Խմբագրական

17.07.2015 00:50


Սահմանադրական փոփոխությունների տեքստն ու ենթատեքստը

Սահմանադրական փոփոխությունների տեքստն ու ենթատեքստը

Սերժ Սարգսյանը հանրության դատին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ «մարդակենտրոն» Սահմանադրություն ստեղծելու միակ նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգումն է՝ «հավերժացումը»։

Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածը նրան արգելում է նախագահության երրորդ ժամկետին գնալ։ Քաղաքական ժառանգորդ ՀՀԿ ղեկավարը չունի, չի կարող և չի էլ ուզում ունենալ, քանզի կարծում է, որ եթե մեկ անգամ իշխանությունն ընկել է ձեռքը, ապա պետք է այն պահի մինչև կյանքի վերջ այնպես, ինչպես սովետական «հին ու բարի» ժամանակներում էին անում։

Ինչպե՞ս է ուզում Սերժ Սարգսյանը գնալ Բրեժնևի հետքերով

Սարգսյանը գիտի, որ չի ընդունվում հանրության ճնշող մեծամասնության կողմից, և դա կայուն վերաբերմունք է։ Գիտի և այդ իսկ պատճառով էլ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովին հանձնարարել է գրել մի Սահմանադրություն, որի պայմաններում ինքը փաստացի կլինի ՀՀ ցմահ ղեկավարը, կունենա անսահմանափակ լիազորություններ, կշարունակի կառուցել «Մեկ օլիգարխի տնտեսություն», բայց որևէ պատասխանատվություն չի կրի երկրում տիրող վիճակի համար։

Վարչապե՞տ, թե՞ ԱԺ նախագահ

Հիմա շատերին է հետաքրքրում, թե, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, որտեղ է Սարգսյանն ուզում հայ ժողովրդին խաբել, և ինչպես է ուզում «մնալ Հայաստանի վրա»։

Միանշանակ է, որ նախագահի դերում Սարգսյանն իրեն չի տեսնում, քանզի փոփոխություններից հետո այդ պաշտոնը կվերածվի աննշան ու անիմաստ բանի։

Ինչ մնում է, այս իշխանության վերարտադրության մեխանիզմին, ապա այդ մասով ամեն ինչ շատ բաց տեքստով ներկայացված է առաջարկվող նախագծի 89–րդ հոդվածում, որի շրջանակներում պլանավորում են կեղծել ընտրությունները և ձևավորել «խորհրդարանական կայուն մեծամասնություն»։ Ուշագրավ է, որ խորհրդարանի համար պատգամավորների կոնկրետ քանակ չի սահմանվում, և այնպես է արվում, որ արհեստականորեն միակուսակցական համակարգ ձևավորվի։

Պարզ է, որ ով կառավարի «խորհրդարանական կայուն մեծամասնությանը», նա էլ կլինի Հայաստանի փաստացի ղեկավարը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։

Անցած տարի հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգից հստակ երևում էր, որ Սերժ Սարգսյանն իր համար նախատեսել է սովետական ժամանակների «գենսեկի» կարգավիճակը, որը ցանկանում է համատեղել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի հետ։

Դատելով ամենից՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով նախատեսված մոդելն էլ հիմք է դարձել կոնկրետ սահմանադրական տեքստի մշակման համար։

Առաջարկվող նախագծով երևում է, որ ԱԺ նախագահը ունի բազում լիազորություններ և զրո պատասխանատվություն։ Ընդ որում՝ ԱԺ նախագահը միակ պաշտոնյան է նախագահ–ԱԺ նախագահ–վարչապետ եռյակում, ում համար Սահմանադրությամբ նախատեսված չէ պաշտոնանկության մեխանիզմ։ Մինչդեռ պետական կառավարման համակարգում որևէ իրական լծակ չունեցող նախագահի համար սահմանված են իմպիչմենտի պրոցեդուրաներ։ Պաշտոնից հեռացվելու մեխանիզմ նախատեսված է նաև վարչապետի համար։ Բայց, կրկնեմ, ԱԺ նախագահն, ըստ նախագծի, ընտրվում է հինգ տարով, և ստանում լիազորություններ ամբողջ ժամկետով։ ԱԺ–ի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և այդ լիազորությունների շրջանակներում պատգամավորները կարող են ընտրել ԱԺ նախագահ, իսկ ահա նրան հեռացնել չեն կարող։

Ճիշտ է, որոշակի հանգամանքների պարագայում ազդեցիկ կարող է լինել նաև վարչապետը, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ Սարգսյանն իր համար նախատեսում է վարչապետական աթոռը (հակառակ տված խոստման), սակայն Կառավարության ձևավորման կարգի, հարցապնդումների ինստիտուտով առանձին նախարարների ու վարչապետի վրա ԱԺ–ի հսկայական ազդեցության հնարավորությունների ուսումնասիրումը մեզ բերում է այն եզրահանգման, որ, այդուհանդերձ, ՀՀԿ ղեկավարն իրեն տեսնում է «գենսեկի» ու ԱԺ նախագահի կարգավիճակում (նախագծի 148–րդ հոդվածի 2–րդ կետով ԱԺ նախագահն անգամ կարող է նոր վարչապետի թեկնածու առաջարկել, եթե վարչապետը հրաժարականի է ուղարկվել, կամ նրա տեղը թափուր է մնացել)։

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞վ է լինելու ուժայինների ղեկավարը։ Չէ՞ որ հայաստանյան տիպի երկրներում ուժայինները, բացի օրենսդրորեն սահմանված գործառույթից, նաև այլ գործառույթ կարող են ունենալ։ Նկատենք, որ այս հարցի հետ կապված՝ շիլաշփոթ կա։

Եթե Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ, ապա քիչ թե շատ հստակություն կա ուժայիններին ղեկավարելու մասով (վարչապետը նման լիազորություններ ստացել է)։ Իսկ եթե նա իրեն տեսնում է ԱԺ նախագահի դերում, ապա որոշակի խնդիրներ են առաջ գալիս։

Պատերազմի դեպքում գերագույն գլխավոր հրամանատարի դերը նախագծով տրվում է վարչապետին (ամբողջությամբ Սերժ Սարգսյանի ոճի մեջ է, քանզի պատերազմի ժամանակ նա չի ուզենա պատասխանատվություն վերցնել, և բացի այդ՝ պատերազմական իրավիճակներում նա սիրում է անհետանալ առաջին գծից ու զբաղվել գերեկամտաբեր մատակարարման գործերով, ինչպես 90–աններին)։

Պատերազմի դեպքում վարչապետին առաջարկում են գերագույն գլխավոր հրամանատար դառնալ, իսկ ահա խաղաղության պայմաններում ուժայիններին ղեկավարում է վարչապետին կից Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է օրենքով, այսինքն՝ թելերը կրկին տանում են դեպի խորհրդարան։ Թեև հարկ է նկատել, որ զինված ուժերի անմիջական կառավարումը որպես վարչապետական գործառույթ է սահմանված։

Կրկնեմ՝ ուժայինների մասով շիլաշփոթ է, քանզի ուղղակի չեն կարողացել գրել, որ նրանց ղեկավարում է խորհրդարանի խոսնակը, բայց մտքներում այդ բանն է եղել, և արդյունքում ստացվել է «բորշչ»։

Ինչ վերաբերում է նախագահին, ապա այդ պաշտոնի համար նախատեսում են Գագիկ Հարությունյանի պես մի կամակատարի, որին նշանակելու են ԱԺ–ում հայնված նեոբոլշևիկները և տեղական նշանակության լիսկաները։

Ասելս այն է, որ Սարգսյանն իրեն տեսնում է ԱԺ նախագահի կամ վարչապետի դերում (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ նախագահի)։ Իսկ դա նշանակում է բրեժնևյան ոճի կառավարում՝ այդտեղից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

Թե իրականում ինչ կլինի, արդեն հետաքրքիր էլ չէ, քանզի եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ու Սարգսյանին հաջողվի իրականացնել վերարտադրության ծրագիրը, ապա ի՞նչ նշանակություն ունի, թե նա որ կաբինետում է նստած լինելու։

Խնդիրը նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ։ Խնդիրն այն հակապետական համակարգն է, որն ուզում են ներդնել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Համակարգն այդ ոչ թե դանդաղ, այլ արագ գործող ռումբի պես կպայթի Հայաստանի գլխին, ու դա կլինի իսկական ողբերգություն։

Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության

Վերևում գրվածը սերժսարգսյանական սահմանադրական արկածախնդրության ապակոդավորումն է, նրա ծրագրերի վերծանումը։ Ի վերջո, պետք է հասկանալ դիմացինի մոտիվները, որպեսզի կարողանալ հակաքայլեր մշակել։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Հայաստանին նետված ամենամեծ մարտահրավերն է հետանկախական շրջանում։ Սա ռեակցիոն քաղաքականություն է՝ վերադարձ դեպի բոլշևիզմ, բայց՝ առանց ռեսուրսների ու անվտանգության երաշխիքների։

Ընտրական ինստիտուտն այս փոփոխություններով վերանում է՝ իր տեղը զիջելով նշանակովի պատգամավորների և ցմահ ղեկավարող «գենսեկի» ինստիտուտին։ Թե ինչքան կդիմանա նման ռեժիմին փոքրիկ Հայաստանը, շատ հեշտ է կանխատեսել՝ քիչ։

Հետևաբար, Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր սուբյեկտները պետք է կոնսոլիդացվեն ու հակահարված տան։

Կա՞ Հայաստանում նման ռեսուրս։ Համոզված եմ, որ այո։

Կազմակերպված ու մոբիլիզացվա՞ծ է այդ ռեսուրսը։ Դեռ ոչ։

Կկարողանա՞նք կազմակերպվել, կոնսոլիդացվել ու դիմադրողական շարժում ձևավորել, թե՞ ականատեսը կդառնանք խայտառակ մի գործընթացի, և ընդամենը տներում նստած՝ կբողոքենք՝ հետևելով «տոկոսխփոցիին»։ Յուրաքանչյուրիցս է կախված։

Գաղափար, ռեսուրսներ, թիմ, առաջնորդ, կազմակերպչական կարողություններ, կամք և նվիրվածություն։ Ահա՛ հաջողության բանաձևը։ Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը