Հարցազրույց

29.09.2009 18:32


Աշոտ Բլեյան.

Աշոտ Բլեյան.

Հարցազրույց կրթության նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

-Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։

-Ես փաստաթղթերի՝ արձանագրությունների հետ կապված՝ չեմ ուզում արտահայտվել։ Ես միշտ վախ եմ ունեցել, որ երբ 1991թ. ՀՀ-ն հռչակվեց որպես անկախ պետություն, և որի ստեղծմանը սիրով մասնակցել եմ, միշտ վախ եմ ունեցել, որ ստեղծման պահից, եթե այդ պետությունը՝  ՀՀ-ն, բնականոն, լիարժեք, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛  քաղաքական հարաբերություններ չի հաստատել իր հարևան պետությունների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ապա ՀՀ քաղաքացու անվտանգությունը, պետության  զարգացումը միշտ վտանգված կլինեն, և մենք անընդհատ կունենանք լուրջ խնդիրներ։ Եվ ՀՀ իշխանության  թիվ մեկ խնդիրն եմ համարել այդ հարաբերությունների հաստատումը եվրոպական ստանդարտներով և իմ ուժերի ներածին չափով փորձել եմ  օգնել, աջակցել, որ հայրենյաց իշխանությունները հաստատեն այդպիսի հարաբերություններ, ինչքան էլ դրանք բարդ, հիվանդոտ, ցավագին լինեն։ Եվ եթե այսօրվա ՀՀ իշխանությունը,  ՀՀԿ-ն իր առաջնորդով, որը նաև ՀՀ նախագահն է, վճռական է բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուրեմն ես միայն կարող եմ ողջունել և ուղղակի ցանկանալ, որ հաստատակամ լինեն, հետևողական լինեն, որ այս հնարավորությունը բաց չթողնվի, որովհետև կիսատ արված լուծումները մեզ նորից հետ են շպրտելու։ Այդ խնդիրը պետք է վաղուց լուծված լիներ։

-Դուք խոսում եք հարաբերություններ հաստատելու մասին, բայց չեք ցանկանում խոսել արձանագրությունների մասին, ինչո՞ւ, չէ՞ որ այդ արձանագրություններն են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմքը։

-Ոչ թե չեմ ուզում խոսել, այլ ամբողջական հարցադրում եմ անում, և այդ հարցադրման մեջ պիտի նայենք պետության ղեկավարի այս կամ այն քայլերը, գործողությունները։ Ես չեմ կարող խնդրից դուրս նայել այս կամ այն  քայլին։ Ո՞րն է հաջորդ քայլը, ո՞րն է մյուս քայլը, մի վտանգի մասին, որ մենք ասում ենք, ինչո՞վ է չեզոքացվում։ Ցավոք սրտի, այդպիսի խոսակցություն չի վարվում, իսկ այն խոսակցությունը, որ հիմա վարվում է, չեմ կարծում, թե լավագույն խոսակցությունն է։ Ես վստահ եմ, որ  Հայաստանի իշխանությունները, անձամբ Սերժ Սարգսյանն  ավելի շիտակ պիտի լինեն, ավելի ամբողջական, ավելի պարզ։ Մենք չպիտի վախենանք իրար ասել այն, ինչ կա, եթե, իհարկե, նպատակն, իրոք, բնականոն հարաբերություններ հաստատելն է։ Ես համոզված եմ, որ այս 20 տարվա ընթացքում  ՀՀ քաղաքացին՝ հայաստանցին, փոխվել է, և իրեն շփոթեցնել, ազգայինը հակադրել մարդու իրավունքներին  և ազատություններին, խոսել հայերենից դուրս իրողությունների մասին, հեշտ չէ։ Մենք ունենք շատ լավ գործընկեր՝ այս 20 տարիների  փորձով քաղաքացին, որն անպայման տեսնում է և իր գործողությունները, կառուցում է՝ իր, իր երեխայի և  իր ընտանիքի հեռանկարներից և շահերից ելնելով, և այս իրողությունն ապացուցում է, որ նա արժանի  է հարգանքի, և նրա հետ կարելի է շատ ավելի բաց, ազատ խոսել՝ շրջանցելով անգամ կուսակցական միավորները։

-Իսկ արձանագրություններում նշված սահմանների ճանաչման խնդրի մասին ի՞նչ կասեք։

-Միջպետական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ընդհանրապես միջպետական հարաբերություններ հաստատել  և չընդունել միջազգայնորեն ճանաչված սահմանները, ես չեմ հասկանում։ Դրանք, ուրեմն, միջպետական հարաբերություններ չեն,  որովհետև պետությունն ինձ համար սահման է՝ միջազգայնորեն ճանաչված ու այդ սահմանում գործող օրենքները, սահմանում բնակված ժողովուրդը։

-Ի՞նչ կասեք Թուրքիայից հնչող այն հայտարարությունների մասին, որ առանց ղարաբաղյան հարցի կարգավորման՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն հաստատվի։

-Ես սիրում եմ ավելի բաց խոսել։ Ես այն կարծիքին  եմ, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն  ավելի հեշտ կլինի կարգավորել, եթե դրանք ընթանում են զուգահեռ կամ անգամ միասին են լուծվում, որովհետև նորից լարվածության գոտիներ ստեղծել, վտանգել պետք չէ։ Ավելի հեշտ կլինի հեռանկարային առումով։ Ճիշտ է՝ մի քիչ անհասկանալի է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտվեն որպես մի խնդրի տարբեր  ճյուղեր։ Կարծում եմ, որ թուրքերը կարող են և պարտավոր են Հայաստանին օգնել, որ ադրբեջանցիների հետ մեր հարաբերությունները  նույնպես բնականոն ձևով հաստատվեն, որ նպաստեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, և սրանով թուրքական իշխանությունները, փաստորեն, գործուն զղջում կունենան 1915թ. արածի համար՝ անկախ նրանից՝ իրենք ճանաչո՞ւմ են Ցեղասպանությունն այսօր, թե՞ ոչ։ Որովհետև գործողություններն են ավելի կարևոր, քան ինչ-ինչ հայտարարությունները, որոնք կարող են փոխվել։ Իսկ ինչո՞ւ չպիտի անեն. չէ՞ որ իրենք էլ իրենց հեռանկարի համար խնդիրներ են լուծում։ Ես նորմալ եմ համարում այդ հարցերի քննարկումը։ Ինչո՞ւ չպիտի Ադրբեջանի շահերը նկատի ունենան, պետություն են, չէ՞։

-Դուք կարծում եք, որ եթե Թուրքիան խառնվի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, դա հօգուտ մե՞զ կլինի։

-Ես կարծում եմ՝ այո՛. կարող է  այդպիսի հարցադրում լինել, և այդտեղ կերևա թուրքերի անկեղծությունը, հետևողականությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և  «հարևանների հետ զրո վեճեր», «տարածաշրջանային կայունություն» հայտարարությունների իրականացման  համար։ Այդտեղ իրենք իրենց կբացահայտեն իրենց գործողություններով՝ նպաստո՞ւմ են, թե՞ չեն նպաստում։ Իրենք չեն կարող միակողմանի լինել. հենց միակողմանի  գնացին, ուրեմն նշանակում է՝ անիմաստ են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դրանք  չունեն հեռանկար։ Ավելի լավ է՝ այս փուլում իմացվի։ Դա նաև փորձարկում է թուրքերի համար։ Իսկ ինչո՞ւ ենք խուսափում, ինչո՞ւ ենք վախենում միջպետական հարաբերությունները նաև հարևանների հետ  քննարկելուց, և շատ հնարավոր է, որ դրանից օգուտով դուրս գանք։ Ես չեմ ասում, թե թուրքերն իրենց ինչպես կպահեն։ Ես ասում եմ՝ պետք չի խուսափել։ «Եթե»-ների լեզվով խոսելն ընդհանրապես անհասկանալի է։ Մենք  ունենք պետություն, ունենք արտգործնախարարություն, ունենք դիվանագիտություն, թող սկսեն աշխատել ողջ ծավալով, և մենք էլ հասարակության բոլոր շերտերը, կուսակցությունները պետք է օժանդակենք։ Բայց պետք է հասկանալ, թե նպատակը որն է. նպատակը բնականոն հարաբերություններ հաստատելն է այսօր, այսինքն՝ այսօրվա հայաստանցիների շահերից բխող քայլեր կատարելն է։

-Տեսնո՞ւմ եք այդ հեռանկարը։

-Ես տեսնում եմ։ Ես ուզում եմ, որ այս քայլերն այդ հեռանկարի ուղղությամբ զարգացվեն։

-Կբացվի՞ սահմանը մինչև տարեվերջ։

-Ես չեմ սիրում այդ արտահայտությունները։ Եթե արվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, ասում եմ՝ այդ սահմանը վաղուց պիտի աշխատեր այսօրվա հայաստանցիների համար, վաղուց, անգամ՝ 1992-ից, 1993-ից։ Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս, տարի ի վնաս Հայաստանի է, եթե սահմանը չի բացվում։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը