Հարցազրույց

06.10.2010 17:40


Արամայիս Միրզախանյան.

Արամայիս Միրզախանյան.

Հարցազրույց Շվեդիայի Արքայական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի հետ։

-Պարո՛ն Միրզախանյան, մոտ մեկ տարի առաջ ստորագրվեցին հայ-թրքական արձանագրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս 1 տարին և ի՞նչ հետևանքներ ունեցան այդ արձանագրությունները։

-Նախ նշեմ, որ ես այն մասնագիտությունը չունեմ, որ կարողանամ մասնագիտական գնահատական տալ, բայց ես կարող եմ ընդհանուր կարծիք հայտնել։ Բոլորս էլ հասկացանք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու նրա հետագա գործընթացը ձախողվեց պարզապես սխալ մեկնարկի հետևանքով։ Միգուցե լավ էր այն առումով, որ այս գործը չհաջողվեց։ Հիմա  արդեն ժամանակ կա, որ մեր ժողովուրդը խորհի ու ավելի կազմակերպված այս գործը շարունակի և այս անգամ մասնակից դարձնի նաև Սփյուռքի մասնագետներին։

-Իսկ ի՞նչ հետևանք ունեցավ այս գործընթացն ըստ ձեզ։

-Հետևանքն այն էր, որ թուրքերը կարողացան որոշ պրոպագանդիստական դիվիդենտ շահել և ամբողջ աշխարհին (ԱՄՆ-ին և այլն) հայտարարել, թե տեսեք՝ մենք հայերի հետ ուզում ենք համագործակցել։ Եվ երբ հայկական հարցը ուղղակի դրվում էր այլ երկրների առաջև, նրանց ներկայացուցիչներն ասում էին, թե հայերն ու թուրքերն իրենք արդեն իրենց գործերն անում են, մի՛ խառնվեք։ Հենց ԱՄՆ պետդեպարտամենտն էր նման հայտարարությամբ հանդես գալիս և այլն։ Այդ ամենը թուրքերը ցանկանում էին կորզել հայերից, որպեսզի մյուսների ձեռքերը հեռու մնան, ինչպես նախկինում հայկական հարցն էր, երբ Եվրոպան ասում էր՝ «թողեք՝ հայերն ու թուրքերն իրենց գործերը կանեն, մի՛ խառնվեք»։ Այս իրողության մեջ, փաստորեն, թուրքերը շահում են այդ առավելությունը։ Նրանք ցույց են տալիս, թե աշխատում են, ուզում են հարաբերություններ կարգավորել, և վերջում էլ ցույց տվեցին, թե հայե՛րը չեն ուզում, այնինչ իրենք էին չուզողերը և իրենք էին Ղարաբաղի հարցը անհարկի մտցնում հայ-թուրքական հարաբերությունների մեջ, և գործընթացն էլ իրենք տարան փակուղի։ Ինձ թվում է՝ շատ լավ էլ ստացվեց, որ փակուղու գնաց։ Մենք ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը, ժամանակ կունենանք ավելի խելացի լինել, ավելի մասնագետ լինել, որովհետև այս հարաբերությունները սկսելուց հետո Սփյուռքի բավականին կարկառուն մասնագետներ արձագանքներ արեցին։ Հիմա ավելի շատ ժամանակ կա. թող հիմա հավաքվեն և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի մասնագետները, և այս հարցերը մի լավ նայեն ու ժողովրդին էլ մասնակից դարձնեն, հետո նոր թուրքերի հետ աշխատեն։ Թուրքերը արհեստավարժ դիվանագետներ են։ Հայերս սխալ ենք  գնահատում, թե նրանք դիվանագիտություն չգիտեն։ Նրանք շատ բան գիտեն և մեզնից էլ լավ են աշխատում։

-Այն օրերին, երբ հայ-թրքական արձանագրությունները ստորոգրվում էին, իշխանական քարոզչամեքենան աջ ու ձախ քարոզում էր, թե Հայաստանի և Սփյուռքի շահերը կարող են տարբեր լինել, որ Սփյուռքը չպետք է խառնվի հայ-թրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից էլ Սփյուռքի նախարարություն է ստեղծվել։ Ի՞նչպես եք գնահատում իշխանությունների նման մոտեցումը և արդյոք իրեն արդարացնո՞ւմ է Սփյուռքի նախարարությունը։

-Կարող է և ինչ-որ տեղ  շահերը տարբեր լինեն, բայց այն իմաստով, որ Հայաստանում մարդիկ ապրում են այս հողի վրա, ունեն օրվա հացի խնդիր, նրանք ուզում են իրենց տնտեսական խնդիրները լուծել։ Բայց հարց է, թե պետությունը, որն իրեն անկախ է հայտարարում, կախված է հայ-թուրքական սահմանի՞ց։ Բա դա ի՞նչ անկախություն է։ Կամ եթե սահմանը բաց լինի, հայերը պետք է լի ու բո՞լ ապրեն, ինչպես առաջին նախագահն  էր ասում. «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»։ Այո՛, Սփյուռքը դեմ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները լավ լինեն, բայց Սփյուռքն այն զանգվածն է, որը հայրենիք է կորցրել՝ Արևմտյան Հայաստանը, որ իրենց տատերին ու պապերին ցեղասպանության են ենթարկել այնտեղ, իրենց մշակույթն ու լեզուն են կորցրել այնտեղ։ Եթե այսօրվա իշխանությունները մտածում են միայն նյութական առավելության մասին, ապա մենք մտածում ենք նաև մեր պատմության  ու մշակույթի մասին։ Կարող են իրոք շահերը տարբեր լինել, բայց մենք այնքանով մասնակցության մաս ունենք, որքանով մեր հողը չենք ցանկանա թույլ տալ ձրիաբար բաշխել թուրքերին։ Ո՛չ, դա մեր Հայաստանն է՝ մեր պապերի տունն ու տեղն է։ Վանում, Մուշում մեր պապերի այգիներն են ու հողերը։ Ի՛մ պապի հողն է։ Ո՞վ կարող է դա բաշխել թուրքերին։

Իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը պարզապես կառուցված է Սովետական Հայաստանի ժամանակ Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի ոճով։ Իրոք։ Բայց տարբերությունն այն է, որ այն ժամանակ դա չէր հայտարարվում պետական կառույց, իսկ հիմա բացեիբաց ասվում է, թե պետական կառույց է, որովհետև նախարարությունը պետության մաս է կազմում, և բոլոր ծախսերը հոգում են պետական բյուջեից, իսկ մենք արտասահմանում պարզապես հասարակական միություններ ենք և ոչ մի պետական ստատուս չունենք։ Սփյուռքը իշխանություն չունի։ Պարզապես անհատներ են, բայց ոչ պետական կարգավիճակով, այդ պատճառով մեր աշխատանքը չի ստացվում։ Գովազդ շատ է արվում, բայց աշխատանք չի կատարվում։ Ես ոչ մի բան չունեմ այդ նախարարության նկատմամբ, և լավ կլինի, որ լավ աշխատի, օգտակար աշխատանք կատարի։ Բայց այս ձևով արդյուքն չկա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում մեծ գովազդներ են կատարվում, մեծ ելույթներ են ունենում, բայց եկեք չափավոր լինենք։ Հատուկ մարդիկ կան Սփյուռքից, գալիս են այստեղ գովաբանելու։ Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ շողոքորթում են, և դա արջի ծառայություն է ժողովրդին։ Դա իմ կողմից առնվազն չի ընկալվում։

-ՀՀ տիտղոսակիր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե չընդդիմացավ ՀՀ իշխանությունների «ֆուտբոլային» դիվանագիտությանը և նույնիսկ ողջունեց։ Ի՞նչ եք կարծում,  ընդդիմության և իշխանության գաղափարական նույնությունը տեսնելով՝  նոր ուժի ստեղծման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

-Ես ուզում եմ պարզ արտահայտվել։ Այսօրվա թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն երկաթուղու երկու զուգահեռ գծերն են, որ զուգահեռ այդ լոկոմոտիվը տանում են։ Գնացքի վագոնները  գնում են գաղափարական երկու զուգահեռների վրա։ Հսկայական տարբերություն կա՝ ճեղք հարուստի և աղքատի միջև։ Այսօր Սփյուռքի գիտակից մարդու համար անընդունելի է, որ Հայաստանում երեխան դասագիրք գնելու համար փող չունենալու պատճառով չի կարողանում գնալ դպրոց։ Այդ փաստը Հայաստանի առաջին հեռուստաալիքն էր ցուցադրում, ես չեմ հորինում։ Այն երկրում, որտեղ ծնողը երխայի համար դասագիրք գնելու գումար չունի, այդ երկիրը չի կարող ժողովրդավարական կոչվել։ Սուտ է։ Այնպես որ, թե՛ լևոնտերպետրոսյանական ընդդիմությունը, թե՛ իշխանությունը նույն երկաթուղու զուգահեռ գծերն են, տարբերություն չկա։ Ուստի ավելի առողջ, ավելի առաջադեմ մտածող ուժերի ստեղծման անհրաժեշտությունն  անպայման կա։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը