Հարցազրույց

24.11.2009 16:58


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

Հարցազրույց ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

-Այդ հանդիպումը կարելի է գնահատել ընդամենը հերթական, քանի որ, ինչպես և սպասվում էր, վճռորոշ ոչինչ տեղի չունեցավ: Այն, որ համանախագահները գոհ են հանդիպումից, ինքնըստինքյան դրական է, քանի որ բանակցությունների դադարեցման այլընտրանքը պատերազմն է, հատկապես այն պատճառով, որ ներկայիս իրողությունն արդյունք է պատերազմի: Հայկական կողմը ներկայումս ունի հնարավորինս առավելագույնը, և ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, այսպես թե այնպես, ի վնաս հայկական կողմի է, քանի որ անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը փաստացի ունենք, և ոչ մի կերպ չենք էլ ակնկալում, որ Ադրբեջանը կհամաձայնվի դե յուրե անկախությանը: Իսկ ժամանակը տվյալ պարագայում աշխատում է փոփոխական հաջողությունների ռեժիմով մե՛կ hօգուտ մեզ, մե՛կ ի վնաս: Եվ դա մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով, ոչ թե իշխանությունների դիվանագիտական ճկունությամբ կամ ապաշնորհությամբ: Այո՛, տարածաշրջանում նոր զարգացումների սկիզբն արդեն ազդարարված է, և դա արտահայտվելու է թե՛ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի ակտիվացմամբ, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ կատարվող քայլերի տեսքով, թե՛ Իրանի նկատմամբ հավանական պատժամիջոցների կիրառմամբ և թե՛ Ռուսաստանի դերի փոփոխությամբ:

-Որքանո՞վ եք հնարավոր համարում առաջիկայում շրջանակային համաձայնագրի  ստորագրումը։

-Որքան էլ Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքեն ղարաբաղյան հարցի կարգավորման կապը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, այնուամենայնիվ, դա ակնհայտ է, և ուղղակիորեն դրսևորվում է մեր երկու հարևանների սերտ համագործակցությամբ: Այնպես որ ղարաբաղյան բանակցությունները պետք է տեղից շարժել, որպեսզի Թուրքիան կարողանա ձերբազատվել Ադրբեջանի եղբայրական շանտաժից, քանի որ այս արձանագրությունները Թուրքիայի համար պարզապես նվեր են, և չվավերացնելը կլինի նրանց համար ուղղակի ձախողում: Այդ իսկ պատճառով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը պետք է գոնե դրական գործընթացի իմիտացիա ապահովի, որպեսզի Թուրքիան վավերացնի արձանագրությունները: Իրավիճակը մոտավորապես նման է նրան, որ հայկական կողմն օգնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Ցեղասպանության ճանաչման հարցում խուսափել իր նախընտրական խոստումից: Այնպես որ առաջիկայում շոշափելի առաջընթաց հնարավոր չէ ակնկալել ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում, բայց Ադրբեջանի համար հուսադրող հեռանկարներ, այնուամենայնիվ, հայկական կողմը կապահովի տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունը չխաթարելու նպատակով:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքները, որ եթե այս բանակցություններն անարդյունք լինեն, ապա Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների։ Համարժե՞ք էր արդյոք հայկական կողմի արձագանքն այդ սպառնալիքին։

-Իլհամ Ալիևի այդ հոխորտանքն ուղղված էր Մինսկի խմբի միջնորդներին, միջազգային հանրությանը, Թուրքիային, Ադրբեջանի հասարակությանը, մի խոսքով՝ բոլորին և միայն ամենավերջին հաշվով՝ Հայաստանին, քանի որ այդ ագրեսիվ կեցվածքի ու այն կյանքի կոչելու իրական հնարավորությունների մասին հայկական կողմը կյանքի բերումով մեծապես տեղեկացված է: Այնպես որ առանձնապես կարիք էլ չկա կշռել, թե որքանով էր հայկական կողմի պատասխանը համարժեք ասվածին, քանի որ պատասխանի ուժգնությունն ուղղակիորեն պայմանավորված է ասվածի լրջությամբ:  

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը