Մեկնաբանություն

14.11.2014 16:14


Երկխոսական «մուտիլովկան» և մեր անելիքը

Երկխոսական «մուտիլովկան» և մեր անելիքը

Իշխանությունները փորձում են տարածել, թե, իբր, Սերժ Սարգսյանի ու «եռյակի» մաս կազմող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև երկխոսություն է սկսվել։ Իրականում ոչ մի երկխոսություն էլ չկա։

Պարզ է, որ այդ «մուտիլովկայի» հեղինակը Բ26–ն է։

Սկզբում «Ժողովուրդ» թերթի միջոցով շրջանառության մեջ դրվեց Ծառուկյան–Սարգսյան եղած կամ չեղած հանդիպման մասին «լուրը»։ Դրանից հետո «անկախ» լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն տարածել դա ու «վերլուծություններ» թխել։ Գործին միացավ նաև ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ով իր «շեֆի» մամլո խոսնակի դերը ստանձնեց՝ կիսահաստատելով վերոնշյալ հանդիպման մասին խոսակցությունը։

«Սպեցօպերացիայի» վերջում ասպարեզ իջավ Սերժ Սարգսյանը և ներկայացրեց իր մոտեցումները ոչիշխանական ուժերի 12–կետանոց պահանջների մասին։

Այդպիսով իշխանությունները ձգտեցին ճշմարտանման տեսք տալ երկխոսության մասին խոսակցություններին՝ «Սարգսյանը Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությանն առաջարկեց կրկին անդրադառնալ 12 կետերին, ինչը հուշում է, որ իրոք կա երկխոսություն, և ԲՀԿ առաջնորդը հրաժարվել է իշխանափոխության ծրագրից» թեմայով։

Բացի այդ, տարածվեց մեկ այլ «մուտիլովկա», թե, իբր, Սարգսյանին հանդիպելուց հետո Ծառուկյանը հրաժարվեց հանրահավաքներից ու խոսեց շտաբների ձևավորման մասին, մինչդեռ շտաբային աշխատանքների մեկնարկի մասին խոսվել է հոկտեմբերի 24–ի հանրահավաքի ժամանակ, համ էլ՝ ԲՀԿ–ն երբեք չի հայտարարել, որ հրաժարվում է հանրահավաքային պայքարից, ու այդ մասին ՀԱԿ–ի հայտնի որոշումից հետո ևս մեկ անգամ նշեց ԲՀԿ մամլո խոսնակը։

Սարգսյանն իրոք ուզում է երկխոսության մեջ մտնել Ծառուկյանի հետ, բայց ոչ թե առարկայական օրակարգով, այլ զուտ իմիտացիոն նպատակներով, սակայն նրա հետ այդ տարբերակով երկխոսող չկա։ Նրա ցանկությունը ցանկություն էլ կմնա։

«Եռյակն» արդեն հայտարարել է, որ «պասլատ» է անում գյալաջիի առաջարկը։ Իսկ եթե իշխանություններն անկեղծ են, ապա թող կատարեն այդ կետերում նշված պահանջները, և ամենևին էլ երկխոսության կարիք չկա։ Ավելին՝ «եռյակն» առաջ է քաշում մի շարք նախապայմաններ (մասնավորապես, հարյուր տոկոս ընտրակարգին անցնելու օրենսգիրք ընդունելու մասով), որպեսզի մտածի, թե արդյոք արժե՞ մտնել բանակցային գործընթաց, թե՞ ոչ։

Դե, իսկ Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը կարող է լինել միայն իշխանությունն անցնցում հանձնելու հարցի շուրջ։

Իսկ մինչև այդ ԲՀԿ–ն առաջարկում է շտաբային աշխատանքի միջոցով շարժումը հզորացնել և նախապատրաստվել ավելի հզոր հանրահավաքների ու արտահերթ ընտրությունների։

Սերժ Սարգսյանին հիմա պետք է հրապարակային երկխոսություն, այսինքն՝ այնպիսի երկխոսություն, ինչպիսին նա ունեցել է ՀԱԿ–ի (2011թ.) ու «Ժառանգության» (2013թ.) հետ, բայց ԲՀԿ–ում, բնականաբար, համապատասխան հետևություններ են արել այլոց սխալներից և որևէ պարագայում Սարգսյանի հետ չեն գնա հրապարակային երկխոսության, անգամ՝ իշխանափոխության թեմայով, քանզի լավ հասկանում են, որ իշխանափոխությանը ոչ թե երկխոսությամբ է հնարավոր լինելու հասնել, այլ հանրային պարտադրանքով։ Երկխոսությունն ամենավերջին փուլի գործողություն է։

Հրապարակային երկխոսություն ՀՀԿ ղեկավարի հետ հնարավոր է միայն, այսպես ասած, վերջնախաղի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ կհայտարարի, որ հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու ծրագրից, ու պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։ Այ, հենց հայտարարեց, այն ժամանակ էլ կարելի է նստել երկխոսության տարատեսակ տեխնիկական հարցեր քննարկելու և ՀՀԿ ղեկավարին անձնական անվտանգության երաշխիքներ տալու թեմայով։

Դե, իսկ կուլիսային երկխոսություն միշտ էլ կարելի է ունենալ։ Դա ընդունված պրակտիկա է։ Անգամ պատերազմի տարիներին հայերն ու ադրբեջանցիները երկխոսել ու բանակցել են տարբեր հարցերի շուրջ։ Հիմա էլ են փակ ռեժիմով Բաքուն ու Երևանը բանակցում հակամարտության կարգավորման խնդիրների շուրջ, բայց դե, բանակցությունների ելքը որոշվելու է ոչ թե կաբինետում, այլ ուժերի բալանսի արդյունքում։

Մինչև 2008թ. իրար հետ պաշտոնապես երկխոսում էին նաև հայերն ու թուրքերը, բայց ոչ հրապարակային տարբերակով։ Սերժ Սարգսյանի կոպիտ սխալն այն էր, որ նա այդ երկխոսության բովանդակության մեջ չխորանալով և առաջնորդվելով բացառապես անձնական շահերով՝ հրապարակային դարձրեց այն ու լուրջ հարված հասցրեց Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը։ Նա հիմա ուզում է գրողի ծոցն ուղարկել «Ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքները, բայց չի կարողանում, քանզի շատ է խրվել։ Ինչևէ։

Վերադառնալով ներքաղաքական դաշտին՝ նկատենք, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելիս պարտվել են բոլոր նրանք, ովքեր երկխոսել են հրապարակավ՝ նախապես հրաժարվելով ուժի կիրառումից (Լևոն Տեր–Պետրոսյան) կամ ի սկզբանե չունենալով ուժի կիրառման հնարավորություն (Րաֆֆի Հովհաննիսյան)։ Ի դեպ, ուժ ասելով՝ նկատի ունեմ հանրային, այլ ոչ թե բիրտ ուժը։

ԲՀԿ–ն իր գործընկերների հետ այժմ ունի և՛ ուժ, և՛ ուժի կիրառման հնարավորություն ու Սերժ Սարգսյանի հետ հրապարակային երկխոսության մեջ կմտնի միայն սեփական օրակարգով (անցնցում իշխանափոխություն) ու անհրաժեշտ պահին, այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի կազմակերպել իր հրաժեշտի երեկոն։ Դրան դեռ պետք է հասնել, և չարժե ժամանակից շուտ բոբիկանալ։ Ամեն ինչ կախված է բոլորիս աշխատանքից։

Իսկ այս պահին իշխանություններն ինչքան ուզում են, թող «մուտիլովկաներ» տարածեն երկխոսության թեմայով։ ԲՀԿ–ի ռազմավարական մոտեցման մեջ բան չի փոխվել։ Նույնն է նաև «եռյակի» անդամ մյուս կուսակցությունների պարագայում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այն, որ իշխանությունների սրտով է երկխոսության պատրանք ստեղծելը, հասկանալի է։ Անհասկանալի է, թե ինչու են իրապես անկախ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչներն ուտում այդ «կուտը», և չեղած երկխոսության դարդը լացում։ Չկա՛ երկխոսություն Ծառուկյանի ու Սարգսյանի միջև։ Մի՞թե պարզ չէ։

Անգամ եթե նրանք ամեն օր հանդիպեն ու տարբեր թեմաներից զրուցեն, ապա դա այն երկխոսությունը չէ, քանզի չունի հրապարակային դրսևորում։ Ի՞նչ կա այստեղ անհասկանալի։ Մանավանդ որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ բոլորի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ կարող է պարբերաբար հանդիպել ու տեսակետներ ճշտել։ Չարժե, հետևաբար, իշխանական «մուտիլովկաների» սարդոստայնում հայտնվել։

Այս խորագրի վերջին նյութերը