Մեկնաբանություն

07.09.2015 13:00


«Կեղծի՛ր մեկ անգամ, վայելի՛ր ցմահ»

«Կեղծի՛ր մեկ անգամ, վայելի՛ր ցմահ»

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում որոշել են փոխել Սահմանադրությունն ու «խորհրդարանական» մոդել ներդնել նաև այն պատճառով, որ փոփոխության արդյունքում հնարավորություն է ստեղծվում էժան կամ ավելի ճիշտ՝ ձրի իշխանություն ապահովել «խորհրդարանական կայուն մեծամասնությանը» տնօրինող «գենսեկի» համար։

Սրանք հա՛մ ընտրություն երևույթից են վախենում, հա՛մ չեն ուզում փող բաժանել ընտրակաշառքի տեսքով։ Դրա համար էլ «քոքից» ուզում են վերացնել իրենց համար ոչ ցանկալի ընտրական գործընթացները։ Այդպես իշխանություն պահելը և՛ անվտանգ է, և՛ ձրի։

Սերժական Սահմանադրությունը գործնականում վերացնում է ընտրական ինստիտուտը, իսկ դա էլ իր հերթին կարող է ազատել ՀՀԿ ղեկավարին ու իր նեղ թիմին ավելորդ գլխացավանքից, ավելորդ ծախսերից ու ավելորդ ցնցումներից։ Այս հաշվարկից ելնելով է առաջարկվում զրկել նախագահին առաջնային մանդատից ու թողնել միայն մեկ ընտրովի մարմին՝ խորհրդարանը, որը փաստացի ուզում են նշանակովի դարձնել։

Եթե Սարգսյանին հաջողվի կեղծել սահմանադրական հանրաքվեն (իսկ առանց կեղծիքի այն չի անցնի) ու մարսել կեղծիքը, ապա դրանից հետո նրան կմնա միայն մեկ կեղծիք անելու դժվարություն՝ 2017–ի ԱԺ ընտրությունները, որից հետո Հայաստանում նեոբոլշևիկյան հարաբերություններ կհաստատվեն, ինչը ենթադրում է «գենսեկի» կառավարում՝ «պարծիայի» շալակը ելած վիճակում։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարն առաջնորդվում է «Կեղծի՛ր մեկ անգամ, վայելի՛ր ցմահ» կարգախոսով։ Բայց դե, հանրությունն այլ ծրագիր ունի և այլ կարգախոսով է առաջնորդվելու՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի»։

Տեսնենք, թե ում մոտ ինչ կստացվի։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եթե հանրային դիմադրություն կազմակերպվի, ապա Սերժի մոտ ոչինչ չի ստացվի, իսկ եթե ձեռքներս ծալած նստենք, ապա չի բացառվում, որ նոր Սահմանադրության մեջ հոդված հայտնվի (ԱԺ–ի «անասնաֆերմայական» 2/3–ը միշտ էլ կարող է գլխաքանակ ապահովել), ըստ որի՝ Հայաստանը ցմահ պետք է ղեկավարի Սերժ Սարգսյանը։

Մի խոսքով, կերևա։

Չպետք է մոռանալ, որ խիարը թարս բուսնելու հատկություն ունի։

Գևորգ Գևորգյան

Հ.Գ.։ Իշխանական քարոզիչները, փորձելով պաշտպանել «սահմանադրական» հեղաշրջման ծրագիրը, հայտարարում են, թե քանի որ նախագահական ընտրությունները մշտապես դառնում են լարվածության պատճառ, ուստի նպատակահարմար է վերացնել այդ ինստիտուտը։

Փաստորեն, ընտրական համակարգը բարելավելու և կեղծիքների ինստիտուտը վերացնելու փոխարեն՝ սրանք վերացնում են ընտրովի մարմինը։

«Մենք, միևնույն է, կեղծելու ենք ընտրությունները, հետևաբար ավելի լավ է միայն ԱԺ–ինը կեղծենք ու մեկով պակասեցնենք լարվածության աղբյուրը»,– «հիմնավորում են» Սերժ Սարգսյանի թիմակիցները։

Ավելի վատ «փիար» հնարավոր չէր մտածել։

Այս խորագրի վերջին նյութերը