Խմբագրական

30.12.2009 21:14


Ամփոփելով 2009-ը

Ամփոփելով  2009-ը

2009-ը յուրօրինակ ձևով ամփոփեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ։ Նրա հետ մասամբ կարելի է համաձայնել, այն առումով, որ իրոք շատ խելք պետք չէ ներկայիս Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու և իշխանական լծակներին տիրանալու համար։ Հիմա լրիվ ուրիշ որակներ են պահանջվում։ Համ էլ եթե անկախ Հայաստանի քաղաքական գործիչները խելացի լինեին, ապա մենք այսպիսի երկիր չէինք ունենա։ Խոսնակը «ներսի» մարդ է ու մի բան գիտեր, որ ասում էր՝ մոռանալով, որ իր զբաղեցրած պաշտոնը զուտ քաղաքական բնույթի է։ Ինչևէ։

Տարին այնքան էլ հաջող չէր (մեղմ ասած) ներքին և արտաքին  քաղաքական առումներով, ինչպես նաև տնտեսության կտրվածքով։ Նշածս բոլոր ոլորտներում կատարյալ ձախողումներ են, որոնք հիմնականում խորանալու միտում ունեն։ 

Հայ-թուրքականի մասով այնքան է խոսվել ու գրվել, որ ավելացնելու բան չկա։  Ամեն ինչ շատ պարզ է. Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր մի բան, որի միայն արտաքին ու ձևական կողմն էր հաշվարկել (Սարգսյանը գիտեր, որ «ֆուտբոլի» պահով իրեն ցույց կտան միջազգային TV-ներով, ֆոտոխցիկների շխկշխկոցների տակ ինքը կողջունի «Իշտոյանին», «Զանազանյանին», և տիտրերում կգրվի ՀՀ նախագահ), իսկ բովանդակությանը ծանոթացավ հետագայում՝ թուրքերի  ու ադրբեջանցիների օգնությամբ։  Ծանոթացավ ու հիմա փորձում է հետ  քաշվել, բայց «ֆուտբոլը» բռնել է Սարգսյանին այնպես, ինչպես հոսանքահարվելիս է լինում։

Ներքին կյանքում ողջ տարվա ընթացքում շարունակվում էին դեմագոգիան և անհանդուրժողականությունը։ Իշխանությունները կոչ  էին անում բարի լինել, բայց նրանց գործողություններում հիմնականում չարություն էր։ Իշխանությունները կոչ էին անում օրինական լինել, բայց համատարած ապօրինություններ էին թույլ տալիս, և այդպես շարունակ։ Սրանց առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում ձևեր չէին թափում և օրինականության մասին բարձրագոչ հայտարարություններ չէին անում, ապա այժմ, պատկերավոր ասած, նույնիսկ արդուկը միացնելիս տեսնում ես նախագահին կամ վարչապետին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու օրինականության մասին խոսելիս։ Որքան շատ են խոսում, այնքան խորանում են խնդիրները, բայց խոսում են։

Տնտեսական կյանքում իշխանության բուն ծրագրերը չիրականացան։ Խանգարեց ճգնաժամը, որի պատճառներն  առավելապես երկրի ներսում էին։ Ս. Սարգսյանը և նույն ազգանունով վարչապետը փորձում էին կյանքի կոչել «Մեկ օլիգարխի տնտեսության» մոդելը, բայց դիմադրության հանդիպելով՝ առայժմ տեղի տվեցին։ Բանն այն է, որ երբ եկեղեցականի առոգանությամբ, իրականում «ռաբիս» արժեհամակարգի  կրող և կառավարության  նիստերի ժամանակ փողոցային ժարգոնն օգտագործող մեր «դասախոսը» խոստանում է պայքարել օլիգարխների դեմ, նպատակ ունի ոչ թե 30-40 փողատերերի (հատուկ չեմ օգտագործում «օլիգարխ» հասկացությունը, քանի որ ՀՀ-ում օլիգարխ են միայն բարձրաստիճան իշխանավորները, մնացածը խոշոր փողատերեր են, որոնց ձեռքից օլիգարխները փորձում են խլել փողերը և «թոշակ ենք բաժանում» դեմագոգիայի տակ սեփականության վերաբաշխում իրականացնել) Հայաստանը դարձնել ավելի բաց ու մրցունակ, այլ  մեկ մարդու շուրջ ստեղծված գերկենտրոնացված համակարգ ստեղծել։ Իսկ այդ մեկը հասկանալի է, թե ով է լինելու։

Թվում է, թե վատ բան չեն անում, երբ առաջ են քաշում մենաշնորհների կամ մոդայիկ դարձած օլիգոպոլիաների դեմ պայքարի թեզը, բայց երբ պարզվում է, որ դա բոլշևիկյան տրամաբանության շրջանակներում է  լինելու, հասկանալի է դառնում, որ  խոսքն իրականում ազդեցությունների ոլորտի վերաձևման մասին է։ Ուրիշ ոչինչ։

Հիմա եկեք տեսնենք, թե որ ուժի համար 2009-ն ինչպիսին էր, և ինչ լոզունգի տակ անցավ։

Իշխանությունը

 Սերժ Սարգսյանի համար տարին շատ լարված էր։ Նա դրսում «ֆուտբոլ» էր խաղում, Հայաստանի  փողոցներում  պայքարում էր տերպետրոսյանական թիմի դեմ, իսկ իշխանական կուլիսներում փորձում էր հավասարակշռել իշխանության տարբեր բևեռները,  որոնց առանձին շրջանակներ սեփական խաղն էին խաղում, և մինչև այժմ էլ շարունակում են դա։

Սարգսյանն իր հիմնական խնդիրն այս տարի լուծեց. նրա աշխատանքի վայրը շարունակում է մնալ Բաղրամյան 26-ը, բայց նա դեռ չի կարողացել լիարժեք նախագահ դառնալ, ինչպիսին որ ինքն էր, հավանաբար, երազել տարիներ շարունակ։

Ս. Սարգսյանին,  անշուշտ, նյարդայնացնում է այն հանգամանքը, որ իր նախորդները որոշակի ժամանակահատվածում եղել են իշխանական բուրգի անվիճելի և միանձնյա լիդերները, հարաբերականորեն անհոգ կառավարել են, սակայն իրեն դա չի հաջողվում։ Սարգսյանն  ամեն օր պայքարում է աթոռի համար, իսկ նրա նեղ թիմի աչքը ջուր կտրեց՝ «Երբ ենք բաժանելու փողերը» հոգեմաշ սպասումով։

Օլիմպիական չեմպիոն Ազարյանի և դերասան Թոխատյանի մասնակցությամբ տեսանյութերի ջրի երես  դուրս  գալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի շուրջ բացառապես ինտրիգներ են,  որոնք իր շրջապատն է հյուսում, պետական կառավարման մարմիններում  չկա հիերարխիկ ենթարկվածության համակարգ, իսկ ինքը ոչ միայն հանրության լայն շրջանակների, այլ բուն իշխանության ներսում ունի լեգիտիմության դեֆիցիտ, քանի որ չի հանդիսանում անվիճելի առաջատար։ 

Ազարյանի պահվածքը կադրից դուրս ևս մեկ անգամ բացահայտում է իշխանության ներսում տիրող տրամադրությունները։

Հայ  ազգային կոնգրեսը

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար տարին նույնպես լարված էր ու անհաջող։ Երևանի ավագանու ընտրությունները, չնայած կեղծիքներին, ցույց տվեցին, որ ՀՀ առաջին նախագահի կողմնակիցների թիվը նախագահական ընտրություններից հետո զգալիորեն պակասել է։ Կեղծիքներն ավելի մեծ քանակով   եղել էին նաև 2008-ի նախագահական ընտրություններին, բայց այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը Երևանում անհամեմատ շատ ձայներ էր հավաքել, քան մեկ տարի անց։ Նա զիջեց ոչ միայն Գագիկ Բեգլարյանին, այլև ԲՀԿ-ի  ներկայացուցչին։

Երևանում արձանագրված արդյունքները հաստատեցին Հայաստանում գործող օրինաչափությունները. եթե որևէ քաղաքական գործիչ, ով իշխանության հիմնական հակաուժն է եղել, չի կարողացել ձայներին տեր կանգնել, ապա հաջորդ ընտրություններին ձայների քանակի բացասական դինամիկա է գրանցել և հետագայում շարքից դուրս եկել։ Ըստ այդմ՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել, թե որքան ձայն կստանա Տեր-Պետրոսյանի գլխավորած ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Որպես ասվածի հիմնավորում եկեք վերհիշենք ոչ վաղ անցյալի մեր քաղաքական պատմությունն ու անցնենք առաջ։ Այսպես. 1996-ին Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրություններում իշխանության հիմնական մրցակիցն էր, փաստացի հաղթեց Տեր-Պետրոսյանին, բայց չկարողացավ պահել քվեների քանակը և պարտվեց։ Հաջորդ ընտրությանը Մանուկյանը հավաքեց շուրջ 15 տոկոս ձայն, իսկ 1999-ի ԱԺ ընտրություններում արդեն մի կերպ հաղթահարեց 5 տոկոսանոց շեմը։ 2003-ի նախագահական ընտրությունը Վ. Մանուկյանի համար կատարյալ ֆիասկոյի արձանագրում էր. ստացած ձայները 1 տոկոսից քիչ էին։ Հետագա պարտությունների շարքն, ի վերջո, կոտրեցին «Ղարաբաղ» կոմիտեի երբեմնի լիդերին, և նա այժմ Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդում է, կողմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին ու էլի մի քանի հարցերում «պադդերժկա» է անում Կևորկովի նախկին օգնականին։

Մոտավորապես նույն ճակատագրին արժանացավ նաև հակաիշխանական գործիչ և զանգվածների նախկին կուռք Ստեփան Դեմիրճյանը, բայց, ի տարբերություն Վազգեն Մանուկյանի, Դեմիրճյանն այժմ հայտնվել է Տեր-Պետրոսյանի՛ «Հանրային խորհրդում», որը ՀԱԿ է կոչվում, և որը կոմկուսի կամ պոլիտբյուրոյի վերածվելու իրական նախանշաններ է ցույց տալիս՝ իր ներքին փիլիսոփայությամբ չտարբերվելով մեզանում գործող մյուս կոմկուսից՝ ՀՀԿ-ից։

2009-ին Տեր-Պետրոսյանի ղեկավարած կառույցն առավելապես զբաղված էր հայտարարություններ տարածելով և Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությանը գնահատականներ տալով։ Ներքին կյանքը  կարծես մոռացության մատնվեց։ Զանգվածային միջոցառումներն առավելապես կազմակերպվում էին հանգամանքների բերումով, և այդ ամենի մեջ զգացվում էր կրքի, էներգիայի բացակայություն և ալարկոտություն։

Ինչ մնում է հայ-թուրքականին, ապա հետաքրքրական էր, որ ՀԱԿ-ն  այդպես էլ միասնական դիրքորոշում չցուցաբերեց և չէր  էլ կարող ցուցաբերել։

Տեր-Պետրոսյանը մեծ հաշվով ողջունում էր Սերժ Սարգսյանի  քայլերը,  իսկ ՀԱԿ-ի հայտարարություններն ու այդ թիմը ներկայացնող առանձին գործիչներ երբեմն տրամագծորեն հակառակ կարծիքներ էին ներկայացնում և փորձում սրբագրել ՀՀ առաջին նախագահի ասածները։ Արդյունքում քաղաքական դաշտը լղոզվեց, և առաջացավ նոր բաժանում, որն անցնում էր  հայ-թուրքական ներկա գործընթացին կողմ կամ դեմ արտահայտվելու սահմանագծով։ Այդ առումով Տեր-Պետրոսյանն  այնքան հեռու գնաց, որ հիշեց Եղիազար Այնթապցու պատմությունն ու պատրաստակամություն հայտնեց «էջմիածնական միաբան» դառնալ և ընդունել Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ին լավագույն դեպքում  սպառնում է «Արդարություն» դաշինքի ճակատագիրը։ Հայաստանում «սահմանադրական ճանապարհով» գնացող  որևէ հակաիշխանական  ուժի  դեռ չի հաջողվել հասնել արդյունքի։ Պատկերավոր ասած՝ «սահմանադրական ճանապարով»  գնացողները տանից դուրս են եկել և այլևս չեն վերադարձել։ «Տունն» այս պարագայում քաղաքական դաշտն է։

Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ «սահմանդրական ճանապարհով» գնալն իրականում հակասահմանադրական բնույթ ունի, և դրա համար եմ  այդ արտահայտությունը չակերտների մեջ վերցնում։  Երբ դիմացդ կլանաօլիգարխիկ համակարգ է, ապա «սահմանադրական ճանապարհն», ի վերջո, տանում է էջմիածնական միաբանների ուղղությամբ, որտեղով հասցրել են անցնել Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և մյուս «միաբանները»՝ ընդունելով «Եղիազար Այնթապցու» իշխանությունը հանուն «պետական շահի»։ Սա՛ է հայաստանյան չափանիշներով «սահմանադրական ճանապարհի» վախճանը։ Ուրիշ ոչինչ։

Նկատենք, որ «սահմանադրական ճանապարհով» գնացողները 2 հանգրվան ունեն՝ կամ չեն համագործակցում իշխանությունների հետ ու վերածվում են քաղաքական թոշակառուի (Ստեփան Դեմիրճյան, Արամ Զ. Սարգսյան), կամ համագործակցում են իշխանությունների հետ և վերածվում քաղաքական դիակի։

Եթե հայտարարվում է, որ Հայաստանում ավազակապետություն է, բայց հանուն «պետական շահի» պատրաստ ենք էջմիածնական միաբանների նման համախմբվել «Եղիազարի» շուրջն ու 10 տարի հանդուրժել նրա իշխանությունը,  ապա թող այդպես մտածողներն իմանան, որ այդ կեցվածքի հետևանքով «Եղիազարն» ավելի է սանձարձակ դառնալու, և արդյունքում թռուցիկ տարածող երիտասարդները  ծեծվելու են փողոցում։ Դա կյանքի օրենք է.  եթե «էն գլխից» զիջում ես, ապա պատրաստ եղիր, որ քեզ ջարդելու են մինչև վերջ, ինչպես որ Էրդողանն է այժմ վարվում Սերժ Սարգսյանի հետ։

Տեսե՛ք, Սարգսյանը հենց սկզբից «բոբիկացավ»՝ առաջարկելով «էջմիածնական միաբան» դառնալ Ա. Գյուլի համար, այսինքն՝ ընդունել պատմաբանների հանձնաժողովի թուրքական առաջարկը՝ մտածելով, որ ընդառաջ քայլը նրանց կողմից կգնահատվի։ Սակայն թուրքերը դա դիտեցին թուլության նշան, ավելի լկտի սկսեցին իրենց պահել ու հիմա Արցախն են ուզում։

Ասելս այն է, որ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի առումով իրեն պահեց այնպես, ինչպես վերջինս թուրքերի հետ հարաբերվելիս։ Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է. «նախաձեռնող» կողմին է՛լ ավելի ճնշեցին և անհարգալից վերաբերմունք ցույց տվեցին։ Թուրքի հետ հաց կիսած Սերժ Սարգսյանն այդ ամենը լավ է հասկացել և այդ մասին նույնիսկ խոստովանեց ՀՀԿ համագումարում՝ բացահայտ հայտարարելով, որ իրենք արագ են սովորում և հիմա այն չեն, ինչ մեկ տարի առաջ։

Հայ հեղափոխական դաշնակցությունը

Տարին լարված  ստացվեց նաև իշխող կոալիցիայից դուրս եկած Դաշնակցության համար։ Հասկանալի է, որ 10 տարի լինելով իշխանության մեջ՝ դժվար է լինելու անմիջապես ընդդիմադիր դառնալ։ Այդտեղ և՛ օբյեկտիվ,  և՛ սուբյեկտիվ պատճառներ կան։

ՀՅԴ-ում այժմ պայմանականորեն 2 հիմնական թև կամ մոտեցում կա՝ մեկը «պահպանողական» դաշնակցականներն են, ովքեր «ազատ, բայց պատասխանատու» ընդդիմադիր լինելու կողմնակիցներն են, քանի որ բազում թելերով դեռ կապված են իշխանական համակարգի հետ, իսկ մյուսը «հեղափոխական» դաշնակցականներն են, ովքեր ամբողջական ընդդիմություն դառնալու քայլեր անելու կողմնակիցներ են։

Ժամանակը ցույց կտա, թե որ թևը կամ մոտեցումը գերիշխող կդառնա ՀՅԴ-ում։ 2010-ն այդ առումով փորձաշրջան կլինի նրանց համար։ Եթե ՀՅԴ օրակարգում լինի միայն հայ-թուրքական արձանագրություններին «Ո՛չ» ասելը (որն, անշուշտ, շատ կարևոր հարց է),  «Նախագա՛հ, մի՛ զիջիր»-ը և «Նալբանդյա՛ն, հեռացի՛ր»-ը,  ապա առաջիկա համապետական ընտրություններում ՀՅԴ-ն  չի կարողանա լուրջ  խաղացող դառնալ։ Իսկ եթե արձանագրությունների վավերացումը թույլ չտալուց զատ նաև  համակարգային փոփոխությունների խնդիր  դրվի, որի բաղկացուցիչներից պետք է լինի նաև իշխանափոխությունը, ապա Դաշնակցության դերն ու կշիռը հանրության մոտ որակապես կփոխվի։ Հետևաբար, ՀՅԴ-ն  նախ պետք է սկսի իր ներսի «ավգյան  ախոռները» մաքրել, որպեսզի  կարողանա ապացուցել, որ անկեղծ է իր գործողություններում և հայտարարություններում։ Այլապես ճիշտ կլինեն այն ուժերը, որոնք «ընդդիմադիր պրոյեկտ» որակումն են տալիս ՀՅԴ-ին։

Հանուն արդարության ասեմ, որ ՀՅԴ-ի ներկա պահվածքը շատ օբյեկտիվ  պատճառներ ունի։ Դժվար է մեկ ակնթարթում դառնալ լիարժեք ընդդիմադիր ուժ։ Իսկ այն ուժերը, ովքեր ասում են, թե Դաշնակցությունը Սերժի հրաժարականը չի պահանջում, հետևաբար կեղծ ընդդիմություն է, թող հիշեն իրենց անցյալը։

Այսպես. երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, ՀՀՇ-ն, որի առաջնորդն էր ՀՀ առաջին նախագահը, հրապարակավ պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Արարատ Զուրաբյանը վերջինիս շտաբի պետն էր Կենտրոն համայնքում և համատեղությամբ նույն համայնքի թաղապետն էր՝ այսինքն հրաժարական չէր տվել Տեր-Պետրոսյանի հետ միասին։  Հովհաննես Իգիթյանը, ով ՀՀՇ-ն էր ներկայացնում և այն տարիներին ղեկավարում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին, չնայած Տեր-Պետրոսյանի մյուս թիմակիցները ԱԺ իրենց պաշտոնները վայր էին դրել։ Այսինքն, Իգիթյանը, որն այսօր հանդիսանում է ՀԱԿ անդամ, շարունակեց իր գործը, ինչպես որ այժմ Արմեն Ռուստամյանն է  ղեկավարում խորհրդարանի համանուն հանձնաժողովը։ Հանձնաժողով, որը հայ-թուրքականի մասով խորհրդարանական լսումներ կազմակերպեց, և դա էլ իր ազդեցությունն ունեցավ ոմանց խելքի գալու հարցում։

Ի դեպ, 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններից հետո  հայտնի ուժերի պահանջով իշխանությունից հեռացած Տեր-Պետրոսյանը մասնակցեց Քոչարյանի երդման արարողությանը և հրապարակավ շնորհավորեց նրան (էջմիածնական միաբանների ոճով), այլ ոչ թե դատապարտեց ընտրակեղծիքները և միացավ Կարեն Դեմիրճյանին։

Հանուն ճշմարտության նշենք, որ Տեր-Պետրոսյանը չէր կարող միանալ Դեմիրճյանին նաև այն պատճառով, որ Կ. Դեմիրճյանն ի՛նքը ընտրություններից հետո դիմադրության որևէ նշան ցույց չտվեց և 1996-ից այս կողմ նա  նախագահի միակ հակաիշխանական թեկնածուն էր, ով նույնիսկ Սահմանադրական դատարան չդիմեց. մնացած բոլոր ընտրություններից հետո պարտված կողմը դիմել է ՍԴ։

Ի դեպ, Կարեն Դեմիրճյանը հետագայում դարձավ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի «էջմիածնական միաբանը»՝ ինչ-ինչ պատճառներով դաշինք չկազմելով այդ օրերի ակտիվ ընդդիմադիրներ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի  և Էդուարդ Եգորյանի «Ժողովրդավարական Հայրենիքի» հետ։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ 1998-ին Տեր-Պետրոսյանի հեռացումը պաշտոնից «պրոյեկտ» էր։ Իհարկե ոչ։ Դա աբսուրդ է։ Հասկանալի է, որ ժամանակ էր պետք, որպեսզի հետանկախական շրջանի ղեկավարումը ստանձնած ուժը տարանջատվեր գործող իշխանությունից, և ինչպես պարզվեց, մինչև վերջ չէր էլ տարանջատվել, քանի որ 2008-ի ժամանակ բազում ծպտյալներ բացահայտվեցին։ Ինչևէ։

Այս ամենը ներկայացրեցի ոչ թե ՀՅԴ-ի ներկա կամուկաց վիճակն արդարացնելու, այլ «չոր» փաստերի համադրման նպատակով։ Վերջին հաշվով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ճակատագիրը։ Կիսահղի չեն լինում։ ՀՅԴ-ում, կարծում եմ, հասկանում են դա։

2009-ի  ձեռքբերումները

1.Սերժ Սարգսյանի ձեռամբ պայթեց «Սերգո ջանի լավ ապրելու» միակ ճշմարիտ ուղի լինելու թեզը։ Բոլորը տեսան, որ տարիներ շարունակ քարոզված «իմաստուն» արտաքին քաղաքական գիծն իրականում շատ վտանգավոր է, և նույնիսկ այդ գաղափարախոսության մի մասի կյանքի կոչումը հղի է մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներով։

Սերժ Սարգսյանն առանց երկար-բարակ մտածելու գնաց «Սերգո ջանին լավ ապրեցնելու» ուղղությամբ, ձախողվեց և հիմա  ելքեր է փնտրում հետ դառնալու ուղղությամբ։ Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Այս տարի «ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոսները կատարյալ ֆիասկո ապրեցին Սարգսյանի հետ միասին և հավասար պատասխանատվություն են կրելու ներկա վիճակի համար։

2.Պայթեց նաև «նախկինում ԿԲ-ում ծվարած գիտունիկների» մասով փչած փուչիկը։ Հանրությունը համոզվեց, որ տարիներ շարունակ դրսից ուղարկված դոլարներն էժանացնողները և ոսկու պաշարներ վաճառողներն իրականում խոշորագույն դեմագոգներ են և փարիսեցիներ։ 

Ուրուգվայի «փորձը» հաշվի առնող, Գյումրիում «ծով» տեսնող, Դիլիջանում «փող» սարքող, իսկ Ջերմուկում «Առողջարանային հովիտ» կառուցող մեր «միջազգայնագետները» Օստապ Բենդերից շատ քիչ են տարբերվում։ Այդ մասին գիտեին քչերը, բայց հիմա, տնտեսության մեջ արձանագրված արդյունքներից ելնելով, հանրության լայն շրջանակների համար էլ  ամեն ինչ պարզ դարձավ։

Ի դեպ, տարեվերջյան իր ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հավանաբար կմեկնի արտերկիր, որպեսզի բժշկական ստուգման ենթարկվի։ Եթե չեմ սխալվում, նույն վարչապետն ասում էր, թե Հայաստանը միջազգային առողջապահական կենտրոնի է վերածվել։  Բա  էդ ինչպե՞ս է լինում, որ կառավարության ղեկավարն իր առողջությունը չի վստահում մեր բժիշկներին, բայց ուզում է, որ օտարները գան մեզ մոտ բուժվելու։ Վարչապետի ամփոփիչ ասուլիսը կառավարության այդ ծրագրի լավագույն հակագովազդն էր։ Տ. Սարգսյանի արտերկրում բուժվելը մոտավորապես նույնն է, ինչը տեղի ունեցավ հայկական դրամի պարագայում։ Վարչապետը խորհուրդ էր տալիս խնայողությունները պահել դրամով (ինքը, հավանաբար, դոլարով էր պահել, քանի որ գիտեր իր անելիքը), բայց միևնույն ժամանակ մեկ գիշերվա մեջ դրամն արժեզրկեցին 20-22%-ով ու սկսեցին արդարացնել իրենց քայլը։ Իսկ մինչ այդ հասցրել էին հարյուրավոր մլն դոլարներ վատնել պետական պահուստներից։

Նույն երկդիմի պահվածքն ամառային հանգստի մասով էր. կոչ էին անում երկրի ներսում հանգստանալ, բայց իշխանության մեծ մասը դրսում հանգստացավ։

«Կռազի շոֆեր» դառնալու երազանք ունեցող վարչապետն այս տարվա ընթացքում հասցրեց նաև հակագովազդել հայ-չինական համատեղ արտադրության տրակտորը, որը փորձարկելիս նա վթարի էր ենթարկվել վարել չիմանալու պատճառով, իսկ երբ իջնում էր իր մանկության երազանքին ֆունկցիոնալ առումով մոտ գտնվող «նժույգից», հասցրեց նետել, թե Վանաձորի հավաքած տրակտո՞րն ինչ պիտի լինի։ Ու այս մարդը, պատկերացնու՞մ եք, գնացել էր հայկական արտադրությունը խրախուսելու։ Այստեղ են ասել. «Արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ»։ Բայց դե սա էլ ձեռքբերում էր. ազգը ճանաչեց իր «հերոսներին», ինչը կարևոր է հետագա մոլորություններից խուսափելու համար։

Ի՞նչ է սպասվում 2010-ին

         Նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել, որ թուրքերն արձանագրությունները չեն վավերացնելու և սահմանը չեն բացելու։ Այս առումով «լավատեսներ» դեռ կան,  բայց նրանք  կա՛մ պալատական պնակալեզներ են, կա՛մ չկայացած քաղաքագետներ, կա՛մ անտեղյակներ, կա՛մ միամիտներ, կա՛մ անհուսալի քիրվայականներ,  կա՛մ էլ «ի պաշտոնե» թրքաբոլշևիկներ։ 

Փոխարենը լրջագույն ճնշումներ են լինելու Արցախի մասով։ Այս առումով զարգացումները հետևյալը կլինեն. եթե իշխանությունն սկսի «ֆուտբոլ» խաղալ նաև Ալիևի հետ, ապա մենք կունենանք ֆորսմաժորային իրավիճակ և համապետական արտահերթ ընտրական գործընթացներ։ Իսկ եթե Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվի հետ պտտեցնել հայ-թուրքական գործընթացը և դիմագրավել Արցախի ուղղությամբ իրականացվող ճնշումներին,  ապա նրա՝ քաղաքական առումով «գլխի գալիքը»   կլինի 2012-ին։

Ներքաղաքական դաշտում սպասվում են խմորումներ։ Քաղաքական դաշտը, հավանաբար, նոր կոնֆիգուրացիա կստանա։ ՀԱԿ-ը վերջնականապես կկորցնի իր առաջատար դիրքն ընդդիմադիր դաշտում։ Դա արտաքուստ չի երևա, քանի որ միայն ընտրության ժամանակ է ֆիքսվում այս կամ այն ուժի կշիռը, բայց հանրության ակտիվ զանգվածը «մահվան» փաստը կարձանագրի։ «Արդարություն» դաշինքի ժամանակ էլ նույնն էր։ 2003-ին ընդդիմադիր լիդերությունը ստանձնած ուժի ղեկավարը 2007-ին չկարողացավ հաղթահարել ԱԺ ընտրությունների 5 տոկոսանոց շեմը, բայց մինչև այդ ֆորմալ առումով համարվում էր ընդդիմադիր դաշտի առաջամարտիկը։

Այս ամենը հաշվի առնելով՝ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական դաշտի ներկա դասավորվածությունը մնա, քանի որ դա ձեռնտու է իշխող համակարգին։ ՀԱԿ-ն այլևս որևէ կերպ չի կարող խանգարել իշխանության վերարտադրությանը, ուստի նոր շարժում է պետք։ Մենք այժմ ունենք իշխանություն, նրա հետ, մեծ հաշվով, գաղափարական տարաձայնություն չունեցող ՀԱԿ և ընդդիմադիր դաշտում իր տեղը փնտրող ՀՅԴ։

«Ժառանգությունը» կորուստներ կրեց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջին երկու տարում ունեցած հակասական և ոչ միանշանակ պահվածքի պատճառով, և նրանց դերակատարումն առայժմ անորոշ է լինելու, չնայած Ր. Հովհաննիսյանը մշտապես ապացուցել է, որ պատրաստ է կոնսոլիդացվել և աջակցել հանրային ակտիվությանը, ինչը լուրջ արժեք է ցանկացած պարագայում։

ՀՅԴ-ի մասով արդեն նշեցի զարգացումների հնարավոր տարբերակները։ 

Ներքին դիմադրություն չզգալով՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը «կրկի՛ն փորձիր» տարբերակով հարձակվելու են յուրային համարվող սուբյեկտների վրա։ Ասել է թե՝ ՀՀԿ-ի մի թևի ու ԲՀԿ-ի հարաբերությունները կլարվեն։ Սարգսյանը, ձգտելով խլացնել հայ-թուրքականի ձախողումների «զրնգոցները», շեղելու է հասարակության ուշադրությունը՝ «Խոդորկովսկի-2» օպերացիայի փորձ կատարելով։ Կստացվի,  թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց թիրախն արդեն ընտրված է։ Բոլորն էլ հասկանում են, թե ով է լինելու կուլակաթափվողը։ Թե ի՞նչ զարգացումներ կլինեն, կերևա ապրիլից հետո, երբ վերջնականապես կտապալվի «ֆուտբոլը», և  իշխանությունը վիրավոր վագրի պես կսկսի աջուձախ ճանկռել։ Ու քանի որ «էջմիածնական միաբանները» մոտերքում չեն լինի, «կճանկռվեն» կոալիցիոն «ոխերիմները»։ Շատ «զվարճալի» տեսարաններ են սպասվում։

Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա դրա անդամ ուժերի համար 2010-ը լինելու է կողմնորոշման տարի։ Այդ կառույցի  մի շարք ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում դաժան քննադատության են ենթարկում Տեր-Պետրոսյանի քայլերը,  սակայն հրապարակավ այլ բաներ են ասում։ Բայց այդպես երկար շարունակվել չի  կարող։ Դա երկակի վարք է, որը չի տարբերվում իշխանական կերակրամանից օգտվողների վարքից։ Սերժ Սարգսյանը պետության հիմնասյուն է համարում իր գլխավորած ՀՀԿ-ն, իսկ  Տեր-Պետրոսյանի թիմակիցները տարվա գլխավոր ձեռքբերում են համարում ՀԱԿ-ը։ Փաստորեն, երկու ուժերն էլ առաջնորդվում են կոմկուսական տրամաբանությամբ։ Այսինքն՝ քաղաքական  միջավայրում գտնվելը վերածվել է ինքնանպատակի, իսկ լիդերները՝ կռապաշտության օբյեկտի։

Իշխանականներից շատերն էլ մասնավոր զրույցներում խայտառակ որակումներ են տալիս Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությանը, հոնգուր-հոնգուր լաց լինում՝ «Էս ի՞նչ բերեց մեր գլխին» թեմայով,  բայց հենց տեսախցիկ են տեսնում, 180 աստիճանով փոխվում են ու դառնում «Սերժի վկա»։ Ընդ որում, իշխանական պնակալեզների վիճակը շատ բարդ է, քանի որ ՀՀ գործող նախագահն ամեն օր նոր քայլեր է նախաձեռնում, որոնք կարող են էականորեն տարբերվել նախորդ օրվանից, և այդ պայմաններում քծնելը բավական դժվար գործ է դառնում.  դե արի ու  իմացիր, թե տվյալ օրը «քծնելու կոդը» ո՞րն է։ 

Նշված երևույթները վկայում են քաղաքական դաշտի նեխածության մասին։ Այժմ  փորձ է արվում իշխանության և ընդդիմության դաշտը  մենաշնորհայնացման ենթարկել։ Հետևաբար, քաղաքական մենաշնորհների դեմ պայքարը պետք է լինի հասարակության գլխավոր կարգախոսը 2010-ի ընթացքում։

Երկրին անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություններ, և դրա հիմքերը պետք է դրվեն 2010-ին։              

Անդրանիկ  Թևանյան

Հ.Գ.։ Անցնող տարին անձամբ ինձ համար (հուսով եմ՝ նաև մեր ընթերցողների) նշանավորվեց «7օր» կայքէջի ստեղծմամբ։ Ես ուրախ եմ, որ մեր թիմին հաջողվեց կայանալ և ունենալ հազարավոր անդավաճան ընթերցողների բանակ։ Փաստ է, որ բավական կարճ ժամանակահատվածում «7օր»-ն իր կայուն տեղը գրավեց տեղեկատվական դաշտում։ Կարծում եմ, որ մեզ հաջողվել է սեփական դիմագիծը ստեղծել, ունենալ մեր ձեռագիրը և բնավորությունը։

Հարգելի՛ ընթերցողներ,  գալիք տարում կշարունակենք է՛լ ավելի մեծ եռանդով աշխատել։ 2010-ը, ցավոք, բավական դժվար է լինելու, բայց դժվարությունները միայն կկոփեն մեզ, և մենք պետք է  ուժ ունենանք՝ հաղթահարելու բոլոր փորձությունները։

«7օր»-ի ստեղծագործական թիմը հավատում է մեր երկրի ապագային։ Մեր կայքէջի ծնունդը քաղաքացիական և մասնագիտական դիրքորոշում արտահայտելու ձև էր,  լրատվության մատուցման այլընտրանքային տարբերակի մատուցում և բազմակարծության ապահովման միջոց։ Մեր կարգախոսն է՝ ճանաչի՛ր ինքդ քեզ։ Համոզված եմ, որ միայն ինքնաճանաչողությամբ կկարողանանք ՀՀ-ն դարձնել որակապես այլ մակարդակի պետություն։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը