Հարցազրույց

09.09.2009 18:28


Վլադիմիր Հարությունյան.

Վլադիմիր Հարությունյան.

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր  Վլադիմիր Հարությունյանը:

-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստան- Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումների և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ:

-Հայ-թուրքական բուն հարաբերություններին խիստ վերապահումներ ունեմ: Այդ հարաբերություններն այս փուլում հավասարազոր չեն կարող լինել, որովհետև ուժերը չափազանց անհավասար են: Թուրքիան մնում է Թուրքիա՝  իր տարածաշրջանային հզորությամբ, Հայաստանը մնում է Հայաստան՝ իր ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներով:

Իսկ եթե հարաբերությունները հավասարազոր չեն կարող լինել, նշանակում է, որ պատմականորեն տուժած կողմը՝ Հայաստանը, գնալու է ինչ-ինչ զիջումների և սկզբունքներից հարաժարվելու ճանապարհով: Ընդ որում, վտանգավորն այն է, որ Հայաստանի կողմից արվելիք զիջումները խիստ առարկայական են, իսկ Թուրքիայի կողմից ընդամենը վերացվում է բացահայտ թշնամանքի արտաքուստ դրսևորումը:

-Հայաստանի կողմից ի՞նչ զիջումների մասին է խոսքը:

-Նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունն այնքան հստակ է, որ պարզ երևում է 2 բան.

Առաջին՝ այդ արձանագրություններով  մենք ընդմիշտ պետք է հրաժարվենք Ցեղասպանության հետևանքով կորցրած Արևմտյան Հայաստանը վերադարձնելու մտքից: Հայ-թուրքական ներկայիս սահմանների ճանաչումը հենց դա է ենթադրում, և դա բացահայտ նախապայման է Թուրքիայի կողմից:

Երկրորդ՝  միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը Ցեղասպանության հարցը քաղաքական հարթությունից նետում է զուտ պատմական հարթություն:

Ես  հարևանների, այս դեպքում՝ Թուրքիայի  հետ նորմալ հարաբերությունների կողմնակից եմ, բայց մեր այս վիճակով բարիդրացիական հարաբերություններ անհնար է կառուցել:

-Իսկ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում վտանգ չե՞ք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով:

-Նույնիսկ մինչ այս գործընթացները ես անձամբ համոզված եմ եղել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող անջատված լինել հայ-թուրքական հարաբերությունների համընդհանուր համատեքստից: Շատ պարզ օրինակ՝ մենք Ադրբեջանի հետ էինք պատերազմում և Թուրքիային ոչ մի թթու խոսք չէինք ասել, բայց Թուրքիան շատ արագ արձագանքեց  և Հայաստանի դեմ կազմակերպեց պատժամիջոցների հսկա մի համակարգ: Այդ երկու ժողովուրդների արյունակից լինելն է միայն թույլ տալիս հասկանալ, որ Թուրքիայի կողմից ղարաբաղյան խնդիրը չի անտեսվել ու չի անտեսվելու:

Բացի դրանից,  զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից  դա տարածաշրջանային կոնֆլիկտ է, որին Թուրքիան, որպես տարածաշրջանային երկիր, չի կարող անտարբեր նայել:

 

-Սակայն իշխանությունները պնդում են, որ հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապ չունի, և նույնիսկ այդ արձանագրություններում որևէ տող չկա ղարաբաղյան հակամարտության մասին:

-Դա կամ ինքնախաբեություն է, կամ էլ սեփական ժողովրդին ապակողմնորոշելու մի անթաքույց փորձ:

-Ի՞նչ գնահատականներ կտայիք հայ-թուրքական համատեղ արձանագրությունների վերաբերյալ  հայաստանյան քաղաքական էլիտայի արձագանքին:

-Քաղաքական  էլիտա ասելով՝ հավանաբար ենթադրվում է իշխանական կոալիցիան, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, չմոռանանք նաև «Ժառանգությանը»:

Ինձ  համար որևէ զարմանալի բան չկա ՀԱԿ-ի այսօրվա պահվածքի մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները  թե՛ հայ-թուրքական հարաբերությունների , թե ՛ղարաբաղյան հարցի վերաբերյալ անձամբ ես համարում եմ անընդունելի. խուսափում եմ պարտվողական կամ դավաճանական որակումներից:

Իսկ իշխանությունների կողմից մեզ ներկայացվող այսօրվա «ձեռքբերումներն», ըստ էության, տեղավորվում են տերպետրոսյանական քաղաքական փիլիսոփայության շրջանակներում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այսօրվա դրությամբ երևի թե ավելի լավ կլիներ, որ  այդ կուսակցությունն առհասարակ այդ հարցերի շուրջ ոչին չխոսեր, քան թե խոսեր այնպես, ինչպես  որ այսօր խոսում է:

Հարկ է նշել, որ բավականին արմատական և կոշտ էին  «Ժառանգության» հնչեցրած հայտարարությունները:

-Ուզում եք ասել, որ քաղաքական շրջանակները որևէ լուրջ դիմադրություն ցույց չե՞ն տալու հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացների հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում:

-Մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ հայ քաղաքական իրականության մեջ կարծես թե չկա այն ուժը, որն ի վիճակի կլիներ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում բարձրացնել ընդդիմանալու կամ ընդվզելու իրական ալիք:

-Դուք տեսնո՞ւմ եք հասարակական ընդվզման իրական պատճառներ:

-Ոչ թե տեսնում եմ, այլ համարում եմ, որ նույնիսկ ուշացել ենք: Խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ ամեն ազգ ու պետություն ոտքերը պետք է իր վերմակի չափով մեկնի, խոսքը նրա մասին է, որ այդ նույն վերմակի տակ կուչ չգաս և կամավոր չհրաժարվես  քեզ հասանելիք բաժնից, ինչպես որ մենք անում ենք արդեն մի քանի տարի. ղարաբաղյան պատերազմի ավարտից մինչ օրս մենք ամբողջ աշխարհին թմբկահարում ենք միայն մի բան, որ մենք պատրաստ ենք զիջումների՝ դրանով իսկ շարժելով նույն այդ աշխարհի զարմանքը՝ մարդ է՞լ իր առջև նպատակ դնի՝ հնարավորինս շուտ ազատվելու  իր արյան գնով ձեռք բերածից:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը