Լրահոս

07.10.2010 14:56


ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել գրավոր հայտարարություն։ Դրանում ասված է.

Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երեւում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:

Բարձր գնահատելով այն փաստը, որ մինչ այժմ Հայաստանում ոչ մի  ադրբեջանցի գերու մահվան դեպք չի գրանցվել' Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանական Հանրապետությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ պահանջում է Ադրբեջանից' իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնեւյան կոնվենցիաների եւ ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված' խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է անում Ադրբեջանին այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավել միջազգային անկախ փորձագետների:

Ադրբեջանական պաշտոնական վարկածը, թե իբր Մանվել Սարիբեկյանի մահը եղել է ինքնասպանության հետեւանք' փորձ է խուսափելու պատասխանատվությունից, մինչդեռ Ադրբեջանական Հանրապետությունը, ինչպեսեւ նրա այն պաշտոնատար անձիք, որոնց պատասխանատվության ներքո է գտնվել Մանվել Սարիբեկյանի կյանքն ու անվտանգությունը ուղղակի պատասխանատվություն են կրում նրա մահվան կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը