Խմբագրական

29.11.2009 00:28


Մեթոդական ցուցում մեծապատիվ մուրացկաններին

Մեթոդական ցուցում մեծապատիվ մուրացկաններին

Երևի գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներքին և արտաքին  քաղաքականություն վարելու  հստակ  հայեցակարգեր չունի։ Նա առաջնորդվում է բացառապես «օրվա կուրսով»։

Երեկ Արտաշես Գեղամյանը  «դատարկ դհոլ»  էր Ս. Սարգսյանի (և ոչ միայն նրա) համար, իսկ այսօր Մամիկոնիչը կարող է հրավիրվել ՀՀԿ-ի 12-րդ համագումարին և «մին լյավ» «նվագել» Սարգսյանի պատվին։

Երեկ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ոխերիմ թշնամին էր  (համենայնդեպս այդպես էր ներկայացվում 2006-2008 թթ հատվածում), ով  2007-ին բրիտանական դիվանագետի հետ բամբասում էր Ս. Սարգսյանից, իսկ 2008-ի հեղափոխական օրերին կասկածում էր նախագահի թեկնածու Սարգսյանին՝ իր սպանության պատվերը տալու մեջ, իսկ այսօր ՕԵԿ նախագահը նույնպես հրավիրված է «կոմկուսի» 12-րդ համագումարին՝ մինչ այդ հասցնելով ԱԽՔ-անալ։

Այդպիսի բազում օրինակներ կարելի է բերել, որոնք ցույց են տալիս ՀՀԿ-ի ղեկավարի (և ոչ միայն նրա) սկզբունքայնությունը, ում «այո»-ն «այո» է, և «ոչ»-ը՝ «ոչ»:

Նույնն է վիճակը նաև արտաքին քաղաքականության առումով։ Սերժ Սարգսյանի մոտեցումները տատանվում են «Ծովից  ծով Հայաստանից» մինչև «Բաքու-Երևան–Անկարա տրանզիտ» տիրույթում։ Մի օր Աբդուլա Գյուլը կամ  քաղաքական ընդդիմախոսների գաղափարները կարող են  ոգեշնչել «նախաձեռնող» այդ մարդուն, իսկ մեկ այլ օր՝ Վուդրո Վիլսոնը կամ Ֆրանց Վերֆելը։  Ասել է թե՝ ՀՀԿ-ի առաջնորդը մեկ հայտնվում է հայրենասիրական, մեկ՝ քիրվայական «պրիստուպների» մեջ. նայած թե ի՞նչն  է տվյալ պահին հնարավոր և ինչպես իրենց կպահեն Էրդողանն ու Ալիևը։

Ի դեպ, հայրենասիրությունից դեպի քիրվայություն և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ներքաղաքական կյանքի «թշնամիների» ու «բարեկամների» գնահատականներում Ս. Սարգսյանի անցումներն այնքան արագ են տեղի ունենում, որ պալատական սազանդարներն ու քաղաքական պնակալեզները պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե ո՞ր թեմայով հաճոյախոսեն Հոֆմանի ստեղծագործության հայտնի հերոսին հիշեցնողին։ Արդյունքում՝ մեծապատիվ մուրացկանները հաճախ թարս բաներ են անում։ Այսինքն, երբ որ պետք է  ասել, թե «Թուրքը մնում է թուրք», ոմանք առաջ են տանում «Կեցցե՛ հայ-թուրքական «ֆուտբոլը»» լոզունգը, որը տվյալ պահին կարող է նախագահականի առաջնահերթությունը չլինել։

Լինում են դեպքեր, երբ քծնողների բրիգադը լսում է Սերժ Սարգսյանի որևէ հայրենասիրական ելույթ ու շտապում հաջորդ օրն այդ ենթատեքստով «սապոնվել»  ՀՀԿ ղեկավարին։ Բայց որտե՞ղից իմանան այդ նույն քծնողներից շատերը, որ ՀՀ նախագահի մոտ «Ծովից ծով» տեսլականն արթնացել էր «հեռավոր» նախորդ օրը,  իսկ հաջորդ օրը լրիվ ուրիշ  պատկեր է ու այնքան էլ չի ողջունվում «Ոչ մի թիզ հող» մոտեցումը և պետք է դատապարտել հողապաշտությունը՝ այն որակելով որպես հնամաշ ու հետադիմական մտածողության հետևանք։

Այո՛, շա՜տ ծանր է քծնողների գործը։ Նրանք, փաստորեն, իրենց  հանապազօրյա հացը վաստակելու համար պետք է ամեն օր ուշի-ուշով հետևեն ներքաղաքական և միջազգային զարգացումներին, ինչպես նաև սարգսյանական «պրիստուպներին», որպեսզի «ճիշտ» եզրակացություններ անեն։ Իսկ դա, համաձայնե՛ք, այնքան էլ հեշտ գործ չէ. գլուխդ կարող է պտտվել։ Հետևաբար անհրաժեշտ է օգնել կոշտ «ռ»-ով մտավորականներին, քաղաքական կարիերիստներին, «սկզբունքային»  ընդդիմադիրներին, պոտենցյալ գեղամյաններին  ու սկսնակ շուլլերներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն տնտեսական ճգնաժամի այս դժնդակ ժամանակաշրջանում։ Փորձեմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել մեր հասարակության այդ շերտին։

Եվ այսպես, խնդիրը լուծելու համար՝ կարծում եմ արդյունավետ ու արդարացի կլինի, որ նախագահականից ամեն օր ցուցումներ իջեցնեն, թե տվյալ պահին հայրենասիրությա՞ն, թե՞ քիրվայության  փուլն է, որպեսզի մարդիկ իմանան իրենց գլխի գալիքը։ Այստեղ թափանցիկություն է պետք և ազատ մրցակցային դաշտի ապահովում բոլորի՛ համար։ Պետք է բացառվեն օլիգոպոլիաներն այս ոլորտում, չլինեն արտոնյալ պնակալեզներ՝ այսպես կոչված մոնոպոլ քծնող–օլիգարխներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է սկսի իր բարեշրջումները հենց այս «ապրանքային շուկայից»։ Քծնողների հոծ բանակի յուրաքանչյուր անդամ պետք է հավասար պայմաններում լինի։ Ինչպես որ դոլարի փոխարժեքն է ամեն օր փոփոխվում և ցուցանակները հիշեցնում են այդ մասին ու մարդիկ իմանում են գնե՞ն, թե՞ վաճառեն դոլարը, այնպես էլ գովերգման «կուրսը» պետք է տեսանելի և հասանելի լինի բոլորին։ Կարելի է «պռես-ռելիզներ» պատրաստել ու տարածել ԶԼՄ-ներով։ Այդ դեպքում մարդիկ, առանց հոգեբանական էքսցեսների, կիմանան, թե այդ օրը ֆիդայակա՞ն երգեր երգեն, թե՞ թուրքական մուղամներ քաշեն։

Օրինակ այս պահին իշխանությունների մոտ հայրենասիրության շրջան է, և կարելի է սրտի ուզածի չափ գովերգել Սարգսյանին՝ նրան համեմատելով հողեր գրավող Տիգրան Մեծի հետ, ինչպես նաև առանձնակի դաժանությամբ բարձրաձայնել ցեղասպանության մասին, քանի որ հիմա Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու փուլը չէ։ Բայց կրկնեմ՝ այս պահին։ Հնարավոր է, որ իշխանության տարատեսակ քծնողները, երբ կարդան այս հոդվածը և շտապեն քաղաքական ելույթ ունենալու, ասուլիս կազմակերպելու, հոդված գրելու կամ հարցազրույց տալու՝ իրավիճակն արդեն փոխված լինի ու նրանց ջանքերն ըստ արժանվույն չգնահատվեն։ Այդ դեպքում  ինձ մեղադրել չարժե։ Ես այս պահի համար էի ասել։

Նկատենք, որ քծնողների, ծախվածների և պոտենցյալ ծախվողների բանակը, հասկանալի պատճառներով, այժմ բաժանվում է երկու հիմանական  խմբերի՝ «հայրենասիրական» և «քիրվայական»։ Հանդիպում ենք նաև երկու դաշտերում խաղացող թափառաշրջիկների, որոնցից ոմանք դեպուտատ-մեպուտատ դառնալու սուր ցանկություններով են տառապում։

Քծնողների առաջին՝ «հայրենասիրական» խմբի մոտեցումները, որոնք երբեմն դեմագոգիայի և ապուշության շեդևրներ են հիշեցնում, տեղավորվում են հետևյալ բանաձևերի մեջ. «Սերժը շատ լավն է։  Լևոնը շատ վատն է։ Ռոբերտը վատը չէր։ Հայ-թուրքական արձանագրությունների միջոցով Հայոց ցեղասպանության փաստն ավելի շուտ է ընդունելու Թուրքիան։ Թուրքը մնում է թուրք, բայց Սերժ Սարգսյանը ճիշտ քայլեր է արել։ Ես դեմ եմ թուրքերին, բայց նախագահին ստիպել են գնալ այդ քայլերին. տեսա՞ք, թե ովքեր էին հավաքված Շվեյցարիայում։ Հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն Արցախի հիմնախնդրի հետ։ Հայ-թուրքական «ֆուտբոլը» առանց նախապայմանների է (ի դեպ՝ «առանց նախապայմանների» բառակապակցությունը կրկնվում է թութակի համառությամբ- Ա. Թ.)։ Ղարաբաղցի Սերժը չի հանձնի Ղարաբաղը։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոնն է։» և այլն։

Քծնողների երկրորդ՝ քիրվայակա խմբի բառաֆոնդի բաղկացուցիչներից են. «Սերժը շատ լավն է։ Լևոնը լավ ընդդիմություն է ու ճիշտ կլինի, որ Սերժն ու Լևոնը երկխոսեն միմյանց հետ։ Էս երկրի ամեն վատ բանի մեղավորը Ռոբերտն է։ Կեցցե՛ հայ-թուրքական «ֆուտբոլը»։ Հայ-թուրքական այսօրվա վիճակի հիմնական պատասխանատուն Քոչարյանն է (եթե զգում եք՝ այստեղ հակասություն կա. հա՛մ ասում են կողմ ենք հայ-թուրքական փաստաթղթին, հա՛մ մեղադրում են, իրենց գնահատմամբ, այդ փաստաթղթի կնքահայր Քոչարյանին-Ա. Թ.)։ Օսկանյանն էլ պակաս մեղավոր չէ։ Հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան և դա դրական է, քանի որ միանգամից Արցախի հարցն էլ կլուծվի։ 21-րդ դարին անհարիր են փակ սահմանները։ Առանց բաց սահմանների մենք զարգանալու հնարավորություն չունենք։ Նախագահը շատ համարձակ քայլի է գնացել։ Սերժ Սարգսյանը երկրի այս վիճակի համար պատասխանատու է այնքանով՝ որքանով։ Ս. Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել Քոչարյանից։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Քոչարյանն է»։  Այս խմբի ներկայացուցիչները վերը նշված նախադասություններից կարող են հանել «Սերժը շատ լավն է»-ն, ինչը սակայն չի խանգարում նրանց հայտնվելու քծնողների համքարության կազմում։ Սրանք փորձում են իբր ընդդիմադիր ձևանալ, որպեսզի գին բարձրացնեն։

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Եղիազար Այնթապցուն հիշելուց հետո, շատ մոդայիկ  է դարձել 2-րդ խմբի «գաղափարներով» Սարգսյանին քծնելը։ Այդ խումբն այսպես կոչված «էլիտար» քծնողներին է ներկայացնում, քանի որ նրանք հիմա ավելի մեծ պահանջարկ են վայելում ու ավելի լավ վարձատրվում՝ ի համեմատ  «հայրենասերների»։

«Էլիտարներն»  այժմ Սարգսյանին քծնում են «չերեզ» Լ. Տեր-Պետրոսյան, ու որպեսզի պահեն իրենց «ընդդիմադիր» իմիջը՝ կատաղի հարձակվում են Ռոբերտ Քոչարյանի վրա։

Դատելով ամենից՝ Քոչարյանին հայհոյելը դուր է գալիս և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին,  ու հայհոյողը գործունեության լայն «ֆռոնտ» է ունենում՝ հաճույք ստանալու և կույս մնալու թեմաներով։ Սարգսյանին քծնող «ընդդիմադիրները»,  Քոչարյանին անարգանքի սյունին գամելով, «կույս» են մնում Լևոնի, իսկ «հաճույքն» ապահովում են Սերժի պահով, ով «տակից» խրախուսում է հակաքոչարյանական հռետորաբանությունը։ Այսինքն քծնողների «էլիտար» ու «ընդդիմադիր»  բրիգադը ներկայանում է որպես Լևոն Տեր-Պետրոսյանին համակրող, ողջունում առաջին նախագահի պետական մտածողությունը (Եղիազարին հիշելու պահով) և օգտվելով ստեղծված իրավիճակից՝  «լեգիտիմորեն» նետվում գործող նախագահի գիրկը։

Որսորդությամբ զբաղվող ու արջի պատմություններ անող Քոչարյանին քննադատելը հիմա ամենաանշառ ու հեշտ գործն է։ Այն որ Քոչարյանն արժանի է քննադատության՝ անվիճելի է։  Այն որ Քոչարյանի օրոք վերջնական տեսքի բերվեց անկախության առաջին շրջանից ձևավորվող կլանաօլիգարխիկ համակարգը (վաղամեռիկ Էդուարդ Եգորյանն այդ համակարգն անվանում էր «նոմենկլատուրային կապիտալիզմ»)՝  նույնպես անվիճելի է։ Բայց օրվա իշխանության խայտառակ ձախողումներին, նրա՝ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու վտանգավոր ծրագրերին և տիտղոսային ընդդիմության սխալներին անդրադառնալը թողած հիշել միայն ու բացառապես երկրորդ նախագահին՝ գեղամյանության պես մի բան է։

Ուշադիր հետևեք հայտնի կամ սկսնակ «մտավորականներին», լրագրողներին, քաղաքական կոչված գործիչներին և կարող եք ինքներդ դասակարգել, թե այս կամ այն մարդը մեծապատիվ մուրացկանների ո՞ր շերտն է ներկայացնում։ Իսկ նույն այդ մուրացկանները, ովքեր ուզում են քաղաքական դաշտից  դեպի «տաշտ» տեղափոխվել՝ թող, ելնելով վերը նկարագրված մեթոդական ցուցումներից,  համապատասխան վարքագիծ ընտրեն ու հիշեն, որ ՀՀԿ-ի «այո»-ն «այո» է, և «ոչ»-ը՝ «ոչ»: Դե ձեզ տեսնենք։

Անդրանիկ    Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը