Խմբագրական

30.12.2015 11:30


«7 օրը»՝ թվերով. 2015–ի ռեկորդի պատճառը Սերժ Սարգսյանն էր

«7 օրը»՝ թվերով. 2015–ի ռեկորդի պատճառը Սերժ Սարգսյանն էր

Ավարտին է մոտենում 2015–ը։ Եվս մի քանի ժամ, և մենք ճանապարհ կդնենք ոչ հեշտ տարվան։

«7 օրը» մշտապես, ինչպես ասում են, ձեռքը պահել է պուլսի վրա։ Մենք հավատարիմ ենք մնացել մեր ոճին ու ընթերցողին ներկայացել ենք մեր վաղուց կայացած դիմագծով։

Եթե փորձենք թվերով ներկայացնել կայքի տարեկան գործունեությունը, ապա, ըստ «Գուգլ անալիտիկսի», կունենանք հետևյալ պատկերը.

–Դիտվել է 12.056.874 էջ,

–էջերի «ունիկալ» դիտումները՝ 10.345.651,

–ընդհանուր մուտքերի քանակը՝ 4.789.023։

Ամենաընթերցվածը «Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց» հոդվածն է, որը կարդացվել է 32.374 անգամ։ Հոդվածը վերաբերում էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգությանը և Սերժ Սարգսյանի արձագանքին, ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը։

Այդ հոդվածը, թերևս, հայաստանյան մեդիա դաշտում խփել է քաղաքական թեմայով հրապարակումների բոլոր ռեկորդները, քանզի հավաքել է 24.400–ի կարգի «share»։ Կարծում ենք, որ հսկայական նշանակություն է ունեցել վերնագիրը, ինչը մարդկանց մեծ մասի ցանկությունն է եղել։

Եթե այդ հոդվածն ընթերցվածության առումով ռեկորդային էր, ապա, միևնույն ժամանակ, հակառեկորդային էր Սերժ Սարգսյանի համար, ով ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերեց Ավետիսյանների ընտանիքի սպանության ժամանակ ու դրանից հետո։

Ինչ վերաբերում է ամենաընթերցված մյուս նյութերին, ապա առաջին հնգյակի մեջ են մտել հետևյալները՝

«Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն» (17.658 դիտում),

«Մեխված, չագուչված և նալված «Էջմիածնի Սիմոնը»» (10.514 դիտում),

«Նաիրի Հունանյանի վերադարձը» (9.331 դիտում),

«Սեյրան Սարոյանի արձագանքը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը» (9. 180 դիտում)։

Ուշագրավ է, որ թեև «Ծուռ հայելի» խորագիրը վաղուց չի թարմացվում, սակայն շարունակում է մեծ պահանջարկ վայելել մեր ընթերցողների մոտ։ Տարվա ընթացքում այդ բաժինն այցելել են 9.419 անգամ։

«7 օրի» ընթերցողների աշխարհագրությունը շատ լայն է։ Ընդհանուրի մոտ 75 տոկոսը ՀՀ–ից է։ Մնացած 25 տոկոսը ներկայացնում է մոտ 80 պետություն։ Արտերկրի այցելուների մեծ մասը Ռուսաստանից է, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից և Գերմանիայից։

Գալիք տարում մենք կձգտենք բարելավել ցուցանիշները։ «7 օրը» ոչ ստանդարտ լրատվամիջոց է, ունի իր հստակ առաքելությունը, որի մասին խոսել ենք կայքի ստեղծման առաջին իսկ օրը։

Մեր կարգախոսն է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»։ Միայն ինքնաճանաչողությամբ է հնարավոր հաջողությունը։ Սա բոլորիս է վերաբերում։

Մեզ քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, և մենք մեր մասով կանենք ամեն ինչ՝ այդ փոփոխություններն ապահովելու համար։

Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ ծնունդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը