Խմբագրական

18.11.2009 21:10


«Սիլիկոնային» կուսակցականացում. ո՞րն է իրական նպատակը

«Սիլիկոնային» կուսակցականացում. ո՞րն է իրական նպատակը

«Հայկական աշխարհի» ճարտարապետը օվկիանոսային ճանապարհորդություններից, սիլիկոնային հովիտների հետ ծանոթանալուց և ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների մասին պատմություններ լսելուց հետո վերջապես հայտնվեց  ՀՀԿ-ական «միջազգային կուսակցական կենտրոն» հիշեցնող  «նավահանգստում»։ Այդպիսով Տիգրան Սարգսյանը համալրեց իր տիպի ՀՀԿ-ական ինտելեկտուալներ և ականավոր քաղաքական գործիչներ Գալուստ Սահակյանի, Սաշիկ Սարգսյանի և այլոց շարքերը. լավ է ուշ, քան ավելի ուշ, քանի որ ուշացած կլիներ։

Հայաստանում գործող իշխանության ապաքաղաքական հարաբերությունների պայմաններում առերևույթ քաղաքական թվացող գործընթացներն ունեն լրիվ այլ ենթատեքստ։ Այդ կտրվածքով դիտարկելով Տիգրան Սարգսյանի «ցեղակրոնացումը»՝ պարզ է դառնում, որ նախագահ Սարգսյանը որոշել է ամրացնել իր նեղ շրջապատի դիրքերը ներիշխանական դաշտում։ Իսկ այն, որ վարչապետին ՀՀ նախագահն է գործուղել ՀՀԿ, կասկածից վեր է։

Բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում փորձ է արվում կառուցել «Մեկ մարդու տնտեսության» մոդելը՝ սեփականության վերաբաշխման լույսի ներքո։ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որը Սերժ Սարգսյանի կողմից օգտագործվում է  նշածս խնդիրը լուծելու համար։

Վարչապետի լիազորությունների մեջ է մտնում  նաև մասնավոր սեփականության բոլշևիկյան կուլակաթափություն հիշեցնող ծրագրի կյանքի կոչումը շուկայական տնտեսություն հռչակած Հայաստանում, որն իրականացվում է բերիական մեթոդներով և հանրությանը ներկայացվելու է սոցիալական արդարության հասնելու փարիսեցիական կեցվածքով։  Այդ իսկ պատճառով վարչապետը դարձել է անփոխարինելի դեմք ՀՀ նախագահի համար։

Առանձնացնենք Տիգրան Սարգսյանի՝ «Ընտանիքի» համար անփոխարինելիության (գոնե այս պահին) մի քանի հանգամանք.

1.Վարչապետը չունի քաղաքական հենարան ո՛չ խորհրդարանում, ո՛չ խորհրդարանից դուրս, կախված է միայն Սերժ Սարգսյանից և այդպիսով անվտանգ է ՀՀ նախագահի համար։ Քաղաքական լարումների դեպքում, որպես քավության նոխազի առավել հարմար թեկնածու դժվար է գտնելը, և Տիգրան Սարգսյանին թոշակի ուղարկելը ցանկացած պահի առանց դիմադրության կարելի է հեշտությամբ իրականացնել, բայց նման քայլից Սերժ Սարգսյանն առայժմ կփորձի խուսափել ամեն գնով։

2.Իրականացնելով «Մեկ մարդու տնտեսության» քաղաքականությունը՝ վարչապետը ցածր վարկանիշ է ձեռք բերել փոքրից մինչև խոշոր բիզնեսի բոլոր շերտերի մոտ, փաստացիորեն չի ընդունվում ԱԺ մեծամասնության կողմից, ինչը ձեռնտու է նախագահին. և՛ իր ուզածն է արվում, և՛ ամեն ինչ կոտրվում է վարչապետի վրա։ Կիրառվում է «Բարի թագավոր, վատ կառավարիչ» սխեման։

3.Վարչապետը վաղուցվանից է ծառայում ՀՀ-ում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգին ու դրա ճարտարապետներին, և այդ առումով վստահելի է։ Ինչպես հայտնի փիլիսոփան էր նշում. «Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը»։

4.Տիգրան Սարգսյանն էնտուզիազմով է ծառայում «Ընտանիքին» և դրանով իսկ դարձել է «սվոյ» մարդ։ Տնտեսությունը մեկի ձեռքում կենտրոնացնելու գործում վարչապետը մշտապես նախաձեռնողականություն է ցուցաբերում, ինչը խրախուսվում է «Ընտանիքում»։

Եվ այսպես, պետական կառավարման համակարգում Տիգրան Սարգսյանի միջոցով նախագահն իրականացնում է «Բաժանի՛ր, որ տիրես» քաղաքականությունը։ Կառավարությունն ու ԱԺ-ն «կռծում» են միմյանց, իսկ Ս. Սարգսյանը դառնում է արբիտր։ Սակայն տնտեսության մեջ արձանագրված խայտառակ ցուցանիշները և վարչապետի «գիտունիկության» փուչիկի պայթելու հանգամանքը, ինչպես նաև բոլոր ուղղություններով իշխանության ձախողումները թուլացրին Տիգրան Սարգսյանի դիրքերը։ Նրան կոալիցիայի մի թևն այժմ ավելի դաժան է քննադատում, քան տիտղոսային ընդդիմություն համարվող ՀԱԿ-ը։

Այս ամենի ֆոնին՝ իշխանության ներսում իր դիրքերն է փորձում ուժեղացնել Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան տանդեմը, և նրանք սկզբի համար ուզում են հասնել վարչապետի պաշտոնանկությանը։ Հայտնի է ԱԺ նախագահի՝ գործադիր իշխանությունը գլխավորելու ցանկությունը։ Այդ նպատակին հասնելու համար մոբիլիզացվել է ԱԺ «բիզնես-կլասը» ներկայացնող պատգամավորների մեծ մասը, ԲՀԿ–ն, ՀՀԿ-ի մի մասը ներկայացնող զանգվածը, որը պատերի տակ իր դժգոհությունն է հայտնում Սերժ Սարգսյանից ու մասնավորապես նրա այն քայլից, որ ոչ հանրապետական վարչապետ նշանակվեց։

Փաստորեն այնպես է ստացվել, որ Հ. Աբրահամյան-Գ. Ծառուկյան զույգը դարձել է «Մեկ մարդու տնտեսության» կառուցման հիմնական տորպեդահարողը՝ վերածվելով բիզնեսի պաշտպանություն իրականացնողների, ինչը դիվիդենտներ է բերում նրանց։ Կառավարության ներկայացրած հարկային փաթեթի, «չեկիստների» ներդրման դեմ արշավի կազմակերպումն ԱԺ-ում, բնականաբար,  «ինքնաբուխ» չի արվել։ Նշածս տանդեմն առավելագույն կապիտալիզացրեց այդ գործընթացն իր օգտին՝ «Մենք որ չլինենք՝ սաղդ կորած եք» ծրագրի շրջանակներում։ Բոլորն էլ հասկանում էին, որ հարկային մարմինը չէ բիզնեսին պատերազմ հայտարարողը։ Այդ պատերազմը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու նրա գործիք Տիգրան Սարգսյանը։ Ու քանի որ նախագահի դեմ արտահայտվելու խաղի կանոն իշխանական կոալիցիայում դեռ չկա, ուստի թիրախ է ընտրվել Տ. Սարգսյանը։ Ասում են, որ Հովիկ Աբրահամյանը կուլիսներում ամեն առիթով «փչացնում» է վարչապետին։ Տիգրան Սարգսյանին արդեն սկսել էին համարել «կաղ բադ», ում պաշտոնանկությունը օրերի հարց էր։ Առիթն էլ կար՝ երկնիշ տնտեսական անկում, որը բոլորին էլ պարզ է, որ ոչ այնքան միջազգային, որքան ներքին տնտեսական ու բյուջետային քաղաքականության հետևանք է։ Կրկնեմ՝ այդ քաղաքականության հիմնական պատասխանատուներն են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը։

Նկատենք, որ վարչապետին դաժան քննադատության են ենթարկում նաև կոալիցիայից դուրս եկած դաշնակցականները։ Ասել է թե՝ վարչապետին իրական պաշտպանող ուժ ԱԺ-ում չկա։ Հանրապետականներն այդ հարցում պասիվ են։ 

Այս վիճակը լրջորեն անհանգստացնում էր Սերժ Սարգսյանին, քանի որ վարչապետին կորցնելուց հետո նախագահական պալատը ստիպված կլիներ կլանի ներսում կիսվել ֆինանսական այն բարիքներով, ինչն ամեն կերպ չեն ուզում անել «Մեկ մարդու տնտեսության» երազանքով ապրողները։ Բացի այդ՝ հայտնի է, որ ԱԺ նախագահն սկսել է առաջնորդվել «Ումի՞ց եմ պակաս» կարգախոսով։

Զբաղված լինելով արտաքին դաշտի «ֆուտբոլով» և այլ գլխացավանքներով՝ վիճակը շտկելու համար Ս. Սարգսյանի կողմից քայլեր մինչ այժմ չէին արվում։ Հիմա, երբ հարաբերական անդորր է (Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Այնթապցի Եղիազարին, իսկ Գյուլից ձեն-ձյուն չկա), նախագահն իրականացնում է կոնկրետ գործողություններ։  Ի դեպ, պատահական չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանի եկեղեցական թեմաներով պատմական էքսկուրսներ անելն ու վարչապետի «ցեղակրոնացումը» միաժամանակ տեղի ունեցան։ Այժմ ավելի լարված են ներիշխանական, քան իշխանություն-ՀԱԿ հարաբերությունները։ Ինչևէ։

Եվ ահա ապահովագրելու համար վարչապետին կոալիցիոն թիրախ և տնտեսության սրընթաց վայրէջքի համար քավության նոխազ դառնալու հեռանկարից՝ նախագահը   Տ. Սարգսյանին գործուղում է ՀՀԿ։  Հանրապետական դառնալը բխում է նաև վարչապետի շահերից։ Նրան հասցեագրված քննադատությանն այժմ ստիպված կլինեն պատասխանել նաև հանրապետականները, որովհետև վարչապետն այլևս ՀՀԿ-ական է։ Առերևույթ կդադարեցնի, հավանաբար, իր քննադատությունը նաև «Բարգավաճ Հայաստանը»։ ՕԵԿ-ն այս ու այլ խաղերում գործոն չէ, և այդ իսկ պատճառով նրանց դիրքորոշումը չենք քննարկի։

Տ. Սարգսյանի հանրապետականացումը նեղացնում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության և անձամբ վարչապետի  վրա հարձակվելու հնարավորությունները։

Տ. Սարգսյանի կուսակցականացմամբ՝ նախագահական պալատից որոշակի հավասարակշռություն կջանան ստեղծել նաև բուն ՀՀԿ-ի ներսում։

Ամփոփենք. Սերժ Սարգսյանը, օգտվելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատում առկա դադարից, փորձում է իր դիրքերն ամրապնդել Հայաստանի ներսում։ Լևոն Տեր-Պետրոսյանից արդեն վտանգ չկա, իսկ նման դեպքերում  վակուումը կարող է լցվել  ընդդիմադիր նոր շարժման կամ ներիշխանական հակազդեցության կենտրոնի ձևավորման միջոցով։ ՀՀ նախագահը երկու ուղղություններով  էլ այժմ ակտիվ հակաքայլեր է իրականացնում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած այնթապցու պատմությունը ճիշտ ժամանակին օգնեց նրան։ Հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել ու կառուցել «Մեկ մարդու տնտեսություն»։  ՀԱԿ-ն այդ ընթացքում նոր կառույցներ կստեղծի, դահլիճային ակտիվ քննարկումներ կկազմակերպի և  հուժկու ձևով կպատրաստվի արտահերթ ընտրությունների՝ չմոռանալով պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Անդրանիկ    Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը