Խմբագրական

04.10.2010 11:34


Սարգսյանի «ֆուտբոլն» ու թուրքական նամազը

Սարգսյանի «ֆուտբոլն» ու թուրքական նամազը

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը հերթական «ձեռքբերումն» ունեցավ։ Թուրք ազգայնականները, ոչխարների հոտի պես իրար կոխկրտելով, լցվեցին Անիի Մայր տաճար և ամբողջ աշխարհի աչքի առաջ սկսեցին նամազ անել։ Սա ուղղակի հետևանք է վերջին երկու տարում առկա այն դիվանագիտական խաղերի, որը Սարգսյանի մտքի «թռիչքն» էր։ Մինչև այդ տխրահռչակ «ֆուտբոլը»՝ թուրքերը նման բան չէին անի,  որովհետև մտահոգված էին, իրենց իսկ որակմամբ, «հայկական ցունամիով», այն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմն առնելով, ու ստիպված էին միջազգային հարթակներում քաղաքակրթություն բեմադրել։ Թուրքական իշխանություններն այդ ընթացքում կուռկուռի ձագ էին դարձել ու արևելյան ոճով  քծնում էին հայկական կողմին ու ձևեր փնտրում երկխոսության համար։

Նկատենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, բացի քաղաքական լուծման սպասող երկարաժամկետ խնդիր լինելուց, նպաստում էր նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների տարանջատմանը, ինչը ձեռնտու էր մեզ և շատ կարևոր գործոն՝ ՀՀ անվտանգության ապահովման համար։ Թուրքերը, գոնե առերևույթ, մոռացել էին Ղարաբաղի մասին ու մտահոգված էին լոկ իրենց խնդիրներով, բայց Ս. Սարգսյանն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։

 Այդ ե՞րբ էր Թուրքիան այսքան ներգրավվել ղարաբաղյան գործընթացի մեջ ու ե՞րբ էին նրանց հետ աշխարհի խոշոր կենտրոնների ղեկավարները Ղարաբաղի հարց քննարկել։ 1994-ի զինադադարից մինչև տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունն այդպիսի բան չէր եղել։ Իսկ հիմա, երբ պաշտոնական Երևանը շանս տվեց թուրքերին Ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային քաղաքական օրակարգային հարցի  մակարդակից իջեցնել երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող վիճելի հարցի մակարդակ, ինչպես նաև Ղարաբաղի մասով դառնալ օժանդակող կողմ, նրանք լկտիացել են, և արդեն անարգում են մեր հոգևորն ու մշակութայինը։

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը», որն իրականում անողնաշար,  անարժանապատիվ ու անհաշվարկ քաղաքականության հոմանիշն է դարձել, բացի կորուստներից ու նվաստացումներից ուրիշ ոչինչ չտվեց մեզ։   

«Չար» Էրդողանը և «բարի» Գյուլը հիմա այնպիսի «օյիններ» են բերում Սարգսյանի (ըստ էության՝ Հայաստանի) գլխին, որ նույնիսկ «ի պաշտոնե» իշխանությանը քծնողներն են  ստիպված ընդունում, որ սխալվել են Թուրքիայի հարցում։

Տեսե՛ք. թուրքերը մի կողմից պատարագ են թույլատրում, բայց խաչն այդ օրը չեն տեղադրում Աղթամարի գագաթին, իսկ հետո խաչը տեղադրում են, բայց հոտին ուղարկում են Անի՝ նամազ անելու։ Ահա այդպես են նրանք վարվում մուրացկանային արտաքին քաղաքականություն որդեգրած պետության ու այդ պետության ժողովրդի արժեքների հետ, սակայն նրանցից այլ բան սպասել չէր կարելի։ Եթե Սերժ Սարգսյանը անհասկանալի բերկրանք էր ապրում մերոնց կերած գոլից հետո, իսկ դիվանագիտական ասպարեզում թուրքերին անընդհատ ու ինքնամոռաց «այո» ասում, ապա նույնիսկ մեղմ արտաքին  քաղաքական գծի կողմնակիցների համբավ ունեցող Գյուլ-Էրդողան զույգը բազեացավ, և արդյունքները մենք տեսնում ենք. մուրացկանին նվաստացնում են մինչև վերջ։

Իշխանություններին այսքանից հետո այլ բան չի մնում, քան հետին թվով «հայրենասիրություն» խաղալն ու հոխորտալը։ Նախագահական նստավայրում հիմա «մոռացել» են, որ անցյալ տարվա այս օրերին եթերը ողողել էին «Ես կմեկնեմ Թուրքիա, եթե լինեն բաց սահմաններ կամ մենք լինենք բացման նախաշեմին» կարգախոսով։ Մեկնելը մեկնեցին, սակայն բաց սահմանի փոխարեն ստացան այս տարվա սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել-չմասնակցելու հարցի քննարկում։ Ընդամենը։

 «Ազատ, բայց պատասխանատու»  հեռուստաընկերություններին այժմ արտոնված  է  տարբեր տեսանկյուններից ներկայացնել հայերիս այնտեղ գտնվելու և չգտնվելու առավելություններն ու թերությունները։ Պալատական «վերլուծաբաները», արտահաստիքային քծնողներն ու հաճախորդացման ճանապարհ բռնած նորելուկ «մասնագետները» մի քանի «ռակուրսով» քլնգում ու վերլուծում են թուրքերի պահվածքը՝ մոռանալով, որ մեկ տարի առաջ հայ հանրությանը քարոզում էին, թե միայն թուրքով կա մեզ փրկություն ու Սարգսյանի «իմաստուն» քայլերի արդյունքում բացվելու են սահմաններն ու մենք սկսելու ենք երջանիկ ապրել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ նախանձից «պայթելու» է։ Էդ հիմա է, որ նույն մարդիկ սկսել են «թուրքը մնում է թուրք» բառապաշարին անցնել՝ ընկնելով մյուս ծայրահեղության գիրկը. սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է։

Եվ այսպես, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարելիցի նախաշեմին մենք ունենք չբացված սահմաններ, չհաստատված դիվանագիտական հարաբերություններ, է՛լ ավելի լարված վիճակ Թուրքիայի   հետ, քան «ֆուտբոլից» առաջ էր, նվաստացած հայ ժողովուրդ, Հայաստան-Սփյուռք, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև գոյացած անդունդ, նամազ Անիի Մայր տաճարում, ՀՀ արտգործնախարարի փորձության ենթարկված այտեր և Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի անբնական հրճվանք։ Սա՛ է «ֆուտբոլի» հաշվեկշիռը։   

Հետաքրքիր է, թե ի՞նչ են ասելու ՀՀ իշխանությունները և նրանց կից սազանդարները, երբ հոկտեմբերի 10-ին առիթ լինի խոսել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքների մասին։

Թախանձագին խնդրանք Սարգսյանի քարոզչաթիմին՝ Ռազմիկ Զոհրաբյանին կամ նմանատիպ մեկին դեմ չտաք բազմաչարչար հայ հեռուստադիտողին։ Չնայած ձեզ էլ կարելի է հասկանալ, ու ձեր գործն էլ մի բան չի։ Որտեղի՞ց գտնեք նորմալ մեկին, ով դեմքի լուրջ արտահայտությամբ պատրաստ լինի գովերգել պարտությունը և քաղաքական բայղուշությունը։ Բայց,  ամեն դեպքում, գտեք «նյու-ռազմիկզոհրաբյաններ», որ գոնե մի քիչ թարմություն մտնի իշխանության PR-ի մեջ։ Ճիշտ է, դրանից բան չի փոխվելու, բայց դե հիմա...

Ցավն այն է, որ մենք շատ թանկ ենք վճարում (ու դեռ վճարելու ենք) այն «նախաձեռնողական» քաղաքականության դիմաց, որը ծափողջյուններով ուղեկցվեց իշխանական ու իշխանամերձ քաղաքական շրջանակների կողմից ու քաջալերվեց փողոցային ընդդիմության լիդերի շուրթերով։

Ի դեպ, ներքին կյանքում էլ իշխանությունները նույն «նախաձեռնողականությունն» են ցուցաբերում. տնտեսությունը սրընթաց վայրէջք է կատարում, փոքր ու միջին բիզնեսը հուսահատ դիմադրում է տիգրանսարգսյանական բյուջեամոլությանը, իսկ խոշոր բիզնեսը զբաղված է կապիտալը Հայաստանից փախցնելով։   

Տնտեսության մեջ սպասվող զարգացումների մասով տեղեկացնեմ նաև, որ ընդամենը երեք տարուց ՀՀ արտաքին պարտքի միայն սպասարկման, այսինքն՝ տոկոսների վճարման համար ստիպված կլինենք հատկացնել պետական բյուջեի 1/6 մասը, եթե, իհարկե, ունենանք շուրջ 3 միլիարդ դոլարանոց ծախսային հոդվածներ նախատեսող բյուջե։

Բանն այն է, որ 2011-ին կառավարությունը նախատեսել է ՀՀ արտաքին պարտքի չափը դարձնել ավելի քան 3,7 միլիարդ դոլար՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ։ Հիշեցնեմ, որ հետանկախական շրջանից մինչև 2008 թվականը, այսինքն՝ 17 տարվա ընթացքում, ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմել էր 1,4 միլիարդ դոլարի  կարգի գումար, ինչն արդարացի  քննադատության տեղիք էր տալիս։ Բայց փոխանակ տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, տնտեսությունը ազատականացնելու և արտաքին պարտքը պակասեցնելու՝ Ս. Սարգսյանի թիմը գնաց ճիշտ հակառակ ճանապարհով, որդեգրեց գերկենտրոնացված կլանաօլիգարխիկ համակարգ կառուցելու քաղաքականությունը և հընթացս փլեց այն ինչը լավ թե վատ ստեղծվել էր ու հետո, փաստի առաջ կանգնելով,  ստիպված եղավ ապավինել արտաքին պարտքով ապրելու մարտավարությանը։  Ասել է թե՝ սարգսյանական թիմը, անգամ փոքր ու միջին բիզնեսի ոչնչացման վտանգն աչքի առաջ ունենալով, ետ չկանգնեց «մեծ բյուջե» ունենալու գաղափարից, որովհետև դա իրենց անձնական շահն էր շոշափում։ Ու երբ արդեն գործարարներից հնարավոր չեղավ հավաքել այնքան որքան ցանկանում էին՝ նրանք ընտրեցին ՀՀ արտաքին պարտքը մեծացնելու ուղին։

Փաստորեն, եթե հիմք ընդունենք կառավարության տարածած հաղորդագրությունը 2011-ին սպասվող  մակրոտնտեսական ու բյուջետային զարգացումների մասին, ապա ստացվում է, որ Սարգսյանն իր կառավարման երեք տարվա ընթացքում «կհաջողացնի» ավելացնել մեր ու մեր սերունդների պարտքն ավելի քան երկու անգամ։ Ասել է թե՝ կառավարության ապաշնորհ տնտեսական քաղաքականության համար մենք ենք վճարելու։ Ու որքան շատ են  Սերժ և Տիգրան Սարգսյանները բյուջե փող հավաքելու նպատակով ճնշում  բիզնեսին, այնքան վիճակն ավելի է վատանում ու այնքան քիչ փող  է մտնում  պետբյուջե, որն իրականում  հանդիսանում է կոռուպցիայի հիմնական աղբյուրը (բյուջետային ծախսերի մեծ մասը հանրային վերահսկողությունից դուրս է, ինչը հնարավորություն է տալիս այն տնօրինողներին «լեգալ» փողեր աշխատել)։Եվ քանի որ սարգսյանական նեղ թիմն ամեն ինչի կգնա ու ամեն ինչից կհրաժարվի, բայց չի հրաժարվի բյուջեի միջոցով փողի «լվացքատան» գաղափարից, ապա տնտեսության ֆինանսական ճեղքվածքները նրանք ծածկում են դրսից պարտք վերցնելով, որպեսզի սպասարկեն սեփական ագահությունն ու կառավարչական դիլետանտիզմը։

Ես իմպերատիվ պնդում եմ, որ ՀՀ նախագահի ու վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունն ավելի մեծ վնաս է հասցնում մեր պետականությանն ու երկրի ապագային, քան Ադրբեջանի հետ երկրորդ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը։ Պատերազմի դեպքում թշնամին դիմացդ է, ու ամեն ինչ պարզ է, իսկ ներքին թշնամին, ով թաքնված է դեմագոգիկ ելույթների ու կեղծ հայրենասիրության քողի տակ, շատ ավելի վտանգավոր է։

Այդ ներքին թշնամին, ճիշտ է անձնավորված տեսք ունի, բայց  անձերը տվյալ դեպքում երկրորդական դեր են խաղում, քանի որ խնդիրը  նախևառաջ ՀՀ-ում գործող տնտեսաքաղաքական համակարգն է, որը հնարավորություն չի տալիս մեր պետությանը դուրս գալ զարգացման ուղի և որը պետք է սահմանադրորեն վերափոխել։ Հետևաբար՝ փոփոխությունների ձգտող ՀՀ քաղաքացին պետք է ջանք թափի ներքի՛ն կյանքում առկա խնդիրների ուղղությամբ, հույսը չդնի միջազգային դայակների վրա և ապավինի միայն սեփական ուժերին։ Առայժմ այդպես չէ, և այդ ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեզանում քիրվայական մտածելակերպն իսպառ չի ոչնչացվել ու միահեծան տնտեսաքաղաքական համակարգին մահացու հարված չի հասցվել։ Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս առումով՝ կապրենք, կտեսնենք։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը