Խմբագրական

07.09.2009 13:47


Թուրքական գամբիտ

Թուրքական գամբիտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ կհասցնի անիծել այն օրը, երբ անգլիացիները ստեղծեցին ֆուտբոլն ու իրեն կրակը գցեցին։ Սակայն առայժմ Սարգսյանը «տաք» է. չի  զգում, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը պատուհաս  է դառնալու հենց իր գլխին։ Հիմա ՀՀ նախագահի «նյուզմեյքերության» փուլն է, և նրան մնում  է միայն վայելել այդ ամենը։

Հայաստանի և Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրություններից հետո իշխանական քարոզչամեքենան հետևյալ կետերն է ներկայացնում և փորձում ընդդիմախոսների նկատմամբ հասնել առավելության.

1. Նախաստորագրված արձանագրություններում բացակայում է Արցախի հետ կապված կետը, հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի առնչվում Արցախի հարցի լուծման հետ։ Այս ամենը ներկայացվում է եզան և հորթի անոմալ «դիրքավորման» մասին դատողություններ անելով։

2. Սահմանների բացման կոնկրետ ժամանակացույց կա, և շուտով կհասնենք մեր առջև դրված նպատակի իրականացմանը։

3. Երկրորդ կետում նշված խնդրի լուծման անհրաժեշտության և հնարավորության մասին թեզի «ռասկրուտկան» զուգորդվում  է «21-րդ դարում չեն կարող լինել փակ սահմանններ։ Ի՞նչ է, դուք դե՞մ եք բաց սահմաններին» սրտաճմլիկ ձևակերպումներով։

Նշված կետերն առաջ տանելու համար ընտրվել են չխուրդված (ասեմ, որ  արդեն խուրդված  և ահարոնադիբեկիզացիայի  ենթարկված) դեմքեր, ովքեր Սերժ  Սարգսյանի ձեռքբերումներից  են խոսում նույնիսկ երբ միացնում ես արդուկը։

Նախ՝ նկատենք, որ Թուրքիան նախաստորագրված արձանագրությամբ  արդեն իսկ ստացել  է այն ամենը, ինչը մերոնք տվել են սահմանների ենթադրյալ  բացման դիմաց։ Ու որպեսզի ՀՀ իշխանություններն արդարացնեն իրենց «տվող» էությունը, անընդհատ խոսում են սահմանների բացման կոնկրետ ժամկետների՝ ասել է թե՝ կոնկրետ հաջողության մասին։

Եթե մի պահ ենթադրենք,  որ սահմանների բացումն  այնքան կարևոր էր, որ ամեն ինչի էլ կարելի էր գնալ, ապա այդ հարցը չի լուծվել։ Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ մինչև սահմանի բացումը կա  3 ժամանակային փուլ՝ 6 շաբաթյա ժամկետ արձանագրությունների ստորագրման համար, երկու երկրների խորհրդարանների կողմից ստորագրված արձանագրությունների վավերացում և, դրանից հետո, երկամսյա ժամկետում սահմանի բացում։ Ինչպես  արդեն պարզ է դառնում, խորհրդարանների կողմից վավերացման ժամկետ գոյություն չունի, և սա այն «բեզռազմերնի» հատվածն  է,  որը  Թուրքիան փորձելու է օգտագործել և անուղղակիորեն ճնշումներ գործադրել Արցախի մասով։ «Հանձնեք հողերը, որպեսզի մենք բացենք սահմանները». սա՛   է լինելու թուրքերի ռազմավարությունը։ Պատահական չէ, որ հայ-թուրքական  և հայ-ադրբեջանական գործընթացները համատեղ են զարգանում։ Ի դեպ, հոկտեմբերի  սկզբին  սպասվում է  Սարգսյան-Ալիև  հանդիպումը, որից հետո է լինելու ՀՀ նախագահի ֆուտբոլային պատասխան այցը։ Ենթադրաբար, կարող է մի փաստաթուղթ էլ Ալիևի հետ  ստորագրվել։ Սարգսյանն իրեն փորձում է ապահովագրել արդեն հայ-ադրբեջանական «գիշերային» ստորագրման հետ կապված հնարավոր լարումներից՝ ասելով, որ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ ստորագրվի, ապա դա ոչինչ չի նշանակում։  

Ինչ մնում է Թուրքիային, ապա նրանք ոտքերը  կախ են գցելու, մինչև որ  Արցախի մասով մի բան չպոկեն։ Այսինքն, առաջ  է  քաշվել  փաթեթային  լուծման  տարբերակ, և ԵԱՀԿ Մինսկի  խմբի երկրներն էլ են հակված  միանգամից լուծելու սահմանների ու Արցախի հարցը, քանի որ Հայաստանում գտել են շատ նախաձեռնող և  ֆուտբոլասեր նախագահ։ Սարգսյանն ուղղակի նվեր է դրսի  ուժերի համար, որպիսիք  քիչ  են հանդիպում պատմության մեջ։

Անշուշտ, Սարգսյանն արդեն հասկացել է սեփական խաղի  վտանգավորությունը և փորձում է փռռացնելով ձգել Արցախի մասով ու, մյուս կողմից  էլ, պահանջել սահմանների բացում։ Այդտեղ է, որ փակուղի է առաջանալու, և սահմանները ոչ միայն չեն բացվելու, այլև լուրջ լարվածություն է ստեղծվելու Հայաստանի և Թուրքիայի միջև,  որը մինչև «ֆուտբոլը» չկար։ Պարադոքսալ կարող է թվալ, բայց Սարգսյանի «նախաձեռնողականությունը» մեզ ոչ թե տանում է դեպի հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների կարգավորմանը, այլ   ընդհակառակը։ Այսինքն, իշխանական դեմագոգիան, թե իրենց ընդդիմախոսներն ուզում են 21-րդ դարում ապրել փակ սահմաններով, բացարձակապես հեռու է իրականությունից։ Իսկ իրականությունն այն է, որ  հենց Սարգսյանի՝ սահուն կերպով «գիշերայինի» վերածված «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով  է, որ մենք  դեռ ապրելու ենք փակ սահմաններում և հարևանների հետ ունենալու ենք է՛լ ավելի լարված հարաբերություններ։

 Ռացիոնալ մտածող յուրաքանչյուր մարդ դեմ չէ Թուրքիայի և Ադրբեջանի  հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն, բայց դա չպետք է լինի Արցախի և ազատագրված հողերի հանձնման, ինչպես նաև՝ Ցեղասպանության մոռացության գնով։ Պետք է հստակորեն տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից։ Եթե սա չի արվում, ապա մենք  տանուլ ենք տալիս։ Այժմ այդ  երկու գործընթացները, ցավոք,  շաղկապվել են, և դա անհրաժեշտ է  վիժեցնել։ Թե ինչպես  է  դա  արվելու, թող Սերժ Սարգսյանը մտածի, ու ոնց որ թե մտածել  է ( նա  փորձելու  է Արցախի հարցում առաջին  նախապայմանը դարձնել կարգավիճակի հարցը՝ հույս ունենալով, որ Ալիևը կհրաժարվի)։ Իսկ եթե չի կարողանալու լուծում գտնել սեփական ձեռքերով ստեղծած ծուղակից դուրս գալու համար, ապա  ներքաղաքական ֆորս-մաժորներն անխուսափելի կլինեն։ Սպասենք զարգացումներին։

Անդրանիկ   Թևանյան

Հ.Գ.։ Չնայած վիճակի լրջությանը՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններն իրենց մեջ նաև երգիծանքի և հումորի որոշակի էլեմենտներ են պարունակում։ Այլ կերպ հնարավոր չէ գնահատել երկու երկրների խորհրդարաններին գործընթացին ներգրավելու կետը։ Չգիտեմ՝ Թուրքիայում ինչպես, բայց մեզ մոտ հետաքրքիր ու զվարճալի կլինի հետևել իշխող քաղաքական ուժը ներկայացնող դեմքերի ելույթներին։ Սպասվում է, որ լուրջ և բովանդակալից քննարկումներ կլինեն Սերժ Սարգսյանի կուսակից ընկերների, ՀՀԿ  գաղափարախոսների և հայ քաղաքական մտքի այնպիսի տիտանների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ առանց ալրաղաց մնացած Լևոն  Սարգսյանը, Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության սիրահար Ռուբեն  Հայրապետյանը, «Շմայս» զենքատեսակի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող Առաքել  Մովսիսյանը, մեծամասնական՝ թիվ 37 ընտրատարածքի պարծանք և  համատեղությամբ ՀՀ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, Մոսկվայի  կազինոներում քաղաքական և «բոյեվոյ» մկրտություն ստացած Տիգրան   Արզաքանցյանը և այլոք։ Նրանց դրսից կարող են միանալ Թոխմախի «ազատագրված» տարածքները վերահսկող Մհեր Սեդրակյանը, և մի քիչ ներքև ապրող կոմբիկորմի մասնագետը։

Իրոք, մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, իսկ մեզ մոտ կայանալիք բուռն վեճերը ձգձգվեն, ու սահմանի բացումը փոզմիշ  լինի...

Այս խորագրի վերջին նյութերը