Հարցազրույց

20.11.2009 20:42


Տիգրան Թորոսյան.

Տիգրան Թորոսյան.

-Հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին ի՞նչ գնահատական կտաք:

-Թեև առաջին հայացքից իրավիճակը հանդարտ է թվում` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, բայց իրականում մեծ լարվածություն կա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ցավոք, անգամ առանց արձանագրությունները վավերացնելու, մենք արդեն ունենք լուրջ կորուստներ։ Կա Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ընկերակցություն, որի նախագահը` Ռ. Սմիթը, վերջերս դիմել է երկրի նախագահին և իր տարակուսանքն է հայտնել ենթահանձնաժողովի ստեղծման դրույթի կապակցությամբ, երկու պատճառով. առաջինը, որ ձևակերպումը վիրավորական է այն բազմաթիվ մասնագետների, գիտնականների համար, ովքեր տասնյակ տարիներ շարունակ զբաղվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ և միանշանակ գնահատական են տվել, որ այդ ողբերգական իրադարձությունները հենց ցեղասպանություն են։ Եվ այսօր, արձանագրություններում ձևակերպում կա, որ ենթահանձնաժողովը պետք է զբաղվի «անաչառ գիտական ուսումնասիրություններով»։ Նրանք համարում են, որ դրանով կասկածի տակ է դրվում իրենց ուսումնասիրությունների անաչառությունն ու գիտականությունը։ Սա իսկապես ցավալի փաստ է։ Նույնպիսի տարակուսանք հնչել է նաև այդ կազմակերպության լեհ անդամի կողմից։ Այս արձագանքը կարևոր է ևս մեկ առումով: Ինչքան էլ Հայաստանում փորձեն տարբեր լեզվավարժանքներով հայ հասարակությանը համոզել, որ այդ ենթահանձնաժողովը չի զբաղվելու ցեղասպանության ուսումնասիրության խնդիրներով, ակնհայտ է, որ օտար մարդկանց` ցեղասպանության խնդիրներով լրջորեն զբաղվող մասնագետների նման գնահատականը որևէ տեղ չի թողնում կասկածելու, որ այդ ենթահանձնաժողովն իսկապես պետք է զբաղվի հենց ցեղասպանության խնդրով։ Սակայն ցավալին այն է, որ այս համառության ու ինքնախաբեության արդյունքում արդեն մեկ տարի է, ինչ մենք ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում ենք կորուստներ ունենում՝ առկա գործընթացի հետ կապված, այլև դրա հետևանքները տարածվում են այլ  հարաբերությունների վրա:  

-Ի՞նչ եք կարծում, մինչև 2010թ. ապրիլը Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունները։

-Այդ վավերացումը կլինի ապրիլին թե երբ, էական չէ։ Ցավոք, մեր հասարակության մեջ ստեղծվել է մի «ավանդույթ», երբ շատ բաներ կապվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ի հետ։ Ուզում եմ հիշեցնել անցած տարվա լարվածությունը՝ կապված Օբամայի ուղերձի և ամերիկյան Կոնգրեսի բանաձևի նախագծի հետ: Հիմա էլ Սենատում են նույն ներկայացումը խաղում: Սա, իմ կարծիքով, պարզապես վիրավորական է։ Որևէ երկրի նախագահ, լինի դա Օբաման, Մեդվեդևը կամ մի փոքրիկ երկրի նախագահ, նրա այս կամ այն հայտարարությունը կամ ուղերձը մեզ համար չպետք է դառնա գերագույն խնդիր։ Ի վերջո, ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր պետության բարոյական մոտեցումների խնդիր է. բնութագրում է այդ երկիրը կամ այդ մարդուն։ Այլ բան է, որ այո՛, մենք պիտի լրջորեն աշխատենք այդ փաստի լիարժեք ճանաչման ուղղությամբ։ Մե՛նք պիտի կարողանանք ձևակերպել խնդիրները, որոնք առկա են Հայաստանի և Թուրքիայի միջև այն հարթությունում, որտեղ ոչ թե հույզերի, այլ փաստերի և իրավական մոտեցումների հիման վրա, ինչը ցավոք, մեր անկախության վերականգնումից հետո այս տարիների ընթացքում չի արվել։ Նույնիսկ 13 տարվա շրջափակման հետ կապված Հայաստանը լուրջ հարցադրումներ չի ունեցել որևէ միջազգային կազմակերպությունում՝ սկսած ՄԱԿ-ից, վերջացրած ԱՀԿ-ով, որտեղ անդամներ են և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան։ Պատճառն ավելի քան ակնհայտ է։ Կա գիտելիքների ու փորձի լուրջ պակաս, ինչի պարագայում միջազգային ասպարեզում ամեն մի նախաձեռնություն դատապարտված է:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի հերթական նախապայմանը` կապված Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետ, արդեն իսկ իր ձևակերպումն ունի Մադրիդյան սկզբունքների նախագծում։ Ըստ այդ փաստաթղթի առաջին կետի հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «գրավյալ» տարածքներից, և այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի ենթակայությանը։ Թուրքիան, տեսնելով, որ իր բոլոր պահանջները հեշտությամբ ընդունվում են Հայաստանի իշխանությունների կողմից, փորձում է առավելագույնը քամել։ Այլևս ոչ թե բավարարվում է Մադրիդյան սկզբունքների նախագծի դրույթով, այլ ցանկանում է այդ ամենը տեսնել որպես իրականություն։ Սա է իրողությունը, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել։ Այդ իրողությունը քարոզչական հայտարարություններով ու հեռակա լեզվակռվով չես փոխի: Անհրաժեշտ է ամենօրյա լուրջ աշխատանք։ Ցավոք Հայաստանում գերակշռող է դատարկախոսությունը և մարդիկ հաշվի չեն նստում ոչ փաստերի, և ոչ էլ փաստաթղթերի հետ։

-Հաճախ Թուրքիայի պաշտոնյաները բարձրաձայնում են, թե սահմանը կբացվի միայն այն պարագայում, երբ  Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթաց լինի ի օգուտ Ադրբեջանի։  ՀՀ իշխանությունները չլսելու են տալիս դա։ Ի՞նչ է սա նշանակում:

-Սա ընդամենը նշանակում է, որ, ցավոք, Հայաստանում շատերն ինքնախաբեությամբ են զբաղվում. լինեն պետական պաշտոնյաներ, թե տնայնաբուծ «քաղաքագետներ»: Երբ Թուրքիայի վարչապետը հայտարարություն է անում, չի կարելի ստանձնել Թուրքիայի վարչապետի մամուլի խոսնակի դերը և սկսել մեղմացուցիչ բացատրություններ տալ, թե ինչու էր Էրդողանն այս կամ այն ձևակերպումը տվել: Դրան պետք է լրջորեն վերաբերվել, որպես Թուրքիայի քաղաքական թիվ մեկ դիրքն ունեցող գործչի հայտարարություն: Թուրքերը հետևողականորեն ցույց են տալիս, որ իրենց հայտարարություններին իրենք հավատարիմ են այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ, իրենց համար ավելի կարևոր զիջում չի արվել: Այս մեկ տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ դա ապացուցել են:  Թուրքերն այդ ընթացքում կարողացան թե´ ռուսների հետ, թե´ ամերիկացիների հետ առավելագույն արդյունավետությամբ վարել իրենց հարաբերությունները, ի տարբերություն Հայաստանի, որն առանց որևէ նկատելի և ապագային միտված շահի, համաձայնում է ցանկացած առաջարկության հետ: Սակայն չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, որ ինչպես շատերը, հիացած եմ թուրքական դիվանագիտությամբ: Նրանց հաջողությունը կառուցվում է իրենց հետ բանակցություններ վարողների կոպիտ սխալների և գիտելիքների բացակայության վրա: Անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների հանդիպելիս թուրքերը դառնում են անօգնական և բարդույթավորված:

-Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ներքաղաքական կյանքի պասիվությունը:

-Սովորաբար Հայաստանի քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը քանի որ տառապում են ինքնասիրահարվածությամբ, իրենց բոլոր սխալների և թերությունների պատճառները փորձում են որոնել հասարակության մեջ: Օրինակ, վերջին շրջանում հաճախակի են հնչում գնահատականներ, թե հասարակությունն անտարբեր է դարձել, նույնիսկ ղարաբաղյան խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ,  ակտիվություն չի դրսևորում: Սա պարզապես թյուրըմբռնում է: Իրականում հասարակությունը ոչ թե անտարբեր է այդ երևույթների նկատմամբ, այլ անտարբեր է կուսակցությունների նկատմամբ: Նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ երբ այս կամ այն լուրջ իրադարձության հետ կապված առաջին հանրահավաքն է հրավիրվում, էլի որոշակի ակտիվություն կա: Երկրորդից սկսած մարդիկ հիասթափվում են, տեսնելով նույն մոտեցումները, նույն պարզունակ մտքերն ու խոսքերը; Իսպառ բացակայում են մեր ժամանակներին հատուկ սկզբունքները, արժեքներն ու գաղափարները: Յուրաքանչյուրը մի փոքրիկ կոմունիստական կուսակցություն է` իր ամենավատ դրսևորումներով: Քաղաքական ուժերին առաջին հերթին և գրեթե միայն հետաքրքրում է սոսկ այն հարցը, թե ինչպես պահպանեն իշխանությունը կամ  գան իշխանության: Հայաստանի բազմակուսակցական համակարգը ոչ միայն չկայացավ, այլև այլասերվեց: Երբ վերանայվեն մոտեցումները, երբ առողջանան ներկուսակցական և միջկուսակցական հարաբերությունները, այն ժամանակ էլ իրենք կարող են ակնկալել հասարակության համապատասխան արձագանքը: Թեև դժվար է ակնկալել, որ բազմակուսակցական համակարգի ճահճացման ու այլասերման առկա վիճակը հնարավոր է ետ շրջել: Ավելի հավանական է, որ լուծումը կարող է գալ նոր քաղաքական ուժերի ձևավորմամբ` նոր հայացքներով, նոր գաղափարներով, և իսկապես, մեր օրերին համապատասխան պատկերացումներով և´ քաղաքական, և´ կուսակցական գործունեության մասին:

-Դա կուսակցությո՞ւն կլինի, թե՞ շարժում:

-Ես խոսում էի տեսական տարբերակների մասին: Նոր ուժի կամ ուժերի ձևավորման համար Հայաստանում շատ փոքր ներուժ կա և նման զարգացումը թեև ցանկալի է, սակայն ոչ երաշխավորված: Անկեղծ ասած, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված քաղաքական ուժերի արձագանքի հիմնական սխալներից մեկն էլ այն էր, որ էլի բաժանվեցին ճամբարների, կուսակցական խմբերի: Ընդ որում` նորից վերակենդանացնելով վաղուց մահացած կուսակցություններ և կազմակերպություններ, փոխանակ նման համազգային խնդիրների հետ կապված բոլորովին այլ սկզբունքով կառուցեին գործընթացը:  Դա թույլ կտար շրջանցել նաև բազմակուսակցական համակարգում գոյություն ունեցող այսօրվա  տխուր իրավիճակը:

-Ակնհայտ է, չէ՞, որ հասարակությունն ինչ-որ նորի կարիք ունի:

-Անշուշտ, որովհետև այս ամենն իրեն վաղուց սպառել է, սակայն միայն կյանքը ցույց կտա, թե այդ նորը երբ կձևավորվի:

-Պարո՛ն Թորոսյան, ըստ Ձեզ ինչո՞վ է հիմնավորվում վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու փաստը:

-Կարծում եմ, որ այդ հիմնավորումը հենց վարչապետը պետք է տա: Վստահ եմ, որ նման քայլեր անելիս, շատ կարևոր է, որպեսզի այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ հասարակությանը ներկայացնեն իրենց քայլերի դրդապատճառները: Սա իսկապես  չափազանց կարևոր է: Թեև երբեմն կուսակցություններն էլի թյուր պատկերացումների պատճառով ինքնախաբեությամբ են զբաղվում, և հայտարարում են, որ այս պաշտոնն այս կամ այն կուսակցությանն է: Իրականում բոլոր պաշտոնները պետությանն են և հասարակությանը: Եվ մարդիկ, երբ զբաղեցնում են այդ պաշտոնները  պարտավոր են դա հաշվի առնել և հասարակությանը հաշվետու լինել: Թեև, համոզված եմ, որ սկզբունքորեն ո´չ Հանրապետական կուսակցությունում, ո´չ էլ երկրում այդ քայլից հետո որևէ բան չի փոխվի:

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը