Քաղաքական

19.10.2010 16:23


ՀՀԿ–ականը ՀՀՇ–ականին մեղադրել է՝ չծնեի՛ք

ՀՀԿ–ականը ՀՀՇ–ականին մեղադրել է՝ չծնեի՛ք

-Ասում են՝ կոռուպցիան ՀՀՇ-ի ժամանակ կար։ Իհարկե՛ կար,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։-Կոռուպցիան կրիմինալ աշխարհի և իշխանավորի կամ իշխանության սերտաճումն է։ Եղել են այդպիսի դեպքեր, եղել է պայքար և այդ մարդիկ, որոնք գործից էին հեռացվում, որոնք նստում էին։ Այսօր Հայաստանում կոռուպցիա չկա  այդ դասական իմաստով։ Այսօր չկա սերտաճում կրիմինալի և իշխանության։ Այսօր ինքը՝ կրիմինալը, մտել է իշխանություն։ Եթե այն ժամանակ մեկը ասում էր՝ լավ է, ես ծանոթ նախարար կունենամ, իր միջոցով կփորձեմ այս կամ այն պատառն ունենալ՝ իրեն էլ համապատասխան վճարելով մի մասը, հիմա ի՛նքն է դարձել նախարար, ի՛նքն է մտել այդտեղ, և իրեն պետք  չէ արդեն որևէ մեկին խնդրել։ Ինքն է դասավորում ամեն ինչ թե՛ իր, թե՛ իր բարեկամների, իր տղայի համար։ Եվ այն ռազբորկաները, որ դուք տեսնում եք, նշանակում է, որ որոշ մարդիկ կան հենց իրենց մեջ, որոնք համաձայն չեն այս կամ այն բաների հետ։ Էն ժամանակ մեկը մի քիչ ավելի փող էր տալիս, ենթադրենք, իր հարցը լուծվում էր։ Հիմա ինքն արդեն չունի այդ տեղը, որ փող տա։ Ինքը պետք է վերացնի այս մարդուն։

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը «ՀՀՇ-ի ժամանակ կրիմինալը սերտաճած էր իշխանության հետ, իսկ հիմա ողջ իշխանությունն է հանցավոր» հայտարարությունը ծիծաղելի է համարել։

-Այն ժամանակվա իշխանության մեջ, ես բոլորին չեմ ասում, բայց ակնհայտ հանցագործներ կային։ Անուններ չեմ ուզում տալ, ինձանից լավ գիտեք։ Այն, որ այս տանձը, խնձորն իմն է, այստեղ ոչ ոք իրավունք չունի ուտի, այն ժամանակվա ասացվածքներից է,-ասել է Մ. Բադեյանը։-Որ իշխանությունը ոտքից գլուխ կոռումպացված էր հենց այն ժամանակ, և իշխանության մեջ կային շատ մարդիկ, որ ուղղակի հանցագործներ էին, բոլորդ էլ գիտեք։

-Հանցագործները շարունակում են մնալ իշխանության մեջ։ Հիմա ձե՛րն են իրենք,-ի պատասխան հայտարարել է Հ. Իգիթյանը։

-Չծնեի՛ք,-մեղադրել է Մ. Բադեյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հավելել է, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին գործարարներին արգելված էր մտնել ԱԺ.

-Այսինքն՝ մենաշնորհ էր ՀՀՇ-ն յուրացրել՝ դու իրավունք ունես, դու իրավունք չունես, քեզ թողնում եմ, քեզ չեմ թողնում։ Էն ժամանակ պիտի գնային, «դաբրո» խնդրեին, ասեին՝ հոպա՛ր ջան, կարելի՞ է՝ ես դառնամ դեպուտատ. ՀՀՇ-ն էլ ասեր՝ լա՛վ, քեզ կարելի, է, բայց քեզ չի կարելի։ Ա՛յ, այսպիսի «դեմոկրատական» պայմաններում էինք մենք այն ժամանակ։

Ի դեպ նշենք, որ 1999թ. Խաչատուր Սուքիասյանի հետ միասին Մ. Բադեյանն այն գործարարն է եղել, որ անցել է խորհրդարան։ «7օր»-ի հարցին՝ «Հետևաբար դուք «դաբրոյո՞վ» եք դարձել ԱԺ պատգամավոր», Մ. Բադեյանը պատասխանել է.

-Չէ՛, ես կյանքում ոչ մեկից «դաբրո» չեմ խնդրել։ ՀՀՇ-ն ո՞վ էր, որ ինձ «դաբրո» տար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը