետության «մանկական հիվանդությունը». Հայաստանում թագավորում է անտարբերությունը։ Հասարակության ապատիան և նիհիլիզմը վտանգավոր չափերի են հասել։ Այն, որ քաղաքական համակարգի դեգրադացիան արտահայտվելու էր «հատակի փայտիկին» խորհրդարան ուղարկելու տեսքով, ի սկզբանե պարզ էր։ Բայց այն, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը չմասնակցեց ընտրություններին, ավելի խորքային հիվանդության մասին է վկայում և կարիք ունի բացատրության։
Արդեն իսկ փաստ է, որ մեզանում թագավորում են անտարբերությունն ու հավատի բացակայությունն ամեն ինչի նկատմամբ։ Անշու՛շտ, այդ ամենը միայն 10-րդ ընտրատարածքի շուրջ տեղի ունեցող գործընթացներով չբացահայտվեց։ «Բեսպրեդելի» կիրակնօրյա խրախճանքը պարզապես ևս մեկ անգամ հիշեցրեց մեր արատների մասին։ Իսկ արատներն այդ ի հայտ եկան քաղաքական ռոմանտիզմի շրջանից քիչ անց։ Ստեղծվեց մի կեղտոտ մեխանիզմ, հետո այն կատարելագործվեց ու հիմա Հայաստանում գործող հանրային հարաբերությունները զոհ են դարձել «Չորսգլխանի վիշապին», որի բաղկացուցիչներն են. 1) գրեթե ամբողջությամբ կոռուպցիայի մեջ թաղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը, 2) քաղաքական համակարգը, 3) տնտեսական համակարգը և 4) ընտրական համակարգը։
Նշված չորս գլուխներն այժմ հոշոտում են Հայաստանն ու Արցախը ներսից։ «Վիշապին» հեծնողն այս պայմաններում վերածվում է մահապարտի և դառնում արմատական իշխանություն, այն առումով, որ պատրաստ չէ որևէ պարագայում զիջել աթոռը, քանի որ զիջելը հավասարազոր է դառնում մահապարտ իշխանավորի անվտանգության կորստին, էլ չասած նրա սեփականության կորստի մասին, իսկ «վիշապին» հեծած մնալն ապահովում է անմարդկային հարստություն և բնազդներին տրվելու գայթակղություն։ Այդ պայմաններում իշխանության մուտքը միայն ներսի կողմից է դառնում, որը նշանակում է հանրային կյանքի քրեականացում և քաղաքական դաշտի փաստացի մահ։ Այսինքն՝ «վիշապը» գերի է դարձնում և՛ իր վրա նստածին, և՛ ժողովրդին, ու նորանոր զոհեր է պահանջում՝ ամենակուլ հրեշի նման. կոռուպցիան է՛լ ավելի մեծ կոռուպցիա է ծնում, իսկ քաղաքական համակարգի բաղկացուցիչ հանդիսացող կուսակցությունները կա՛մ դառնում են «վիշապի» կցորդները, կա՛մ վերածվում են իշխանության հաճախորդների ու «Էջմիածնական միաբանների», կա՛մ ստանում են մարգինալ կարգավիճակ։ Ասել է թե՝ «վիշապն» այլընտրանք չի հանդուրժում։ Ամբողջատիրությունն է նրա միակ սնող համակարգը։ Տնտեսության կառավարումը, քաղաքական հարաբերությունները և ընտրական գործընթացները բացառապես ամեն ինչի տիրելու տրամաբանության մեջ են տեղավորվում, և ակնհայտ է, որ այդ համակարգը քայքայվելու է նաև դրան տիրողների անսահման ագահությունից ...
Նկատենք, որ ամեն ինչ սկսվեց երկու տասնամյակ առաջ (մինչ այդ եղել էր հազար տարվա պարտություն, 600 տարվա դատարկություն, ցեղասպանություն, ծովից ծով Հայաստանի տեսլական, բոլշևիկյան անաստվածություն, բրեժնևյան շրջանի թալանչիության և կոռուպցիայի մեջ մասնագիտացում, գորբաչովյան «նախաձեռնողականություն» և նոր հաղթանակի հույս՝ Արցախի մասով)։
1988-ին մենք երազում էինք «Ջերմուկն» ու մոլիբդենը ծախելու և լավ ապրելու մասին («Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկի կողմից դեռ չէր առաջարկվել «լավ ապրելու» նոր մոտեցում, այն էլ՝ նույն Ղարաբաղի միջոցով. ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։ Անկախությունը մեզ շահած լոտոյի պես մի բան էր թվում։ Այնքան էինք տարվել երազներով, որ չնկատեցինք մեր ծոցից ծնվող «վիշապին», որը խժռելու էր բոլորին ու հատկապես արժանավորներին։
1991-ից հետո, կապիտալի նախնական կուտակման 1-ին փուլից հետո, ստեղծվեց մի վիճակ, երբ իշխանության ու բիզնեսի սերտաճումը դարձավ խաղի կանոն, և այդ կանոններն ու ձեռքբերած սեփականությունը պահպանելու համար արվեցին առաջին ընտրակեղծիքները։
1995-ին կեղծիքներով ընդունվեց ՀՀ 1-ին Սահմանադրությունը, և ձևավորվեց ոչ լեգիտիմ ԱԺ։ Հետագա տարիներին կեղծիքների մեխանիզմները կատարելագործվեցին, և այժմ Սերժ Սարգսյանի ձեռքին է հայտնվել այն, ինչի զոհ են հիմա դարձել դրա հիմնադիրները։ Ու երբ ասվում է, թե եկեք վերականգնենք սահմանադրական կարգը, ապա ստացվում է, որ ընդամենը փորձ է արվում բարձրանալ իշխանության փտած համակարգի գլուխ։ Ուրիշ ոչինչ։ Հետևաբար՝ բոլոր այն ուժերը, ովքեր օրվա իշխանության դեմ պայքարում են «Վերականգնենք սահմանադրական կարգը» լոզունգով, իրականում «վիշապին» հեծնելու և «նժույգավարին» փոխարինելու խնդիր են լուծում։ Իսկ դա բացարձակապես կապ չունի ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատման հետ։ Փաստ է, որ 1995-ին «ընդունված»սահմանադրությու՛նն էր, որ դրեց «քառագլուխ վիշապի» իրավական հիմքերը։
Ասեմ, որ Հայաստանում հեղափոխական վիճակ է՝ սկսած 1994-ից (մինչ այդ ավարտվեց Շարժման հեղափոխությունը)։ Երբ մեզ համար հաղթական ելք ունեցավ պատերազմը, և մարդիկ մտածեցին, թե զրկանքների ժամանակները հետևում են, և եկել է հազար տարվա մեջ առաջին լուրջ հաղթանակը (հող վերանվաճելը) համատեղ վայելելու փուլը, պարզվեց, որ պատերազմի ընթացքում սոցիալական լուրջ բևեռացվածություն է առաջացել, և նեոբոլշևիկները մտադիր չեն հրաժարվել պլանային տնտեսության հոգեհարազատ բովանդակությունից։
Անկախությունից հետո սեփականատիրական հարաբերություն էր հաստատվել, բայց դա՝ միայն վերևների համար։ Ներքևում կատարյալ ունեզրկում էր։ Արդյունքում՝ Հայաստանն ընկղմվեց պերմանենտ հեղափոխությունների (չստացված) հորդառատ գետի մեջ ու քանի գնում, ավելի է խորասուզվում։
«Սահմանադրական կարգի» մերօրյա վերականգնողների պահվածքն ինձ հիշեցնում է ֆրանսիացի Բուրբոնների տխրահռչակ վերադարձը, որը ոչ մի առաջադիմական և նոր գաղափար չէր պարունակում, բացի «բուրբոնական կարգի վերականգնումից»։ Պատահական չէ, որ հետադիմական Լյուդովիկոս 18-րդը երկար չձգեց իր վերադարձից հետո, իսկ Ֆրանսիայի միապետական համակարգը հեղափոխության միջոցով հավերժ անցավ պատմության գիրկը։ Ի դեպ, այդ խառը ժամանակների ընթացքում ֆրանսիացիները հասցրել էին գլխատել արտաքին ուժերի վրա հույսը դրած ու նորաստեղծ հանրապետության զինվորների պարտությանը նպաստող Ֆրանսիայի ավստրուհի թագուհի Մարիա Անտուանետային, ում վարքն ու արտաքին «նախաձեռնողականությունը» (հանուն իշխանության պահպանման) գործի դրեցին գիլյոտինը։
Վերադառնանք Հայաստան։ «Վիշապի» տարածած բացիլները հիմա քաղցկեղի նման տարածվում են մեր երկրի ներսում։ Եվ ինչպես մյուս ազգերի ու պետությունների պարագայում է եղել նման դեպքերում, ամենայն հավանականությամբ այս ամենն ավարտվելու է արտաքին միջավայրից եկող հարվածով, քանի որ ներսի դիմադրությունը գլխավորում է խոր կղերապահպանողական գործիչ, ում միակ գործը դարձել է «Եղիազար Այնթապցու»«պետական շահի» գիտակցությանն ապավինելը, կամ էլ նույն «Այնթապցու» տապալումն արտաքին դաշտում։ Իսկ դա նշանակում է գնալ «սահմանադրական ճանապարհով»՝ պայքարի ստեփանդեմիրճյանական տարբերակով։
Իրավիճակի ողջ լրջությունն այն է, որ այժմ, առավել քան 1994թ-ից հետո ընկած որևէ ժամանակահատվածում, մեծացել է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգը։ Շնորհիվ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության՝ մեր հարևանները 100 տոկոսանոց միջազգային լեգիտիմություն են ստացել պատերազմ սկսելու և հայ-թուրքական ներկա գործընթացի ոչ հայանպաստ ֆոնն օգտագործելու համար։ Միգուցե բարին դա է, եթե, իհարկե, բարի բան կա պատերազմի մեջ...
Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլայնացումը» Հայաստանին դարձրել է համընդհանուր ճնշման օբյեկտ։ Հայերիցս պահանջում են միակողմանի զիջումների գնալ Արցախի հարցում։ Իսկ դա կործանարար կլինի մեզ համար։ Ստացվում է, որ իշխանության եկած «խաղաղության» կուսակցությունն ու նրա «ֆուտբոլային» քայլերը ողջունած հակաիշխանական «խաղաղասերներն» իրականում երկիրը պատերազմի են տանում։
Ցավալին այն է, որ «վիշապի» ներկայիս «վարորդը» որևէ ռեսուրս չունի՝ դիմագրավելու արտաքին և ներքին մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանն այժմ փորձում է լուծել հետևյալ խնդիրները. ա) պահել իշխանությունը (գլխավոր նպատակ), բ) հետ պտտեցնել հայ-թուրքական գործընթացն այն առումով, որ դա չկապվի Արցախի հարցի հետ (սահմանների բացման մասին Սարգսյանն արդեն չի մտածում, քանի որ հասկացել է իր սկսած խաղի վտանգավորությունը, որը կարող է իշխանազրկել իրեն), գ) խուսափել հայ-ադրբեջանական պատերազմից և դ) ՀՀ տնտեսությունը կենտրոնացնել իր ձեռքում։
Ակնհայտ է, որ նշված խնդիրներն անհնար է լուծել միաժամանակ և ցանկալի ձևով։ Պետք է ընտրություն կատարել, իսկ դա շատ բարդ գործ է, ու ՀՀ նախագահը փակուղային իրավիճակում է հայտնվել։ Եթե հանկարծ Սարգսյանը որոշի Արցախի հարցում զիջումների գնալ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի պես կարող է կազմել իր հրաժարականի տեքստը՝ մինչ այդ գրելով ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»։ Իսկ եթե զիջումների չգնա, ապա կհայտնվի ֆանտաստիկ ճնշումների տակ. ծանր դրություն։
Սարգսյանի հույսն այժմ ճակատագրի բարենպաստ հանգամանքներն են ու Ռուսաստանը (ի դեպ, ՌԴ-ի հետ հարաբերությունները զգալի սառել են Ս. Սարգսյանի օրոք)։ Բայց սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Նստել ու սպասել, թե Սարգսյանն ինչ կանի՝ փրկելու համար իր իշխանությունը, իսկ «էջմիածնական միաբաններն» ինչպես կփորձեն վերականգնել «սահմանադրական կարգը», հավասարազոր է համատեղ գործած հանցանքի։
«Վիշապն» իր գործն անում է։ Ուրեմն այստեղից 2 ելք կա՝ կա՛մ համակերպվել և ենթարկվել քաղաքական էֆտանազիայի, կա՛մ էլ՝ դիմադրել։ Միշտ պետք է հիշել, որ եթե դիմադրությունը ներսից չլինի, ապա «օգնության» կգա դուրսը, որն այնքան էլ լավ տարբերակ չէ։ Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ երկիրը սոդոմգոմորացման է ենթարկվում։ Հետևաբար մեզ անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություներ։ Դա նշանակում է, որ պետք է սպանե՛լ «վիշապին», որպեսզի այն չկործանի մեզ։
Անձամբ ես կողմ եմ «վիշապին» սպանելուն, այլ ոչ թե «վիշապին» կառավարողին փոխելուն, և իմ ուժերի սահմաններում հարվածներ եմ հասցնելու գործող համակարգին։
Սպանե՛լ «վիշապին»
Հայաստանում վաղուց արդեն հեղափոխական վիճակ է։ Ներքևների ու վերևների, դասական ձևակերպմամբ' չկարողանալու և չուզենալու տարատեսակ դրսևորումներ կան, բայց փոփոխություններն այդպես էլ չեն երևում։ Հիմա վիճակն արտաքուստ, կարծես, կայուն ու հանգիստ է։ Ամեն ինչ ընթանում է իր արատավոր հունով. «Կալիգուլայի» հերթական «ձիուն» ԱԺ գործուղեցին՝ մինչ այդ հասցնելով «չոռնի» երանգավորում տալ մայրաքաղաքին, իսկ ՍԴ-ն դակեց հայ-թուրքական արձանագրությունը։
Հունվարի 10-ին կայացած ընտրությունը կրկին ջրի երես հանեց մեր նորանկախ պետության «մանկական հիվանդությունը». Հայաստանում թագավորում է անտարբերությունը։ Հասարակության ապատիան և նիհիլիզմը վտանգավոր չափերի են հասել։ Այն, որ քաղաքական համակարգի դեգրադացիան արտահայտվելու էր «հատակի փայտիկին» խորհրդարան ուղարկելու տեսքով, ի սկզբանե պարզ էր։ Բայց այն, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը չմասնակցեց ընտրություններին, ավելի խորքային հիվանդության մասին է վկայում և կարիք ունի բացատրության։
Արդեն իսկ փաստ է, որ մեզանում թագավորում են անտարբերությունն ու հավատի բացակայությունն ամեն ինչի նկատմամբ։ Անշու՛շտ, այդ ամենը միայն 10-րդ ընտրատարածքի շուրջ տեղի ունեցող գործընթացներով չբացահայտվեց։ «Բեսպրեդելի» կիրակնօրյա խրախճանքը պարզապես ևս մեկ անգամ հիշեցրեց մեր արատների մասին։ Իսկ արատներն այդ ի հայտ եկան քաղաքական ռոմանտիզմի շրջանից քիչ անց։ Ստեղծվեց մի կեղտոտ մեխանիզմ, հետո այն կատարելագործվեց ու հիմա Հայաստանում գործող հանրային հարաբերությունները զոհ են դարձել «Չորսգլխանի վիշապին», որի բաղկացուցիչներն են. 1) գրեթե ամբողջությամբ կոռուպցիայի մեջ թաղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը, 2) քաղաքական համակարգը, 3) տնտեսական համակարգը և 4) ընտրական համակարգը։
Նշված չորս գլուխներն այժմ հոշոտում են Հայաստանն ու Արցախը ներսից։ «Վիշապին» հեծնողն այս պայմաններում վերածվում է մահապարտի և դառնում արմատական իշխանություն, այն առումով, որ պատրաստ չէ որևէ պարագայում զիջել աթոռը, քանի որ զիջելը հավասարազոր է դառնում մահապարտ իշխանավորի անվտանգության կորստին, էլ չասած նրա սեփականության կորստի մասին, իսկ «վիշապին» հեծած մնալն ապահովում է անմարդկային հարստություն և բնազդներին տրվելու գայթակղություն։ Այդ պայմաններում իշխանության մուտքը միայն ներսի կողմից է դառնում, որը նշանակում է հանրային կյանքի քրեականացում և քաղաքական դաշտի փաստացի մահ։ Այսինքն՝ «վիշապը» գերի է դարձնում և՛ իր վրա նստածին, և՛ ժողովրդին, ու նորանոր զոհեր է պահանջում՝ ամենակուլ հրեշի նման. կոռուպցիան է՛լ ավելի մեծ կոռուպցիա է ծնում, իսկ քաղաքական համակարգի բաղկացուցիչ հանդիսացող կուսակցությունները կա՛մ դառնում են «վիշապի» կցորդները, կա՛մ վերածվում են իշխանության հաճախորդների ու «Էջմիածնական միաբանների», կա՛մ ստանում են մարգինալ կարգավիճակ։ Ասել է թե՝ «վիշապն» այլընտրանք չի հանդուրժում։ Ամբողջատիրությունն է նրա միակ սնող համակարգը։ Տնտեսության կառավարումը, քաղաքական հարաբերությունները և ընտրական գործընթացները բացառապես ամեն ինչի տիրելու տրամաբանության մեջ են տեղավորվում, և ակնհայտ է, որ այդ համակարգը քայքայվելու է նաև դրան տիրողների անսահման ագահությունից ...
Նկատենք, որ ամեն ինչ սկսվեց երկու տասնամյակ առաջ (մինչ այդ եղել էր հազար տարվա պարտություն, 600 տարվա դատարկություն, ցեղասպանություն, ծովից ծով Հայաստանի տեսլական, բոլշևիկյան անաստվածություն, բրեժնևյան շրջանի թալանչիության և կոռուպցիայի մեջ մասնագիտացում, գորբաչովյան «նախաձեռնողականություն» և նոր հաղթանակի հույս՝ Արցախի մասով)։
1988-ին մենք երազում էինք «Ջերմուկն» ու մոլիբդենը ծախելու և լավ ապրելու մասին («Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկի կողմից դեռ չէր առաջարկվել «լավ ապրելու» նոր մոտեցում, այն էլ՝ նույն Ղարաբաղի միջոցով. ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։ Անկախությունը մեզ շահած լոտոյի պես մի բան էր թվում։ Այնքան էինք տարվել երազներով, որ չնկատեցինք մեր ծոցից ծնվող «վիշապին», որը խժռելու էր բոլորին ու հատկապես արժանավորներին։
1991-ից հետո, կապիտալի նախնական կուտակման 1-ին փուլից հետո, ստեղծվեց մի վիճակ, երբ իշխանության ու բիզնեսի սերտաճումը դարձավ խաղի կանոն, և այդ կանոններն ու ձեռքբերած սեփականությունը պահպանելու համար արվեցին առաջին ընտրակեղծիքները։
1995-ին կեղծիքներով ընդունվեց ՀՀ 1-ին Սահմանադրությունը, և ձևավորվեց ոչ լեգիտիմ ԱԺ։ Հետագա տարիներին կեղծիքների մեխանիզմները կատարելագործվեցին, և այժմ Սերժ Սարգսյանի ձեռքին է հայտնվել այն, ինչի զոհ են հիմա դարձել դրա հիմնադիրները։ Ու երբ ասվում է, թե եկեք վերականգնենք սահմանադրական կարգը, ապա ստացվում է, որ ընդամենը փորձ է արվում բարձրանալ իշխանության փտած համակարգի գլուխ։ Ուրիշ ոչինչ։ Հետևաբար՝ բոլոր այն ուժերը, ովքեր օրվա իշխանության դեմ պայքարում են «Վերականգնենք սահմանադրական կարգը» լոզունգով, իրականում «վիշապին» հեծնելու և «նժույգավարին» փոխարինելու խնդիր են լուծում։ Իսկ դա բացարձակապես կապ չունի ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատման հետ։ Փաստ է, որ 1995-ին «ընդունված» սահմանադրությու՛նն էր, որ դրեց «քառագլուխ վիշապի» իրավական հիմքերը։
Ասեմ, որ Հայաստանում հեղափոխական վիճակ է՝ սկսած 1994-ից (մինչ այդ ավարտվեց Շարժման հեղափոխությունը)։ Երբ մեզ համար հաղթական ելք ունեցավ պատերազմը, և մարդիկ մտածեցին, թե զրկանքների ժամանակները հետևում են, և եկել է հազար տարվա մեջ առաջին լուրջ հաղթանակը (հող վերանվաճելը) համատեղ վայելելու փուլը, պարզվեց, որ պատերազմի ընթացքում սոցիալական լուրջ բևեռացվածություն է առաջացել, և նեոբոլշևիկները մտադիր չեն հրաժարվել պլանային տնտեսության հոգեհարազատ բովանդակությունից։
Անկախությունից հետո սեփականատիրական հարաբերություն էր հաստատվել, բայց դա՝ միայն վերևների համար։ Ներքևում կատարյալ ունեզրկում էր։ Արդյունքում՝ Հայաստանն ընկղմվեց պերմանենտ հեղափոխությունների (չստացված) հորդառատ գետի մեջ ու քանի գնում, ավելի է խորասուզվում։
«Սահմանադրական կարգի» մերօրյա վերականգնողների պահվածքն ինձ հիշեցնում է ֆրանսիացի Բուրբոնների տխրահռչակ վերադարձը, որը ոչ մի առաջադիմական և նոր գաղափար չէր պարունակում, բացի «բուրբոնական կարգի վերականգնումից»։ Պատահական չէ, որ հետադիմական Լյուդովիկոս 18-րդը երկար չձգեց իր վերադարձից հետո, իսկ Ֆրանսիայի միապետական համակարգը հեղափոխության միջոցով հավերժ անցավ պատմության գիրկը։ Ի դեպ, այդ խառը ժամանակների ընթացքում ֆրանսիացիները հասցրել էին գլխատել արտաքին ուժերի վրա հույսը դրած ու նորաստեղծ հանրապետության զինվորների պարտությանը նպաստող Ֆրանսիայի ավստրուհի թագուհի Մարիա Անտուանետային, ում վարքն ու արտաքին «նախաձեռնողականությունը» (հանուն իշխանության պահպանման) գործի դրեցին գիլյոտինը։
Վերադառնանք Հայաստան։ «Վիշապի» տարածած բացիլները հիմա քաղցկեղի նման տարածվում են մեր երկրի ներսում։ Եվ ինչպես մյուս ազգերի ու պետությունների պարագայում է եղել նման դեպքերում, ամենայն հավանականությամբ այս ամենն ավարտվելու է արտաքին միջավայրից եկող հարվածով, քանի որ ներսի դիմադրությունը գլխավորում է խոր կղերապահպանողական գործիչ, ում միակ գործը դարձել է «Եղիազար Այնթապցու» «պետական շահի» գիտակցությանն ապավինելը, կամ էլ նույն «Այնթապցու» տապալումն արտաքին դաշտում։ Իսկ դա նշանակում է գնալ «սահմանադրական ճանապարհով»՝ պայքարի ստեփանդեմիրճյանական տարբերակով։
Իրավիճակի ողջ լրջությունն այն է, որ այժմ, առավել քան 1994թ-ից հետո ընկած որևէ ժամանակահատվածում, մեծացել է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգը։ Շնորհիվ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության՝ մեր հարևանները 100 տոկոսանոց միջազգային լեգիտիմություն են ստացել պատերազմ սկսելու և հայ-թուրքական ներկա գործընթացի ոչ հայանպաստ ֆոնն օգտագործելու համար։ Միգուցե բարին դա է, եթե, իհարկե, բարի բան կա պատերազմի մեջ...
Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլայնացումը» Հայաստանին դարձրել է համընդհանուր ճնշման օբյեկտ։ Հայերիցս պահանջում են միակողմանի զիջումների գնալ Արցախի հարցում։ Իսկ դա կործանարար կլինի մեզ համար։ Ստացվում է, որ իշխանության եկած «խաղաղության» կուսակցությունն ու նրա «ֆուտբոլային» քայլերը ողջունած հակաիշխանական «խաղաղասերներն» իրականում երկիրը պատերազմի են տանում։
Ցավալին այն է, որ «վիշապի» ներկայիս «վարորդը» որևէ ռեսուրս չունի՝ դիմագրավելու արտաքին և ներքին մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանն այժմ փորձում է լուծել հետևյալ խնդիրները. ա) պահել իշխանությունը (գլխավոր նպատակ), բ) հետ պտտեցնել հայ-թուրքական գործընթացն այն առումով, որ դա չկապվի Արցախի հարցի հետ (սահմանների բացման մասին Սարգսյանն արդեն չի մտածում, քանի որ հասկացել է իր սկսած խաղի վտանգավորությունը, որը կարող է իշխանազրկել իրեն), գ) խուսափել հայ-ադրբեջանական պատերազմից և դ) ՀՀ տնտեսությունը կենտրոնացնել իր ձեռքում։
Ակնհայտ է, որ նշված խնդիրներն անհնար է լուծել միաժամանակ և ցանկալի ձևով։ Պետք է ընտրություն կատարել, իսկ դա շատ բարդ գործ է, ու ՀՀ նախագահը փակուղային իրավիճակում է հայտնվել։ Եթե հանկարծ Սարգսյանը որոշի Արցախի հարցում զիջումների գնալ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի պես կարող է կազմել իր հրաժարականի տեքստը՝ մինչ այդ գրելով ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»։ Իսկ եթե զիջումների չգնա, ապա կհայտնվի ֆանտաստիկ ճնշումների տակ. ծանր դրություն։
Սարգսյանի հույսն այժմ ճակատագրի բարենպաստ հանգամանքներն են ու Ռուսաստանը (ի դեպ, ՌԴ-ի հետ հարաբերությունները զգալի սառել են Ս. Սարգսյանի օրոք)։ Բայց սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Նստել ու սպասել, թե Սարգսյանն ինչ կանի՝ փրկելու համար իր իշխանությունը, իսկ «էջմիածնական միաբաններն» ինչպես կփորձեն վերականգնել «սահմանադրական կարգը», հավասարազոր է համատեղ գործած հանցանքի։
«Վիշապն» իր գործն անում է։ Ուրեմն այստեղից 2 ելք կա՝ կա՛մ համակերպվել և ենթարկվել քաղաքական էֆտանազիայի, կա՛մ էլ՝ դիմադրել։ Միշտ պետք է հիշել, որ եթե դիմադրությունը ներսից չլինի, ապա «օգնության» կգա դուրսը, որն այնքան էլ լավ տարբերակ չէ։ Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ երկիրը սոդոմգոմորացման է ենթարկվում։ Հետևաբար մեզ անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություներ։ Դա նշանակում է, որ պետք է սպանե՛լ «վիշապին», որպեսզի այն չկործանի մեզ։
Անձամբ ես կողմ եմ «վիշապին» սպանելուն, այլ ոչ թե «վիշապին» կառավարողին փոխելուն, և իմ ուժերի սահմաններում հարվածներ եմ հասցնելու գործող համակարգին։
Անդրանիկ Թևանյան