Լրահոս

24.11.2009 16:44


Վահան Հովհաննիսյանը դժգոհել է մյունխենյան հանդիպումից

Վահան Հովհաննիսյանը դժգոհել է մյունխենյան հանդիպումից

-Ալիևի ռազմատենչ հայտարարությունը, որ արվեց անմիջապես հանդիպումից առաջ, պարզ շարքային հայտարարություն չի կարելի որակել և իր ոճով վերջնագիր էր հիշեցնում,- մեկնաբանելով նոյեմբերի 22-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ «Արցախ» ակումբում ասել է Վահան Հովհաննիսյանը։ -Կարծում եմ, որ հայկական կողմն անմիջապես տեղեկանալով այդ հայտարարության մասին՝ պետք է կատարեր միակ ճիշտ քայլը՝ ընդհանրապես չգնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ։

Նրա կարծիքով այդ հայտարարությունից անմիջապես հետո հայկական կողմը պետք է դիմեր միջնորդներին՝ ասելով, որ այս պայմաններում աշխատելն անհնար է. կամ իրենք սաստում են Ադրբեջանի նախագահին, կամ Հայաստանն այլևս այս պայմաններում բանակցելու անհրաժեշտություն չի տեսնում։

-Քանի որ դա չի արվել, բնական է, որ դրանից հետո առաջացել են իրարամերժ մեկնաբանություններ։ Արդյունքում կարելի է հասկանալ, որ ամեն ինչ արվում է Հայաստանից կորզելու ինչ-որ զիջում, որ հեշտացվի Թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը,- հավելել է Վ. Հովհաննիսյանը։ 

Նա նշել է, որ Ալիևի մարտաշունչ հայտարարություններն ուղղակիորեն հակասում են նաև Մայնդորֆյան հռչակագրի թե՛ բովանդակությանը, թե՛ ոգուն, ինչը բավարար պատճառ կարող էր լինել հրաժարվելու մյունխենյան հանդիպումից և բնավ չէր նշանակի բանակցությունների դադարեցում ամբողջությամբ, որովհետև, «ինչպես Մյունխենում համանախագահողները փորձեցին մի քիչ սաստել Ալիևին, այդպես էլ կանեին, միգուցե նույնիսկ ավելի կոշտ կերպով, եթե այդ հանդիպումը չկայանար, քանի որ մեղքը դրա չկայացման համար կլիներ ամբողջությամբ Ալիևինը»։ Նրա կարծիքով այլևս արժեզրկված են մայնդորֆյան համաձայնության մեջ պարունակվող այն կետերը, որոնք ձեռնտու էին Հայաստանին, այն է՝ հարցի լուծման միայն խաղաղ ճանապարհի ընդունելիությունը՝ պատերազմի բացառումը։ Բայց քանի որ Հայաստանն, այնուամենայնիվ, գնաց Մյունխեն, դուրս եկավ, որ մնացածը, ինչ վտանգավոր էր Հայաստանի համար, մնաց ուժի մեջ։

Այսօր Ռուսաստանի դերակատարությունը թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերություններում նա դիտարկում է որպես Հայաստանի համար շատ վտանգավոր։

-Ես համանախագահների հայտարարություններին չեմ հավատում։ Դադարել եմ նրանց հավատալ, որովհետև նրանց հայտարարություններում հաճախ իրարամերժ էլեմենտներ են երևում, և անընդհատ ասվում է, որ այս կամ այն հարցը չի քննարկվել։ Բա լավ, ի՞նչն է քննարկվել։ Ադրբեջանը մադրիդյան սկզբունքներից փորձում է քաղել իրեն ձեռնտու հատվածները, Հայաստանը ժամանակին թույլ է տվել տակտիկական սխալ, որը հիմա վերածվում է ստրատեգիական սխալի,- նշել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ չի հավատում նաև ՀՀ նախագահի և արտգործնախարարի հայտարարություններին, թե բանակցություններում չի քննարկվել տարածքների վերադարձի հարցը.

-Բա ի՞նչն է քննարկվում։ Չեմ հավատում, որ հնարավոր է՝ ադրբեջանցիները չորս ժամ բանակցեն Հայաստանի ներկայացուցիչների հետ և տարածքների հարցն ընդհանրապես չշոշափեն։

Վահան Հովհաննիսյանը չի բացառել նաև շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականությունը՝ ասելով, որ «ամեն ինչ հնարավոր է»։

-Հայաստանը հայտնվել է ծուղակի մեջ։ Այդ ծուղակից դուրս գալ պետք էր դեռ մեկ տարի առաջ, բայց հիմա էլ դա հնարավոր է. ավելի դժվար է, բայց անհնարին չէ,- ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը