Ի՞նչ անել. ախտորոշում, ախտահանում, սանացիա և սանիտարական հատում
Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը տնտեսական բնույթի է: Պաշտպանության, անվտանգության և մյուս համակարգերին վերաբերող խնդիրներն ածանցվում են տնտեսականից:
Թույլ տնտեսությունը նշանակում է ոչ արդիական բանակ, խոցելի անվտանգություն, արտագաղթող բնակչություն, աղքատության բարձր մակարդակ և այլն: Այսինքն՝ նշանակում է այն, ինչ ունենք հիմա:
1991-ից հետո առաջացած խնդիրները սկզբում ընդունված էր համարել որպես անցումային շրջանին բնորոշ երևույթներ: Հետագայում պարզվեց, որ անցումային շրջանը ոչ մի կերպ չի ավարտվում, քանզի «անցումային» խնդիրները ոչ միայն չեն վերանում, այլ դեռ մի բան էլ խորանում են:
Անկախության ոչ մանկական հիվանդությունները
Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացները ձևավորեցին որոշակի տնտեսական համակարգ, որը ձևով շուկայական է, բայց բովանդակությամբ արևելյան «բազար» է հիշեցնում, որտեղ, մեղմ ասած, կան հավասարներ և ավելի հավասարներ:
Խորհրդային շրջանի և այժմյան տարբերությունն ընդամենն այն է, որ մասնավոր սեփականության ինստիտուտը մեզանում ամրագրված է օրենսդրությամբ, սակայն հիմնական ֆինանսական հոսքերն անուղղակիորեն վերահսկվում են պետության, ավելի ճիշտ՝ պետական իշխանությունը ներկայացնող սուբյեկտների կողմից, ինչը ստեղծում է քվազիշուկայական մթնոլորտ. առկա է իշխանության և խոշոր բիզնեսի սերտաճում:
Այժմ ռեսուրսների սղությունը բերում է մի կողմից իշխանության և բիզնեսի է՛լ ավելի սերտաճված վիճակի, մյուս կողմից՝ սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխման գործընթացի: Արդյունքում՝ մեր երկիրը հայտնվել է անորոշության, տնտեսական ծուղակի և արատավոր փակ շղթայի մեջ:
Որքան շատ են ճնշում բիզնեսին, որպեսզի բավարարեն պետության, ինչպես նաև ֆորմալ ու ոչ ֆորմալ իշխանություն ունեցող մասնավոր անձանց պահանջները, այնքան ավելանում է բյուջետային լարվածությունը, և վատանում բիզնես մթնոլորտը: Որքան ավելանում է բյուջետային լարվածությունը, և վատանում բիզնես մթնոլորտը, այնքան ավելանում է արտաքին պարտքի միջոցով բյուջետային լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը: Որքան ավելանում է արտաքին պարտքը, այնքան Հայաստանը դառնում է «թոշակառու» տնտեսություն ունեցող երկիր և կանգնում «բանկրոտի» վտանգի առաջ:
Անկախության 25-րդ տարում այսպիսի խնդիրների բախվելը նշանակում է, որ մեր պետության ունեցած հիվանդություններն արդեն մանկական չեն, և սպառնում են խրոնիկական դառնալ:
Ախտորոշում և ախտահանում
Հայաստանում պետք է փոխվի տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը: Այսպես ասած՝ ախտահանման ու սանացիայի անհրաժեշտություն կա: Որոշ դեպքերում չէր խանգարի նաև սանիտարական հատումը:
«Ի՞նչ անել» հարցադրմանը հանդիպում ես ամեն քայլափոխի: Անելիքները շատ պարզ են ու, միևույն ժամանակ, բարդ: Նայած, թե ինչ ես անում, ինչու ես անում և ինչպես ես անում:
Պետք է որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել այն, որ մեր երկրի շարժիչ ուժը փոքր, միջին ու խոշոր գործարարությունն է:
Պետական բյուջե «լցնելը» նպատակից կամ ինքնանպատակից պետք է վերածվի միջոցի: Առաջնայինը տնտեսական աճի ու զարգացման հարցն է, բիզնես միջավայրի փոփոխությունը և աղքատության դեմ թիրախային պայքարը:
Քաղաքական ու սոցիալական ինստիտուտների չկայացածության և համապատասխան վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում «Մեծ բյուջեի» քաղաքականությունը դառնում է «լեգալ կոռուպցիայի» գործիք: Այդ գործիքը նպաստում է մեկ պատուհանի սկզբունքով իրականացվող հանրային ռեսուրսների անարդյունավետ բաշխմանն ու մարդկանց նեղ խմբի օգտին ֆինանսական հոսքերի սեփականաշնորհմանը: Անհրաժեշտ է, հետևաբար, մասնավոր ձեռներեցությանն օժանդակել, կամ ավելի լավ կլինի բիզնեսին չխանգարելու մոտեցում որդեգրել:
Մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացնելիս պետք է թիրախային դիտարկել ՀՀ քաղաքացիների գնողունակ պահանջարկը, գործազրկության մակարդակը և աղքատությունը, այլ ոչ թե զուտ ինֆլյացիան և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:
Տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի մեր երկրի մրցունակության բարձրացմանը, որը պայմանավորված է հետևյալ կետերով՝
-շուկայական ինստիտուտների կայացման մակարդակը,
-ենթակառուցվածքների զարգացման մակարդակը,
-մակրոտնտեսական կայունությունը,
-առողջապահական ու կրթական մակարդակը,
-բարձրագույն կրթության որակը,
-աշխատաշուկայի կառուցվածքը,
-գործազրկության մակարդակը,
-ֆինանսական շուկայի զարգացածությունը և թափանցիկությունը,
-ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աստիճանը,
-շուկայի (սպառողների) ծավալը,
-բիզնեսի պաշտպանվածությունը և օրենսդրությունը,
-ինովացիաների ներդրման հնարավորությունները:
Այս բոլոր կետերով կան միջազգային ինդեքսներ, և մեր խնդիրը պետք է լինի այդ ինդեքսների մասով Հայաստանի դիրքերը բարելավելը, որպեսզի ներքին ու հատկապես արտաքին ներդրողները հետաքրքրություն ցուցաբերեն մեր երկրի հանդեպ, այլ ոչ թե սահմանափակեն իրենց ներկայությունը հայկական տնտեսության մեջ և միլիարդավոր դոլարների արտահոսք կազմակերպեն:
Տնտեսական աճի ու զարգացման ապահովման համար կարևորվում է նաև պետության հակամենաշնորհային քաղաքականությունը, որի հիմքում պետք է լինեն ոչ թե հակամրցակցային երևույթների հայտնաբերումն ու տուգանումը, այլ արհեստական մենաշնորհների և հակամրցակցային երևույթների կանխարգելման փիլիսոփայությունը:
ՀՀ քաղաքացին, պետությունը և գործարար միջավայրը
Կրկնելը տվյալ դեպքում անհրաժեշտություն է. ամեն ինչի հիմքում տնտեսությունն է: Իհարկե, ամենակարևորը գաղափարն է, բայց գաղափարն առանց բազայի հնարավոր չէ կյանքի կոչել: Բազան այդ ստեղծում են լավ իմաստով անհանգիստ ու պրպտող մարդիկ, ովքեր դառնում են սեփականատերեր, դիմում են ռիսկի ու լոկոմոտիվի դեր կատարում պետության զարգացման գործում: Շահում են այն երկրները, որտեղ պաշտպանված է մասնավոր սեփականությունը, և ձեռներեցությանը տրված են ազատություններ: Այս առումով հեծանիվ պետք չէ հորինել. հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունը պետք է միտված լինի տեղական արտադրության խթանմանը, արտահանման փոխարինմանը և աղքատության վերացմանը:
Մեր բիզնեսին պետք է տալ ազատորեն գործելու հնարավորություն և ՀՀ քաղաքացիների մեծ մասին վարկային գերությունից ազատելու մեխանիզմներ ներդնել:
Բիզնեսի զարգացմանը նպաստող խաղի կանոններ սահմանելով, մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանության գործուն մեխանիզմներ ստեղծելով, խոշոր բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն ավելացնելով է միայն հնարավոր բիզնես միջավայրի փոփոխություն ապահովել:
Այս ուղղությամբ պետք է նաև կոնկրետ գործողություններ իրականացվեն ընթացիկ ժամանակահատվածում: Մասնավորապես՝
1. Հարկային ողջամիտ բեռի սահմանում և խաղի փոխընդունելի պայմաններ փոքր, միջին ու խոշոր բիզնեսի համար: Հարկային նոր օրենսգիրքը ճիշտ հակառակ տրամաբանությամբ է գրված և ուրեմն, պետք է արմատապես վերափոխվի:
2. Փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթայի ապահովում, ինչը պետք է սկսել ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսից: Անհատ ձեռներեցը կամ փոքր խանութի սեփականատերը հնարավորություն չունեն խոշորին ճնշել ու նրանից հաշիվ-ապրանքագիր պահանջել, բայց մյուս կողմից էլ խոշորին պետք է ազատել «սև» գումարներ «վերևներին» հասցնելու, ընտրությունների ժամանակ փողով ձայներ ապահովելու, պաշտոնյաների արձակուրդներն ու ժամանցը ֆինանսավորելու բեռից, որպեսզի խոշորն ազատվի «կողմնակի» հարկերից, և ամեն ինչ իր տեղն ընկնի:
Եթե օրենսդրական դաշտը հստակեցվի, ու բոլորի համար խաղի նույն կանոնները սահմանվեն, ապա տնտեսական միջավայրը սանացիայի կենթարկվի առանց ցնցումների, իսկ ովքեր դիմադրեն՝ «կընկնեն» սանիտարական հատման տակ:
3. Փաստաթղթաշրջանառության բարելավմանը կնպաստի նաև մաքսային համակարգում, այսպես կոչված, հսկիչ գներից ամբողջությամբ հրաժարվելը:
Նոր կառավարությունը մասամբ է գնացել դրան, սակայն եթե հարկային վարչարարությունը անհրաժեշտ մակարդակի վրա բերվի, ապա անկախ այն բանից, թե որ պետությունից է ներմուծում իրականացվել՝ կարելի է հիմք ընդունել ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը:
Եթե մի պահ ենթադրենք, որ այդ դեպքում ոմանք կփորձեն ցածր արժեքով հաշիվ-ապրանքագիր ներկայացնել, որպեսզի մաքսազերծման համար քիչ գումար վճարեն, ապա, միևնույն է, նույն այդ ապրանքն իրացվելու է ներքին շուկայում բարձր գնով, հետևաբար այլ հարկատեսակներով կարելի է ապահովել բյուջեի մուտքը, ինչի համար, կրկնեմ, համապատասխան որակի հարկային վարչարարություն է պետք ունենալ: Հասկանալի է, որ մեկ օրվա ընթացքում այդ մեխանիզմն ապահովելը դժվար է, սակայն դրան ձգտելը օրակարգային հարց է: Բացի այդ՝ պետությունն իր անկատար հարկային համակարգի գոյության պատճառով չպետք է գործարարների հետ հարաբերվի օրինախախտների կանխավարկածով:
4. Հրաժարվել բիզնեսից կանխավճարներ պահանջելու պրակտիկայից:
Հասկանալի է, որ բյուջեում փողի դեֆիցիտ կա, և կան անհետաձգելի ծախսեր, բայց Կառավարությունն այն բանի համար է, որ ձև գտնի, թե ինչպես կատարել պետության պարտավորությունները, և ինչպես չխանգարել մասնավոր ձեռներեցությանը:
5. Ոչ պակաս կարևոր է ճչացող անարդարությունների դեմն առնելը: Բարոյահոգեբանական վիճակը միայն այդպես է հնարավոր փոխել: Ընդամենը մի քանի քայլ, և կարելի է դրական հույսեր արթնացնել:
Այդ մասին բազմիցս խոսվել է, բայց ավելորդ չեմ համարում հիշեցնելը: Խոսքը պետության ու հանրության հետ փայ մտած «բիզնեսների» դեմն առնելու մասին է:
Փողոցներում կարմիր ներկ շաղ տալու օգնությամբ փող հավաքելըՀՀ քաղաքացիներին նվաստացնող «պրոցեդուրա» է, այլ ոչ թե բիզնես:
Տխրահռչակ արագաչափերը և երթևեկությունը նկարահանող սարքերը պետք է կատարեն ոչ թե հանրության հաշվին մասնավոր անձանց հարստացելու, այլ վթարները կանխարգելող գործառույթ: Պետք է նաև փոխել տուգանքների չափերը՝ համապատասխանեցնելով դրանք ՀՀ քաղաքացիների միջին եկամուտների չափերին:
Հանրության մոտ ռացիոնալ սպասումները միայն այսպիսի քայլերով է հնարավոր առաջացնել:
. . .
Եթե մենք ներքին փոփոխություններ չանենք, ապա դատապարտված ենք լինելու ավելի մեծ մասշտաբի «չորսօրյա պատերազմներ» ստանալու, տարածքային կորուստներ տալու և, որն ամենացավալին է, մարդկային զոհեր ունենալու:
Ինքնին հասկանալի է, որ տնտեսական կյանքի բարելավումը հնարավոր չէ առանց քաղաքական բարեփոխումների, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է: Միայն մեկ բան՝ Հայաստանն այս տարածաշրջանում կա՛մ կլինի ամենապրոգրեսիվ պետությունը, կա՛մ չի լինի ընդհանրապես: Երկրորդ տարբերակը բացառողները պետք է համախմբվեն ու ձգտեն փոփոխությունների:
Անդրանիկ Թևանյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու
Հ.Գ.: Հայաստանի տնտեսության ֆիզիկական ծավալները փոքր են, և մեզ համար մեծ շռայլություն է կորցրած հնարավորություններ ունենալը: Այսինքն՝ մենք տուժում ենք ոչ միայն սխալ քայլերից, այլ նաև չարված ճիշտ քայլերից:
Վերջերս որոշվել է վերաբացել Գյումրիի օդակայանը և թռիչքներ կազմակերպել դեպի Մոսկվա: Դա նշանակում է օդակայանի հարակից ենթակառուցվածքների գործարկում, աշխատատեղեր, որոշակի տնտեսական աշխուժություն և այլն:
Հիմա հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Գյումրիի օդակայանը փակվեց, և ինչո՞ւ փակվելուց հետո չէր վերագործարկվում: Հարցերն ամենևին էլ հռետորական չեն:

Փողոցներում կարմիր ներկ շաղ տալու օգնությամբ փող հավաքելը ՀՀ քաղաքացիներին նվաստացնող «պրոցեդուրա» է, այլ ոչ թե բիզնես: