Խմբագրական

20.12.2009 18:46


«Նախաձեռնողականության» հաշվեկշիռը

«Նախաձեռնողականության» հաշվեկշիռը

Տարին մոտենում է իր ավարտին, և ժամանակն է  որոշակիորեն ամփոփել այն։ Իշխանությունները 2009-ը սկսեցին «ֆուտբոլային» նշանաբանով, իսկ ավարտում են «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» ինքնապահովագրող և բավական խոցելի բանաձևից կառչած։   Տիտղոսային ընդդիմությունը տարին սկսեց «Մաքրելու ենք» կարգախոսով, իսկ ավարտեց աչքը ջուր կտրած սպասելով Արցախի հարցում արմագեդոնային զարգացումներին ու Եղիազար Այնթապցու «սրտաճմլիկ» պատմությամբ։

Ցանկացած գործունեություն գնահատվում է արդյունքներով։ Իսկ ի՞նչ արդյունքներ մենք ստացանք Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության ոլորտում։ Դիտարկենք իշխանության քայլերի «պլյուսներն» ու «մինուսները», իսկ հետո կանդրադառնանք նաև Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժին, որն առայժմ ընկալվում է որպես հիմնական ընդդիմադիր ուժ։

«Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից առաջ պատկերը հետևյալն էր.

1.Ամբողջ աշխարհով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը լայն թափ էր հավաքել։ Թուրքերն այդ ամենը որակում էին որպես «Հայկական ցունամի»։ Թուրքիայի  հասարակական և քաղաքական շրջանակներն արդեն սկսել էին քննարկել Ցեղասպանության հետ կապված խնդիրները՝ հասկանալով, որ հարցից խուսափելն այլևս անհնար է։ Ի վերջո, Թուրքիայում իշխանության եկած  իսլամիստական ուժերը որդեգրեցին «զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգը, որը նախատեսում էր նաև երկխոսություն հայերի հետ։ Պատահական չէ, որ սկսվել էին գաղտնի բանակցություններ պաշտոնական Երևանի հետ։ Գաղտնիությունը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ գործընթացի հրապարակայնացման փաստն անգամ հնարավորություն էր տալիս թուրքերին ձգել բանակցությունները և մաշեցնել Հայկական հարցը՝ այն շահարկելով և ոչ մի էական երկխոսություն չվարելով, իսկ Ցեղասպանության ճանաչումը կանգնեցնել, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, նրանց չէր հաջողվում մինչև «ֆուտբոլը», և նրանք ընդառաջ ժեստեր էին անում։

Բանն այն է, որ Թուրքիան խնդիր ունի ընդլայնելու իր ազդեցությունը Կովկասում, և մեր հարևանները հասկանում են, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման չեն կարող լուրջ հաջողություն գրանցել եվրոինտեգրացիայի, ինչպես նաև մեր  տարածաշրջանում իրենց դերի փոփոխության մասով։ Ահա այդ հանգամանքներից ելնելով՝ Թուրքիան ճանապարհներ էր փնտրում հայերի հետ խնդիրները լուծելու համար։ Ճիշտ է,  Թուրքիայում միակամություն չկար հայկական, քրդական և այլ կնճռոտ հարցերում (ազգայնական ուժերն ու զինվորականությունը կտրուկ դեմ են իսլամիստների գծին),  սակայն փաստն այն էր, որ Թուրքիայի քաղաքական մեծամասնությունը անհեռանկար էր համարում մասնավորապես  Հայաստանի հետ փակ սահման ունենալն ու դիվանագիտական հարաբերություների բացակայությունը։ Թուրքիայում նկատվող փոփոխությունների մթնոլորտի  հետևանքն էր նաև Օրհան Փամուկի և մյուսների  ի հայտ գալը, Հրանտ Դինքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլն։ 

Հայոց ցեղասպանության հարցում թուրքական քաղաքական վերնախավը միայն մեկ ընդհանուր տագնապ ուներ, թե ի՞նչ է հետևելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և արդյոք հայերն  ունե՞ն հողային պահանջներ, թե՞ ոչ։ Սա «սևրաֆոբիայի» յուրօրինակ դրսևորում է թուրքերի մոտ, որն այնտեղ ձևավորվել է Սևրի պայմանագրի կնքման հետևանքով։

Նկատենք, որ թուրքերին մտահոգող վերը նշված հարցերի միասնական և հստակ պատասխան չունի նաև հայկական կողմը, և դա մեր պետական  կառավարման համակարգի լրջագույն բացերից է։

Այս հարցում մեզանում կան ծայրահեղ մոտեցումներ։ Ունենք ուժեր, որոնք Ցեղասպանության ճանաչման հարցը դուրս են դնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Ասում են՝ թող Սփյուռքը զբաղվի դրանով։ Նրանց պատասխանենք, որ հրե՛ն  Սերժ Սարգսյանը փաստացի հանել է Ցեղասպանության հարցը։ Եվ ի՞նչ։ Սփյուռքը կարողանո՞ւմ է արդյունքի հասնել։ Իհարկե ոչ։ Եվ չի կարողանալու, քանի որ միջազգային իրավունքում Սփյուռքը սուբյեկտ չէ։ Ցեղասպանության դատապարտման պահանջատերը նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի։ Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է և կարող է օժանդակել ՀՀ-ին, բայց միայն այն դեպքում, երբ մենք պետականորեն հետապնդենք այդ հարցը։

Ցեղասպանության ճանաչումը մեր օրակարգից դուրս տեսնող ուժերն իրականում ճողոպրում են ազգային խնդիրներից։ Դա պարզ դասալքություն է։ Փախուստ։ Դա նույնն է, որ մեկի երեխային կամ մորը սպանեն, իսկ սպանվածի ծնողը կամ զավակը հայտարարի, թե մարդասպանին պատասխանատվության ենթարկելու հարցը չի մտնում իր օրակարգի մեջ, և թող  այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող  հարազատները զբաղվեն այդ խնդրով։

Հարց եմ տալիս. այդ ինչպե՞ս է, որ ՀԱԿ-ն արդարացիորեն հետամուտ է մարտի 1-ի 10 զոհերի մեղավորների բացահայտմանը և նրանց պատժելուն և այդ հարցը դարձրել է իր  օրակարգային թիվ մեկ խնդիրը, պետությունից էլ պահանջում է ազգային հերոսի կոչում տալ սպանվածներին, բայց միլիոն ու կես զոհերի հարցը դուրս է դնում պետության օրակարգից։ Ընդ որում, 1,5 միլիոնը զոհ է գնացել թուրքական ֆաշիզմին, որը համամարդկային դատապարտման խնդիր է, ինչպես որ դատապարտելի է թեկուզև մեկ մարդու կյանքից զրկելու փաստը։ Մի խոսքով, Ցեղասպանության հարցը պետության օրակարգից հանելը որևէ քննադատության չի դիմանում։ Պատկերացնու՞մ եք, որ Իսրայելում գտնվի մի ուժ, որը հայտարարի, թե Հոլոքոստը պետք է դնել մի կողմ։ Այդ ուժն անմիջապես կլիկվիդացնեն։ Ինչևէ։

Այն, որ Թուրքիան պետք է ճանաչի ու հատուցի հայերի ցեղասպանության համար, աներկբա է։ Իսկ թե հատուցումն ի՞նչ բնույթ պետք է կրի, արդեն քննարկման հարց է։ Ոմանք անգամ Կիլիկիան են պահանջում։ Ես կարծում եմ, որ դա իրատեսական մոտեցում չէ։ Միգուցե ռոմանտիկ է, բայց իրատեսական չէ։ Չպետք է մոռանալ, որ Սևրի պայմանագիրն էլ շատ ռոմանտիկ էր, բայց մե՞ջն ինչ։ Գնացինք 160 հազար քառակուսի կիլոմետրի հետևից, բայց չստացանք 120 հազարը։ Ալիևը հիմա իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես մերոնք 1920 թվին։ Արդյունքում ոչինչ չի ստանում «ռազմատենչ» Հեյդարիչը և Սարգսյանին հնարավորություն տալիս «ֆիդայական» երգեր երգելու՝ օրենսդրական փոփոխությունների գնալու սպառնալիքների տեսքով։

Այսօր պետք է մտածել մեր վերահսկողության տակ գտնվող 42 հազար քառակուսի կիլոմետրը պահելու և զարգացնելու մասին։ Այ դա՛ է իրատեսական քաղաքականությունը։ Իսկ դրան հասնելու համար պետք է թուրքերին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը, նպաստել թուրք ժողովրդի դենացիֆիկացիային և նրանց հետ քննարկել հատուցման իրատեսական տարբերակները, իսկ Ադրբեջանի մասով զսպել հակառակորդի ախորժակը՝ մրցունակ, տնտեսապես դինամիկ զարգացող և ժողովրդավարական պետություն կառուցելով, ինչպես նաև տարանջատելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները միմյանցից։ Դրան կարելի է հասնել տարիների հետևողական աշխատանքով։ Ովքեր դեմ են ազգային ճիգերի գործադրմամբ մեր խնդիրները լուծելու տարբերակին, որն այլընտրանք չունի, սովորական դասալիքներ են, թրքաբոլշևիկներ, ու տեղ չպետք է ունենան հանրային կյանքում։ Ովքեր գտնում են, որ քանի Թուրքիան ու Ադրբեջանը չեն բացել իրենց սահմանը, մենք զարգանալու շանս չունենք, իրականում փլուզման են տանում մեր պետությունը և չեն հավատում մեր երկրի ապագային։ Հեշտ կյանք բոլորս էլ կուզենայինք, բայց ի՞նչ անենք, երբ ալիևները Զանգեզուրի վրա են աչք տնկում, երբ քնած հայ սպային գլխատում է Ադրբեջանում տիրող հակահայկական հիստերիան։ Խաղաղությո՞ւն մուրանք։ Բայց խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են։ Նրանց պետք է ստիպենք, որ մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ունենան։ Ինքնամոռաց քիրվայությունը հաստատ չի նպաստում դրան։ Ընդհակառակը։

2.Առաջին կետում նշված գործընթացներով պայմանավորված՝ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգից գրեթե դուրս էր մնացել Արցախի  հարցը։ Կենտրոնացած լինելով Ցեղասպանության հետ կապված միջազգային ահռելի ճնշումներին դիմագրավու խնդիրների վրա՝ թուրքական կողմը տարանջատել էր հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից։

Ինչպես հայտնի է, 1993-ին տեղի ունեցած Քարվաճառի (նախկին Քելբաջար) ազատագրման գործողությունից հետո Թուրքիան փակեց սահմանները, և դրանով նպատակ ուներ ծնկի բերել Հայաստանին։ Դա նրանց մոտ չստացվեց։ Ավելին,  տարիների ընթացքում Թուրքիան հասկացավ, որ Հայաստանն առանց այդ սահմանի էլ կարող է լուծել իր տնտեսական խնդիրները, և եթե իրնեք ցանկանում են բարձրացնել Թուրքիայի կշիռը, ապա կարիք չկա Արցախի հարցի հետ շաղկապել հայ-թուրքական երկխոսության հարցը։ Դա էր պատճառը, որ մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունը Թուրքիան ծպտուն չէր հանում Արցախի մասով, և նույնիսկ Բաքու-Ջեյհան նավթային նախագծի շահագործումը չավելացրեց թուրքական կողմի ցանկությունը՝ հօգուտ Ադրբեջանի բացահայտ և ագրեսիվ կերպով միջամտելու Արցախի հարցին։

Թուրքական քաղաքական և փորձագիտական շրջանակներն արդեն եկել էին այն եզրակացության, որ Արցախի հարցը տեսանելի ապագայում լուծում չունի, ուստի անիմաստ է հարևան Հայաստանի հետ զրոյական հարաբերությունների պահպանումը։

Այդպիսով, թուրքական շրջանակները կամաց-կամաց տարանջատում էին  Հայաստանի հետ հարաբերության հարցն Արցախից, և հետագա զարգացումները (դա կարող էր տարիներ տևել, բայց դրա այլընտրանքն  այն է, ինչը հիմա տեսնում ենք) բերելու էին նրան, որ Թուրքիա՛ն նախաձեռնող դառնար Հայաստանի մասով ճիշտ նույն սցենարով, ինչը տեղի ունեցավ Իսրայելի և Եգիպտոսի հարաբերություններում։

Հիշեցնեմ, որ Եգիպտոսը, տեսնելով, որ Իսրայելը ծնկի չի գալիս արաբաիսրայելական  հակամարտության արդյունքում և իր ազգային շահերը մինչև վերջ պահում է,  որոշում կայացրեց տարանջատվել ընդհանուր ճակատից և սեպարատ կարգով գնաց Իսրայելի հետ իր հարաբերությունների կարգավորմանը։ Հատկանշական է, որ Եգիպտոսի ղեկավար Անվար Սադա՛թը նախաձեռնողական դարձավ, այլ ոչ թե իսրայելական կողմը։ Եվ դա հասկանալի էր, քանի որ արաբաիսրայելական ասիմետրիկ հակամարտության պարագայում Իսրայելի կողմից ցանկացած նախաձեռնողականություն հավասարազոր կլիներ ինքնասպանության։ Մինչև Ա. Սադաթի նախաձեռնող դառնալն, ի դեպ, տեղի էր ունեցել արաբաիսրայելական չորս պատերազմ, որտեղ Իսրայելը պարտադրեց նույն եգիպտացիներին տարանջատվել իսրայելապաղեստինյան հարաբերություններից, և այսօր Եգիպտոսն ու Իսրայելն ունեն նորմալ հարաբերություններ։

Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ ունենք մենք «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո։

1.Սերժ Սարգսյանն այնքան էր ուզում օրիգինալ երևալ և իր իշխանությունն ամրապնդել, որ Գյուլին Երևան հրավիրելու հետ մեկտեղ «էն գլխից» բոնուս առաջարկեց թուրքերին՝ հայտարարելով, որ եթե իր հրավերքն ընդունվի, ապա հայկական կողմը կհամաձայնի Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի թուրքական առաջարկին։ Այդ պահից սկսած  մեր «նախաձեռնող» նախագահը կորցրեց գործընթացների վրա իր ազդեցությունը։ Սարգսյանի առջին ելույթը հետագայում փորձ արվեց սրբագրել, թե իբր պատմաբանների հանձնաժողովի մասով ճիշտ չի հասկացվել նախագահը, բայց դա դեռ ոչինչ։ Սերժ Սարգսյանը հետագայում անհեռատեսություն պետք է ունենար Գյուլի օժանդակությունն Արցախի հարցում դրական գնահատելու մասով։ Այդ պահից սկսած դեպքերը զարգացան վատթարագույն սցենարով, քանի որ թուրքերը լեգիտիմ հնարավորություն ստացան քննարկելու Արցախի հարցն ամբողջ աշխարհով մեկ։

Հայ-թուրքական հարաբերությունների հրապարակայնացմամբ՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց պառակտում մտցնել հայության տարբեր հատվածների, քաղաքական տարբեր շրջանակների, իշխող կոալիցիայի մեջ, և միևնույն ժամանակ միավորել թուրքական քաղաքական շրջանակներին և թուրք հասարակությանը, որոնք հայկական հարցում պառակտված էին մինչև տխրահռչակ «ֆուտբոլը»։

Թուրքիայում Սարգսյանի «ֆուտբոլային» քայլը գնահատեցին ոչ թե Հայաստանի կողմից որպես բարի կամքի դրսևորման, այլ թուլության նշան։ Այնտեղ արդեն դադարեց բանավեճը հայկական թեմայով։ Հայկական հարցում ամենահանդուրժողական իսլամիստներն ու Թուրքիայի լիբերալ շրջանակները, ովքեր հայերի հանդեպ մեղմ գծի կողմնակիցներ էին, դարձան «բազե»։ Ասել է  թե՝ Թուրքիայում դրական շոկ ապրեցին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունից», և անցան գրոհի. այդպիսի նվերից չէին հրաժարվի անգամ օրհանփամուկները, ովքեր նույնպես վերածվեցին հայերի հանդեպ կոշտ գծի կողմնակիցների։ Պարզ է՝ եթե դիմացինդ մուրացկանի քաղաքականություն է վարում, ապա ինչո՞ւ պետք է նրա հետ հավասարը հավասարի պես խոսել ու հարգել։

Պատմաբանների հանձնաժողովի թեմայի արծարծումն արդեն շանս տվեց թուրքերին փաստացի դադարեցնել Հայոց ցեղասպանության հետ կապված ցունամին և Հայաստանի համար առաջացնել «թուրքական ցունամի»,  որի «պրեզենտացիան»  տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի նախօրեին, իսկ փաստաթղթավորումն այս տարվա հոկտեմբերի 10-ին՝ ցյուրիխյան թշաքաշքշոցներով համեմված։  

Հիմա Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ Հայաստանում կա «նախաձեռնող» և «ֆուտբոլասեր» իշխանություն։ Բոլորն էլ հղում են անելու հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին ու լվանալու են իրենց ձեռքերը։ Իսկ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար միայն զգացմունքային հարց չէ, ինչպես որ սխալմամբ կարծում են ոմանք։ Դա մեր անվտանգության հարցն է։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել (իսկ դա հնարավոր է միայն միջազգային ճնշման և Հայաստանի կարծր դիրքորոշման միջոցով) Հայոց ցեղասպանությունը, այդ պետությունը պոտենցյալ վտանգ է ներկայացնում մեզ համար՝ ուզենք, թե չուզենք։ Սա՛ է իրողությունը։

Այսպիսով, «Ֆուտբոլային» դիվանագիտությունը հնարավորություն տվեց թուրքերին ստանալ իրենց հետաքրքրող 2 նախապայմանները՝ կապված Ցեղասպանության և սահմանների հետ։ Դրանից հետո թուրքերի ախորժակն ավելի բացվեց, և Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով» Թուրքիան ակտիվացավ Արցախի հարցում։

2.«Նախաձեռնողականության» «օգուտն» այն էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային օրակարգային  հարցի մակարդակից իջեցվեց հայ-թուրքական միջպետական վիճելի հարցի մակարդակի։ Փոխարենն Արցախի հարցը տարածաշրջանային սառեցված հակամարտության մակարդակից բարձրացավ միջազգային օրակարգային թիվ մեկ խնդիրների մակարդակի։

Մեր ընդդիմախոսներն այս պնդումներին հակադարձում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը չի հանել Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից՝ վկայակոչելով ՀՀ նախագահի առիթ-անառիթ բարձրաձայնումներն այդ թեմայով։ Բնականաբար, որևէ մեկը չի պնդում, թե նախագահն ուրացել է Ցեղասպանությունը (չնայած կան նաև այդպիսի տեսակետ ունեցողներ), բայց ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, որով նախատեսվում է պատմական հարթության երկխոսություն՝ Ցեղասպանության հարցը դարձել է միջպետական բնույթի հավերժ վեճի առարկա. թուրքերն ասելու են՝ չի եղել, իսկ մենք՝ հակառակը։ Այլ պետություններն արդեն չեն ուզենա խառնվել այդ վեճին և հարմար առիթ կունենան խուսափելու դատապարտումից, քանի որ Թուրքիան ավելի ազդեցիկ երկիր է, քան մենք, բայց նույն այդ ուժերը ֆորմալ տեսակետից չեն կարող չդատապարտել Հայոց ցեղասպանությունը, որը համամարդկային հարց է։ Այլ երկրների դատապարտումը մեզ անհրաժեշտ է ոչ այնքան մեր հոգեկան բավարարվածությունն ապահովելու, որքան Թուրքիայի հետ մեր ասիմետրիկ վիճակը շտկելու և, ի վերջո, Թուրքիայի՛ն Ցեղասպանությունը ճանաչել տալու համար։

 Այժմ մենք ականատեսն  ենք թուրքական ճնշումների, որոնք արտահայտվում են ՀՀ անվտանգությանն սպառնացող Արցախի շուրջ տեղի ունեցող ոչ հայանպաստ զարգացումներով։ Թուրքիան հիմա բոլորի հետ քննարկում է Արցախի հարցը և պահանջում միակողմանի զիջումներ հայկական կողմից՝ փաստացի կապիտուլյացիա։ Այս ամենը չկար «ֆուտբոլից» առաջ։  Հիմա կա։

Փաստորեն, «նախաձեռնողականության» հաշվեկշիռը Հայաստանի համար բացասական է։ Երբ այս ամենի մասին նախազգուշացվում էր և կոչ էր արվում զերծ մնալ սխալ քայլերից, մեզ ասում էին, թե դուք դե՞մ եք բաց սահմաններին։ Ո՛չ, հարգելի՛ «ֆուտբոլասերներ», դեմ չենք։ Ընդհակառակը։ Հարցը գնի ու բաց սահմաններին հասնելու տեխնոլոգիայի մեջ է։ Շտապողականությունն այստեղ ամենավատ «գործընկերն» է։ Իսկ այսպիսի  շուտափույթ «նախաձեռնողականության» հետևանքով այդ սահմաններն է՛լ ավելի ամուր են փակվելու, հայ-թուրքական սառեցված վիճակը վատանալու է, և միջպետական լարվածությունը մեծանալու է (Էրդողանն ակնարկել է այդ մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիայում անլեգալ 50 հազար հայ առևտրական կա, ու, բացի ցամաքայինից, կա նաև օդային սահմանի հարց), իսկ Արցախի մասով վտանգավոր զարգացումներ են լինելու։ Ահա այդպիսին էր «նախաձեռնողականության» բուն էությունը։

«Հեղափոխական» այն օրերին, երբ Հայաստանում «Թուրքիայի օրեր» էին հայտարարված («մտավորականներն» ու «քաղաքական» գործիչներն անգամ  չգիտեին, թե ու՞մ քծնեն՝ Սերժի՞ն, թե՞ Գյուլին. ամեն ինչ իրար էր խառնվել), մեզ ասում էին, թե ՀՀ նախագահը խիզախ գործիչ է։ Երբ ասում էինք, թե այդ «խիզախությունը», մեղմ ասած, անհեռատեսություն և դիվանագիտական դիլետանտիզմ է, իշխանության հաստիքային ու արտահաստիքային պնակալեզները հակադարձում էին, թե Սերժ Սարգսյանին պարզապես նախանձում են «Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր, բայց չկարողացավ, Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում, իսկ ՀՀ երրորդ նախագահն ուզում և կարողանում է» թեմաներով։

Այժմ, երբ նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել իր սխալը, մի անհեթեթ  պատասխան են գտել, թե «Չի սխալվում նա,  ով ոչինչ չի անում»։ Բայց ներողություն, դա նույնն է,  որ մարդիկ բարձրահարկ շենքի 15-րդ հարկում փակված լինեն բնակարանում ու երբ որոշեն հայտնվել դրսում՝ ձգտելով հաստատել «բաց սահման» բնակարանի և դրսի միջև, նրանցից «ամենաիմաստունն» առաջարկի, թե եկեք դուռը բացելու ուղղությամբ չաշխատենք, այլ անմիջապես թռչենք պատուհանից և շատ կարճ ժամանակահատվածում կհայտնվենք դրսում։ Դա կլինի տվյալ առաջարկն անող «լիդերի» ոչ թե խիզախության, այլ հասկանալի է, թե ինչի  նշան։ Ու  երբ մի քանիսը լսեն «խիզախին» ու ցած նետվեն պատուհանից, և պարզվի, որ վայրկյաններ անց մահանալու են, կարո՞ղ է արդյոք պատուհանից  նետվելու «նախաձեռնողականության» առաջարկ անողին արդարացնել «Չի սխալվում նա,  ով ոչինչ չի անում» ձևակերպումը։ Իհարկե ոչ։ Բա էլ ու՞ր մնաց բանականությունը և լիդերի՝ անվտանգություն ապահովելու գլխավոր գործառույթը։ Բայց չէ՞ որ այժմյան «նախաձեռնող» իշխանությունը մեզ նույն վիճակում է դրել Թուրքիայի մասով, ինչը 15-րդ հարկից ցած նետվելու և «բաց սահմանին» հասնելու «հնարամիտ» առաջարկի պարագայում կլիներ։

Ամփոփենք. հայ-թուրքական «ֆուտբոլային» գործընթացը հիմնովին ձախողվել է, և դա հասկացել են նաև  իշխանությունները ու հիմա փորձելու են «հայրենասիրություն» խաղալ և պալատական սազանդարի վերածված՝ «քաղաքագետ-թուրքագետ-վերլուծաբանների» միջոցով շրջանառության մեջ դնել գործընթացի տապալման «քրդական» վարկածը,  թե՝ բա չեք ասի, Թուրքիայում ֆորս մաժոր եղավ, քրդերի հարցը «մեյդան» ընկավ, ու դրա համար թուրքերը չեն ուզում վավերացնել արձանագրությունները։

Բայց մեկ է, ինչ էլ անեն՝ չեն կարողանա կոծկել ֆիասկոն, որի վերջակետը կդրվի հաջորդ տարվա ապրիլի 24-ին, երբ Սերժ Սարգսյանի «հույսի տան ներկայացուցիչների» վերածված ամերիկացիները չեն արտաբերի «ցեղասպանություն» բառը, չեն կարողանա ճնշել թուրքերին, որպեսզի նրանք վավերացնեն արձանագրությունները, և, հետևաբար, հայ-թուրքական սահմանը կմնա փակ։ Դրա դիմաց մենք կունենանք Արցախի հարցի շուրջ լարվածություն։ Եվ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլասեր» դառնա նաև Արցախի մասով, ապա 1998-ի տերպետրոսյանական ճակատագիրը կկրկնվի արդեն իր հետ, բայց մի փոքր այլ տարբերակով։

Միակ դրականը հայ-թուրքական ներկա գործընթացում այն է, որ թուրքերի ու ադրբեջանցիների պարզունակության ու «կացնային» դիվանագիտության շնորհիվ կհաջողվի զերծ մնալ մեզ համար բացասական սցենարներից։ Ուզած-չուզած սարգսյանական թիմը պետք է հետ պտտեցնի «ֆուտբոլն» ու որդեգրի կեղծ հայրենասիրական հռետորաբանություն. այլ բան չի մնում։ Ճիշտ է ասված, թե հայրենասիրությունն ում վերջին հանգրվանն է։ Ոչինչ, դա չարյաց փոքրագույնը կլինի։ Իսկ մեծ շտկումները տեղի կունենան հետագայում։

Եվ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանը գործնականում ցույց տվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Սերգո ջանի լավ ապրելու» կործանարար հայեցակարգը։ Մեր ժողովուրդը տեսավ, թե իրականում ինչպիսի՜ վտանգներ է իր մեջ  պարունակում «շուտափույթ քիրվայության» գաղափարախոսությունը։ Գաղափարախոսություն, որի տապանաքարը կդրվի «ֆուտբոլային» ֆիասկոյին զուգընթաց։ Սա էլ է այն դրականը, որն ունեցանք «ֆուտբոլի» արդյունքում։

Պետք է հստակեցնել մեկ շատ կարևոր բան. հայ-թուրքական ներկա վտանգավոր զարգացումների հիմնական պատասխանատուն ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությունն է, այլ նաև բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ թունավորել են  հայաստանյան մթնոլորտն իրենց հանձնողական քարոզով։ «Ֆուտբոլի» մայրամուտը նաև ա՛յդ ուժերի մայրամուտն է, և դա զգալով է, որ նրանք, շունչները պահած, անհանգիստ սպասում են։ Հավերժ սպասում...

«Ֆուտբոլն» ինքնամոռաց ձևով ողջունած և Նոբելյան մրցանակի հասցեատիրոջ դարդն անող ուժերը հասկանում են, որ Ս. Սարգսյանի տապալումը նաև իրենց է վերաբերելու (նրանց կողմից պատմաբանների հանձնաժողովի կետի մատնանշումն ավելի շուտ ձևական քննադատություն է, քանի որ այդ կետի մասին Սարգսյանը բարձրաձայնել էր գործընթացի ամենասկզբում, և եթե դա այդքան սկզբունքային կետ էր, ապա հետագայում Սերժի քայլերը ողջունած ուժերը դա չպետք է անեին. չէ՞ որ պարզ էր, որ Գյուլը պատմաբանների հանձնաժողովի սարգսյանական լյափսուսից օգտվելու էր, և ուրեմն փարիսեցիություն է «ֆուտբոլը» ողջունելն ու միևնույն ժամանակ «պատմաբաններին» դեմ արտահայտվելը, քանի որ դրանք ի սկզբանե շաղկապված են եղել Սերժ Սարգսյանի սխալի պատճառով)։

Հայ-թուրքականի մասով իշխանությունն ու ՀԱԿ-ն այժմ սիամական երկվորյակների են վերածվել, և յուրաքանչյուրի վիճակը մյուսի վրա անմիջական ազդեցություն է ունենալու։ 

Տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» դարձավ, որպեսզի ներքին լեգիտիմության բացը լրացնի արտաքին լեգիտիմությամբ։ Դա ճիշտ, բայց թերի տեսակետ է։ 2008-ի խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» քայլերը ցույց էին տալիս, որ նա ներքին լեգիտիմության դեֆիցիտը փորձում է հաղթահարել նաև իր քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսելու ճանապարհով։ Այդ երկխոսությունը պարտադիր չէ, որ Արթուր Բաղդասարյանի տարբերակով լիներ։ Սարգսյանն իր գործողությունների զինանոցում ընդգրկեց այն, ինչը  խոստանում էր անել Տեր-Պետրոսյանը։ Եվ հեռակա երկխոսության այդ առաջարկն ընդունվեց. Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունեց Գյուլի գալը,  հետաձգեց հանրահավաքը, մեծ հաշվով կողմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ Ավելին, դրական գնահատեց այն, որ Արցախի հարցը շաղկապված է հայ-թուրքականի հետ, որը ֆորմալ առումով չէր ընդունում նույնիսկ Սերժ Սարգսյանը՝ բնազդաբար հասկանալով, որ սխալ է հայ-թուրքականն Արցախի հարցին կապելը։ Իսկ ամենավերջում առաջին նախագահը հիշեց Եղիազար Այնթապցուն, բայց արդեն ուշ էր, քանի որ Սերժ Սարգսյանի մոտ, հանգամանքների բերումով, «հայրենասիրության» փուլ էր սկսվել, և թերևս Ալիևի օգնությամբ կշարունակվի։

Չգիտեմ, թե որքանո՞վ էր խորը վերլուծված Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների վարքագիծը մեր օրերի հետ զուգահեռելու պահը, բայց Տեր-Պետրոսյանն ակամայից  դրական գնահատեց Արթուր Բաղդասարյանի ԱԽՔ-ացումը մարտի 1-ից առաջ։ Դատե՛ք ինքներդ. Ա. Բաղդասարյանը, հղում անելով Տեր-Պետրոսյանի ասածներին,  հիմա կարող է արդարանալ,  թե ինքն էլ է էջմիածնական միաբանների պես վարվել  և Սերժ Սարգսյանին դիմել է հետևյալ ձևակերպմամբ. «Եղբա՛յր, նախագահ ես ուզում լինել, արի դարձիր, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր պետությունը»։ Մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ էին համակերպվել էջմիածնական միաբանները փառամոլ և իշխանատենչ Եղիազար Այնթապցու իշխանության ձգտման հետ և նրան ընդունել որպես Ամենայն հայոց կաթողիկոս։ Միաբանների այդ քայլը, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, ազգային մտածողության ամենալայնախոհ ու իմաստուն դրսևորումներից է հայ ժողովրդի ողջ պատմության մեջ։ Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը շարունակում է իմաստուն քայլ անողների ավանդույթը։  Եթե հիշում եք, Բաղդասարյանն իր միանալը Սարգսյանին հիմնավորում էր այն բանով, որ եթե ինքը դա չաներ, ապա մարտի 1-ի զոհերն ավելի շատ կլինեին։ Այսինքն, Եղիազար Այնթապցուն Արթուրը հիշել էր դեռ այն օրերին և «իմաստուն» քայլ էր կատարել։ Նմանատիպ մի  «իմաստունության»  շրջանակներում տեղի ունեցավ նաև Արտաշես Գեղամյանի՛ միաբանումը Սերժ Սարգսյանի հետ։ Այժմ երևի եկել է մյուսների «իմաստունության» պահը։ Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել...

   Անդրանիկ    Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը