Կարծիք

27.10.2016 17:55


Կարելի է այլևս չթաքցնել իրական նպատակները

Կարելի է այլևս չթաքցնել իրական նպատակները

Հիշում եմ՝ մոտ մեկ տարի առաջ, երբ սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները թեժ փուլում էին, իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ «ընդդիմադիրներ» մեզ համոզում էին, որ Սահմանադրությունը փոխելուց հետո Սերժ Սարգսյանը չի ձգտի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնին։
«Սերժ Սարգսյանը մեզ վստահեցրել է, որ․․․», - իրար հերթ չտալով՝ հայտարարում էին Դավիթ Հարությունյանը, Արարատ Զուրաբյանը, Գագիկ Հարությունյանը և կարկառուն այլ դեմքեր, թեև Սարգսյանին քիչ թե շատ ճանաչողները և նրա քայլերից հետևություններ անողները զգուշացնում էին՝ սա հերթական թոզն է, որը փչվում է ժողովրդի աչքերին՝ իշխանական աթոռը հավերժ «սեփականացնելու» նպատակով կառավարման համակարգը փոխելու համար։

Էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի հայտարարության մասին․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Բայց դե, ասողին լսող է պետք։ Հիմա էլ, երբ գործն արդեն ավարտված է, կառավարման համակարգը՝ փոխված, կարելի է այլևս չթաքցնել իրական նպատակներն ու «Ալ Ջազիրայի» եթերում չբացառել վարչապետ դառնալու հնարավորությունը։

Եվ այս ամենից զարմանալ կարող են միայն միամիտները, իսկ ահա զայրանալ պարտավոր են բոլորը, քանի որ արդեն անտանելի է դառնում այն իրավիճակը, երբ երկրի ղեկավարի պաշտոնում հայտնված անձը, ում ղեկավարման տարիներին երկիրն արտաքին դաշտում հայտնվել է աութսայդերների շարքում, իսկ ներքին կյանքում՝ մահամերձ հիվանդի կարգավիճակում, հերիք չէ, որ չի ցանկանում ընդունել իր սխալները, փոխել վարվող քաղաքականությունը, նրա շուրջ մարդկանց մի ստվար զանգված է կանգնած, ով, թաքնվելով տարբերի դիմակների տակ, նպաստում է երկրի քայքայմանը և մարդկանց մոլորեցնելով է զբաղված։ Սարգսյանի այս հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ նա չի պատրաստվում հետ կանգնել իր՝ «հավերժ իշխելու» և «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու նպատակից։ Եվ բոլոր նրանք, ովքեր փորձում են նրա հետ «պայմանավորվածություններ» ձեռք բերել, պետք է գիտակցեն, որ այդ պայմանավորվածությունը գործելու է այնքան, մինչև հերթը չհասնի ձեզ, այսինքն՝ շատ կարճ ժամանակ։

Լավ, եթե երկիրը չեք խղճում, գոնե ձեզ խղճացեք ու դադարեցրեք նպաստել «հավերժ իշխելու» ցանկության իրականացմանը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը