Լրահոս

28.10.2009 09:51


Եվրամիությունը հետևում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարությանը

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր նամակով Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին' Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

Տիկին Ֆեռերո-Վալդները հոկտեմբերի 7-ին հղած իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացչության միջոցով հետեւում է Չախալյանի դատավարությանը:

Ստորեւ ներկայացնում ենք պատասխան  նամակի հայերեն թարգմանությունը' կատարված ,Երկիրե միության կողմից (նամակի ֆրանսերեն բնագիրը կցվում է):

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմին
Բրյուսել, հոկտեմբերի 7, 2009թ. 

Տիկին,
Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի փոքրամասնությունների կացության  վերաբերյալ սեպտեմբերի 15-ի Ձեր նամակի համար: Հավաստիացնում եմ, որ այն արժանացել է իմ լրջագույն ուշադրությանը:

Ինչպես Դուք գիտեք' հավակնոտ նպատակներ են համաձայնեցված Եվրամիության եւ Վրաստանի' որպես Եվրամիության հարեւանության ծրագրի մասնակից-պետության միջեւ, որոնք հիմնված են կիսվող արժեքների վրա: Այդ նպատակները ձեւակերպված են Գործողության ծրագրի շրջանակներում Վրաստանի կողմից ստանձնած հատուկ պարտավորությունների տեսքով, որոնք ներառում են ժողովրդավարական հաստատությունների գործելը, օրենքի գերակայության հաստատումը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:

Գործողության ծրագրում անդրադարձ կա նաեւ փոքրամասնությունների կացությանը: Վրաստանի կողմից նշված բնագավառում ստանձնած պարտավորությունները ներառում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին եւ անվտանգության, նրանց ունեցվածքի վերադարձմանն առնչվող հարցերը, նաեւ Տարածաշրջանային կամ փոքրամասնության  լեզուների եվրոպական խարտիայի ստորագրումն ու վավերացումը:  Այս բոլոր թեմաները քննարկվում են Վրաստանի հետ մեր կանոնավոր քաղաքական երկխոսության ընթացքում եւ ենթակա են պարբերական վերստուգման տարեկան ընթացիկ զեկույցներում, որոնք մենք հրատարակում ենք Եվրամիության հարեւանության ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի վերաբերյալ:

Բացի դրանից, վերջերս Արեւելյան հարեւանության ծրագրի ուժի մեջ մտնելը ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի հարթություններում' էլ ավելի մեծ կարեւորորություն է տալու Վրաստանի հետ քաղաքական երկխոսությանը: Մենք չենք բաց թողնում որեւէ հնարավորություն հիշեցնելու վրացական իշխանություններին այս ծարգրի եւ բազմախոհության, ժողովրդավարության եւ փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում հետագա առաջընթացի միջեւ գոյություն ունեցող ուղղակի կապի մասին: Ավելին, Եվրամիության հետ հարաբերություններում Վրաստանի հավակնությունների մակարդակը կախված է լինելու իր համապատասխան քաղաքականության եւ գործելակերպի մեջ այդ արժեքների ներմուծումից:

Ուզում եմ նաեւ Ձեզ հայտնել, որ 2008-2010 թթ. Վրաստանին հատկացված համապատասխան ֆինանսական օգնությունը ուղեկցվում է վրացական կառավարության կողմից ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ արդարադատության անկախության բնագավառում նորացված պարտավորությունների ստանձմամբ: Մենք մեծ լրջությամբ ենք վերաբերվում այդ հարցերին:

Ինչ վերաբերվում է իրավական համակարգին, պետք է Ձեզ հայտնեմ, որ ես մեծ կարեւորություն եմ տալիս ծրագրին, որն իրականացվում է մեր ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել արդարադատությունը, ներառյալ' քրեական իրավունքի բնագավառում բարեփոխումների իրականացման եւ Հանրային պաշտպանի գրասենյակի ամրապնդման միջոցով:

Պրն Չախալյանի ընթացող դատավարության առնչությամբ ես ուրախ եմ հայտնել Ձեզ, որ Թբիլիսիում մեր ներկայացչության փութաջան աշխատանքի շնորհիվ մենք հետեւում ենք դրա շուրջ ընթացող բոլոր զարգացումներին: Ներկայացչությունը օպերատիվ կերպով հետեւում է այդ դատավարությանը' Նախագահող երկրի եւ Եվրամիության անդամ-երկրների դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Տիկին, խնդրում եմ ընդունել իմ հարգանքներիս հավաստիքը,

 Բենիտա Ֆեռերո-Վալդներ

Այս խորագրի վերջին նյութերը