Խմբագրական

05.09.2015 11:00


Պատմության ավա՞րտը

Պատմության ավա՞րտը

Հայաստանում առկա են անցումային ժողովրդավարություններին կամ փափուկ ավտորիտար ռեժիմներին ներհատուկ երևույթներ։ Այդ պայմաններում բնական է, որ պետական կառավարման համակարգը (կամ այլ կերպ ասած՝ իշխանությունները) ավելի ուժեղ են հասարակությունից, քանզի կազմակերպված են և ունեն անհամեմատ մեծ ռեսուրսներ։

Հանրության համար իրերի վիճակը փոխելու լավագույն առիթն ու պահն ընտրություններն են, երբ իշխանությունները ստիպված են լինում այս կամ այն չափով հաշվի նստել հանրության հետ, երբ իշխանության ներսում միմյանց հետ հաշիվներ են մաքրում տարբեր խմբավորումներն ու դրանով իսկ թուլացնում իշխանական բուրգը, և երբ հանրությունը քիչ թե շատ կարողանում է կազմակերպվել քաղաքական ուժերի ու անհատների միջոցով։

Քաղաքական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ու կուսակցական համակարգի չկայացածության պայմաններում առաջնային պլանում են հայտնվում անհատները, որոնց որպես գործիք օգտագործելով՝ հանրությունը փորձում է կոնտրէլիտա ձևավորել և հասնել պետական ռեսուրսների առավել արդարացի բաշխմանը։

Իշխանափոխությունն, ըստ այդմ, դառնում է ոչ միայն տեխնոլոգիական ու մարտավարական քայլ, այլ նաև յուրօրինակ գաղափարախոսություն՝ փակ համակարգից դեպի բացին անցնելու նպատակով։

Մեզանում առաջնորդների շուրջ ձևավորվող էլիտաներն ու կոնտրէլիտաներն իրենց հաշիվները պարզում են նախագահական ընտրությունների ժամանակ, քանզի հենց այդ պահին է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված հնարավոր մեծ կոնսոլիդացիա և մեծ ալիք ապահովել։ Այդպես է եղել և՛ 1996ի, և՛ 1998–ի, և՛ 2003–ի, և՛ 2008–ի, և՛ անգամ 2013–ի նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ։

Նախագահական ընտրությունները հանրության միակ հնարավորությունն են երկրում փոփոխությունների հասնելու համար։

Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրություն է առաջարկում, որով փորձում է զրկել հանրությանը վերջին հնարավորությունից՝ ձգտելով կառուցել ամբողջությամբ ստվերային դաշտում գործող քաղաքական հարաբերությունների համակարգ։ ՀՀ քաղաքացուն փորձում են վերջնականապես հանել խաղից և բոլոր ռեսուրսները կենտրոնացնել Մելիք–Ադամյան փողոցում։

Նոր Սահմանադրությամբ Սարգսյանն ուզում է ազդարարել ՀՀ նորագույն պատմության առաջին փուլի ավարտը, որը կարող է նաև նորագույն պատմության ավարտը դառնալ։ Մենք փափուկ ավտորիտարիզմից կամ անցումային ժողովրդավարությունից արդեն քայլ ենք կատարում ոչ թե դեպի բաց համակարգ, այլ դեպի կոշտ ավտորիտարիզմ, որի պայմաններում հնարավոր է ամբողջատիրական ռեժիմի հաստատում կամ էլ խայտառակ քաոս՝ իշխանական ուղղահայացի հաստատման մոտիվներով։

Նկատենք, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար այս արկածախնդրությունը կարող է շատ թանկ նստել, քանզի մենք չունենք ամբողջատիրական ռեժիմ պահելու ռեսուրսներ և չենք կարող մեզ քաոս ունենալու շռայլություն թույլ տալ։

Չենք ուզում վախճանաբանության գիրկն ընկնել, քանզի էությամբ լավատես ենք ու չենք սիրում ձեռքներս ծալած նստել, բայց չենք կարող նաև չարձանագրել, որ Հայաստանը մտնում է «տուրբուլենտ» գործընթացների փուլ, որից հետո տարատեսակ սցենարներ կարող են լինել։ Թե ինչպիսի հանգուցալուծում կլինի, կախված է մի շարք գործոններից։

Մեկ բան ակնհայտ է՝ պետք է «ջրային զինադադար» հայտարարեն բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր միմյանց հանդեպ ունեն անգամ մետաֆիզիկական ատելություն։

Ընդհանուր սպառնալիքի վերացումից հետո ամեն մեկը կարող է գնալ իր ճանապարհով, և թող հանրությունը որոշի, թե ով ինչի է արժանի։ Բայց հիմա ուժերի մեկտեղման կամ առնվազն իրար չխանգարելու կարիք կա։ Եթե այս գիտակցությունը չլինի, ապա յուրաքանչյուրս մեր բաժին պատասխանատվությունն ենք ունենալու հետագա զարգացումների համար։

7or.am

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական նախագծի հիմքում վախն է։ Նա վախենում է կորցնել իշխանությունը, քանզի գիտի, թե ինչպես է կառավարել, ու ինչպիսի երևացող ու չերևացող արդյունքներ է ապահովել։ Վախենում է հնարավոր քաղաքական ժառանգորդի վրա հույս դնել, քանզի իր փորձից գիտի, թե դա ինչ է նշանակում։ Վախենում է ընտրություններից և այդ իսկ պատճառով էլ փորձում է գործնականում վերացնել այդ ինստիտուտը։ Վախենում է պատերազմից և այդ իսկ պատճառով էլ ուզում է պատերազմի ժամանակ ապագա վարչապետին «դեմ տալ»։ Վախենում է իր մերձավոր ու ոչ այնքան մերձավոր շրջապատից։ Վախենում է իր «հարյուր տարվա ընկերոջից»։

Վախը Սարգսյանին կասկածամիտ է դարձրել։ Նա չի վստահում ոչ մեկին ու փոխադարձ անվստահության Սահմանադրություն է ներկայացրել։ Սահմանադրություն, որը քաոսի ստեղծման փիլիսոփայությամբ է գրվել։

ՀՀԿ ղեկավարն ուզում է ցմահ մնալ իշխանական համակարգում, իսկ թե հետո ինչ կլինի, իրեն, բնականաբար, չի հետաքրքրում։

«Ինձանից հետո թեկուզ նոր Սահմանադրություն»։–Սա՛ է ՀՀԿ ղեկավարի կարգախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը